Թովմասի անհավատության մասին

Գրաբարից արևելահայերեն
թարգմանությունը Մարթա ԱՐԱԲՅԱՆԻ

ԵՐԱՆԵԼԻ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ՝ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ՃԱՌԸ

ԹՈՎՄԱՍԻ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ահա դարձյալ տոն է, ահա դարձյալ փրկություն է հոգիների։ Այսօր վայելուչ կերպով ձեզ եմ ընծայում այս խոսքը՝ ե՛ւ ինձ՝ ընծայողիս հարստանալու, ե՛ւ ձեր՝ լսողներիդ օգուտի համար։ Հասել եմ՝ պատմելու Թովմասի մասին, որն սկզբում չհավատալով մեր Փրկչի հարությանը՝ տեսնելով եւ շոշափելով [Նրա վերքերը]՝ «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ» խոստովանեց Նրան։

Բոլորդ միասին ձեր սրտերը դեպի ինձ ուղղեք, հանդարտությամբ լսեք իմ խոսքերը եւ դրանցից օգուտ պտղաբերեք։

Որովհետեւ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս խարխլեց դժոխքի ամենակեր որովայնը, եղավ անդրանիկը մեռելներից եւ փակված դռներով մտավ Իր աշակերտների մոտ։ Երկվորյակ անվանված Թովմասն այնտեղ նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։

Ո՛վ սքանչելիքին։ Փափագում էր մեռնել Նրա հետ, եւ ով փափագում էր, հեռու էր։ Քաջ Հովիվը հասավ Իր հոտին, իսկ ոչխարները գավթից դուրս էին ու մոլորված։ Երկնքի Թագավորը մերձենալով՝ եկավ հասավ, իսկ զորականն աստվածային զորքից հեռու դեգերում էր։ Արդյո՞ք Թովմասի՝ աշակերտների հետ չլինելը աստվածային տնտեսության խորհուրդ չէր։ Որովհետեւ եթե նա նրանց հետ լիներ, չէր երկմտի, եւ եթե չերկմտեր, թերեւս չէր էլ վիճաբանի, եւ եթե չվիճաբաներ, չէ՛ր շոշափի։ Կհավատա՞ր արդյոք, եթե չշոշափեր։ Եթե չհավատար, թերեւս մեզ էլ չէր ցույց տա այնպե՛ս հավատալ։

Թովմասի անհավատությունը մայրը եղավ մեր հավատի, որի համար էլ մենք, Քրիստոսին չտեսնելով, քարոզում ենք Նրան։ Թովմասը, Նրան տեսնելով եւ շոշափելով, երկրպագեց, այդ պատճառով էլ մենք առանց տեսնելու եւ շոշափելու ենք վերօրհնում Նրան։

Երբ Թովմասը եկավ, [մյուս] աշակերտները նրան ասացին. «Տեսանք Տիրոջը։ Տեսանք «Երեք օրից հարություն պիտի առնեմ» ասողին, եւ խոսքի ճշմարտությունը գործերից տեսանք։ Տեսանք «Ես եմ հարությունը եւ կյանքը» ասողին, քանզի կյանք եւ կյանքի հարություն ստացանք։ Տեսանք «Իշխանություն ունեմ դնելու իմ անձը եւ իշխանություն ունեմ կրկին առնելու այն» ասողին եւ Նրա իշխանությունը Նրա գործերից ընդունեցինք։

Մեր Փրկիչը հանկարծակի ներս մտավ. ո՛չ թե դուռը բացելով եկավ, իսկ մենք՝ Նրա սքանչելիքի եւ գալստյան պատճառով վայելչապես զարհուրածներս, զարմացանք։ Եվ նորագործված տեսանք Նրա ձեռքերը, որոնք ընդունեցին մեխերի հարվածները եւ ջնջեցին մարդկանց մեղքերը։

Տեսանք Նրա ձեռքերը, որոնք խորտակեցին մահը, իսկ Նրա հարությունը տեսան բոլոր մարդիկ։ Տեսանք նաեւ Նրա սուրբ կողը, որից արյուն եւ ջուր բխեց»։ Թովմասն ասաց. «Դուք բոլորդ տեսաք մեր Տիրոջը, միայն ե՞ս եմ, որ Նրան տեսնելու արժանի չեմ։ Մի՞թե ես էլ Նրան այնպես չպատվեցի, ինչպես բոլորդ, մի՞թե բոլորիդ պես ես էլ Նրա կողմից չկանչվեցի, մի՞թե բոլորիդ պես ես էլ խաչված չտեսա Նրան։ Արդ, ինչպես ձեզ հետ տեսա տրտմեցնող իրադարձությունները, կամենում եմ տեսնել նաեւ պայծառ բաները։ Ինչպես որ տեսա Քրիստոսի մեռնելը, կամենում եմ նաեւ Նրա հարությունը տեսնել։ Սակայն մինչեւ Նրա ձեռքերի վրա մեխերի հետքերը չշոշափեմ եւ իմ ձեռքերը Նրա կողի մեջ չխրեմ, չե՛մ հավատա»։

Հապաղի՛ր, ո՛վ Թովմաս, քո այդ անհավատության մեջ։ Հապաղի՛ր, մինչեւ ընդունես հավատը՝ իբրեւ խարիսխ հոգուդ։ Հապաղի՛ր փոխվել այդպիսի հավատի եւ կտեսնես Ցանկալիին։

Սիրո՜ւմ եմ երկմտությանդ խորհուրդը, որը հեռացնում է ամեն մի երկմտություն։ Գովո՜ւմ եմ քո քրիստոսասեր օրինակը՝ որպես անհավատության բոլոր վճիռները ջնջող, որպեսզի ես առավել եւս հավատամ, հաստատությամբ փնտրեմ Տիրոջը եւ կոչեմ մոտեցողներին։ Որպեսզի քո՝ Նրան փնտրելով ու կոչելով, նաեւ ես իմ Փրկչի գիրկն ընկնեմ։

Թովմասն ասաց. «Եթե չտեսնեմ եւ իմ ձեռքերով [չշոշափեմ Նրա վերքերը], ձեր ասածին չե՛մ հավատա։ Որովհետեւ ձեր ասածը իմ ականջին է հավատալ տալիս, սակայն վկա աչքերս են. միայն այն ժամանակ կընդունեմ ձեր խոսքերը եւ կհավատամ սքանչելիքին, երբ մատներս խրեմ նրա մեխերի տեղերը։ Ձեռքերով կստուգեմ կողը, որն ինձ համար խոցվեց, եւ այն ժամանակ կերկրպագեմ Նրան, ով մահվանից դեպի ինձ դարձավ»։

Մինչ Թովմասն այս էր ասում իր աշակերտակիցներին, փակված դռների միջով նրանց մոտ մտավ Հիսուսը։ Մտավ կյանքի Դուռը այնպես, ինչպես Ինքը միայն գիտի։ Քանի որ ինչպես ծնվեց, եւ չապականվեց կուսության դուռը, այնպես էլ տան ներսում գտնվեց առանց տան փակը հեռացնելու։

Եվ դարձյալ՝ ինչպես մատանիով կնքված գերեզմանից հարություն առավ, այնպես էլ փակված դռներով ներս մտավ, ինչպես Ինքը կամեցավ։ Եվ ոչինչ չարգելեց նրան, որովհետեւ ամեն բան Նրա կամքով է շարժվում։ Համայնի Տերը լինելով՝ այստեղ էր. այդպես նաեւ Նրա ծնունդն է ամեն բանում։ Սակայն Նրա՝ գերեզմանից դարձը գերազանցո՛ւմ է բոլոր մտքերը։ Նմանապես նաեւ Իր աշակերտների մոտ Նրա մուտքն է անճառելի եւ անպատմելի։ Քանզի ընկալեցի մտնելը, բայց թե ինչպես մտավ, չսովորեցի։ Ո՛չ հասկացա այդ եւ ո՛չ էլ հանդգնում եմ ճառել [այդ մասին]։

Օրհնո՜ւմ ենք Մտնողին եւ մտացածին խոսքերով չենք քննում [թե ինչպես մտավ]։ Խորհուրդն եմ քարոզում եւ ո՛չ բացատրելին։ Սքանչանում եմ կատարվածով, իսկ թե ինչպես եղավ, չե՛մ փնտրում։ Անխռովաբար հավատում եմ գրվածին եւ փրկվում, քանի որ տերունական սքանչելիքների մասին լսողն եմ եւ ո՛չ փնտրողը աստվածային ազդեցությունների։

Եթե անհավատներից մեկն ինձ ասի. «Ամբողջովին օտար բան ես քարոզում. ինչպես կարող էր մարմինն անցնել փակ դռնով՝ առանց այն բացելու», ես նրան կասեմ. «Ինչպե՞ս կարողացավ հրեշտակը Ամբակում մարգարեին իջեցնել առյուծների գուբը եւ այնտեղից հանել նրան, իսկ կնիքը, որ փոսի վրա էր դրված, ամբողջական մնաց»։ Արդ, ինչպես ծառան արեց, ինչ որ կամեցավ, այնպես էլ Տերն արեց, ինչ որ կամեցավ։ Այդպես է լինում Աստծո կամքով, այդպես լինում է մարդացած Բան Աստծո կամքով։

Մեր Փրկիչը ճշմարտապես մտավ Իր աշակերտների մոտ, ինչպես որ Ինքը կամեցավ, որպեսզի ողորմի բոլորին։ Եվ նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ։ Խաղաղություն եմ եւ խաղաղություն եմ շնորհում ձեզ, որպեսզի իմ բնության հատկությունը ձեզ տամ»։ Իմ խաղաղությունը խաղաղեցնում է բոլոր պատերազմները եւ [ամեն բան] հնազանդեցնում ձեր ոտքերի տակ։ Այդ խաղաղությունը ձեր ծառան կդարձնի ամբողջ աշխարհը։ Այդ խաղաղությունը հաղթանակ կպարգեւի ձեզ արարածների դեմ»։

Աշակերտներն ուրախացան Տիրոջ երեւմամբ եւ որ Նրա ձայնը լսելուն արժանացան։ Երբ արմունկներով խթում էին Թովմասին, աչքերով ակնարկում նրան՝ ասելով. «Քեզ չասացի՞նք, թե Տիրոջը տեսանք, իսկ դու չհավատացիր մեր խոսքերին։ Ահա եկավ Փափագելին Ինքը, վայելի՛ր, ինչ փնտրում էիր։ Մոտեցի՛ր Նրան, որ մեր փրկության համար եկավ մեզ մոտ, եւ տե՛ս փնտրածդ»։ Իսկ Թովմասը կանգնած էր՝ աչքերը հառած Նրա մարմնի անդամներին՝ մտածելով՝ իրենց մոտ Եկողն իսկապե՞ս Նա է. մի՞թե հարություն է առել Նա, Ով մեռավ։ Իսկ ի՞նչ արեց միակ Բարերարն ու Մարդասերը, որ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանն հասնեն։ «Բե՛ր մատներդ այստեղ,- ասաց,- եւ տե՛ս Իմ ձեռքերը, որովհետեւ քե՛զ համար եկա ձեզ մոտ եւ քե՛զ համար հասա այստեղ, քե՛զ համար ձեռքերս մեխերի հարվածների տակ դրեցի, որպեսզի փրկության առիթ տամ քեզ։ Մոտեցի՛ր ինձ մարմնով, հոգով եւ հավատով, եւ հայտնապես իմացի՛ր, ինչ որ կամենում էիր իմանալ, կամենում էիր ստուգել իմ ձեռքերը, տե՛ս իմ կամավոր մահվան վերքերը, իմ մարմնի բոլոր անդամները քո առջեւ են, քննի՛ր։ Ամոթ չե՛մ համարում վերքերս, չեմ ամաչում մարմնիս խոցվածքներից, որոնք ձեզ համար ընդունեցի։ Չեմ թաքցնում իմ փառքի հաղթությունը, հայտնում եմ ի լուր աշխարհի։ Ինձ հայտ-հանդիման գիտի արեգակը, այդ պատճառով էլ խավարեց եւ ցերեկը գիշեր դարձրեց։ Ինձ գիտի նաեւ երկիրը, այդ պատճառով էլ փախչելու տեղ փնտրեց։ Գիտեն այս վեմերը, այդ պատճառով էլ պատռվեցին, որպեսզի ողբան ինձ, գիտեր ինձ նաեւ Տաճարի վարագույրը, այդ պատճառով էլ նախապես պատռվելով՝ ողբաց հրեաների կործանումը։ Այդ վկայեցին նաեւ մեռյալները, այդ պատճառով էլ գերեզմաններից դուրս ելան։

Դո՛ւ էլ տես իմ ձեռքերը, ինչպես որ կամենում էիր, ձեռքդ բեր եւ դի՛ր իմ վերքերի մեջ։ Կամենում էիր կողս տեսնել եւ ստուգել, ահա եւ այն եմ քեզ մատուցում, բե՛ր քո ձեռքը եւ խրի՛ր իմ կողի մեջ, շոշափի՛ր իմ մարմինը, որ առա կույս Մարիամից, եւ Կույսը անարատ մնաց։ Շոշափի՛ր մարմինս, որ չարչարվեց իմ կամքով։ Հպվի՛ր իմ մարմնին, որ ձեզ համար մեռավ, սակայն մահվան ապականություն չընդունեց։ Մոտեցի՛ր մարմնիս, որ ահավոր է քերովբեների եւ պաշտելի՝ սերովբեների համար, եւ մի՛ եղիր անհավատ, այլ հավատացյալ։ Գիտեմ, որ թանձր է հոգիդ, գիտեմ, թե ինչու ես ուզում այդ ամենը։ Այդ պատճառով էլ կողերս այսպես թողեցի, որպեսզի նայես, շոշափես, հավատաս եւ փրկվե՛ս։ Որպեսզի երբ գամ դատելու ողջերին ու մեռածներին, իմ թշնամիներին ցույց տամ խոցվածքներս եւ դատապարտեմ աստվածամարտներին, եւ որպեսզի հրեաները տեսնեն, ում որ խոցեցին։

Թովմասը պատասխանեց եւ ասաց. «Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ։ Հավատում եմ Քո հարությանը, թագավորների Թագավո՛ր։ Հավատում եմ եւ չեմ փնտրում, ում որ գտա։ Հավատում եմ եւ չեմ քննում իմ Տիրոջը։ Հավատում եմ եւ չեմ վիճում Քո հարության մասին, որն ընկալեցի։ Գիտե՜մ, թե ում շոշափելու արժանացա։ Գիտե՜մ՝ ում բռնեցին, որին դժոխքը չկարողացավ բռնել։ Գիտե՜մ՝ ում եմ պաշտում՝ իմ Տիրոջը եւ Աստծուն։ Դո՛ւ ես իմ Տերն ու Աստվածը։ Դո՛ւ ես նախահավիտենականը, միաժամանակ նաեւ առժամանակյան։ Դո՛ւ երկնային եւ երկրավոր։ Դու, ում հնարավոր չէ տանել, եւ տեսանելի։ Դու մշտնջենավոր եւ [մարդկային] կերպի մեջ։ Դու ճշմարիտ Աստված, որ [Քո] կամքով մարդացար մեր փրկության համար։ Դու երկնքում եւ խաչի վրա։ Դու թագավորական աթոռին։ Դու անչարչարելի՝ ըստ հոգու, եւ չարչարելի՝ ըստ մարմնի։ Դու անմահ համագո Հոր պես, նույնպես եւ մահկանացու։ Դու երեքօրյա մեռյալ։ Դու Ծնողի մշտնջենավորակից։ Դու հարություն տվեցիր Քո մարմնի տաճարին՝ զորությամբդ Աստված լինելով։ Քեզ եմ տեսնում մարմնի մեջ։ Քեզ հավատում եմ՝ տեսնելով։ Եվ Քեզ Աստված եմ խոստովանում։ Ընդունում եմ, ինչ որ տեսնում եմ։ Եվ ում որ նայում եմ իմ ձայնով օրհնում եմ՝ Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ։ Որովհետեւ Դու Քո իջմամբ իմ անձը հանեցիր անհավատության խորքերից։ Դու Քո անմեղ մարմնի վրա մեղքը դատապարտեցիր։ Դու գերեվարված մարդկանց ազատեցիր։ Դու ոտնակոխ արեցիր բանսարկուին, երբ կամեցար։ Դու մեռցրիր մահը Քո զորությամբ եւ մեզ բոլորիս լուսավորեցիր։ Դու երեքօրյա թաղմամբդ մեռելների հարությունը թողեցիր։ Դու մարդկանց՝ երկնային, երկիրը՝ երկնքից պայծառ եւ ամեն բան վեհագույն դարձրիր։ Դու մարդասեր Աստված եղար, որպեսզի մարդուն աստվածասեր դարձնես, Տե՛ր իմ եւ Աստվա՛ծ իմ»։

Տերը նրան ասաց. «Ահա դու տեսար եւ հավատացիր։ Երբ դարձյալ մարմնով բարձրանամ այնտեղ, որտեղից իջա, դարձյալ մի՛ դարձիր անհավատության եւ մի՛ ասա, թե՝ «Եթէ չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի հետքերը, չեմ հավատա»։ Մի անգամ փափագեցի չհավատալդ, մի անգամ շոշափեցիր։ Այսուհետեւ քարոզի՛ր, ինչ որ ընդունեցիր։ Որովհետեւ երանելի՜ են նրանք, ովքեր չեն տեսնի եւ կհավատան»։

Եղբայրնե՛ր, թող այս երանությունը մեզ անցնի, որ չտեսանք եւ հավատում ենք։ Որովհետեւ երանելի են նրանք, ովքեր հավատով տեսնում են անտեսանելին։ Ովքեր բոլոր տոների եւ պատարագների ժամանակ տեսնում են Նրան հավատի աչքերով, երկրպագում են Նրան, իրենց բերանով համբուրում եւ իրենց ատամներով ուտում են Նրան, եւ սակայն չի հատնում Նա, Ում ուտում են։ Երանելի՜ են նրանք, ովքեր ճշմարտությամբ եւ ամբողջ սրտով խոստովանում են իրենց մեղքերը եւ այլեւս չեն վերադարռնում դրանց, ինչպես շունը՝ իր փսխածին։

Ո՜վ սքանչելի խորհուրդ, Ո՜վ սոսկալի խորհուրդ. Նա, Ով նստում է Հոր աջ կողմում, բարեպաշտների աջ կողմում է։ Եվ ով հրեշտակների կողմից օրհնվում է, վերցվում է աղտեղի ձեռքերով եւ չի բոցակիզում մեր դատապարտված բնությունն ու մատները։ Այլ Արարիչն Ինքը հորդորում է մեզ եւ ասում. «Առե՛ք, կերե՛ք եւ խմե՛ք, սա իմ մարմինն է։ Բերե՛ք ձեր ձեռքը, խրե՛ք իմ կողը եւ վայելե՛ք իմ անդամներից»։

Արդ, այսուհետ մոտենանք մաքուր սրբությամբ եւ ընդունենք մեր Տիրոջը, որին փառք հավիտյանս. ամեն։

------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2 Կարծիքներ

  1. Նաիրա

    Շնորհակալություն,
    էլի բան էի փնտրում, ու էլի էստեղ գտա

  2. arsen

    Շնորհակալություն !!!

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հատված Մատթեոսի Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա...

Հավատի մասին

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա...

Հատված Հովհաննու Ավետարանի մեկնությունից

Գրաբարից արևելահայերեն թարգմանությունը Մարթա...