Խրատական խոսք Խաչվերացի տոնի առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
 

Խրատական խոսք Խաչվերացի տոնի առիթով

Խաչվերացի տոնին հաջորդող երկուշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերը համարվում են Խաչի տոնին նվիրված օրեր, իսկ Խաչվերացին նախորդող շաբաթ և հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը՝ Սբ. Եկեղեցու: Այդ օրերին տոնվում է Դ դարում Հեղինե կայսրուհու կառուցած 4 եկեղեցիների տոնը: Դրանք են` Քրիստոսի Գերեզմանի, Ծննդյան այրի, Համբարձման վայրի և Սբ. Աստվածածնի գերեզմանի վրա կառուցված եկեղեցիները: Սուրբ Հովհան Ոսկեբերանը, այլաբանորեն մեկնելով Եսայու մարգարեության 2-րդ գլխի 2-րդ համարը, ասում է, որ մարգարեն Եկեղեցին և կրոնի ամրությունը կոչում է լեռ, որովհետև ինչպես լեռան ամրությունը չեն կարողանում խորտակել բազմաթիվ զորքերը՝ իրենց բազում զենքերով, այդպես էլ Եկեղեցին է, որի դեմ մարտնչողները չեն կարողանում այն շարժել, այլ իրենք են պարտվում և ամոթի ենթարկվում։ Եվ հենց այս է Եկեղեցու զարմանալին, որ այսպես է հաղթում. հալածվելով, մերժվելով, տարբեր նեղություններով կոփվելով՝ ոչ միայն չի նվազում, այլև առավել է աճում ու բազմանում։ Դրա համար էլ մարգարեն Եկեղեցին իրավացիորեն լեռ կոչեց։ Երբ Ադամը դրախտում թմրեց, նրա կողից շինվեց Եվան, ու աշխարհը լցվեց բազում մարդկանցով: Նույն կերպ էլ Քրիստոս թմրեց խաչի վրա, և Նրա կողից մկրտությունն ու հաղորդությունը խորհրդանշող արյուն և ջուր բխեցին: Դրանցով շինվեց Եկեղեցին, որով բազում մարդիկ փրկության են արժանանում: Երբեմն ոմանց անտրամաբանական է թվում քրիստոնեական Եկեղեցում խաչին այդքան մեծ տեղ հատկացնելը: Ոմանք հարցնում են` մի՞թե կարելի է մեծարել այն զենքը, որով սպանել են քեզ սիրելի մարդուն: Սակայն այս հարցը Քրիստոսի պարագայում տեղին չէ, որովհետև Քրիստոսի Սուրբ Արյունը, թափվելով խաչի վրա, սրբացրեց այն, և մահաբեր խաչով կատարվեց մարդկանց փրկությունը: Ինչին որ դիպչում էր Քրիստոսը, կենդանություն էր պարգևում: Քրիստոսը դիպավ հանգուցյալին և կյանք պարգևեց նրան: Նույն կերպ էլ Քրիստոսը, դիպչելով բորոտին, ոչ թե Ինքը բորոտությամբ վարակվեց, այլ Իր կենդանարար զորությամբ մաքրեց ու կենդանություն տվեց: Ահա այդ զորությամբ էլ Քրիստոսը Խաչը սրբացրեց: Եվ մենք այս գիտակցությամբ է, որ մեծ ակնածանք ենք տածում Խաչի հանդեպ` միշտ հիշելով Պողոս առաքյալի խոսքերը. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով»: Քրիստոսի խաչը պարսիկներից ետ վերադարձնելուց հետո, որպեսզի խաչափայտն այլևս այսպիսի վտանգների չենթարկվի, որոշվեց այն մանր կտորների վերածել և բաժանել բոլոր քրիստոնեական Եկեղեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցուն տրված Խաչափայտի այդ մասունքը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում` Իջման Սուրբ Սեղանի վրա: Հոգևոր իմաստով կան առարկաներ, որոնք սրբություն և կենդանություն են տարածում: Օրինակ՝ Քրիստոսի խաչափայտի շնորհիվ հարություն առավ մեռած պատանին, Հովսեփ նահապետի ոսկորների շնորհիվ Աստված Եգիպտոսին օրհնություն էր բերում, և երբ հրեաները դուրս ելան Եգիպտոսից, իրենց հետ տարան այդ ոսկորները, որպեսզի օրհնությունը միշտ իրենց հետ լինի: Նույն կերպ էլ Քրիստոսի սուրբ խաչի մասունքը մեզ հետ է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և այն երկնային օրհնություն է հայ ժողովրդի համար։ Քրիստոսի Խաչը համեմատում են նաև կենաց ծառի հետ, որը դրախտի մեջտեղում էր։ Դրախտում էր նաև չարի և բարու գիտության ծառը, որից արգելված էր ուտել։ Սուրբ Գրիգոր Նյուսացին ասում է, որ դրախտում ուտելը հոգևոր իմաստով է ասված։ Այս առումով արդեն հասկանալի է դառնում, որ դրախտի կենաց ծառը խաչն է, իսկ դրա պտուղը` Քրիստոս, այսինքն` կենաց ծառը խորհրդանշում էր Խաչը և հաղորդությունը, որոնք մարդուն տանում են հավիտենական կյանքի։ Այդ են ցույց տալիս նաև աստվածաշնչյան մի շարք համարներ (Առակ. Գ 18, ԺԱ 30, ԺԳ 12, ԺԵ 4, Հայտն. Բ 7, ԻԲ 2 և այլն)։ Այսօր մարդիկ կան, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում եկեղեցիով կամ հավատքով, կան մարդիկ, ովքեր աղանդների ազգակործան գործունեության պատճառով ընդհանրապես շեղվել են ճշմարիտ ճանապարհից, մարդիկ էլ կան, ովքեր երբեմն հետաքրքրվում են եկեղեցական իրադարձություններով, հավատին վերաբերող հարցերով, սակայն նրանք էլ եկեղեցի չեն հաճախում, և իրենց կյանքը զուրկ է Սուրբ Հաղորդությունից ու աղոթական ոգուց։ Շատ մարդիկ ասում են` ես չեմ գնում եկեղեցի, որովհետև Աստված իմ սրտում է կամ հոգում։ Եթե սա ասեր որևէ սուրբ կամ ճգնավոր, որն անընդհատ աղոթում է, արդարացի կլիներ։ Բայց որքա՞ն հաճախ եք աղոթում, ձեր ո՞ր հոգևոր սխրանքի հետևանք է այդ զգացումը, հեզության, սիրո և համբերության ի՞նչ շնորհներ ունեք (Գաղ. Ե 22-23), հոգու նորացում շնորհի միջոցով զգո՞ւմ եք։ Գուցե շփոթել եք Աստծո հանդեպ հավատն Աստծո ներկայության հետ։ Ոմանք էլ երբեմն, մի փոքր առիթ տեսնելով, քննադատում են եկեղեցականներին կամ հավատացյալներին կամ նրանց մոլեռանդ համարում։ Սակայն արդյո՞ք այդպիսինները հավատ ունեն։ Հավատը պասիվ համաձայնություն չէ, թե հեռու երկնքում ինչ-որ բան կա, այլ գործողություն է ու շարժում դեպի Աստված։ Այդ իսկ պատճառով հավատի և Եկեղեցու հանդեպ պասիվ դիրք գրավածներին հորդորելով արթնության և դեպի Աստված մշտական ձգտումի՝ արժե մեջբերել եկեղեցական հեղինակներից մեկի իմաստուն խոսքերը. «Հավերժ կանգնածնե՛ր, մի՛ արհարահեք քայլողներին, նույնիսկ եթե նրանք սայթաքում են»։

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ