Հայոց հավատի զորությունը

Վարուժան Կիրակոսյան
Մանկավարժական գիտ. թեկնածու

 

 

ՀԱՅՈՑ ՀԱՎԱՏԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Օտար նվաճողները դարեր շարունակ Հայոց երկիրն ու ժողովրդին հնազանդեցնելու համար դիմել են բռնի հավատափոխության, քանզի գիտակցաբար թե բնազդով համարել են, որ հայերի անպարտելի էությունը սնուցող կենսատու աղբյուրը նրանց հավատն է։ Այդ է պատճառը, որ պարսիկները, արաբները, թուրքերը, զանազան վաչկատուն հորդաներ և անգամ քրիստոնյա, սակայն այլադավան բյուզանդացիները հաճախ թիրախ են ընտրել մեր հավատն ու Եկեղեցին։ Վարդանանց պատերազմի նախօրեին, երբ պարսից արքունիքում դավեր էին նյութվում Հայաստանի դեմ, հազարապետ Միհրներսեհը Հազկերտ Բ արքային խորհուրդ էր տալիս երկիրը ծնկի բերել հավատափոխության միջոցով, հորդորում հաշվի առնել ոչ միայն պետության նյութական շահերը, այլ և ուշադրություն դարձնել հպատակների «հոգիների փրկությանը» ու նրանց կրոնափոխել դեպի պարսից հավատը։ «Եթե հայերին ընտանեցնեք մեր օրենքներին,- ասում էր նա,- ու նրանք վարժվեն, ապա… կսիրեն ձեզ ու Արյաց աշխարհը և կլքեն-կհեռանան կայսրից (Բյուզանդիայի – Վ. Կ.)», որի հետ հավատակից են։ Մինչդեռ, եթե նրանք մնան իրենց հավատին, «գուցե թե ցանկանան ծառայել նրան, ում հավատին կան հաստատուն, և այս հանգամանքն էլ մեծ հոգս կդառնա Արյաց աշխարհի վրա»։

Դավանափոխության միջոցով հայ ժողովրդին հնազանդեցնելու փորձերը շարունակվում էին նա և հետագայում և լայնորեն գործադրվում արաբների կողմից։ 850-855 թվականներին՝ արաբական տիրապետության դեմ հայերի հզոր ապստամբության ժամանակ, արաբական պատժիչ զորամասերը՝ արյունարբու Բուղայի գլխավորությամբ, զանազան բռնությունների ու հալածանքների հետ միասին, աշխատում էին մահապատժի սպառնալիքով հավատափոխել գերեվարված հայ իշխաններին ու հոգ ևորականներին, իսկ համաձայնողներին՝ պարգ ևներ խոստանում։ Թովմա Արծրունին վկայում է, որ, չնայած արաբների խորամանկություններին ու սպառնալիքներին, հայերը գերադասում էին հաստատ մնալ հայրենի հավատին։ Բազմաթիվ նահատակների թվում հիշվում է Ապուսահակ Վահ ևունին, որը երկուստեք արհամարհելով խոստացված պատիվներն ու մարմնական չարչարանքները՝ հավատարիմ է մնում քրիստոնեական կրոնին։ Նմանօրինակ ինքնազոհողությունների համար սուրբ նահատակներն ուժ ու զորություն ստանում էին ամենակարող Բարձրյալից, հայոց սուրբ հավատից։ Նման ըմբռնումներն ավելի էին ամրապնդում մարդկանց հավատն առ Աստված ու Քրիստոսի Եկեղեցին։

Ուշագրավ է, որ սա ցնցող տպավորություն էր գործում նա և այլազգի ու այլակրոն մարդկանց վրա։ Նրանցից շատերին զարմացնում էր այն իրողությունը, որ անգամ մահվան սպառնալիքն ի զորու չէ հայ մարդուն հարկադրել հրաժարվելու հայրենի հավատից։ Թ. Արծրունին պատմում է, որ հիշյալ Ապուսահակի մասին ինքն իմացել էր Արտամետ ավանի քահանա Սամուելից, որն էլ երանելու նահատակության պատմությունը լսել էր «ինչ-որ պարսիկից, որը…. սրբի վկայության սկզբից մինչ և նահատակվելը եղել էր այնտեղ։ Նա մտապահել էր սաղմոսը, որ ասել էր երանելին»։ Սա մեզ հայտնի այն բազմաթիվ դեպքերից էր, երբ այլակրոն օտարազգի անձնավորությունը, ազդվելով նահատակի քրիստոսասիրությունից, մտապահել էր ու իբր և բարի հիշողություն, ինչպես նա և հիացմունքի արտահայտություն՝ պատմել ուրիշների։ Նմանօրինակ եղելություններն էլ նպաստում էին, որ օտարների մեջ ձ ևավորվեն հայոց հավատի զորության մասին պատկերացումները։ Դրանց ազդեցությամբ երբեմն Հայաստանում հաստատված շատ մահմեդականներ, անտեսելով անգամ անխուսափելի պատիժը, դիմել են համարձակ քայլերի՝ ընդունել քրիստոնեությունը։ Հիշյալ ապստամբության ժամանակ, երբ Բուղայի պատժիչ հրոսակները լարված ու սարսափազդու մթնոլորտ էին ստեղծել երկրում, և թվում էր՝ հայ իշխաններին բռնությամբ մահմեդականացնելու սպառնալիքները վերջ չունեին, հանկարծ հայտնվում է «մահմեդական և ազգով պարսիկ» մի երիտասարդ ու հանուն քրիստոնեության՝ կանգնում նահատակվողների շարքում։ Դա հայոց լուսասփյուռ հավատի մեծագույն հաղթանակներից էր, քանզի օտարների լարած որոգայթն ի չիք էր դառնում՝ հանդիպելով նրա ամենակարող զորությանը և բումերանգի պես ուղղվում այն լարողների դեմ։ Պատմիչն այդ երիտասարդի մասին գրում է. «Իսկ երիցս երանելի ինչ-որ մեկը, երիտասարդ տարիքով, ինքը մահմեդական ու ազգով պարսիկ, Քրիստոսի հավատի սիրուն հետ ևելով, եկավ հարեց Պատրիկ Անձ ևացուն և խնդրեց մկրտել իրեն, որպեսզի կատարյալ լինի Տիրոջ պատվիրանները կատարելու համար»։ Երիտասարդը նախապես հարել էր քրիստոնեությանը, սակայն երբ գերվում է, նրան ստիպում են ուրանալ հավատը, ուստի մահվան սպառնալիքի տակ նա համաձայնվում է հրաժարվել։ Սակայն որոշ ժամանակ անց, զղջալով իր արարքի համար, կրկին վերադառնում է քրիստոնեական կրոնին և կամովին հանձն առնում նահատակության պսակը՝ քրիստոնյա գերիների հետ միասին։ Ականատեսներից Վահրամ անունով մեկը պատմում է, որ նրան տեսել էր կառափնարանի վրա՝ պատրաստ ընդունելու մահը։ Դահիճը բազմիցս հիշեցնում է նրան իր մահմեդական լինելու փաստը և պահանջում հեռանալ, սակայն երիտասարդը հաստատապես պնդում է՝ ասելով. «Ես քրիստոնյա եմ, մեռնում եմ Քրիստոսի համար և մկրտվում հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՝ ոչ թե ջրով, այլ արյամբ», ապա ավելացնում. «Հեռու գնա, ա՛յ մարդ, ես մեռնում եմ Քրիստոսի համար»։ Նա վազում էր հրապարակով, աղաղակելով հիշեցնում իր քրիստոնյա լինելու մասին, և դա այնքան ժամանակ, մինչ և որ դահիճները «սրով հարվածեցին երանելուն, հատեցին գլուխը»։ Եվ այդ պահին «սաստիկ լույս իջավ երկնից և ցոլանալով սուրբ մարմնի վրա, շրջափակեց այն տեղը, ուր ցայտել էր նրա արյունը»։ Ավարտելով պատմությունը՝ Թովմա Արծրունին գրում է. «Եվ նահատակվեց սուրբ վկան փառավորապես…. Նրա անունը գրված է վարքագրության մեջ»։

Այսպիսով, հպանցիկ հայացքն անգամ բավական է համոզվելու համար, որ պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայոց հավատքի զորությունը գնահատող բազմաթիվ այլազգիներ, հաղթահարելով բազում դժվարություններ, ընդունել են քրիստոնեություն, դարձել նվիրյալներ և նույնիսկ նահատակվել։

 

 

-------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ