Զատկի Գ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Քրիստոսի Յարութիւնը:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Ղուկասի, 24. 13-35

Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր: Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին: Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ: Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն: Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»: Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»: Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ, եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան: Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին: Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է: Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան: Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները: Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»: Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում: Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ: Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու: Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց: Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ: Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»: Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին, որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»: Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:

Առաքյալների գործերը, 2. 42 – 3. 21

Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ: Ամէն մարդու վրայ ընկել էր ահ եւ երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարւում: Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, հասարակաց էր. նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր: Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում: Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում: Եւ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր:

Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար: Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, եւ որ կոչւում էր Գեղեցիկ, եւ որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի: Սա տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ: Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ եւ ասաց. «Նայի՛ր մեզ»: Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ: Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կը տամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»: Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս: Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին: Եւ մինչ նա Պետրոսին եւ Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը, զարմացած, վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ: Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. «Ո՛վ Իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ քայլել տուած լինէինք դրան: Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել: Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք: Յիսուսի անուան զօրութի՛ւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց: Եւ Յիսուսի միջոցով եղած հաւա՛տն է, որ սրան տուեց այս առողջութիւնը՝ ձեր բոլորի ներկայութեամբ: Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց: Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով:

Ավետարան ըստ Ղուկասի, 24 . 1-12

Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք: Եւ քարը գերեզմանից գլորած գտան ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ: Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում: Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին: Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Գ. օր Ս. Զատկի։

Օրհ. բձ. Ի գերեզման քո: Հրց. աձ. Պայծառացիր։ Հմբ. բձ. Ի գերեզման: Նախատօնակ։ Շրկ. ակ. Խորհուրդն անճառ, իւր սարօքն։ Քրզ. Ս. զԱստ., Կեցո, Աղթ. Ընկա՛լ Տէր։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ