Հավատի զգացումը

Ադամ քահանա Մակարյան
 

Մեր օրերում կան մարդիկ, որ իրենց կոչում են աթեիստներ, այսինքն` պնդում են, թե չեն հավատում Աստծուն։ Նման պնդումը շատ զարմանալի է հավատացյալների համար։ Միևնույն ժամանակ, ընդհակառակը, հավատացյալների պնդումն է զարմանալի անհավատների համար։ Վերջիններս ասում են, որ տրամաբանությամբ և շատ այլ փաստարկներով կարելի է ցույց տալ, թե ավելի խելացի է Աստծուն չհավատալը։ Մինչդեռ հավատք ունեցողների համար տարբեր տրամաբանական մտածողությունները բացարձակորեն էական չեն, քանի որ հավատքը բացի գիտելիքից նաև զգացում է, որ մարդը զգում է իր սրտի մեջ և անհավատին հանդիպելով` զարմանում է, թե ինչպես կարելի է ողջ լինել և նման զգացում չունենալ։ Ոմանք ասում են, որ անհավատները զուրկ են հավատի այդ կարևոր զգայարանից, ինչպես որ կույրը զուրկ է տեսողական զգայարանից և զարմանում է, երբ որևէ մեկը խոսում է լույսի մասին կամ հիանում է գույների երփներանգությամբ։ Այնպես որ բացի մտքին առնչվելուց հավատքը նաև ջերմ զգացում է, որը մարդիկ ավել կամ պակաս չափով զգում են իրենց սրտերի մեջ, և նույնիսկ գրող աթեիստների մեծածավալ աշխատությունները չեն կարող այդ զգացումն արմատախիլ անել հավատացյալ քրիստոնյայի սրտից, ինչպես որ հալածանքները չկարողացան նահատակներին ստիպել ուրանալու Քրիստոսին։ Եկեղեցական հեղինակներից մեկն ասում է, որ միայն զղջումը կարող է ստիպել քարացած սրտին ջերմանալու և իր ջերմությունը նաև մտքին փոխանցելու։ Հպարտությունը կամ սեփական ներքին չափազանցված ինքնարժեքության լուրջ զգացումը փակված պատուհանի պես խանգարում են աստվածային լույսը տեսնելուն։ Եվ Ավետարանում այս մասին է ասվում. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Ավետարան ըստ Մատթեոսի, 5. 8):

Աղբյուրը՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը», Ս․ Էջմիածին, 2011, էջ 115։

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ