Հասկանալով ընթերցելու մասին

«Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը
և ամբողջ սրտովս պահպանեմ այն»:
(Սաղմոս ՃԺԸ 34)

Եվ արդ, պատվենք Սուրբ Գիրքը ընթերցանությամբ, որը պատճառն է մեր բոլոր բարելավությունների, սիրով փափագենք Սուրբ Գրքի ուսումնասիրությունը և ընթերցելիս հոգանք երկու բանի մասին. նախ՝ որ հասկանանք ընթերցվածը, և երկրորդ՝ որ մտքում անմոռաց պահենք, մանավանդ գործով կատարենք և օրենքը կատարող լինենք, որ թեթևամտությամբ չզրկվենք մեծագույն բարիքներից (Խոսրով Անձևացի)։

Թերևս Գրքերից արտագրություններ անել կարելի է, բայց պետք է յուրացնել։ Կարդալ այն, ինչը հասկանալի է։ Պետք է քիչ կարդալ, բայց հասկանալով (Ամբրոսի Օպտինսկի)։

Երբ ձեռնամուխ լինես աստվածային Գրքերը ընթերցելու և իմանալու խոսքերի զորությունը, աղաչո՜ւմ եմ, ուշադրություն դարձրու, որ ոչ մի տառ չվրիպի քո մտքից։ Բոլոր գրրվածքները երկնավոր իմաստություն են պարունակում և ծնում են իմաստուն մտքերի հոգևոր խոսքեր, (որոնք) ամուլ են չհասկացողների համար, իսկ հասկացողների համար՝ բազմուսույց։ Այդպես էլ յուրաքանչյուր միտք լսելիս. ով ճիշտ է հասկանում, նրա մտքի ճաշակելիքն անուշանում է (Մամբրե Վերծանող)։

Ս. Աթանասը Անտոն Անապատականի մասին խոսելիս ընդգծում է այն ճշմարտությունը, որ նա «այնքան ուշադիր էր Աստվածաշնչի ընթերցանությանը, որ նրանում գրված ոչ մեկ խոսք գետին չէր ընկնում, այլ հիշում էր ամբողջը, և հիշողությունը գրավում էր Գրքերի տեղը” («Աբբա՛, մի խոսք ասա՛ս ինձ»):

Հետամո՛ւտ եղիր հասու լինելու սուրբգրային յուրաքանչյուր բառի իմաստին, որ հասնես սուրբ մարգարեների և առաքյալների մտքերի խորքերին ու մեծ ստուգությամբ հասկանաս դրանք։ Իրենց կյանքում աստվածային շնորհով դեպի լույս առաջնորդվողները միշտ զգում են, որ ասես մտավոր ինչ-որ ճաճանչ է անցնում տողերի վրայով՝ գիտակցության համար մերկ բառերը զանազանելով հոգևոր գիտությամբ արտահայտված խոր մտքերից։

Եթե մեկը կարդում է բազմիմաստ համարներ՝ չխորանալով դրանց իմաստի մեջ, ապա սիրտն էլ է մնում աղքատ, անհաղորդ, և նրա մեջ մարում է սուրբ զորությունը, որն հոգու հրաշալի ընկալման դեպքում սրտին քաղցրություն է պատճառում (ս. Իսահակ Ասորի)։

Ընթերցողներն առանց որևէ դժվարության հասկանում են աշխարհիկ գրքերը, սակայն աստվածային ու փրկագործական Գրքերը ոչ ոք չի կարող ինքնուրույն հասկանալ կամ ընկալել առանց Սուրբ Հոգու օգնության (Սիմեոն Նոր Աստվածաբան)։

Շնո՛րհ տուր, Տե՛ր, որ մենք բոլորս կատարենք ավետարանական այս պատվիրանը. «Քննեցե՛ք Գրքերը» (Որոգինես Ալեքսանդրացի)։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՎԵՐԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔ Է

 Աստվածաշունչն ընթերցելիս, երբ անհասկանալի մտքի ենք հանդիպում, չպետք է կանգ առնենք դրա վրա. կհասկանանք հետո՝ երկրորդ անգամ ընթերցելիս։ Առհասարակ օգտակար է միևնույն բանը հաճախ վերընթերցելը։ Այսպես՝ Պողոս առաքյալի որևէ թուղթն ընթերցելուց հետո անմիջապես կարդանք երկրորդ, երրորդ անգամ։ Մի հեղինակ ասում է. «Երբ ամբողջ գրվածքն ընթերցվել է, և բոլոր մանրամասնությունները ձուլվել են մի կուռ ամբողջության մեջ, անհրաժեշտ է կարդալ երկրորդ անգամ, որպեսզի այդ նեդաշնակ ամբողջության լույսի ներքո հասկանալի դառնան մանրամասները, որ նրա կազմի մեջ են մտնում՝ իբրև բաղկացուցիչ մասեր»։ Նմանօրինակ կրկնողական ընթերցանության դեպքում ոչ միայն հասկանալի է դառնում մինչ այդ անհասկանալին, այլև արդեն մի անգամ հասկացված խոսքերի մեջ ջանասեր ընթերցողը ամեն անգամ նոր մտքեր է բացահայտում, որոնք ընդլայնում ու խորացնում են նրա ըմբռնումը՝ ուրախություն պատճառելով սրտին։ Այդժամ աստվածային յուրաքանչյուր խոսք իրավամբ սերմ է դառնում, որից, հավատի աչքերով ուշադրությամբ քննելիս, միշտ աճում են ցողուններ, ծաղիկներ և նոր մտքերի պտուղներ։ Այնպես որ, ինչքան շատ ենք ընթերցում Սուրբ Գրքի որևէ հատված, այդքան նորանոր բաներ ենք գտնում նրանում. նրա բովանդակությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև անսահմանություն՝ իր մեջ ի հայտ բերելով Աստծո խոսքի հատկանիշը, որը նույնքան հավերժ ու անսահման է, որքան Նա, Ումից այն բխել է (1

—————————————————

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 20-21.

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ