Ընդդեմ հեթանոսների

ԱՌՆՈԲԻՈՍ ՍԻՔԱՑԻ (Ք․ հ․ 327 թ․)

ԸՆԴԴԵՄ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ

617

[1, 42]

– Դուք պաշտում եք մեկին, որ մարդ է ծնվել։

– Եթե նույնիսկ դա ճշմարիտ լիներ, այնուհանդերձ, ինչպես նշվել է վերևի հատվածներում, շնորհիվ Նրա կողմից մեզ ընծայված այդքան առատ շնորհների, պարտավոր ենք Նրան կոչել և դիմել որպես Աստծու։ Բայց քանզի հիրավի ճշմարտություն է և ցանկացած լուրջ կասկածի նշույլից դուրս, որ Նա Աստված է, մի՞թե կարծում եք, թե պատրաստ ենք մերժել, որ Նրան երկրպագում ենք ըստ արժանվույն և Նրան մեր մարմնի Պահապանը կոչում։

– Բարի, այդ դեպքում,- կասի ոմն մոլեգնած, ջղային և վրդովված։

– Քրիստոսը ձեր Աստվա՞ծն է։

– Իհարկե, Աստվածը,- կպատասխանենք մենք,- և թաքնված զորությունների Աստվածը»։

618

[1, 43]

– Կարո՞ղ եք դարեր շարունակ երբևէ գոյություն ունեցած մոգերի մեջ մատնացույց անել մեկին, ով, թեկուզ ամենաչնչին չափով, Քրիստոսի արարքների նման որևէ բան արած լինի։

619

[1, 45]

Իսկ դուք չե՞ք հավատում այս ամենին (Քրիստոսի հրաշագործություններին)։ Բայց նրանք, ովքեր ականատես են եղել դրանց, տեսել դրանք իրենց իսկ աչքերի առաջ, այդ լավագույն վկաներն ու ամենահավաստի հեղինակավոր անձինք և՛ հավատացել են դրանց, և՛ դրանք փոխանցել մեզ՝ իրենց հետնորդներին, մեր հավատի ամրապնդման համար, առանց վավերացման որևէ խղճուկ չափանիշի։ «Իսկ այդ անձինք, ովքե՞ր կարող են լինել»,- գուցե հարցնեք։ Ցեղեր, ժողովուրդներ, ազգեր, իհարկե, այդ թերահավատ մարդկային ցեղը, որը, եթե խնդիրը բացահայտ է, կամ ինչպես առակն է ասում, օրվա պես ջինջ է, երբեք իր հավատքի համաձայնությունը չէր տա նմանատիպ դեպքերին։ Բայց մի՞թե պետք է ասել, թե այդ ժամանակաշրջանի մարդիկ հիմար էին, ստախոս, անբան ու անասուն այն աստիճան, որ ձևացնում էին, թե տեսել են այն, ինչը երբեք չեն տեսել, թե սուտ վկայությամբ հրապարակել կամ մանկամիտ համոզումներով հաստատել են երբեք չիրականացածը, և թե երբ կարողացել են համերաշխ ապրել և բարեհաճ հարաբերություններ հաստատել ձեզ հետ, շեղել են իրենց ճանապարհը, որպեսզի ատելություն հարուցեն և արհամարհվեն։

621

[2, 5]

Ի՞նչ կասեք, դո՛ւք, անգետներդ, դուք, որ ամենից շատ եք արժանի արցունքների ու խղճահարության։ Մի՞թե մտավախություն չունեք, որ այս ամենը, որ այդքան քամահրում եք և ծաղրի առարկա դարձնում, վերջ ի վերջո կարող է ճշմարիտ լինել։ Եվ մի՞թե գոնե ինքներդ ձեր մեջ և ձեր թաքուն մտքերում հաշվի չեք առնում այն հավանականությունը, որ քանի որ համառորեն ու քմահաճությամբ հրաժարվում եք հավատալ այս օրվան, հետագայում ժամանակը կմերժի ձեզ և խղճի խայթն անդադար կպատժի ձեզ։ Մի՞թե անգամ այս ձեր մեջ հավատ չեն արթնացնում այն փաստի հանդեպ, որ շատ կարճ ժամանակամիջոցում այս մեծ անվան սուրբ ներգործությունները (3) տարածվել են ամեն մի երկրի միջով, և արդեն չկա վարքով բարբարոս և բարեկրթության մեջ անգետ որևէ ազգ, որ Նրա սիրո ներգործությամբ մեղմած չլինի իր կոպտությունը խստասրտությունը, և որը անխռովություն որդեգրելուց հետո խաղաղասեր հակումներ թևակոխած չլինի, որ մեծատաղանդ մարդիկ՝ ճառախոսներ, քերականներ, ճարտասաններ, օրենսգետներ, բժիշկներ և նույնիսկ փիլիսոփայության գաղտնիքների մեջ թափանցողները ջերմեռանդորեն չորոնեն այս վարդապետությունները՝ արհամարհելով նրանք, որոնց հանդեպ նրանք մի փոքր ավելի վաղ վստահություն են ունեցել։

622

[2, 64]

Բայց եթե Քրիստոս եկավ որպես մարդկային ցեղի Զորավիգը,- ասում եք դուք,- հապա ինչո՞ւ Նա հավասար բարությամբ չազատեց բոլորին առանց բացառության։

Բարի, մի՞թե Նա, որ բոլորին նույն ձևով է կանչում, բոլորին նույն ձևով չազատեց, կամ մի՞թե Նա որևէ մեկին վանում ու ետ է մղում գերագույն բարեսիրությունից, երբ բոլորին Իր մոտ գալու նույն զորությունն է տալիս՝ թե՛ բարձրաստիճան մարդկանց, թե՛ հասարակ ժողովրդին, թե՛ ստրուկներին, թե՛ կանանց և թե՛ տղաներին։

Կենաց աղբյուրը,- ասում է Նա,- բաց է բոլորի համար, և ոչ ոք խմելու իրավունքից մերժված կամ զրկված չէ։

Եթե դուք այնքան դժվարահաճ եք, որ արհամարհում եք գթառատությամբ ընծայված շնորհը, և եթե դուք այնպիսի վերադաս իմաստություն ունեք, որ Քրիստոսի առաջարկածը սովորեցրածը քարոզածը ծիծաղելի և անմիտ եք համարում, ապա ինչո՞ւ Նա պետք է շարունակի կանչել ձեզ, երբ սոսկ Նրա գործն է Իր առատաբաշխության բարության արգասիքը հանձնել ձեր ազատ ընտրությանը։ Պլատոնն ասում է, որ մարդու՝ իր ճակատագիրն ընտրելու պատճառն Աստված չէ (4), ոչ էլ որևէ մեկի կամքը կարող է վերագրվել մյուսին, քանի որ կամքի ազատությունը կամեցողի կարողության սահմաններում է։

623

[3, 19]

Ինչ էլ որ ասելու լինեք Աստծու մասին, ինչպիսի խոհ էլ որ Նրա մասին հղանաք ձեր մտքի լռության մեջ, այն վրիպում է և աղճատվում իր դրսևորմամբ։ Այն չի կարող պատշաճ նշանակության համբավ ձեռք բերել, քանի որ մարդկային գործերին առնչվող տերմիններով է արտահայտված։ Աստծու էության մասին մարդ արարածը միայն մեկ բան վստահաբար կարող է ըմբռնել. դուք պետք է իմանաք և հասկանաք, որ Նրա մասին ոչինչ չի կարող արտահայտվել մարդկային խոսքով։

————————————————–
Թարգմանությունը՝
Հասմիկ Մուրադյանի
Հատկորոշիչներ՝ հավատ, հեթանոս, քրիստոնյա

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Բառնաբասի նամակը

31 Եղբայրներ, եթե Տերը, որ ամբողջ աշխարհի Տերն...

Աթենագորաս Աթենացի

ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ԱԹԵՆԱՑԻ ԱՂԵՐՍ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 161...

Ջատագովություն

ԱՐԻՍՏԻԴԵՍ ԱԹԵՆԱՑԻ ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ 110 Տեսնելով,...