Ընթերցանության անձնական բնույթը (1)

«Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում»
(Մարկ. ԺԳ 36)։

Մեր Փրկչի խոսքերից ավելի ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ։ Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը։ Սուրբ Պախոմիոսն իր վանականներից պահանջում էր անգիր իմանալ Սաղմոսարանն ու Ավետարանները, կամ էլ բովանդակ Նոր Կտակարանը։ Ըստ սահմանված կարգի՝ ազատ լինելուն պես նրանք ասում էին հիշողությամբ յուրացված նյութը խորհրդածությամբ հանդերձ։ Հրաշալի կարգ էր։ Պետք է միայն սերտածը գործադրել սեփական անձի նկատմամբ, օրինակ՝ Տերը ասում, պատվիրում է այս կամ այն բանը. ես ինչպե՞ս կարող եմ դա իրագործել իմ պարագայում։ Եթե սերտվածը վերապրեք սրտով ու կյանքով, ապա ձեր մտքով իսկ չի անցնի պարծենալ Ս. Գրքի՝ ձեր իմացությամբ։ Հոգին դրա ժամանակը չի ունենա, քանզի ինչպես հայելու մեջ, միշտ կտեսնի իր ոչինչ լինելը, տկարություններն ու մեղքերը (Եպիսկոպոս Ֆեոֆան)։

Մտքով խոնարհն ու հոգևոր շավղով ընթացողը Ս. Գիրքն ընթերցելիս ամեն բան կվերագրի իրեն և ոչ թե մերձավորին (ս. Մարկոս Ճգնավոր)։

«Հարկ է, – գրում է մի հեղինակ, – ջանալ մտքով տեղափոխվել դեպի այն ժամանակն ու այն տեղը, ուր տեղի են ունեցել Ավետարանում նկարագրված իրադարձությունները, ընդ որում լինել ոչ թե հասարակ հանդիսատես, այլ դրանց մասնակից՝ կարդացածը սեփական անձին առնչելով այնպես, ասես թե այն հենց իրեն է վերաբերում. «Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում», – ասաց Տերն Իր աշակերտներին (Մարկ. ԺԳ 37)։ Հենց այդ ժամանակ և միմիայն այդ ժամանակ, երբ կարդացածն առնչում ենք սեփական անձին, զգում ենք այն հրաշագործ վերակենդանացնող զորությունը, որն ամփոփված է Աստծո խոսքում, ինչպես սերմում»։

Կարդալով Տիրոջ կողմից բժշկված բորոտների, տկարների, կույրերի, կաղերի և դիվահարների մասին՝ խորհի՛ր, որ մեղքերի բազմապիսի խոցեր ստացած և դևերից գերեվարված հոգիդ նման է այդ հիվանդներին։ Ավետարանից սովորի՛ր հավատալ, որ Տերը՝ նրանց Բժշկողը, կապաքինի նաև քեզ, եթե ջերմեռանդորեն Նրանից ապաքինություն խնդրես։

Ձեռք բեր հոգու այնպիսի տրամադրություն, որ ունակ լինես ապաքինություն ստանալու։ (Իսկ ապաքինություն) կարող են ստանալ նրանք, ովքեր ընդունում են իրենց մեղավորությունը և որոշել են հեռանալ դրանից։ Հպարտ արդարին, այսինքն՝ մեղավորին, որ չի տեսնում իր մեղավորությունը, Փրկիչ պետք չէ, նա Փրկչի կարիք չունի (2)։ Մեղքերը տեսնելը, մարդկային ցեղի անկումը տեսնելն առանձնահատուկ աստվածային շնորհ է։ Աղերսի՛ր, որ ստանաս այդ շնորհը, և քեզ համար ավելի հասկանալի կլինի երկնավոր Բժշկի Գիրքը՝ Ավետարանը (3

Ձգտելով բարեպաշտ կյանքով ապրել՝ պետք է հիշել և երբեք չմոռանալ, որ կարդացածը և հասկացածը անհրաժեշտ է վերագրել սեփական անձին, այլ ոչ թե ուրիշներին։ Սեփական անձի նկատմամբ լինել խելամտորեն խիստ, իսկ ուրիշների նկատմամբ՝ ներողամիտ։ Լինելով խելամտորեն խիստ՝ նշանակում է զուր տեղը չհուզվել։ Այս բանի օրինակը մենք կարող ենք տեսնել տարբեր տարիքի երեխաների մեջ, որոնց նկատմամբ ներողամտություն է ցուցաբերվում նրանց հասկացողության համեմատ (Ամբրոսի Օպտինսկի)։

————————————————

(1) Սուրբ Գրքի ուղղափառ և արդյունավոր ընկալման մյուս կարևորագույն պայմանը ընթերցանության խորապես անձնական բնույթն է։ Աստվածաշունչը, իբրև Աստծո խոսք՝ ուղերձ, հասցեագրված է յուրաքանչյուրիս և նաև հայելի է (տե՛ս Հակ. Ա 23, 24), որի մեջ մարդը, շնորհիվ պատվիրանների, օրենքների, պատումների, հերոսների վարքերի, պետք է տեսնի նախևառաջ իրեն, իր սրտի մեղքերը, արատները, աշխարհասիրությունը, հպարտությունը և մյուս մահացու մեղքերը։ Օրինակ՝ փարիսեցիությունը պատմության գիրկն անցած երևույթ չէ, այլ հոգևոր ծանր հիվանդություն՝ բնորոշ բոլոր ժամանակներին։ Կամ մի՞թե Աստվածաշունչը, որ բնավ չի սքողում իր հերոսների թերություններն ու մեղքերը, չի սովորեցնում Սողոմոնի կռապաշտության, Դավթի մեղսագործության, Պետրոսի ուրացության մեջ տեսնել մեր անձերը, կամ, հակառակը, նրանց առաքինության, անկեղծ ապաշխարության և աստվածասիրության մեջ տեսնել մեր պատիր ու կեղծ աստվածպաշտությունը։
Սուրբ Գիրքը զինում է մարդուն ճշմարտությամբ, երևույթները գնահատելու և արժեվորելու ճշմարիտ ունակությամբ, իմաստությամբ և այլ հոգևոր շնորհներով, որոնք կոչված են մարդուն ապաշխարության մղելու, այլ ոչ թե սոսկ ընդլայնելու սեփական ճանաչողության սահմաններն ու այն ի չարս գործադրելու, օրինակ, ուրիշներին դատելու. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ՝ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. Է 3-5)։
(2) Անապատական հայրերն ասում են. «Ավելի լավ է իր մեղքերը գիտակցող և ապաշխարող մեղավորը, քան իր արդարության մասին մեծ կարծիք ունեցող արդարը»:
(3) Как читать Библию? Москва, 1996, стр. 11.

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ