Զղջման և արտասուքի մասին

Գրաբարից թարգմանեց
Սերոբ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԻ [ԱՂՈԹՔԸ]

ԶՂՋՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՍՈՒՔԻ ՄԱՍԻՆ

Ո՜վ Դու, որ անեղ ես ու անստեղծ և Արարիչը բոլոր արարածների, որ ոչ երկինքն է պարփակում, ոչ էլ երկիրն է բովանդակում Քո որպիսությունը, քանզի ավելի վեր ես, քան երկինքը և նրա չորս ծագերից այն կողմը: Բոլոր երևութականներին ու աներևույթներին Դու ես հաստատել և Քո հրամանով են կառավարվում բոլոր արարածները:

Դու ես աղքատացնում և Դու՝ բարձրացնում, հարվածում ես ու Դու էլ բժշկում: Դու ես սփոփիչը մեղքերով հիվանդացածների: Խոնարհեցրու, Տե՛ր, Քո ունկը և լսիր ինձ: Տե՛ր, որ Թագավորն ես փառքի, տե՛ս իմ տառապանքները, քանզի սաստիկ վիրավոր եմ մեղքերով, տրտմած՝ անօրենությամբ, հոգով՝ ժահահոտ, մարմնով՝ աղտոտված, և գարշելի ու ամոթալի տեսքով կանգնած եմ ամենատես աչքիդ առաջ:

Եվ արդ, Դո՛ւ, Տե՛ր, որ քաղցր ես և ողորմած, մեղավորներիս համար կանչվեցիր, ինչպես ասացիր, թե՝ «Անօրենի հետ կանգնելուց այլևս չեմ հիշի նրա բոլոր անօրենությունները, որ արեց» (հմմտ. Եզեկ. ԺԸ 21-22): Եվ արդ, ահա Քո առջև ընկած՝ հանդնգնում եմ աղաչել ու խնդրել. «Մի՛ հիշիր իմ բազում մեղքերը և մի՛ հանդիմանիր կամա թե ակամա [գործած] իմ անօրենությունները, որոնցով մեղանչեցի՝ գիտությամբ թե անգիտությամբ, խոսքով թե գործով և թե անտեղի մտածումներով ու մեղքերի ամբողջ ծուլությամբ: Քանզի, Դու, Տե՛ր, սովոր ես գթալ և թողություն շնորհել բազում մեղքերին: Այլև առատաբուխ շնորհիցդ հագեցրու քաղցյալիս և լիացրու ծարավյալիս, որ ամեն ժամ բաղձում եմ Քեզ նայել, փափագում Քո շնորհներին և հանապազ կարոտում Քո ողորմությանը: Մի՛ պատժիր հանցապարտների հետ, մի՛ դատիր դատապարտյալների հետ, այլ ընդունիր Քո կամքը կատարողների հետ և պատվիր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի, եթե առանց ներելու քննես իմ հանցանքները, անիմաստ է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հուրն է իմ ժառանգությունը. քանզի, եթե դատես իմ հանցավորությունը, ապա երանի կտամ մորից չծնվածներին: Այլ, նայի՛ր, Տե՛ր, իմ խնդրանքներին ու պաղատանքներին և մի մերժիր ինձ Քո ողորմությունը, քանզի մարմինս մշտապես պղծել և հոգիս շարունակ աղտոտել եմ ոչ միայն չար գործերով, այլև գարշելի մտքերով:

Եվ արդ, Տե՛ր, մաքրիր [ինձ] մեղքերից, սկզբից ի վեր [գործածս] իմ անօրենություններից, սրբի՛ր, ինչպես պոռնիկին, արդարացրո՛ւ, ինչպես մաքսավորին արդարացրիր, ողորմի՛ր ինձ, ինչպես քանանացուն, շնորհի՛ր ինձ ողորմություն, ինչպես ավազակին և բնակեցրու ինձ Քո սուրբերի դասերում և Քո անունը սիրողների խորաններում»:

Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս. ամեն:

----------------------------------------------------
Սույն թարգմանությունը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ