Թուղթ քահանաների` ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին

ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
-----------------------------------------

ԹՈՒՂԹ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ` ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ՏԵՍՈՒՉ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես լեցուն եմ անթիվ հանցանքներով, ունայն եմ առաքինի վարքից և զուրկ բարի [գործերից] ու արդարությունից, մեղքերիս վրա ամեն ժամ մեղքեր եմ ավելացնում, որն էլ չարաչար սպանում է ինձ: Եւ ո՞վ է [այն մարդը], որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, և կամ մեղքերից հիվանդացած [լինելով]` կկարողանա առողջացնել ուրիշներին: Մեղքերով ծանրացածների համար մեծ հանդգնություն է ուրիշներին թեթևացնել համարձակվելը, խելքը թռցրածների համար` ուրիշներին ուսուցիչ լինել ախորժելը. ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել: Բայց քանի որ աստվածային սերը հնարավոր է դարձնում նաև անհնարինը, փրկության համար համարձակվում և լսողների շահի ու օգուտի համար ջանում է մտնել նեղ ու նուրբ ծերպերի միջով, նայել աստվածային այն խոսքի զորությանը, [որ ասում է]. «Գնա դարձի՛ բեր քո եղբորը, որպեսզի քավվեն քո մեղքերը» [հմմտ. Հակ. Ե 19-20], որովհետև նա, ով ջանում է դարձի բերել մոլորված հոգին, հեռացնում է իր մեղքերի բազմությունը: Եւ Աստծու բերան պիտի կոչվի Նա, ով պատվականը հեռացնում է անարգից: Որովհետև մեծ շահ և օգուտ է, [խիստ] կարևոր է ընկերների փրկության համար ջանք թափելն ու խնդրելը:

Եւ արդ, հոտերի հովիվնե՛ր և Եկեղեցու առաջնորդնե՛ր, տեսնում եք սատանային բարձրացած, իսկ Քրիստոսին անարգված, Եկեղեցու փարախն արհամարհված և գայլերին հետևող դարձած, և այդ հոտի հովիվներդ լռում եք, չեք գործում և բոլոր ականջներին անդադար չեք հնչեցնում պատվիրանների հրամանները:

Զորքդ թշնամիների մեջ վտանգվում է, իսկ դու` զորավարդ, պառկած ննջում ես. նավդ տարուբերվում է ալեկոծվող ալիքների մեջ, իսկ դու` նավապետդ, անհոգ նստած ես. գազանները մտել են այգիդ և ապականում են այն, իսկ դու` այգեգործդ, հարաժամ տեսնում և անտեսում ես այդ. գողերը, ներս մտած, փորում են պատերի չորս կողմը, իսկ դու` պահապանդ, քնած խռմփացնում ես. ժողովուրդդ ծանր վիրավորված է, իսկ դու` բժիշկդ, նրա մեջ չես. ոչխարներդ, գայլերից հոշոտվելով, ցրվում են խորխորատների մեջ և ցած են գլորվում զառիթափերից, գայլերն ու գազաններն անխնա կոտորում, գիշատիչ թռչունները պատառոտում են նրանց, և նրանք ցրված են մնում, իսկ դուք` հովիվներդ, չեք երևում: Չե՞ք զարհուրում ահեղ Հովվապատից, ով ասում է. «Պիտի դատեմ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ» [Եզեկ. ԼԴ 17], ով մարգարեների միջոցով ամբաստանում է քահանաներին` ասելով. «Քահանաներն անարգեցին իմ օրենքներն ու պղծեցին իմ սրբությունները, որովհետև չտարբերեցին սուրբը պիղծից և չջոկեցին արատավորներին անարատներից» [Եզեկ. ԻԲ 26], այլ. «Կաթն ուտում են, բուրդը հագնում, բայց իմ հոտերին չեն արածեցնում, տկարացածին չեն զորացնում, հիվանդացածին չեն բժշկում» [Եզեկ. ԼԴ 3], «Հովիվ եք և ձեր անձերն եք պարարտացնում և ո՛չ ոչխարներին» [տե՛ս Եզեկ. ԼԴ 8], և` «Պիտի շաղ տամ, ասում է, ձեր տոների աղտեղությունը ձեր երեսին» [Մաղ. Բ 3]: «Եւ արդ, կվերցնեմ ձեզ նրանց միջից և անեծքներ կուղարկեմ ձեզ վրա, կանիծեմ ձեր օրհնությունները, կնզովեմ ձեզ այն բանի փոխարեն, որ ձեր սրտում չդրեցիք` երկնչել ինձնից, և իմ երեսից չվախեցաք» [տե՛ս Մաղ. Բ 2]:

Արդ, տե՛ս, որ Աստծու այսպիսի անեծքներն ու սպառնալիքներն են [կախված] ծուլացող քահանաների վրա: Վախեցի՛ր Աստծու սպառնալիքներից և մի՛ ծուլանա տեսուչ լինել հոգևոր հոտիդ, այլ գիշեր և ցերեկ անդադար չարչարվի՛ր նրա փրկության և քո սրբության համար: Հիշի՛ր` ինչպես էին ջանում Մովսեսը, Ահարոնը, Սամուելը, քանզի նրանք նույնպես նույն հոտի առաջնորդներ էին: Հիշի՛ր Պետրոսի ու Պողոսի ճիգերը. նաև նրանք էին նույն հոտի առաջնորդներ: Հիշի՛ր նրանց հետևող սուրբերի ջանքերը, քանզի նրանք նույնպես նույն հոտի առաջնորդներ էին. նրանք հրով, սրով և զանազան չարչարանքներով չարչարվեցին [իրենց] հոտի վերակացության համար և Աստծո սիրո և իրենց հոտի ջերմագութ տեսչության համար ծեծվելով, բանտարկվելով և բազում կտտանքների ենթարկվելով` ելան այս աշխարհից: Եւ դուք` բոլոր քահանաներդ և վարդապետներդ, հարկ է, որ նրանց նմանությամբ նույն գործը կատարեք, մանավանդ նրանք, ովքեր ինքնակամ ստացան վերակացու լինելու [պատիվը]. որ գովելի է, եթե որպես իրենց ապրելու միջոց չիմացավ այն և զորացել են [Սուրբ] Հոգով` շատերի փրկության համար մտնելու մշակության գործի մեջ: Քանզի գովելի է, երբ Աստծու առավել սիրո համար արժանավորներն ու պատվիրանապահներն են հոգեպես տեսչություն ցանկանում: Ինչպես որ [մեր Տերը] Պետրոսին ասաց, թե` «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանց, արածեցրո՛ւ իմ ոչխարներին» [տե՛ս Հովհ. ԻԱ 15, 17], իսկ Պողոսն ասում է. «Ով եպիկոպոսության է ձգտում, ձգտում է բարի գործի, այլ ոչ թե չար» [տե՛ս Ա Տիմ. Գ 1], և` «Մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի, կարևոր պետքերի մեջ, որպեսզի անպտուղ չլինեն» [Տիտ. Գ 14], քանի որ այդ է բարի և մարդկանց պիտանի: Քանզի ճառագայթներով լուսավորող արեգակից առավել մեծ է մեղքերի մոլորությունները հեռացնելը:

Ա՛յս է կարևոր Աստծու համար և ավելին է, քան բոլոր առաքինությունները, սրա մասին է ասում, թէ` «Երեցները թող արժանի լինեն կրկնակի պատվի, մանավանդ նրանք, ովքեր տքնում են` քարոզելով և ուսուցանելով» [տե՛ս Ա Տիմ. Ե 17]: Արդարև, մեծ է քահանայության գործը և դադար չունի, և օգտակար է ուսուցման գործը. քահանան հոգիների բժիշկ է, Աստծու գործերի գործակից: Աստված մարդուն ստեղծեց չարը կամ բարին [ընտրելու ազատ] կամքով, իսկ քահանան, [դեպի բարին] ուղղելով [մարդու] կամքը` զարդարում է առաքինության գործերով: Աստված ստեղծեց բնությունը, իսկ քահանան, Աստծուն ճանաչեցնելով, լուսավորում է [մարդուն] և հեռացնում սատանայական բոլոր խաբեություններից, հեռացնում, ցրում է մոլորության մեգն ու անգիտության խավարը և ծանոթացնում արարածների Արարչի, ամենայն բարիք Պարգևողի, ծովն ու ցամաքը Լցնողի հետ, լուսավորում է ճշմարիտ հավատով, առաքինի և ուղիղ վարքով և դեպի առաքինություններն ու ուրախությունները առաջնորդում աստվածասերներին: Այդ պատճառով էլ պատվվում են մեծ պատվով և պայծառանում լուսավոր պսակներով:

Եւ արդ, ամեն ոք, ով քահանայության և վերակացության է կոչված, պետք է շատ ջանք թափի և հարատև աշխատի [իր] հոտի փրկության համար: Քանզի եթե Հակոբը ոչ բանական ոչխարների համար էր ցրտից սառչում, տոթից տապում, իր աչքերից հեռու էր վանում քունը, ապա որքա՜ն առավել քե՛զ է պետք չարչարվել բանական հոտիդ համար և առանց դադարի մշտապես տքնել, դողալ ու հանապազ հոգ տանել, գթած հորից ու մատաղածին մորից առավել ջերմագութ գորովով խնամել ու սիրել, նրանց հոգիներին փրկություն խնդրել և հանապազ դաստիարակել Աստծու խոսքի ուսուցմամբ և՛ առանձին, և՛ հրապարակավ: Եւ նա, ով ուսուցանում է խոսքով, հարկ է, որ գործով կատարի, քանզի առանց գործերի ոչ մի խոսք օգտակար չէ, [քանզի] «Յիսուս սկսեց անել և ապա ուսուցանել» [Գործք, Ա 1], և. «Ով ինքը կկատարի և կուսուցանի ուրիշներին, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի» [Մատթ. Ե 19]:

Հիշի՛ր, որ ճրագները վառվող ճրագից են լույս առնում, այլ ոչ թե խավարածներից, իսկ ժողովուրդները սրբվում են սուրբերի միջոցով, այլ ո՛չ մեղքերով աղտեղի դարձածների: Քահանան ժողովրդի մեջ այնպես է, ինչպես աչքը մարմնի վրա. նա պետք է հսկի բոլոր կողմերը, հարդարի և մաքրի մեղքերի բոլոր աղտեղությունները: Աշտանակի վրա դրված ճրագի պես է նա և պետք է փարատի թանձրամած խավարը, լուսավորի ամբողջ տունը: Հսկող է և պահապան և պետք է հանապազ աղաղակի, որպեսզի [խուսափեն] թշնամուց, որ իր մեղքերի սրով չվիրավորի իրենց, և սպանվածների արյունը նրա ձեռքից չպահանջվի: Սատանայի կողմից վիրավորվածների բժիշկ ես. հանապազ լվա՛, փաթաթի՛ր և հարդարի՛ր: Համեմիչ աղ ես. սրբի՛ր բոլոր նեխած մեղքերից: Փրկության աղբյուր ես. բոլորին լվա՛ և մաքրի՛ր չարիքներից: Հոտերի հովիվ ես. զգուշացի՛ր գայլերից: Ժողովրդի առաջնորդ ես. տե՛ս, թե ինչպես պիտի առաջնորդես. ահա կան հաշվետվություններ, պատիժներ և ճշտիվ քննություն:

Ո՛վ քահանա՛, երկյուղով զգուշացի՛ր. քանզի [Աստված] մարդուն իզուր չի ստեղծել, և ոչ էլ այս աշխարհի կյանքն է մեր կամքով. Քննություն կա այս ու այն կողմ նայող աչքերի համար, քննություն կա անպարկեշտ բաներ լսողների համար, դատարկ խոսքերի համար պատիժներ կան, և անվայել մտքերի համար դատաստան կա: Քանզի եթե եղբորը հիմար կամ մորոս անվանելը դատապարտում է, ապա ի՜նչ կանեն մեծ մեղքերի դեզերը. և եթե միայն նայելը պոռնկություն է, ապա որքա՜ն առավել գործը կայրի. եթե երդվելը սատանայից է, ապա որքա՜ն առավել սուտ երդվողները. եթե ամբոխելն ու աղաղակելը վնասում են, ապա որքա՜ն առավել ոխ պահելն է տանջելու գեհենում. եթե ցանկանալն ապականում է, ապա որքա՜ն առավել [կապականի] ցանկության գործը կատարելը. եթե չարակնելը սպանում է չարաչար մահով, ապա որքա՜ն առավել` նախանձն ու ոխը. եթե ունեցվածքը չբաժանելն է դատապարտում, ապա որքա՜ն առավել ուրիշներին զրկելը. եթե Աստծուն [իր ունեցվածքից] խոտանը մատուցողը նզովքներ է ընդունում, ինչպես Կայենը, ապա որքա՜ն առավել նա, ով մատուցում է զրկելով ձեռք բերածից. եթե եղբոր մասին գաղտնի խոսելը վնասում է, ապա որքա՜ն առավել` նենգությամբ քսություն անելը. եթե իր ընկերոջը բամբասողը կրակի մեջ է առաքվում, ապա որքա՜ն առավել նրանք, ովքեր քահանային ու վարդապետին են բամբասում. եթե ծրարներն ու կախարդությունները կռապաշտության են տանում, ապա որքա՜ն առավել` դիվական գուշակություններն ու հմայությունները. եթե ննջեցյալների համար սգալը հեթանոսություն է, ապա որքան առավել` լացուկոծ անելն ու մազերը փետելը. եթե լկտիացողներն ու ծիծաղողները, որպես որոմ, նետվում են հրի մեջ, ապա որքա՜ն առավել` թատերախաղերի գնացողները. եթե գովելի չէ տան մեջ զարդարվելը, ապա որքա՜ն առավել` ի տես բոլորի պճնվելը. եթե սեղանից զրկելն է դատապարտում, ապա որքա՜ն առավել թաքցնելն ու եղբորից գողանալը. եթե գինի շատ խմելը պատուհասում է, ապա որքա՜ն առավել շվայտությամբ զեխանալն ու որկրամոլությամբ հարբելը, որ պատուհասում են և՛ հին, և՛ նոր պատվիրանները:

Արդ, տե՛ս, որ այդ և դրանց նման արարքները իրենց գործողներին տանջանքների են դատապարտում: Եւ դու, որ Եկեղեցու վերակացու ես, եթե ծուլանաս և չզգուշանաս այս ամենով ճշտությամբ խրատել և քննել, իմացի՛ր, «որ կորստյան մատնվածի արյունը քեզնից է պահանջվելու» [տե՛ս Եզեկ. Գ 18]: Եւ եթե իր անձի տանջանքներից ոչ ոք չի կարող հանգստանալ, ապա որքա՜ն առավել այդքան հոգիների պարտապանը. ո՞ր խավարի մեջ պիտի գնա, կամ քանի՞ հրահոս գետեր բավական պիտի լինեն նրան, խավարային քանի՞ գուբ: Ուրեմն զգո՛ւյշ եղիր, հանապազ խոսի՛ր, անդադար աղաղակի՛ր, քննի՛ր և լսի՛ր ամեն բան, փութով կանչիր և խրատի՛ր` ոմանց սաստելով, ոմանց աղերսելով, ոմանց փափագելի արքայության փափկությամբ հորդորիր, ոմանց չար ու ահեղ տանջանքների ահով վախեցրու, ոմանց խրատիր Եկեղեցու մեջ, որպեսզի մյուսները սովորեն, ոմանց առանձին հանդիմանիր, որպեսզի բազմությունից ամաչելով` չժխտեն [իրենց մեղքը] և հանդիմանությունը չարհամարհեն: Իսկ եթե արհամարհեն անգամ, դու բարձրաձայն մի՛ հակառակվիր, քանզի Տիրոջ ծառան հակառակվող չպետք է լինի, այլ բոլորի հետ հեզ, որպեսզի թերևս այդ ապաշխարության մղի նրան:

Բայց դու քեզ մեծարվելու արժանի մի՛ համարիր, այլ արհամարհի՛ր այս աշխարհի փառքը, անարգի՛ր կեղծավորների գովասանքը, հիշի՛ր պատուհասը Հերովդեսի, որ գովասանք ընդունեց [տե՛ս Գործք, ԺԲ 21-23]: Ուստիև մի՛ փառավորիր քո անձը, քեզ պատիվ մի՛ փնտրիր, այլ ծառայելով բոլորին` բոլորի սպասավորը եղիր, քեզ ծառա՛ անվանիր: Հիշի՛ր Քրիստոսի ծառայելը՝ ղենջակը կապելը, ջուրը կոնքի մեջ լցնելն ու աշակերտների ոտքերը լվանալը [տե՛ս Հովհ. ԺԳ 4-5]: Ո՛չ թե մարդը՝ մարդու, այլ Աստված մարդու ոտքերը լվաց, որ ճշմարիտ խոստովանություն է, խոնարհություն և սերտ ծառայություն: «Չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» [Մատթ. Ի 28]: Նա՛ է քո Վարդապետը, այլ ոչ հեծյալներն ու մեծարվողները: Դու նմանվող եղիր Նրան, և քո հոտերը քեզ կնմանվեն. ինչպես Պողոսն է ասում. «Նմանվող եղեք ինձ, ինչպես որ ես` Քրիստոսին» [Ա Կոր. ԺԱ 1]: Ահա դու նույն ինքը` Պողոսն ես, որ քարոզում ես, և նույն ժողովուրդն է, ում ուսուցանում ես: Նա էլ քեզ նման մարդ էր` Կիլիկիայի Տարսոն քաղաքից, և քեզնից ավելի ոչինչ չուներ, այլ միայն հոժարություն և չարչարանք, որոնցով Սուրբ Հոգու շնորհները ստացավ: Քեզ ոչինչ արգելված չէ, այլ միայն հոժարի՛ր և աշխատի՛ր և կստանաս Սուրբ Հոգու շնորհները:

Արդ, պատրվակ մի՛ բռնիր ու սրան նրան մեղադրիր, այլ միայն արթո՛ւն եղիր աղոթելու և նախանձախնդիր` ուսուցանելու մեջ. Պողոսի նման հիվանդացի՛ր հիվանդների հետ, մեղանչողների համար ողբա՛, գայթակղվածների համար տրտմի՛ր, տկարացածներին զորացրո՛ւ, ջա՛նք թափիր, նրանց համար կտրի՛ր ծով ու ցամաք: Մի՛ վհատվիր չարչարանքիդ մեջ, ամոթից մի՛ լքիր, մի՛ ամաչիր խոսել, այլ եթե անգամ հարկ լինի սովամահ լինել ու ծարավ մնալ նրանց փրկության համար, ուրախությամբ ընդունի՛ր այդ: Որովհետև ոչ ոք որկրամոլությամբ մարգարե չեղավ, ո՛չ էլ արբեցությամբ որևէ մեկը առաքյալ եղավ, այլ նեղվելով ու չարչարվելով բոլոր ցանկություններից. հարկ է, որ դու նույնպես նմանվող լինես քաջերին ու առաքինիներին, ոչ թե գայլ դարձած հովիվներին, ովքեր միայն անվամբ են հովիվ, ովքեր գազանաբար հարձակվում են իրենց հոտի վրա և ցրում ու կորստյան են մատնում նրան, ո՛չ հոգում են նրանց հոգիների համար և ո՛չ մտահոգվում նրանց մեղքերի համար: Ո՛չ գողերին են փնտրում, ո՛չ պոռնկացողներից հաշիվ են պահանջում, ո՛չ քննում են զրպարտողներին, ո՛չ ուղղում են հարբեցողներին, ո՛չ պատժում են գուշակներին, ո՛չ կախարդներից հաշիվ են պահանջում, ո՛չ դիվական թատերախաղերն են արհամարհում, ո՛չ հեթանոսաբար լաց լինելն են արգելում, ո՛չ նախանձներին են հանդիմանում, ո՛չ ոխ պահողներին են մեղադրում, ո՛չ չար գործերի համար սաստում են, ո՛չ ծուլության համար պատժում, ո՛չ որևէ մեկին խրատում են ողորմություն անել, ո՛չ հորդորում են աղոթել և ո՛չ որևէ մեկին տրտմեցնում են` ուղղության հրավիրելով: Այլ իրենց ողջ նախանձախնդրությունը մարմնավոր բաների մեջ են ցույց տալիս. քահանայությունն ընտրում են այս աշխարհի կյանքը վայելելու, մարմնի հաճույքների, ուտելու, խմելու, հարստություն ժողովելու համար, պատվի ու գահերեցության արժանանալու և սատանայական սնափառության համար: Ուստիև չեն ողորմում որբերին, չեն խնայում այրիներին, այլ պատիժների դիմելով` եկամուտներ են փնտրում և պատուհասներով դրամ են հավաքում Եկեղեցու անունով, բռնությամբ վարվում, իշխանությամբ հրամայում են. քահանայական ոչինչ չի երևում նրանց վրա, և երբեք չեն մտաբերում Պետրոսի այն խոսքերը, թէ` «Արածեցրե՛ք ձեզ հանձնված Աստծու այդ հոտը` վերակացու լինելով ո՛չ թե ձեր կամքին հակառակ, այլ հոժարակամ, ըստ Աստծու, ո՛չ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ո՛չ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ բարի գործերի օրինակ լինելով նրանց» [Ա Պետր. Ե 2-3]: Քանզի եթե ժողովրդից մեկը բյուր անգամ էլ ընկնի, կարո՛ղ է ներման և մեղքերի թողության արժանանալ, իսկ եթե ժողովրդի մեջ մի վարդապետ նույն ախտով վարակվի, պատասխան չի ունենա տալու և ամենավերջին պատիժների տոկոսները կտա, որովհետև մեղավոր առաջնորդների փրկությունը սաստիկ դժվարությամբ է:

Ուստիև դու, հավատարի՛մ հովիվ, լսի՛ր առաքելական հրամանը և մի՛ նմանվիր պիղծերին ու կորստյան մատնվածներին, որոնց կրակը պիտի այրի, որոնք միայն հովվի անունն ունեն և գայլերի հափշտակածն են հափշտակում, որի համար չարաչար հաշիվ պիտի տան, որ պիտի սովորեցնեն ու խրատեն ըստ Աստծու կամքի, բայց ըստ իրենց կամքի ապրելով` ընկան և կերակուր [դարձան] չարաժանիք գազանին, որ ծանր վիրավորում ու չարաչար սպանում է: Հիշի՛ր Հեղիին, որ թեև անարատ վարք ուներ, բայց որովհետև տեսնում ու անտեսում էր Աստծու օրենքները, ծանր պատժով պատժվեց: Իսկ դու միշտ խրատի՛ր, հոտիդ փրկության համար անդադար չարչարվի՛ր, որպեսզի նաև դու, հովիվդ, փրկվես պատուհասների պատժից: Հիշի՛ր, որ հովիվն է հատուցում գազանների բզկտածի և գողերի տարածի համար. նրանից ճշտությամբ պահանջում են սատկած կենդանու նշանն ու մորթին, հաշիվ են պահանջում բզկտված կենդանու անդամների համար, որ եթե մեկը ճշտությամբ չներկայացնի և վկաներով չհաստատի, սաստիկ պատիժների ենթակա կլինի, մեծ ամոթով կզրկվի իր հոտից: Արդ, եթե անբան ոչխարների համար այսպիսի քննություն ու պատիժներ են պահանջվում, ապա որքա՜ն առավել ահեղ հաշիվ պիտի պահանջվի քահանաներից կենդանի հոգիների համար, որոնց համար և Քրիստոս մեռավ: Բանական հոտի տեսչության մեջ եթե [անգամ] փոքր-ինչ ծուլանան, [միևնույն է], խիստ է լինելու հաշվետվությունը, և սաստիկ են լինելու տանջանքները նրանց, ովքեր առաջնորդությունն են ստանձնում և չեն առաջնորդում:

Տե՛ս, թե զորավարը քանի՜ մահերի համար է պատասխանատու թագավորի առջև, եթե [երկրի] փրկության համար առած զորքին իր ծուլության պատճառով սրի մատնի, և կամ պահակը, որ չզգուշացրեց, մի՞թե բոլոր սպանվածների արյունը նրանից չի պահանջվի: Նաև նրանք, ովքեր թագավորներից ավանդ են վերցնում, և դրանից մի փոքր մաս կորչում է, պատժվում են սաստիկ պատիժներով: Տե՛ս նաև արքունական [գանձերին] վնաս հասցնող ծառաների պատիժները, նայի՛ր նաև հոտերի պահապաններին, որ փոսեր են փորում, պարաններ ձգում և լապտերներ դնում, իսկ [նրանց] շները շրջում են հոտի շուրջը, որպեսզի գազանները նրանց չմոտենան, իսկ եթե փոքր-ինչ ծուլանան, իրենց անձերը նինջի տան, գայլերն ու դարանակալած գողերը մտնելով` կհափշտակեն հոտերից [ոչխարներ], կցրեն ու կվիրավորեն: Եւ արդ, տե՛ս որքա՜ն առավել է մարդը ոչխարից. եթե անբան ոչխարների համար նույնքան զգուշություն է անհրաժեշտ, որպեսզի երևացող գայլերը չհափշտակեն, ապա որքա՜ն առավել զգուշություն է պետք մարդկային հոգիները սատանայի աներևույթ նետերից պահպանելու համար, որ բազմությամբ վրա է հասնում, շրջապատում, պաշարում է բոլորին թակարդներով ու ցանցերով. պտտվում է բոլորի շուրջը և մարդկանց խորհուրդների վրա անձրևի պես նետեր է տեղում` ոմանց մեջ` ագահություն, ոմանց մեջ` այլազրկություն, ոմանց` պոռնկությամբ, ոմանց` շնությամբ, ոմանց` գողությամբ, ոմանց` ատելությամբ, ոմանց` սպանությամբ, ոմանց` նախանձով, ոմանց` ոխակալությամբ, ոմանց` բամբասանքով, ոմանց` բարկությամբ, ոմանց` նենգությամբ, ոմանց` կեղծավորությամբ, ոմանց` չարակնությամբ, ոմանց` չարախոսությամբ, ոմանց` դեղատվությամբ, ոմանց` վաճառքի մեջ խաբելով, ոմանց` վաշխառութամբ, ոմանց` չափի ու կշեռքի մեջ խաբելով, ոմանց` մոգությամբ ու կախարդությամբ, ոմանց` թատերասիրությամբ, ոմանց` պճնասիրությամբ, ոմանց` սատանայական սգով ու տրտմությամբ, ոմանց` անհուսությամբ, ոմանց` անհնազանդությամբ, ոմանց` անժուժկալությամբ, ոմանց` անհավատությամբ, ոմանց` սնափառությամբ, ոմանց` ձանձրույթով, ոմանց` մոռացկոտությամբ, ոմանց` ստախոսությամբ, ոմանց` հայհոյությամբ, ոմանց` վրիժառությամբ, ոմանց` երդմնակերությամբ, ոմանց` ստախոսությամբ, ոմանց` որկրամոլությամբ, հարբեցողությամբ, աչքածակությամբ, ամբարտավանությամբ, ինքնահավանությամբ, պղծությամբ և այլ բազում ախտերով, որ հոսեցնում է սատանան բոլորի սրտերի մեջ, ծանր վիրավորում ու չար մահով սպանում նրանց:

Եւ այս ամենը տեսնելով` անտեսում, արհամարհում ու ծուլանո՞ւմ ես, լաց չես լինում և չե՞ս ողբում ես այդքան վերքերի բազմությունը: Սարսափի՛ր և սոսկա՛ ահավոր բեմի երկյուղից, թե` ի՞նչ աչքերով ու երեսով պիտի տեսնես փառքի Տիրոջը, քո ծուլության համար որքա՜ն պատիժներ ու պատուհասներ բավական պիտի լինեն: Բայց վախեցի՛ր Հովվապետից, սթափվի՛ր ծուլությունիցդ, ա՛ռ Փենեհեզի նախանձախնդրությունը, խոցի՛ր սատանային ու դևերին, Սուրբ Հոգով վիրավորի՛ր նրանց, հալածի՛ր բանսարկուի բնակիչներին, ցրի՛ր սատանայի զորքերը, խորտակի՛ր չարի աղեղները, և նրանց նետերն իրե՛նց դարձրու, խոսի՛ր [աստվածային] վարդապետության խոսքերը և ողորմության դե՛ղ դարձրու [դրանք] քո հոտին` ծերերին, այրերին, կանանց, ծառաներին ու տերերին, հիվանդներին ու վշտացածներին, ամենևին մի՛ հապաղիր և անզբաղ մի՛ մնա, այլ անդադար վարդապետի՛ր: Պահակ ես, աղաղակի՛ր, տեսուչ ես, խնամի՛ր, Եկեղեցու առաջնորդ ես, հետևիր, հովիվ ես, ուղիղ հավատով արածեցրո՛ւ, բժիշկ ես, բժշկի՛ր մեղքերի վերքերը, նավապետ ես, նավդ զե՛րծ պահիր ալեկոծություններից: Ավանդ ստացար և հաշիվ պիտի տաս, եթե անգամ փոքր-ինչ ծուլանաս: Վախեցի՛ր Հովվապետից և փնտրի՛ր քո կորած բանական հոտը, բոլորին հավաքի՛ր, պարսպի՛ր վարդապետության խրատով, թշնամիներին հաշեցրո՛ւ Աստծու հետ, սատանայի հեռացրածներին միավորի՛ր, Եկեղեցուց հեռացածներին մոտեցրո՛ւ, աղոթքի մեջ թուլացածներին հորդորի՛ր, ճշմարտությունից խոտորվածներին փնտրի՛ր, մոլորվածներին դեպի արդարությո՛ւն դարձրու, թշնամու ախտերով հիվանդացածներին բժշկի՛ր, սատանայից վիրավորվածներին առողջացրո՛ւ, անօրինությամբ գլորվածներին կանգնեցրո՛ւ, անգիտությամբ խավարածներին լուսավորի՛ր, Աստծու պատվիրաններից հեռացածներին ընտանի՛ դարձրու, կռապաշտությամբ աղտեղի դարձածներին լուսավորի՛ր, մեղանչածներին ապաշխարությամբ արդարացրո՛ւ, քաղցողներին Քրիստոսի մարմնով կերակրի՛ր, ծարավածներին Քրիստոսի արյունից խմեցրո՛ւ: Առաքինության այսպիսի գործերով բոլորին արժանի՛ դարձրու մտնելու վերին քաղաք, հորդորի՛ր, որ պարկեշտ վարք ունենան, զորացրո՛ւ ուղղափառ հավատի մեջ, պատվիրի՛ր լինել հեզ և խոնարհ, սովորեցրո՛ւ պահել Տիրոջ պատվիրաններն ու օրենքները, ունենալ սուրբ սիրտ ու ճշմարտախոս լեզու, ցած նայող աչքեր և պարկեշտ մարմին, հորդորի՛ր լինել ժուժկալ և համբերող, պահք պահել, աղոթել և առավել շատ ողորմություն տալ պատվիրիր բոլորին: Եւ այսպես, ամեն բանով կատարյալ, սրբված ու լուսավորված կանգնեցեք Քրիստոսի առջև և ընդունեցեք փառքի անթառամ պսակը: Մեզ նույնպես թող արժանի դարձնի վայելելու այն և փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

---------------------------------------------
Աշխարհաբար թարգմանությունը Մարթա Արաբյանի

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ