Հինանց ԺԴ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Յինանց օրեր։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերը, 9. 1-22

Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի: Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց: Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»: Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում: Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում: Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս: Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց: Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր: Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»: Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի: Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»: Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»: Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»: Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց: Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր: Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին: Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»: Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը:

Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 1. 13-25

Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին: Իբրեւ հնազանդ որդիներ, մի՛ կերպարանուէք նախկին, ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւննե րով. այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. քանի որ գրուած է. Սո՛ւրբ եղէք, որովհետեւ սուրբ եմ ես: Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւ ղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ: Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ. նա, որ նախասահմանուած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար, ձեզ, որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տուեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը լինեն Աստծու վրայ: Արդ, մաքրեցէ՛ք դուք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ՝ մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց: Վերածնուեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ՝ անապականից՝ Աստծու կենդանի եւ մշտնջենական խօսքով. քանզի՝ Ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի.խոտը չորանում է, ծաղիկն էլ թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 2. 12-22

Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր: Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին: Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց: Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»: Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»: Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»: Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»: Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»: Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում: Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:

Ավետարան ըստ Ղուկասի, 6. 1-11

Առաջին ամսուայ երկրորդ շաբաթ օրը, երբ նա անցնում էր արտերի միջով, նրա աշակերտները հասկ էին պոկում, շփում իրենց ափի մէջ եւ ուտում: Եւ փարիսեցիներից ոմանք ասացին նրանց. «Ինչո՞ւ էք անում այն, ինչ օրինաւոր չէ անել շաբաթ օրով»: Յիսուս նրանց պատասխանեց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ նրա հետ էին. թէ ինչպէս նա մտաւ Աստծու տունը, կերաւ առաջաւորութեան հացը եւ տուեց նրանց, որ իր հետ էին. մինչդեռ, բացի քահանայապետներից, ոչ ոքի չէր թոյլատրուած ուտել այն»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարդու Որդին նաեւ շաբա՛թ օրուայ տէրն է»:

Եւ մի ուրիշ շաբաթ օր նա մտաւ ժողովարան եւ ուսուցանում էր. եւ այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր: Օրէնսգէտներն ու փարիսեցիները հետեւում էին՝ տեսնելու, թէ արդեօք շաբաթ օրը կը բժշկի՞. որպէսզի նրան ամբաստանելու համար բան գտնեն: Եւ նա գիտէր նրանց մտածումները: Չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Նա վեր կացաւ կանգնեց: Յիսուս նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրը ի՞նչ բան է օրինաւոր անել՝ բարի՞ գործ անել, թէ՞՝ չար գործ, մի հոգի՞ փրկել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ իր շուրջը բոլորի վրայ զայրագին նայելով՝ ասաց նրան. «Ձեռքդ երկարի՛ր». եւ նա երկարեց, եւ նրա չորացած ձեռքը առողջացաւ միւսի նման: Նրանք լցուեցին կատաղութեամբ եւ միմեանց հետ խօսում էին, թէ ի՛նչ անեն Յիսուսին:

Ավետարան ըստ Մատթեոսի, 7. 1 – 8. 17

Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում, կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ: Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար:

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:

Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ, որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան: Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»:

«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»:

«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»:

«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն: Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»:

«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»:

Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած: Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»:

Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ, որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները:

Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց։ Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»:

Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»: Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի. քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»: Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ, իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:

Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր: Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց:

Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:

Ավետարան ըստ Մարկոսի, 2. 23 – 3. 5

Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»: Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին. թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»: Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար, ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:

Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԴ. օր Յինանց։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ