Խոսրով III Կոտակի գահակալությունը

Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
 
 

ԽՈՍՐՈՎ III ԿՈՏԱԿԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 Մեծ Հայքի թագավորությունում Տրդատ Մեծի վախճանվելուց հետո եւ Խոսրով III Կոտակի գահակալության (330-338 թթ.) սկզբնական ժամանակաշրջանում ծանր կացություն ստեղծվեց: Ինչպես հաղորդում են Մովսես Խորենացին եւ Փավստոս Բուզանդը, նախ մահափորձ արվեց Ս. Գրիգոր Լուսավորչի որդու՝ Վրթանես հայրապետի դեմ, այնուհետեւ իրար դեմ ելան նախարարական երկու տոհմ:

Մեծն Վրթանեսը, գալով Տարոն գավառը, իր հոր կառուցած սուրբ Հովհաննեսի վկայարան-մատուռում պատարագ մատուցեց, տվեց հաղորդություն, քանզի Հայոց եպիսկոպոսապետները հնուց ի վեր սովոր էին հենց այսպես պատվել սուրբ տեղերը՝ թագավորի, մեծամեծների, նախարարների եւ ժողովրդի աշխարհախումբ բազմությամբ: Սակայն այդ վայրում գտնվեցին մարդիկ, որոնք որոշ նախարարների թելադրանքով դավ նյութեցին Վրթանես կաթողիկոսի դեմ: Այս դավադրությունն ի կատար ածելու համար նրանք եկան եւ, մինչ Վրթանես կաթողիկոսը ներսում պատարագ էր մատուցում, շրջապատեցին Աշտիշատի եկեղեցու մեծ պարիսպը:

Դավադիրները, հրաշքով, աներեւույթ ձեռքով կապվեցին: Մովսես Խորենացին սա համեմատում է աստվածաշնչյան դրվագների հետ. «Ինչպես հնում այն Եղիսեի ժամանակ (Դ թագավ. Բ 23-25), կամ նույն Ինքն Քրիստոսի՝ մեր Աստծո ժամանակ հրեաները գետնին զարկվեցին» (Հովհ. ԺԸ 6): Վրթանեսը, դուրս գալով, մոտեցավ դավադիրներին ու վարդապետության խոսքը մեջ բերելով՝ նրանց սկսեց հաստատել Հիսուս Քրիստոսի հավատի մեջ: Երբ նրանք խոստովանեցին իրենց մեղքը՝ նա աղոթեց եւ խնդրեց Աստծուն՝ նրանց աներեւույթ կապանքներից բժշկելու համար: Եվ երբ նրանք դրանցից ազատվեցին, ընկան նրա առաջ եւ ապաշխարեցին: Եվ երբ նրանք ուսանեցին հավատն առ միասնական Սուրբ Երրորդությունը, ապա նրանց մկրտեց։ Այսպես նրանց քրիստոնեական հավատի բերելով՝ արձակեց: Այնուհետեւ Վրթանես եպիսկոպոսապետն անվնաս կերպով անցավ գնաց Եկեղյաց գավառի Թիլ ավանը, որտեղ գտնվում էր իր եղբոր՝ Արիստակեսի հանգստարանը, եւ սգում, որ Բզնունական, Մանավազյան եւ Որդունի նախարարական տոհմերը մեկը մյուսի դեմ ելան եւ ոչնչացան մեկը մյուսի ձեռքով:

Այս արհավիրքներին գումարվեց Վրթանեսի որդու՝ մանուկ Գրիգորիսի նահատակության գուժկանը: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Վրթանեսի որդի Գրիգոր եպիսկոպոսը Վրաց եւ Աղվանից կողմերի կաթողիկոսն էր (Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց: Բնագիրը Ք. Պատկանյանի, Երեւան, 1987, էջ 25): Թեպետ Ս. Գրիգոր Լուսավորչի եւ նրա որդու՝ Վրթանեսի կապակցությամբ պատմիչներն օգտագործում են քահանայապետ կամ եպիսկոպոսապետ գերագույն հոգեւոր տիտղոսները, սակայն մանուկ Գրիգորիսի առնչությամբ նախապատվությունը տրվում է եպիսկոպոս տիտղոսին, ինչպես հիշատակել է Մովսես Խորենացին: Այստեղ պետք է հիշել Պատմահոր հաղորդումը, որ հեռավոր Փայտակարան քաղաքի վերակացուները դեռեւս Տրդատ III Մեծից (298-330) իրենց համար եպիսկոպոս էին խնդրել Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից, եւ նա էլ նրանց մոտ էր ուղարկել մանուկ Գրիգորիսին՝ Վրթանեսի ավագ որդուն: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Վրաց եւ Աղվանից կողմերում մանուկ Գրիգորիս կաթողիկոսը մինչեւ Ատրպատական ընկած տարածքներում շինեց ու նորոգեց բազում եկեղեցիներ: Այստեղ բուն Աղվանքի սահմանները չափազանց ընդարձակ են նշված, սակայն Ատրպատականի հիշատակությունը չի հակասում Մովսես Խորենացու հաղորդմանը, քանի որ Փայտակարանը հարավում սահմանակից էր Ատրպատականին:

Պատմիչները մանուկ Գրիգորիսի նահատակությունը նշում են միեւնույն վայրում, սակայն տեղի ունեցած տարբեր հանգամանքներում:

Մանուկ Գրիգորիսը քրիստոնեական ճշմարիտ հավատի քարոզիչ էր եւ ամենքին երեւում էր սքանչելի ու զարմանալի՝ իր խստակյաց ճգնողական վարքով, պահքով ու սրբությամբ, ջերմագույն աղոթքներով առ Աստված՝ հանուն բոլոր մարդկանց: Ըստ Փավստոս Բուզանդի՝ երբ մանուկ Գրիգորիսն այն կողմերի եկեղեցիները կարգի բերեց ու նորոգեց, հասավ մինչեւ մազքութների Արշակունի Սանեսան թագավորի ճամբարը՝ Կասպից ծովի ափամերձ շրջանում: Նա այնտեղ եւս սկսեց քարոզել Քրիստոսի Ավետարանը:

Սկզբում Մազքթաց Սանեսանն ընդունեց եւ հնազանդվեց, սակայն, երբ սկսեց քննել Քրիստոսի պատվիրանները եւ այստեղից իմացավ, թե Աստծուն ատելի են ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշին զրկելը, ուրիշինն ուտելը, ուրիշների ստացվածքները ցանկանալը, Գրիգորիսի խոսքերի վրա զայրացավ եւ իր զորականներին ասաց. «Եթե մենք չհափշտակենք, եթե չթալանենք, եթե ուրիշների ունեցածը չխլենք, ապա ինչո՞վ պիտի ապրին այսքան բազմաթիվ զորքերս»: Եվ թեպետ Գրիգորիսը բյուրավոր բարի խոսքերով կամենում էր նրանց միտքը հաճեցնել, սակայն նրան ոչ ոք չլսեց:

Մազքութների զորականներն ասում էին միմյանց. «Սա եկել է մեզ քաջությունից զրկելու, մեր ապրուստի որսը խափանելու, եթե մենք սրան լսենք ու քրիստոնեական հավատին դառնանք, ապա ինչո՞վ պիտի ապրինք, եթե մեր բնիկ սովորության համաձայն՝ ձի չհեծնենք: Ո՛չ,- ասում էին,- սա Հայոց թագավորի խորհրդովն է. նա է, որ սրան ուղարկել է մեզ մոտ, որ այս կրոնով խափանե մեր ավարառության արշավանքներն իր աշխարհից: Եկեք սրան սպանենք ու արշավենք Հայաստան, ավարով մեր աշխարհը լցնենք»: Մազքթաց թագավորը լսեց իր զորականների խոսքերը ու միտքը փոխեց: Նրա հրամանով բռնեցին մի ամեհի ձի, Գրիգորիսին կապեցին ձիուց եւ ձին վեր վարեցին մերձափնյա դաշտում: Այսպիսով, Գրիգորիսին սպանեցին Վատնյան դաշտում՝ Կասպիական կոչված ծովի մոտ:

Սյունիքի Հաբանդ գավառից Գրիգորիս կաթողիկոսի հետ գնացած սարկավագները վերցրին նրա մարմինը եւ բերին մյուս Հաբանդ գավառը՝ Արցախում, եւ թաղեցին Ամարաս գյուղի եկեղեցում, որը շինել էր Ս. Գրիգոր Լուսավորիչը: Եվ ամեն տարի այդտեղ մեծ ցնծությամբ տոնվել է նրա քաջության հիշատակը:

Մովսես Խորենացին, ի տարբերություն Փավստոս Բուզանդի, մանուկ Գրիգորիսի նահատակության գլխավոր կազմակերպիչ է նշել ոչ թե մազքութների թագավոր Սանեսանին, այլ Տրդատ թագավորի կողմից մանուկ Գրիգորիսի հետ ուղարկված՝ Արշակունյաց տոհմից եւ Հայոց արքունիքում մեծ վստահություն վայելող Սանատրուկին («եւ այլոց ոմանց հանապազասուտ արանց Աղուանից», տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1991, էջ 259-260): «Հանապազասուտ արանց Աղուանից» հիշատակությունը կարող է մազքութների մասին ակնարկ լինել:

Պատմագիտության մեջ կարծիք է հայտնվել, որ Սանեսանը ոչ միայն Մազքութների, այլ կարճ ժամանակով նաեւ բուն Աղվանքի թագավորն էր, իսկ Սանատրուկը Տրդատ III-ի մահից հետո Փայտակարանում իրեն հայկական թագավոր հռչակեց, ինչպես հետեւում է Մովսես Խորենացու հաղորդումից (Բ. Հարությունյան. Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքը, էջ 74-76): Սանատրուկը մտածում էր ամբողջ Հայաստանին տիրել օտար ցեղերի օգնությամբ: Ինչը եւ նա ձգտեց անել՝ նախ Փայտակարանը լցնելով պարսկական զորքերով, այնուհետեւ հրահրեց հյուսիսային Կովկասի ցեղերի ներխուժումը Հայաստան (Մովսես Խորենացի, էջ 266):

Եվ, փաստորեն, դա հենց նույն ցեղերի հարձակումն էր, որի մասին գրել է Փավստոս Բուզանդը՝ մազքթաց Սանեսանի ներխուժումը նկարագրելիս:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Գրիգորիսը սպանվեց քարոզության ժամանակ: Խորենացին նույնպես վկայում է, որ Գրիգորիսը սպանվել էր Փայտակարանից դուրս, իսկ Վատնյան դաշտի կողմերը նա պետք է գնացած լիներ հենց քարոզչության նպատակով: Ուրեմն, այստեղ եւս Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու հաղորդումները համընկնում են: Ընդ որում՝ աղվանների հիշատակությունը եւ Սանատրուկի կողմից Փայտակարանի գրավումը հուշում են, որ մանուկ Գրիգորիսը Հայոց աշխարհում գտնվող եպիսկոպոսությունից (իմա՝ Փայտակարանի) գնացել էր մազքութների եւ աղվանների կողմերը: Մանուկ Գրիգորիսի եպիսկոպոսական վիճակի կապակցությամբ Մովսես Խորենացու հաղորդումն ավելի ընդունելի համարելով՝ կարելի է ասել, որ մանուկ Գրիգորիսը եպիսկոպոս էր նշանակվել Փայտակարանն ու Արցախն ընդգրկող թեմի վրա (Բ. Ուլուբաբյան. Հայոց Արեւելից կողմանց եկեղեցին եւ մշակույթը, Երեւան, 1998, էջ 102-103): Հիշենք Ստ. Օրբելյանի հաղորդումն այն մասին, որ Ամարասը հին ժամանակներից «Աղվանքի (իմա՝ Հայոց Արեւելից կողմանց՝ Արցախ եւ Ուտիք, ու բուն Աղվանք) կաթողիկոսական մեծ աթոռն է եղել» (Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երեւան, 1986, էջ 368):

Անհրաժեշտ էր ուժեղացնել Մեծ Հայքի թագավորության թե՛ կենտրոնական իշխանությունը եւ թե՛ սահմանների պաշտպանությունը: Ինչպես հաղորդում է Մովսես Խորենացին, սա ամրագրվել էր դեռեւս Տրդատ Մեծի օրոք՝ սպարապետ Արտավազդ Մանդակունու մահվանից հետո, երբ Հայոց զորքերի վրա հաստատվեց չորս զորավարների կարգը՝ ըստ երկրի կողմերի: Այդ ռազմավարական ծրագրի հիմքում դեռեւս Արտաշես I-ի կողմից սահմանված զորավարությունների համակարգն էր. առաջինը Բագարատ ասպետն էր՝ արեւմտյան գնդի զորավար, երկրորդը՝ Գուգարաց բդեշխ Միհրանը՝ հյուսիսային զորքի զորավար, երրորդը՝ Ամատունյաց նահապետ Վահանը՝ արեւելյան գնդի զորավար, չորրորդը՝ Մանաճիհր Ռշտունյաց նահապետը՝ հարավային զորքի զորավար: Ըստ Մովսես Խորենացու՝ Մանաճիհր Ռշտունին՝ հարավային զորքով եւ կիլիկյան օգնական գունդով, պարսից հարձակումներից պաշտպանելու էին Մեծ Հայքի թագավորությունն Ասորեստանի եւ Միջերկրայքի՝ Փոքր Ասիայի կողմից, իսկ Ամատունյաց Վահան նահապետը՝ արեւելյան գնդով եւ գաղատացի օգնական գնդով՝ Ատրպատականի կողմից: Քանի որ հարավ-արեւելքից սպառնացող վտանգը մեծ էր, Բագարատ եւ Միհրան զորավարներն Անտիոքոս զորավարի գլխավորած հռոմեական դաշնակից զորքի հետ արշավեցին Փայտակարան քաղաքում իրեն թագավոր հռչակած Սանատրուկ Արշակունու դեմ, որը քաղաքը լցրել էր դաշնակից պարսկական զորքերով: Այդ իրավիճակում Սանատրուկը բուն Աղվանքի իշխանների հետ միասին փախչում է Պարսից արքա Շապուհի մոտ: Բագարատ, Անտիոք եւ Միհրան զորավարներն ազատագրում են Փայտակարան քաղաքը (Մովսես Խորենացի, էջ 262-263):

Որոշ ժամանակ անց Սանեսանը, իրականացնելով իր վաղեմի ցանկությունը, Հյուսիսային Կովկասի խառնիճաղանջ վաչկատուն ցեղերի գլուխն անցած, կտրեց Կուր գետը եւ ներխուժեց Հայաստան՝ նպատակ ունենալով տիրանալ հայ Արշակունյաց գահին: Գործելով Պարսից թագավոր Շապուհ II-ի գաղտնի հրամանով, հասան Հայաստանի կենտրոնական վայրերը եւ ավերածություններ պատճառելով՝ պաշարեցին Վաղարշապատը: Խոսրով Կոտակը եւ Վրթանես կաթողիկոսը հարկադրված ապաստանեցին Կոգովիտ գավառի Դարույնք անառիկ բերդում: Մազքթաց Սանեսանը գրեթե մեկ տարի բռնացավ եւ ասպատակ սփռեց ողջ երկրում:

Հաջորդ տարի Հայոց զորավար Վաչեն՝ Արտավազդի որդին՝ Մամիկոնյան տոհմից, ժողովեց հայ նախարարներից առավել քաջերին, մեծ զորք կազմեց եւ հանկարծակի հարձակվեց մազքութների վրա, որոնք բանակ էին դրել Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա:

Վաչեն այդտեղ եղած մազքութների զորքի մեծ մասը ոչնչացրեց, իսկ մնացածին գերի վերցրեց: Հետո ժողովեց ավարը եւ գնաց Վաղարշապատ քաղաք, ուր գտնվում էր մազքութների Սանեսան թագավորի բազմաթիվ զորքը: Վաչեն սրընթաց մտավ քաղաք, թշնամին փախավ դեպի Օշականի բերդը: Վաչե սպարապետը եւ նրա նիզակակիցներ Բագարատ Բագրատունին, Վահան Ամատունին, Մեհունդակ եւ Գարեգին Ռշտունիք, Վարազ Կամինականը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա: Քաջարի հայ հեծյալ գունդը, նրանց արագապես հետամուտ լինելով, մղեց քարքարոտ ու դժվարին տեղերը ու գլխովին ջախջախեց:

Օշականի ճակատամարտում Հայոց զորքերը կոտորեցին Սանեսանի գլխավորած մազքութների, ալանների, հոների խառնիճաղանջ զորքերը, իսկ սակավաթիվ մնացորդներին դուրս քշեցին Մեծ Հայքի թագավորության սահմաններից: Ճակատամարտի թեժ պահին Վահան Ամատունին խիզախորեն սպանեց Սանեսանին, եւ գլուխը բերեցին Խոսրով Կոտակին: Ինչպես գրել է Փավստոս Բուզանդը, այսպես լուծվեց սուրբ մանուկ Գրիգորիսի վրեժը:

 
—————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ