Զատկի Ը. օր։ Կրկնազատիկ (Նոր կիրակի)։

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Նոր կիրակի – Կրկնազատիկ։

Թովմասի անհավատության մասին (սուրբ Հովհան Ոսկեբերան),

«Նոր կիրակի կամ կրկնազատիկ – Թովմասի թերահավատությունը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 4. 14-31

Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց։ Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից։ Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ։ Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։ Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած։ Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»։ Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»։ Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»։ Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում։ Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»։ Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն։ Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։

Առաքյալների գործերը, 5. 34 – 6. 7

Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն, ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք: Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժանեւբաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի, իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»: Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին:

Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար, իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»: Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին: Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին:

Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակը, 3. 1-12

Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք: Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք: Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է: Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով: Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնա զանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ: Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞: Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 1. 1-17

Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: Նա սկզբից Աստծու մօտ էր: Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին: Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան: Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն, որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Ը. օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)։

Ի գիշերին հսկումն է։ Կանոնագլուխ՝ Օրհնեա անձն իմ (որպէս ի բուն Բարեկենդանի գիշերին)։ Օրհ. դկ. Նորոգեալ կղզիք, իւր սարօքն, զԱւագ Օրհ. դկ. զՅաղթական զհետն ասա։ Առաւօտեան Սղմ. ՁԴ. Ցոյց մեզ Տէր։ (Մինչեւ ի Համբարձումն առաւօտեան Սաղմոսն այս է)։ Աւտրն., Նորաստեղծեալ, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր։ Ժմտ. Քրիստոս յարեաւ։ (Մինչեւ ի Համբարձումն յամենայն կիւրակէի եւ ի շաբաթու, զՔրիստոս յարեաւն ասա, իսկ ի միւս աւուրսն զԱհաւորն, եւ զՔանզի յարեաւն)։

Յերեկոյին՝ Առաջին Սղմ. ՃԽԹ. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն ի նոր։ (Մինչեւ ի Համբարձումն առաջին Սաղմոսն այս է)։

Աւտրն., Անդաստան, Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ, ապա Խոնարհեցո եւ Ապրեցո։ Հմբ. դկ. Յորժամ եկին։ Սղմ. ՃԾ. Օրհնեցէք զԱստուած ի սրբութեան նորա։ (Մինչեւ ի Համբարձումն արձակման Սաղմոսն այս է)։ Աւտրն., Քրզ. Խնդրեսցուք, Կեցո, Աղթ. Թագ. խաղ.։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ