Լուսավորչի նշխարների գյուտի առնչյալ

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

————————————————————

Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը ճգնում էր Սեպուհ լեռան այն այրում, որտեղ ճգնությամբ ապրել էր Մանե կույսը: Սրբի վախճանվելուց որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ գտան նրան` ծնկի եկած, ձախ ձեռքին՝ գավազան: Հովիվները չգիտեին, թե ով է այդ սուրբը, և տեսնելով, որ նա վախճանված է, ամփոփեցին մարմինն ու հեռացան: Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ Աստված տեսիլքով Գառնիկ անունով ճգնավորին հայտնեց սրբի մասունքների տեղը: Սրանից հետո Լուսավորչի նշխարներն ամփոփեցին Թորդանում: 5-րդ դարում Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքներն ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում: Լուսավորչի այս աջի առկայությամբ է կատարվում սբ. մյուռոնի օրհնության սրբազան արարողությունը:

Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում՝ Եղիսեե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. ԺԳ 21)։ Քրիստոնեական մեծ գրողներից մեկը հաստատում է, որ մարդկային հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։ Օրինակ` անասունը չի մտահոգվում իր աճյունով։ Ի՞նչ նշանակություն ունեն նրա համար իր ոսկորները։ Իսկ փոշու մի քանի հատիկ, եթե միայն անկենդան ոսկորներ են, արժանի՞ են արդյոք մեր պատվին ու մեծարանքին. Ոչ իհարկե, սակայն մենք բոլորս գերեզմանատուն ենք գնում և մեր նախնիների աճյունները հարգում ենք ոչ թե նրա համար, որ գիտենք, թե հողի տակ դրանք վերածվել են ոսկորների անկենդան կույտի, այլ նրա համար, որ ներքին մի ձայն մեզ ասում է, թե ամեն ինչ ջնջված-վերջացած չէ նրանց մեջ։ Եվ այդ ձայնն է, որ սրբագործում է հոգեհանգստյան պաշտոնը աշխարհի բոլոր Եկեղեցիներում։ Նշեցինք, որ Գրիգոր Լուսավորչի մասունքները տեսիլքով հայտնաբերվեցին։ Եվ խոսելով տեսիլքների մասին` անդրադառնանք հիմնականում տարբեր աղանդավորների` Եհովայի վկաների, ադվետիստների, մորմոնականների, հոգեգալստականների և նրանցից առաջացած այլ աղանդների պնդումներին՝ տեսիլքներ տեսնելու իրենց կարողությունների մասին։ Աշխարհահռչակ մի փիլիսոփա ճշմարտացիորեն պնդում է, որ մարդն իրերը ճանաչում է միայն իր փորձի վրա հիմնվելով, այսինքն` սկզբնապես նա կարողություն ունի բանականությամբ փորձի միջոցով ճանաչելու միայն առաջացած երևույթները, ոչ թե բուն իրերը, այլ մեզ վրա դրանց թողած ազդեցությունները։ Այլ խոսքերով ասած` ի սկզբանե մենք մեր բանականությամբ առարկաները կարող ենք ճանաչել միայն այնպես, ինչպես նրանք կարող են մեզ և մեր զգացմունքներին հայտնվել, և ոչ թե այնպես, ինչպիսին նրանք կան իրականում։ Այդ իսկ պատճառով չափազանց սխալ է, որ այն, ինչ ճիշտ է երևույթների համար, տարածում են բուն իրերի վրա և ընդհանրապես խառնում են այս երկու հասկացությունները։ Չափազանց սխալ է նաև հիմնվելը ողջամիտ բանականության վրա այն դեպքում, երբ խոսքը փորձին չվերաբերող հասկացությունների և հիմնադրույթների մասին է, ինչպիսիք են հատկապես տեսիլքները։

Համառոտակի և ամփոփ ներկայացնենք տարբեր աղանդների տեսիլքների կամ տեսիլքապաշտության մղումները այդ աղանդների ստեղծման պատմության մեջ, որը մանրամասնորեն նկարագրված է Սերժ Մայիլյանի (Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան) «Ժամանակակակից աղանդները Հայաստանում» գրքում։ Ադվենտիստների հիմնադիրը՝ Միլլերը, Քրիստոսի Երկրորդ գալստին առնչվող հարցերը քննարկելիս հակառակվեց մկրտչական «եկեղեցուն», որի անդամն էր ինքը։ Նա հիմնեց մեկ այլ աղանդ` ադվենտիստականը, և նշանակելով Գալստյան կամ աշխարհի վախճանի համար իր հաշվարկած ժամկետը, ամեն անգամ նոր հայտնություններ և տեսիլքներ էր ստանում, ուր մեկնաբանվում էր, թե ինչու դա այդպես չեղավ կամ ինչու է այլ կերպ եղել և այլն։ Համոզվելով, որ իրենց գուշակությունները չեն համապատասխանում իրականությանը, ադվենտիստները փոփոխություն մտցրեցին Երկրորդ գալստին վերաբերող հարցերի մեջ։ Նրանք ի հայտ բերեցին իրենց մեծ մարգարեուհի Ելենա Ուայթին, որի հայտնություններից պարզվեց, որ Քրիստոսի Երկրորդ գալուստը արդեն տեղի է ունեցել, Նա իջել է երկնային Սրբարան, որտեղ սկսել է դատական հետաքննությունը։ Ծայրահեղ ադվենտիստները («ադվենտիստ» նշանակում է «գալստական») չհամաձայնեցին այս փոփոխությանը, և նրանցից մեկը՝ Ռասելը, պնդելով աշխարհի վախճանի օրը բացահայտելու անհրաժեշտությունը, հիմնեց մեկ այլ աղանդ, որի անդամները սկսեցին կոչվել Եհովայի վկաներ։ Պարզ է, որ նրանց գուշակած աշխարհի վախճանի մի շարք տարեթվեր սուտ եղան և այդպես էլ շարունակվելու են։ 1820 թվականին, երբ մորմոնական աղանդի ապագա հիմնադիր Ժոզեֆ Սմիթն ընդամենը 15 տարեկան էր, սկսեց տեսիլքներ և հայտնություններ ունենալ։ Անտառում աղոթելու ժամանակ նրան հայտնվեց Հայր Աստված ու Հիսուս Քրիստոս, ովքեր հայտնեցին, որ այս աշխարհում գոյություն ունեցող ոչ մի եկեղեցի ճշմարիտ չէ, և միայն նա կարող է վերահաստատել ճշմարտությունը և լինել վերջին օրերի հայտնությունների նոր մարգարեն։ Մորմոնական աղանդն այժմ խիստ կարգապահություն ունեցող մի հզոր կազմակերպություն է, որի գլուխը համարվում է Առաջին նախագահը, որը նաև Մարգարե ու Տեսանող է հռչակված։ Ամեն ինչ նա է հիմնավորում՝ իր ստացած հայտնություններով և տեսիլքներով, որոնք, ըստ մորմոնների, գալիս են Աստծուց և, հետևաբար, ընդունելի են անվերապահորեն։ Չնայած որ ամեն մի հայտնություն դրվում է ընդհանուր քննարկման, այնուամենայնիվ, բոլորի կողմից դրանք ընդունվում են իբրև ճշմարտություններ, որովհետև ի սկզբանե ընդունվում է հայտնությունների աստվածային ծագումը։ Նշենք նաև, որ այսօր էլ ադվենտիստները պնդում ու ապացուցում են, որ միայն իրենց մարգարեուհին է օգնել մարդկությանը ճանաչել Սուրբ Գիրքը և Հիսուս Քրիստոսին` իր ստացած 2000 հայտնություններով ու տեսիլքներով։ Ստացվում է, որ նրանք բոլորն էլ տեսիլքներ են տեսնում կամ հայտնություններ ստանում, սակայն դրանք բոլորն էլ համեմատության դեպքում հակադրվում են միմյանց։ Ինչպե՞ս կարող են մի աղբյուրից` իրենց պնդումներով Աստծուց եկած տեսիլքներն այդքան հակասական լինել։ Հետևաբար, այլ է դրանց աղբյուրը կամ ներշնչող ոգին։

Մարդկային հոգեբանության խորը քննությամբ զբաղված փիլիսոփաներից մեկը նշում է, որ բարոյական արարքը այն ժամանակ է կանգնում իր ճշմարիտ բարձրության վրա, երբ ազատված է սկզբնական միտումնավորությունից և սկզբնապես այս կամ այն կողմը հակված լինելուց։ Մինչդեռ հավանաբար այս պայմանների բացակայությունն է պատճառը, որ տարբեր աղանդների տեսիլքները բոլորովին հակասում են միմյանց. իրենց հասկացած արդարությունը աշխարհում հաստատելու միտումնավորությամբ և սկզբնական կանխակալ հակվածությամբ ամեն մեկն իր հերթին տեսիլք է տեսնում, և արդյունքում բոլոր աղանդների տեսիլքները հակասում են միմյանց` պնդումով, թե միայն իրենք են ճշմարիտը, միայն իրենք կարող են ճշմարիտ հաղորդակցության մեջ լինել Աստծո հետ, իսկ մնացած եկեղեցիները անարդար և սխալ են։ Այդ իսկ պատճառով գրեթե միշտ տարբեր աղանդների մոտ միմյանց հակասող տեսիլքները, տեսիլք տեսնելուց կամ հայտնություն ստանալուց առաջ շատ հաճախ սկզբնական միտումնավորվածություն ունենալը և այս կամ այն կողմը հակված լինելը, սրա կամ նրա դեմ խիստ տրամադրված լինելը և հատկապես, ի տարբերություն մեր սուրբ ճգնավորների և եկեղեցական մեծագույն սրբերի, բազում տարիների հոգևոր մեծ փորձառության պակասը խիստ կասկածի տակ են դնում դրանց աստվածային ծագումը։ Հետևաբար, սիրելի ընթերցողներ, նույնիսկ ճշմարտության նշույլ անգամ մի որոնեք Եհովայի վկաների, ադվենտիստների, մորմոնականների, հոգեգալստականների և բազմաթիվ այլ աղանդների տեսիլքների ու հայտնությունների մեջ, այլ հավատարիմ մնացեք դարավոր փորձառություն ունեցող առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն, որի մեջ անցնող և եկող հոգևորականները սպասավորներն են Աստծո և ժողովրդի, և Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված ու հիմնադրված Եկեղեցին է միայն, որ իր դարավոր և ճշմարիտ փորձառությամբ մեզ բոլորիս` թե՛ հոգևորականներին և թե՛ ողջ ժողովրդին կարող է ճշմարտապես առաջնորդել դեպի Երկնքի արքայություն։

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ