—————————————————
Կինը շատ կրոններում անտեսված է և երկրորդական մի բան է համարվում: Մինչդեռ մեր եկեղեցական տոներից և սրբոց հիշատակություններից տեսնում ենք, որ քրիստոնեության մեջ կինը բարձր տեղում է։ Սրան հակառակ՝ բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի՝ սանսարայի մարմնացումն է: Բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում. դրա համար կինը պետք է վերածնվի որպես տղամարդ: Այս կրոնը կնոջը դատապարտում է տղամարդուն իր հետ ամուր կապելու և դրանով նրա փրկությանը խանգարելու համար: Բուդդայականության շատ հետևորդների կարծիքով, ընտանիքի հետ կապերը չխզած տղամարդը չի կարող փրկվել: Դրա օրինակը Բուդդան է, որը թողեց իր ընտանիքը: Իսլամի մեջ հատկապես երկու կանայք կատարյալ են համարվում (նրանցից մեկը Հիսուսի մայր Մարիամն է), բայց այնուամենայնիվ բազմակնության ընդունումը կնոջը ստորակարգ էակ է դարձնում: Մինչդեռ քրիստոնեությունը, շեշտելով տղամարդու գլխավորող դերը, միևնույն ժամանակ չի նսեմացնում նաև կնոջ դերը: Քրիստոնյաների ամենամեծ սուրբը Մարիամ Աստվածածինն է։ Բացի դրանից, Քրիստոս և՛ ծննդյան, և՛ հարության ժամանակ առաջինը հենց կանանց հայտնվեց: Այս երկու կրոնները հակառակ են շատ կողմերով և միմյանց են բախվում իրենց ներկայացուցիչների միջոցով։
Մարդկային մարմնի, հոգու, աշխարհի, կնոջ ու այլ հարցերի և ամենագլխավորը՝ Աստծո մասին ամենակատարյալ գաղափարներն ու մտքերն ամփոփված են միայն քրիստոնեության մեջ: Ասում են, որ ոչ մի կրոն այնքան չի տուժի իրենից հրաշքները հեռացնելու դեպքում, որքան քրիստոնեությունը: Սակայն եթե նույնիսկ քրիստոնեությունից հանենք և դուրս նետենք այնպիսի հրաշքները, ինչպիսիք են բժշկումները, հացի բազմացումը, փոթորկի խաղաղեցումը և այլն, ապա մնում են բարոյական հրաշքները՝ այն վեհ մտքերն ու գաղափարները, որոնք չկան որևէ այլ կրոնի մեջ: Այստեղ տեղին է նշել քրիստոնեական մեծ գրողներից մեկի խելացի տրամաբանությունը. «Քրիստոնեությունը կատարյալ է, մարդիկ են անկատար։ Իսկ կատարյալ որևէ բան չի կարող անկատարից առաջանալ։ Հետևաբար քրիստոնեությունը կատարյալից առաջացած, այսինքն` աստվածային կրոն է»։
0 կարծիք