Ծաղկահյուս գերեզման

Ասողիկ քահանա
------------------------

ԾԱՂԿԱՀՅՈՒՍ ԳԵՐԵԶՄԱՆ

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգեւոր սովորույթներից է Ավագ ուրբաթ օրը, ի հիշատակ վիմափոր նոր գերեզմանում Խաչյալ Փրկչի թաղման՝ ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով Տերունի խորհրդանշանական գերեզմանի պատրաստումը:

Ավագ Շաբաթվա Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից եւ մշտադալար ծառերի թավ ոստերից հյուսվում է Քրիստոս Աստծո խորհրդանշական գերեզմանը, որն Ավագ ուրբաթ օրվա առավոտից մինչեւ Ավագ շաբաթ օրվա կեսօրը դրվում է եկեղեցու ատյանում (Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Քրիստոս Աստծո խորհրդանշական գերեզմանը դրվում է Իջման Սուրբ Սեղանի առջեւ, որի շուրջ խռնվում են հավատացյալները եւ աղոթքի խնկարկումով իրենց ակնածանքը, երկյուղն ու սերը մատուցում թաղյալ Տիրոջը): Ծաղկյալ գերեզմանի մեջ զետեղվում է սպիտակ կտավով փաթաթված օրհնված ու օծված մի խաչ՝ որպես պատանքված ու գերեզմանված Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ (Մատթ. ԻԷ 59, Մարկ. ԺԵ 46, Ղուկ. ԻԳ 53, Հովհ. ԺԹ 40), իսկ տաճարանման գերեզմանին դրվում են երկու վառվող մոմ, որոնք խորհրդանշում են ավետարար սպիտակազգեստ հրեշտակներին:

Ավագ Ուրբաթ՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակին, ի հիշատակ մեր Տիրոջ թաղման՝ խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում եւ «Պարգեւատուն ամենեցուն» օրհնության շարականի երգեցողությամբ պտտեցվում տաճարի շուրջը: Հանդիսավոր պտույտից հետո խորհրդանշական գերեզմանը կրկին բերվում է եկեղեցի եւ դրվում ատյանում, ապա եկեղեցական դասն սկսում է երգել «Խաչի քո Քրիստոս» օրհներգը եւ հոգով ու ճշմարտությամբ երկրպագելով՝ համբուրում խորհրդանշական գերեզմանի վրա դրված Ս. Խաչն ու Ս. Ավետարանը:

Ավագ Շաբաթ օրվա կեսօրից հետո եկեղեցականները քակում են ծաղկահյուս խորհրդանշական գերեզմանը եւ հավատացյալներին բաժանում աստվածային օրհնությամբ նվիրականացած երփնազան ծաղիկներն ու ոստերը:

…Դարեր շարունակ մարդկային կյանքում գերեզմանը եղել է մահվան խորհրդանիշ: Այն վախով ու տագնապով է համակել ադամորդու հոգին (թերեւս այսօր էլ): Վախն ու տագնապն առավել սաստկանում են, մանավանդ, հոգու անմահության, հարության ու անդենական կյանքի հավատքից զուրկ անձանց հոգիներում: Սակայն Տիրոջ խաչելության ու թաղման հիշատակության օրը պատրաստվող խորհրդանշական գերեզմանն իր իմաստով կոչված է հալածելու ադամորդիների վախը, տագնապը, սոսկումն ու անհավատությունը: Ուստի եւ այդ գերեզմանը ոչ թե հողաթումբ կամ քարակույտ է, այլ ծաղկաբույլ, այն էլ՝ երփներանգ: Ահա գերեզման, որը ոչ թե մահ ու կորուստ է գուժում, այլ կյանք, ավետում հավիտենություն ու երանություն: Հետեւաբար, երբ որեւէ մեկը տեսնում է այդ գերեզմանը, անմիջապես վերհիշում է առաքյալի՝ երբեւէ լսած կամ կարդացած վկայությունը. «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 54-55): Այսպիսով, Տիրոջ խորհրդանշական գերեզմանը՝ հարության, լույսի ու անմահ կյանքի խորհրդանիշ է:

Ծաղիկները, առհասարակ, ուրախության ու երջանկության, այլեւ հարգանքի, սիրո ու նվիրումի խորհրդանշան են: Այդ իսկ պատճառով Հարության գերեզմանն էլ պետք է հենց դրանցով հյուսվեր՝ որպես անմահության, անապականության եւ հավիտենական կյանքի ուրախության, երջանկության ու երանության նշան: Հարկ էր առ Հարուցյալ Փրկիչ մեր հոգու ակնածանքը, սերն ու նվիրումն արտահայտել նաեւ տեսանելի կերպով՝ ծաղիկներով, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կույր են հոգով, մարմնի՛ աչքերով տեսնեն եւ հարցուփորձ անեն՝ ասելով. «Այս ծաղիկներն ի՞նչի համար են»: Ահավասիկ, երբ նման հարցադրում կծագի նրանց մտքում, Աստծո անհուն ողորմությամբ ճշմարտությունը ճանաչելի դարձնող երկնային իմաստության մի կայլակ կկաթի նրանց մտքի մեջ, եւ այլեւս կբացվեն նրանց ունկերը՝ ականջալուր լինելու «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսին ու Հարուցյալի պատգամին:

Որքա՜ն անհուն ու անճառելի է Աստվածային իմաստությունը, որ հաստատեց ամեն մի հնար՝ մարդուն առ Աստված ուղղորդելու եւ փրկության արժանացնելու համար: Հետեւապես, ծաղկազարդ գերեզմանը ոչ միայն սոսկ Տիրոջ տնօրինության հիշատակության համար է, այլ նաեւ անուղղակի մի միջոց ու օրհնյալ պատճառ հավատացյալ դառնալու՝ հավատքով լցվելու եւ դրա մեջ հաստատվելու, որպեսզի, հիրավի, եղիցի՝ «տեսավ ու հավատաց» (Հովհ. Ի 8):

Մշտադալար ոստեր…

Տարվա բոլոր օրերին կանաչազարդ են եղեւնիները, ուստի եւ պիտի դառնային լռելյայն «վկաներ» ու «քարոզիչներ» մի հիանալի խորհրդի. անմահությո՜ւն, ահա, թե ինչ են ավետարանում մանուկների սիրելի տոնածառերը: Հետեւաբար, հարկ էր խորհրդանշական գերեզմանը կերտել նաեւ այս թավ ոստերով, որոնք խորհրդանիշ են ոչ միայն անմահության, այլեւ խորհրդավորապես գերեզմանված Հիսուս Նազովրեցու, Ով «նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան» (Եբր. ԺԳ 8)՝ անայլայլ, անփոփոխ, անմահ եւ հավիտենական, որ ի սեր Իր ձեռագործի՝ համագոյակից Հոր եւ Սուրբ Հոգու հաճությամբ երկնքից խոնարհվեց ու ծաղկեց երկրում:

Մշտադալար շիվերը խորհրդանիշ են նաեւ համբերության. համբերություն, որը նույնպես մարդուն նմանեցնում է իր Արարչին, Ով երկայնամիտ է ու համբերատար եւ Իր աստվածային համբերությամբ մարդկանց հոգիներն է շահում Երկնային արքայության համար: Հետեւապես, տրտմության հովտում՝ երկրում, հարկ է լինել համբերատար, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս վկայում է. «ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (հմմտ. Ղուկ. ԻԱ 19), որովհետեւ «ով որ մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մարկ. ԺԳ 12):

Ծաղիկներն ու մշտադալար ոստերը խորհրդանիշ են նաեւ մեր հավատքի, հույսի, սիրո ու հավատաբուխ գործերի, որոնք էլ յուրաքանչյուր քրիստոնյայի՝ հավիտենական երանելի կյանքի համար հարություն առնելու բուն միջոցներն են: Մկրտությամբ քրիստոնյայի հոգում ծաղկում են աստվածային առաքինություններ հավատքը, հույսը եւ սերը, որոնք սկիզբն են բոլոր առաքինությունների («Զի թէ զհաւատս եւ զյոյս եւ զսէր արժանասցուք ստանալ, դիւրաւ զամենայն առաքինութիւնս ուղղիցեմք եւ կամարարք Աստուծոյ լինիցիմք»): Ուրեմն հարկ է շահարկել այդ մնասները եւ ըստ այդմ՝ մշտադալար լինել առաքինական գործերով, որպեսզի չթոշնի հոգի-պարտեզի ծաղկունքն ու չապականվի, այլ մշտապես կենսավիշ մնա հարության հավատքի ու հույսի ներգործությամբ: Արդ, ինչպես Տերունի խորհրդանշական գերեզմանն ենք հյուսում բազմերանգ ծաղիկներով, նույնպես եւ պարտ է, որ քրիստոնյաներս զարդարվենք ճշմարիտ եւ սուրբ հավատքով եւ բազմապիսի առաքինական գործերով: Կարի անհրաժեշտ է ընդմիշտ մտապահել Տեր Հիսուսի անսուտ խոսքը. «քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրվի եւ ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի» (Մատթ. ԻԵ 29):

Ի վերջո, քանի որ մեր Տիրոջ գերեզմանը գտնվում էր պարտեզի մեջ (Հովհ. ԺԹ 41), եւ որովհետեւ պարտեզը լի է զանազան անուշահոտ ու երփներանգ ծաղիկներով, ինչպես Ադամի դրախտը՝ Եդեմական պարտեզը, ուստիեւ Տիրոջ ծաղկազարդ գերեզմանն էլ խորհրդանիշ է ադամական այգու. աստվածատունկ պարտեզում Ադամն ու Եվան վայելում էին ուրախության ու երջանկության պտուղները, սակայն երբ խաբեությամբ պատվիրանազանց եղան, վտարվեցին բերկրության այգուց եւ բնակվեցին տրտմության հովտում: Իսկ Նոր Ադամը՝ Տեր Հիսուս Քրիստոս, գալով աշխարհ, տրտմության հովտում տնկեց մի նոր պարտեզ, որտեղ փոխանակ կենաց ծառի՝ Իր խաչը կանգնեցրեց, եւ փակված ճանապարհի՝ Իր գերեզմանը բացեց, որպեսզի քրիստոսականներս Իր մահով մեռնենք ու Իր հարությամբ հարություն առնենք. «Մկրտությամբ թաղվեցինք Նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով, որովհետեւ, եթե Նրա մահվան նմանությամբ տնկակից եղանք Նրան, պիտի լինենք նաեւ Նրա հարության նմանությամբ» (Հռոմ. Զ 4-5):

«Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ թաղեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:

---------------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ