Երկու հարյուր խոսք հոգևոր օրենքի մասին

Անգլերենից թարգմանեց Ս. Ստամբոլցյանը

ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ

(Ե. դար)

ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԽՈՍՔ

ՀՈԳԵՎՈՐ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

1. Քանի որ դու հաճախ հարցրել ես, թե ինչ նկատի ունի առաքյալը, երբ ասում է. «Օրենքը հոգևոր է» (Հռոմ. Է 14), և ինչպիսի հոգևոր գիտություն ու գործեր են հատուկ նրանց, ովքեր կամենում են այն ունենալ, ըստ կարելվույն կխոսենք այս մասին:

2. Նախ՝ մենք գիտենք, որ Աստված է սկիզբը, միջինն ու վերջը ամենայն բարու, և անհնար է, որ հավատանք որևէ բարի բանի կամ կատարենք այն առանց Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու:

3. Ամեն բարի բան Աստծուց տրված է նախախնամորեն, և ով հավատում է, որ սա այսպես է, չի կորցնի իրեն տրվածը:

4. Հաստատուն հավատը հզոր աշտարակ է, և հավատ ունեցողի համար Քրիստոսն ամեն ինչ է:

5. Թող Նա, ով սկիզբն է դնում ամեն բարի բանի, սկիզբը դնի քո ձեռնարկած ամեն ինչի, որպեսզի ամեն ինչ Նրա օրհնությամբ կատարվի:

6. Խոնարհն ու հոգևոր կյանքով ապրողը Սուրբ Գիրքը կարդալիս կհամարի, որ ամեն ինչ իրեն է վերաբերում և ոչ թե մի ուրիշի:

7. Խնդրիր Աստծուն բանալ սրտիդ աչքերը, որպեսզի տեսնես աղոթքի և հոգևոր ընթերցանության արժեքը, երբ կարդացածը հասկացվում և գործադրվում է:

8. Եթե մարդը մի հոգևոր շնորհ է ստացել և կարեկցանքի զգացում ունի նրանց հանդեպ, ովքեր այդ շնորհը չունեն, իր կարեկցանքի շնորհիվ պահպանում է այն, մինչդեռ սնափառը, սնափառության փորձություններին տրվելով, կկորցնի այն:

9. Խոնարհ մարդու բերանը ճշմարտությունն է խոսում. իսկ ով խոսում է ճշմարտության դեմ, նման է այն ծառային, ով ապտակեց Տիրոջը (Մարկ. ԺԴ 65):

10. Աշակերտ մի՛ դարձիր ինքնագովին, չլինի թե խոնարհության փոխարեն հպարտություն սովորես:

11. Մի՛ հպարտացիր Սուրբ Գրքի քո բացատրություններով, որպեսզի չլինի թե միտքդ աստվածհայհոյության զոհ դառնա:

12. Մի՛ փորձիր որևէ դժվարին բան վիճաբանությամբ բացատրել, այլ այնպես, ինչպես հոգևոր օրենքն է պահանջում՝ համբերությամբ, աղոթքով և աներեր հույսով:

13. Կույր է այն մարդը, ով աղաղակում է՝ ասելով. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ» (Ղուկ. ԺԸ 38): Նա դեռևս միայն մարմնով է աղոթում և ո՛չ հոգևոր գիտությամբ:

14. Երբ նա, ով մի ժամանակ կույր էր, վերագտավ տեսողությունը և տեսավ Տիրոջը, այլևս չխոստովանեց Նրան իբրև Դավթի որդի, այլ Աստծո՛ Որդի և երկրպագեց Նրան (Հովհ. Թ 38):

15. Մի՛ հպարտացիր, երբ աղոթելիս արտասվում ես: Որովհետև այդ Քրիստոսն է, որ դիպել է աչքերիդ և քեզ հոգևոր տեսողություն պարգևել:

16. Ով կույրի նման, դեն նետելով իր հագուստը, մոտենում է Տիրոջը, դառնում է Նրա աշակերտը և ճշմարիտ վարդապետության քարոզիչ (հմմտ. Մարկ. Ժ 50):

17. Չարը խորհելը դարձնում է միտքը պղնձյա, իսկ չարն ինքնազսպմամբ ու հույսով ոչնչացնելը փշրում է սիրտը:

18. Կա սրտի փշրում, որ մեղմ է և սիրտը խորապէս զղջացող է դարձնում, և կա փշրում էլ, որ կոպիտ ու վնասակար է և ամբողջապես ցնցում է սիրտը:

19. Արթնությունը, աղոթքը և համբերատար ընդունումն այն ամենի, որ հասնում է մեզ, առաջ են բերում փշրվածություն, որ սրտին չի վնասում, այլ օգտակար է, եթե, իհարկե, մենք չափազանցությամբ չենք վերացնում նրանց միջև եղած հավասարակշռությունը: Ով հարատևում է սրանց մեջ, ուրիշ տեսակ օգնություններ ևս կստանա, իսկ ով ծույլ ու անտարբեր է, այս կյանքին հրաժեշտ տալիս անտանելիորեն կտանջվի:

20. Հեշտասեր (հաճույքասեր) սիրտը դառնում է հոգու բանտ ու կապանք, երբ վերջինս հեռանում է այս աշխարհից, մինչ ջանասեր սիրտը բաց դուռ է:

21. Դեպի քաղաք տանող երկաթե դարպասը (Գործք ԺԲ 10) կարծր սիրտն է, բայց նեղություն ու դժվարություն կրողի համար դարպասն ինքն իրեն կբացվի, ինչպես պատահեց Պետրոսի հետ:

22. Կան աղոթքի կատարման տարբեր եղանակներ, որոնցից ոչ մեկն էլ վնասակար չէ, այլապես դա աղոթք չէր լինի, այլ սատանայի գործ:

23. Մի մարդ ցանկացավ չարիք գործել և սովորականի պես նախ աղոթեց. և Աստծո արգելքին հանդիպելով՝ այնուհետև չափազանց շնորհակալ եղավ Նրան:

24. Երբ Դավիթը ցանկացավ սպանել Նաբաղ Կարմեղացուն, սակայն նրան հիշեցրին աստվածային փոխհատուցման մասին և նա իր մտադրությունից հրաժարվեց, չափազանց շնորհակալ եղավ: Դարձյալ՝ մենք գիտենք, թե նա ինչ արեց, երբ մոռացավ Աստծուն, և ինչպես չդադարեց մեղանչելուց, մինչև Նաթան մարգարեն չհիշեցրեց նրան (տ. Ա Թագ. ԻԵ, Բ Թագ. ԺԲ):

25. Ամեն անգամ, երբ հիշում ես Աստծուն, երկարեցրո՛ւ աղոթքներդ, որպեսզի երբ մոռանաս Նրան, Տերը հիշեցնի քեզ:

26. Երբ Սուրբ Գիրքն ես կարդում, հասո՛ւ եղիր նրա ծածուկ իմաստներին. որովհետև անցյալ ժամանակներում «ինչ որ գրվեց, մեզ սովորեցնելու համար գրվեց» (Հռոմ. ԺԵ 4):

27. Սուրբ Գիրքը հավատի մասին խոսում է իբրև «հուսացված բաների հաստատման» (Եբր. ԺԱ 1) և «անպիտան» կոչում նրանց, ովքեր չգիտեն Հիսուսի՝ մեր մեջ բնակվելը (տ. Բ Կոր. ԺԳ 5):

28. Ինչպես խորհուրդն (մտածում, միտք) է հայտնի դառնում գործերով ու խոսքերով, այդպես էլ մեզ սպասող հատուցումը՝ սրտի ազդակների միջոցով:

29. Այսպես, ողորմած սիրտը ողորմություն կգտնի, մինչդեռ անողորմը՝ հակառակը:

30. Ազատության օրենքը սովորեցնում է բովանդակ ճշմարտությունը: Շատերն են կարդում այս մասին տեսականորեն, սակայն քչերն են իսկապես հասկանում, և հասկանում են միայն այն չափով, որով կատարում են պատվիրանները:

31. Այս օրենքի կատարելությունը մի՛ փնտրիր մարդկային առաքինությունների մեջ, որովհետև այն կատարյալ չէ դրանցում: Նրա կատարելությունը ծածկված է Քրիստոսի խաչի մեջ:

32. Ազատության օրենքն ուսուցանվում է ճշմարիտ գիտության միջոցով, հասկացվում պատվիրանների պահպանությամբ և կատարվում Քրիստոսի ողորմությամբ:

33. Երբ մեր խիղճը մեզ ստիպի կատարել Աստծո բոլոր պատվիրանները, այնժամ կհասկանանք, որ Տիրոջ օրենքն անբիծ է (Սաղմ. ԺԹ 8): Այն կատարվում է մեր բարի գործերով, բայց մարդիկ այն չեն կարող կատարելապես պահել առանց Աստծո ողորմության:

34. Ովքեր համարում են, թե իրենք պարտավորված չեն կատարելու Քրիստոսի բոլոր պատվիրանները, Աստծո օրենքն ուսանում են տառացիորեն՝ «իրենք էլ չհասկանալով, թե ինչ են խոսում, ոչ էլ՝ թե ինչ են պնդում» (Ա Տիմ. Ա 7): Ուստի կարծում են, թե այդ օրենքը կարող են կատարել իրենց սեփական գործերով:

35. Կան գործեր, որոնք բարի են թվում, սակայն դրանք գործողի շարժառիթը բարի չէ, և կան գործեր, որոնք վատն են թվում, մինչ դրանք գործողի շարժառիթը բարի է: Նույնը ճշմարիտ է նաև որոշ պնդումների վերաբերյալ: Այս հակասության պատճառը երբեմն անփորձությունն է, երբեմն՝ անգիտությունը, երբեմն՝ չար մտադրությունը և երբեմն էլ՝ բարի:

36. Երբ մարդ արտաքնապես գովում է մեկին, մինչ սրտում մեղադրում ու արհամարհում, պարզ մարդիկ դժվարանում են սա հասկանալ: Այդպես էլ մարդ կարող է արտաքուստ խոնարհ լինել, իսկ ներքուստ՝ ամբարտավան: Երկար ժամանակ այսպիսի մարդիկ կեղծիքն իբրև ճշմարտություն են ներկայացնում, սակայն ավելի ուշ դիմակազերծվում ու դատապարտվում են:

37. Մեկը հայտնապես բարի բան է անում մերձավորին պաշտպանելու համար, իսկ մի ուրիշը, սա չանելով, աճում է իմաստության մեջ:

38. Կշտամբանքները կարող են կատարվել չարությամբ ու ինքնապաշտպանությամբ կամ Աստծո երկյուղով ու ճշմարտության հանդեպ ակնածանքով:

39. Մի՛ կշտամբիր այն մարդուն, ով այլևս չի մեղանչում և ապաշխարել է: Եթե դու ասես, թե նրան կշտամբում ես Աստծո անունով, նախ չարը քո՛ մեջ բացահայտիր:

40. Աստված է աղբյուրն ամեն առաքինության, ինչպես արևը՝ ցերեկվա լույսի:

41. Երբ դու որևէ բարի բան գործես, հիշիր «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» խոսքը (Հովհ. ԺԵ 5):

42. Նեղություններն օրհնություն են բերում մարդուն, եսահարգությունն ու զգայական հաճույքը՝ չարիք:

43. Նա, ում հանդեպ անարդարություն է թույլ տրվել, մեղքից զերծ է մնում՝ իր նեղությանը համապատասխան օգնություն գտնելով:

44. Որքան մեծ է մարդու հավատը, որ Քրիստոսը վարձատրելու է իրեն, այնքան մեծ է ամեն անարդարության համբերելու նրա պատրաստակամությունը:

45. Մեզ վնասողների համար աղոթելով մենք սատանային պարտության ենք մատնում, իսկ նրանց դիմադրելով՝ սատանայից հարվածներ ստանում:

46. Ավելի լավ է մարդկային մեղքը, քան սատանայականը: Տիրոջ կամքը կատարելով մենք երկուսին էլ հաղթում ենք:

47. Ամեն օրհնություն նախասահմանությամբ գալիս է Տիրոջից: Սակայն այս իրողությունն աննկատ է մնում անշնորհակալներից ու դատարկակյացներից:

48. Ամեն մոլություն ի վերջո առաջնորդում է դեպի մի արգելված հաճույք, և ամեն առաքինություն՝ դեպի հոգևոր օրհնություն: Յուրաքանչյուրն առաջ է բերում այն, ինչ համապատասխանում է իրեն:

49. Մարդկանց անարգանքը սրտին ցավ է պատճառում, սակայն երբ ընդունվում է համբերությամբ, ծնում է սրբություն:

50. Տգիտությունը պատճառ է դառնում, որ օգտակարը մերժենք, իսկ երբ խորանում է, ամրացնում է չարի կապանքները:

51. Նույնիսկ երբ ամեն ինչ կարգին է ընթանում, պատրա՛ստ եղիր նեղության, և քանի որ պատասխանատվության ես կանչվելու, չափազանց մեծ պահանջներ մի՛ ունեցիր:

52. Երբ գաղտնաբար մեղք գործես, մի՛ փորձիր թաքցնել: Որովհետև «ամեն ինչ մերկապարանոց է Նրա աչքերի առաջ, Ում պիտի հաշիվ տանք» (հմմտ. Եբր. Դ 13):

53. Մտքումդ քողազերծի՛ր քեզ Տիրոջ առաջ, «որովհետև մարդ նայում է երեսին, իսկ Տերը՝ սրտին» (Ա Թագ. ԺԶ 7):

54. Ոչինչ մի՛ մտածիր ու մի՛ արա առանց Աստծուն միտված նպատակի. որովհետև առանց ուղղության ճանապարհորդելը ջանքի իզուր վատնում է:

55. Քանի որ Աստծո արդարությունն անողոք է, դժվար է թողություն գտնել այն մեղքերին, որոնք գործվել են կատարյալ գիտակցությամբ:

56. Դժբախտությունը հիշեցում է Աստծո իմաստունների համար, սակայն տրորում է Նրան մոռացողներին:

57. Թող ամեն ոք կամավոր տանջանք սովորեցնի քեզ հիշել Աստծուն, և ապաշխարության առիթի պակաս չես ունենա:

58. Մոռացկոտությունն իբրև այդպիսին զորություն չունի, այլ այն ձեռք է բերում մեր անտարբերությանը համապատասխան:

59. Մի՛ ասա. «Ի՞նչ կարող եմ անել: Ես չեմ կամենում մոռացկոտ լինել, այդպես պատահում է»: Որովհետև երբ հիշում էիր, խարդախում էիր այն բանում, ինչը պարտավոր էիր կատարել:

60. Բարին գործի՛ր, երբ հիշում ես, և ինչ մոռանաս, քեզ կհայտնվի. միտքդ մի՛ հանձնիր կույր մոռացկոտությանը:

61. Սուրբ Գիրքն ասում է. «Դժոխքն ու կորուստը հայտնի են Տիրոջ առաջ» (Առակ. ԺԵ 11): Սա սրտի տգիտության և մոռացկոտության մասին է:

62. Դժոխքը տգիտությունն է, որովհետև երկուսն էլ խավար են, իսկ կորուստը՝ մոռացկոտությունը, որովհետև երկուսի մեջ էլ ոչնչացում կա:

63. Զբաղվիր քո՛ և ո՛չ թե մերձավորիդ մեղքերով, և քո մտքի աշխատանոցը չի կողոպտվի:

64. Դժվար է ներել բարին չգործելդ, երբ կարող ես: Սակայն ողորմությունն ու աղոթքն ուղղության են բերում զանցառուին:

65. Հանուն Աստծո վիշտ կրելը սրբության իսկական գործ է. որովհետև ճշմարիտ սերը փորձվում է դժբախտություններով:

66. Մի՛ համարիր, թե առաքինություն ես ձեռք բերել, քանի դեռ վիշտ չես կրել, որովհետև առանց վշտի առաքինությունը չի փորձվում:

67. Նայիր յուրաքանչյուր ոչ կամավոր վշտի ելքին և կհասկանաս, որ այն մեղքի ոչնչացում էր:

68. Ընկերները խորհուրդ տալիս շատ ազատ են, սակայն մեր սեփական դատողությունն ամենալավն է:

69. Եթե հոգեկան առողջություն ես կամենում, լսիր քո խղճին, արա ինչ որ այն թելադրում է, և կշահես:

70. Աստված և մեր խիղճը գիտեն մեր գաղտնիքները: Թող նրանք ուղղեն մեզ:

70ա. Ով ոչ կամովին է չարչարվում, ամեն կողմից աղքատանում է, իսկ նա, ով հույսով առաջ է մղվում, կրկնակի հարուստ է:

71. Մարդը գործում է այնքան, որքան կարող է՝ համաձայն սեփական ցանկությունների, իսկ Աստված որոշում է ելքը՝ համաձայն արդարության:

72. Եթե կամենում ես մարդկանցից գովեստ ընդունելիս չմեղանչել, նախ մեղքերիդ համար հանդիմանությո՛ւն ընդունիր:

73. Ամեն անգամ, որ մեկը հանուն Քրիստոսի ճշմարտության նվաստացում է կրում, ուրիշ մարդկանցից հարյուրապատիկ ավելի կփառավորվի: Սակայն ավելի լավ է միշտ բարիք գործել գալիք կյանքի օրհնությունների համար:

74. Երբ խոսքով կամ գործով մեկն օգնում է մի ուրիշի, թող երկուսն էլ սրանում Աստծո շնորհը ճանաչեն: Ով սա չի հասկանում, կընկնի նրա ենթակայության տակ, ով սա հասկանում է:

75. Ով կեղծավորությունից դրդված գովում է մերձավորին, ավելի ուշ կվիրավորի նրան և սեփական գլխին անպատվություն կբերի:

76. Ով անտեղյակ է թշնամու դարանին, հեշտությամբ է սպանվում, և ով չգիտի կրքերի պատճառները, շուտով է տապալվում:

77. Յուրաքանչյուրն էլ Աստծուց ստացել է գիտություն այն մասին, թե ինչն է բարի իր համար, սակայն հեշտասիրությունը (հաճույքասիրությունը) տանում է դեպի անտարբերություն, և անտարբերությունն էլ՝ դեպի մոռացկոտություն:

78. Մարդ իր մերձավորին խորհուրդ է տալիս սեփական դատողության համաձայն, սակայն այսպիսի խորհրդին ականջ դնողի ներսում Աստված գործում է նրա հավատի համաձայն:

79. Ես տեսել եմ չկրթված անձեր, որ ճշմարտապես խոնարհ էին և իմաստուններից էլ իմաստուն դարձան:

80. Մի ուրիշ չկրթված մարդ, լսելով այդպիսիների հասցեին եղած գովեստը, փոխարեն նրանց նմանվելու, հպարտացավ չկրթված լինելու համար, ուստի ընկավ ամբարտավանության մեջ:

81. Ով հասկացողությունն արհամարհում և տգիտությամբ է պարծենում, չկրթված է ոչ միայն խոսքով, այլև գիտությամբ (հմմտ. Բ Կոր. ԺԱ 6):

82. Ինչպես խոսքով իմաստությունը մեկ բան է, իսկ ուղիղ դատողությունը՝ ուրիշ, այդպես էլ խոսքով կրթված չլինելը մեկ բան է, իսկ հիմարությունը՝ ուրիշ:

83. Խոսքով անգիտությունը ոչ մի վնաս չի հասցնի ճշմարիտ նվիրյալին, ոչ էլ խոսքով իմաստությունը՝ խոնարհին:

84. Մի՛ ասա. «Ես չգիտեմ՝ որն է ճիշտը, ուստի չպիտի մեղադրվեմ այն չանելու համար»: Որովհետև եթե դու քո գիտեցած բոլոր բարի բաներն անեիր, այնուհետև քեզ համար պարզ կդառնար, թե հետո ինչ պիտի անես, ինչպես եթե տան միջով անցնեիր՝ մի սենյակից մյուսը տեղափոխվելով: Օգտակար չէ իմանալ, թե հետո ինչ է գալու, քանի դեռ չես արել այն, ինչ գալիս է սկզբում: Որովհետև առանց գործի գիտությունը «հպարտացնում է», իսկ «սերը՝ շինում», քանզի սերն «ամեն ինչի համբերում է» (Ա Կոր. Ը 1, ԺԳ 7):

85. Սուրբ Գրքի խոսքերը հասկացիր դրանց գործադրությամբ և տեսական գաղափարների շուրջ ճոռոմաբանությամբ մի՛ մեծամտացիր:

86. Ով գործն անտեսում և հիմնվում է միայն տեսական գիտելիքների վրա, երկսայրի սրի փոխարեն եղեգնյա ցուպ է բռնում: Եվ երբ պատերազմի ժամանակ իր թշնամիներին դիմակայելու լինի, «այն իր ձեռքը կմտնի և կխոցի» (Դ Թագ. ԺԸ 21)՝ իր բնական թույնը սրսկելով:

87. Յուրաքանչյուր խորհուրդ իր կշիռն ու չափն ունի Աստծո աչքում. որովհետև հնարավոր է նույն բանի մասին մտածել թե՛ կրքոտությամբ և թե՛ առարկայորեն (օբյեկտիվորեն):

88. Որևէ պատվիրանի կատարումից հետո փորձությա՛ն սպասիր, քանի որ Քրիստոսի սերը դժբախտությամբ է փորձվում:

89. Երբեք մի՛ նվազեցրու խորհուրդներիդ նշանակությունը, քանի որ նրանցից ոչ մեկն էլ Աստծո աչքից չի վրիպում:

90. Երբ քո մեջ տեսնում ես որևէ խորհուրդ, որ մարդկային հռչակ է փնտրում, վստա՛հ եղիր, որ այն քեզ անպատվություն կբերի:

91. Թշնամին, հասկանալով, թե ինչպես է իրագործվում հոգևոր օրենքի արդարությունը, փնտրում է միայն մեր մտքի հավանությունը: Երբ ապահովում է սա, կա՛մ ստիպում է մեզ ապաշխարության ջանքեր թափել, կամ, եթե չենք ապաշխարում, չարչարում է մեզ դժբախտություններով, որոնք մեր կառավարումից դուրս են: Երբեմն նա մեզ քաջալերում է դիմակայելու այս դժբախտություններին, որպեսզի մեր տառապանքը սաստկացնի, բայց հետո՝ մեր մահվան ժամանակ, նա կմատնանշի մեր այս անհամբեր դիմակայությունը որպես մեր թերահավատության ապացույց:

92. Շատերն են զանազան եղանակներով պայքարել ընդդեմ հանգամանքների, սակայն առանց աղոթքի և ապաշխարության ոչ ոք չարից չի խուսափել:

93. Մոլությունները փոխադարձաբար զորացնում են միմյանց. այդպես են անում նաև առաքինությունները՝ այսպիսով քաջալերելով մեզ է՛լ ավելի մեծ ջանքեր թափելու:

94. Սատանան մեր աչքին առավել է փոքրացնում փոքր մեղքերը. այլապես նա չի կարող մեզ առաջնորդել դեպի ավելի մեծ մեղքեր:

95. Ուրիշներից ընդունված գովեստները ծնում են մեղավոր ցանկություն, իսկ ուրիշների կողմից մեղքի դատապարտությունը, եթե ոչ միայն լսվում է, այլև ընդունվում, ծնում է ինքնազսպում:

96. Հաճույքասեր կրոնավորն աշխարհը թողնելուց ոչինչ չի շահում. որովհետև ինչ որ մի ժամանակ անում էր ունեցվածքի միջոցով, շարունակում է անել առանց ունեցվածքի:

97. Այդպիսի կրոնավորին հոգով եղբայր է դառնում նաև ժուժկալ կրոնավորը, եթե կառչում է ունեցվածքին, որովհետև նրանք երկուսն էլ ներքին հաճույք են ստանում, որ ունեն նույն մորը, թեև ո՛չ նույն հորը, քանի որ նրանց կրքերը տարբեր են:

98. Երբեմն մարդը մի կրքի հաղթում է, որպեսզի առավել ամբողջականորեն հաճույքի գիրկն ընկնի, և իր նպատակին անտեղյակ մարդկանցից գովաբանվում է: Նույնիսկ ինքն էլ կարող է անտեղյակ լինել իր նպատակին, ուստի այն, ինչ նա անում է, ինքնապարտություն է:

99. Բոլոր մոլություններն առաջանում են եսասիրությունից ու զգայական հաճույքից: Առանց դրանք ատելու դու չես կարող կրքերիդ հաղթել:

100. «Բոլոր չարիքների մայրն ընչասիրությունն է» (Ա Տիմ. Զ 10), սակայն ընչասիրությունը հստակորեն վերոնշյալ երկու բաղադրիչների պտուղն է:

101. Բանականությունը կուրանում է հետևյալ երեք կրքից՝ ընչասիրությունից, եսասիրությունից և զգայական հաճույքից:

102. Սուրբ Գիրքն այս երեքը կոչում է «տզրուկի դուստրեր»՝ ջերմորեն սիրված իրենց Հիմարություն մորից (հմմտ. Առակ. Լ 15):

103. Այս երեք կրքերն իրենց հերթին բթացնում են հոգևոր գիտությունն ու հավատը՝ մեր բնության կաթնեղբայրներին:

104. Սրանց պատճառով է, որ ցասումը, բարկությունը, պատերազմը, սպանությունը և մյուս բոլոր չարիքներն ունեն այսքան իշխանություն մարդկության վրա:

105. Մենք պետք է ատենք ընչասիրությունը, եսասիրությունը և զգայական հաճույքը իբրև մեղքերի մայրերի և առաքինությունների խորթ մայրերի:

106. Դրանց պատճառով ենք հրաման ստացել չսիրելու «աշխարհը և այն ամենը, որ կա աշխարհում» (Ա Հովհ. Բ 15), ո՛չ որ պետք է անխոհեմաբար ատենք Աստծո արարչությունը, այլ որ վերացնենք առիթներն այս երեք կրքերի համար:

107. «Զինվոր դարձող ոչ ոք,- ասվում է,- այս աշխարհի կյանքի գործերով չի զբաղվում» (Բ Տիմ. Բ 4): Որովհետև ով փորձում է կրքերին հաղթել՝ իրեն դրանցով զբաղեցնելով, նման է նրան, ով փորձում է կրակը հարդով հանգցնել:

108. Եթե մեկը մերձավորի վրա բարկանում է հարստության, հռչակի կամ հաճույքի պատճառով, ապա դեռ չի հասկանում, որ Աստված ամեն ինչ արդարությամբ է կարգում:

109. Երբ լսում ես Տիրոջ խոսքը, որ նա, ով չի հրաժարվում իր ունեցած ամեն ինչից, Տիրոջն արժանի չէ (Մատթ. Ժ 37), սա մի՛ վերագրիր միայն դրամին, այլ մեղքի բոլոր ձևերին:

110. Ով չգիտի ճշմարտությունը, չի կարող ճշմարտապես հավատ ունենալ, որովհետև բնությամբ՝ գիտությունը նախորդում է հավատին:

111. Ինչպես Աստված ամեն տեսանելի բանի հատկացնում է դրան պատշաճը, այդպես էլ Նա վարվում է մարդու խորհուրդների հետ, մենք դա կամենանք, թե ոչ:

112. Եթե որևէ բացահայտ մեղավոր, ով չի ապաշխարում, մահվանից առաջ ոչ մի տանջանք չի կրում, վստա՛հ եղիր, որ նրա դատաստանն անողորմ է լինելու:

113. Նա, ով հասկանալով է աղոթում, պատահող ամեն ինչ համբերությամբ է ընդունում, իսկ ով վրդովվում է դրանց պատճառով, դեռևս մաքուր աղոթք ձեռք չի բերել:

114. Երբ մեկից վնասվում, վիրավորվում կամ հալածվում ես, մի՛ մտածիր ներկայի մասին, այլ սպասիր ապագային և կհասկանաս, որ նա քեզ մեծ բարիք է գործել՝ ոչ միայն այս, այլև գալիք կյանքում:

115. Ինչպես դառն օշինդրը օգնում է վատ ախորժակին, այդպես էլ ձախորդությունները՝ վատ բնավորությանը: Առաջինն օգուտ է տալիս մարմնին, իսկ երկրորդն առաջնորդում է դեպի ապաշխարություն:

116. Եթե չես կամենում վնասվել, ինքդ վնաս մի՛ պատճառիր, որովհետև դրա տանջանքն անխուսափելիորեն հետևում է դրա պատճառմանը. «Քանզի մարդ ինչ սերմանում է, նույնն էլ կհնձի» (Գաղ. Զ 7):

117. Երբ մենք ոչ կամովին հնձում ենք մեր կամովին սերմանած չարությունը, պետք է սքանչանանք Աստծո արդարության վրա:

118. Այն պատճառով, որ սերմանման և հունձի միջև որոշ ժամանակամիջոց է անցնում, սկսում ենք մտածել, թե հատուցում չի լինելու:

119. Երբ մեղանչում ես, մտքի՛դ մեղադրիր, ո՛չ թե արարքիդ. որովհետև եթե միտքդ չխոտորվեր, մարմինդ նրան չէր հետևի:

120. Ծածուկ մեղավորը չարը բացահայտ գործողներից ավելի վատն է, ուստի ավելի ծանր պատիժ է կրում:

121. Չարը ծածուկ գործող խաբեբան օձ է, որ «դարանակալում է ճանապարհին՝ խայթելու երիվարի գարշապարը» (Ծննդ. ԽԹ 17):

122. Եթե մեկի առաջ մերձավորիդ գովում ես, իսկ մի ուրիշի առաջ՝ վատաբանում, ապա եսասիրության և նախանձի ստրուկ ես: Գովեստով փորձում ես նախանձդ քողարկել, իսկ վատաբանությամբ՝ մերձավորիցդ ավելի լավ երևալ:

123. Ինչպես ոչխարներն ու գայլերը չեն կարող միասին ճարակել, այդպես էլ մարդը չի կարող ողորմություն գտնել, եթե իր մերձավորին խաբում է:

124. Ով հոգևոր խրատին իր սեփական ցանկություններն է գաղտնաբար խառնում, պոռնիկ է, ինչպես ցույց է տալիս «Առակաց» գիրքը (Զ 32-33), և իր պակասամտության պատճառով ցավ ու անարգանք կկրի:

125. Ինչպես ջուրն ու կրակը չեն կարող միավորվել, այդպես էլ ինքնարդարացումն ու խոնարհությունն են մերժում միմյանց:

126. Ով իր մեղքերին թողություն է փնտրում, խոնարհություն է սիրում, իսկ եթե մի ուրիշի դատապարտում է, սեփական չարությունն է թաքցնում:

127. Որևէ զանցանք, որքան էլ փոքր լինի, չմաքրված մի՛ թող, այլապես այն քեզ դեպի ավելի մեծ մեղքեր կտանի:

128. Եթե փրկվել ես փափագում, ընդունի՛ր ճշմարտության խոսքը և անքննաբար երբեք մի՛ մերժիր քննադատությունը:

129. Ճշմարտության խոսքը դարձի բերեց «իժերի ծնունդներին» և զգուշացրեց նրանց «փախչել գալիք բարկությունից» (Մատթ. Գ 7):

130. Ճշմարտության խոսքն ընդունելը հավասար է Աստվածային Խոսքի (Բանի) ընդունմանը, որովհետև Նա ասաց. «Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում» (Մատթ. Ժ 40):

131. Տանիքից իջեցված անդամալույծը (Մարկ. Բ 4) խորհրդանշում է այն մեղավորին, ով Աստծո անունով հանդիմանվում է հավատավոր անձանց կողմից եւ նրանց հավատի շնորհիվ թողություն ստանում:

132. Ավելի լավ է սրտանց աղոթես մերձավորիդ համար, քան ամեն անգամ, որ մեղանչում է, կշտամբես նրան:

133. Ճշմարտապես ապաշխարողը ծաղրվում է հիմարների կողմից, ինչը նշան է, որ Աստված ընդունել է նրա ապաշխարությունը:

134. Ովքեր հոգեւոր պատերազմ են մղում, ամեն ինչում ժուժկալություն են գործադրում եւ կանգ չեն առնում, մինչեւ Տերը չոչնչացնի բոլոր «սերմերը Բաբելոնից» (Երեմ. Է 16՝ ըստ Յոթանասնիցի հունարեն բնագրի):

135. Պատկերացրու, թե կա 12 ամոթալի կիրք: Նրանցից որեւէ մեկին տուրք տալը հավասարազոր է նրանց բոլորին տրվելուն:

136. Մեղքը բոցավառվող կրակ է: Որքան սակավ վառելիք ես տալիս, այնքան արագ է այն մարում, որքան ավելի ես վառելիքով ապահովում, այնքան ավելի է բորբոքվում:

137. Երբ գովեստից հրճվում ես, վստա՛հ եղիր, որ դրան անպատվություն կհետեւի, քանզի ասված է. «Ով իրեն բարձրացնում է, կխոնարհեցվի» (Ղուկ. ԺԴ 11):

138. Երբ ազատենք մեզ մտքի ամեն կամավոր մեղքից, այնուհետեւ պետք է պայքարենք այն կրքերի դեմ, որոնք առաջ են գալիս նախատրամադրվածությունից:

139. Նախատրամադրվածությունը նախկին մեղքերի ակամա ներկայությունն է հիշողության մեջ: Եռանդուն պատերազմի միջոցով մենք ջանում ենք արգելել, որ նա վերածվի կրքի: Հաղթանակից հետո այն վանվում է՝ դեռեւս միայն գրգիռ լինելով:

140. Գրգիռը սրտի մեջ եղած անպատկեր դրդումն է: Որպես լեռն անցնողներ՝ փորձառուներն այն վերահսկում են թշնամու առաջ:

141. Բավական է, որ մեր խորհուրդներին պատկերներ ուղեկցեն, եւ մենք արդեն դրանց տալիս ենք մեր համաձայնությունը: Որովհետեւ գրգիռը, քանի դեռ անպատկեր է, մեզ չի կարող մեղքի մեջ գցել: Որոշ մարդիկ փախչում են այսպիսի խորհուրդներից, ինչպես «կրակից դուրս եկող խանձողը» (Զաք. Գ 2), իսկ ուրիշներ զվարճանում են դրանց հետ, ուստի եւ այրվում:

142. Մի՛ ասա. «Ես դա չեմ կամենում, այլ այդպես պատահում է». քանի որ նույնիսկ եթե դա չես կամենում, սիրով ընդունում ես այն, ինչը հետո դրա պատճառն է դառնում:

143. Ով գովեստներ է փնտրում, կրքից հաղթված է: Ով ողբում է, որ իրեն վշտեր են հասել, զգայական հաճույքին տրված մեկն է:

144. Հեշտասեր մարդու խորհուրդները տատանվում են, ինչպես կշեռքի վրա: Երբեմն իր մեղքերի համար լալիս ու ողբում է, երբեմն էլ կռվում ու հակաճառում մերձավորին՝ արդարացնելով սեփական զգայական հաճույքները:

145. Ով «ամեն ինչ փորձում է եւ բարին ամուր պահում» (Ա Թես. Ե 21), որպես հետեւանք՝ կազատվի ամեն չարից:

146. «Համբերատարն աճում է հանճարի (հասկացողության) մեջ» (Առակ. ԺԴ 29), ինչպես նաեւ նա, ով ունկնդիր է լինում իմաստության խոսքերին:

147. Առանց Աստծո հիշատակի չի կարող լինել որեւէ ճշմարիտ գիտություն, այլ միայն կեղծը:

148. Հոգեւոր խոր գիտությունն օգնում է կարծրասիրտ մարդուն. որովհետեւ եթե նա երկյուղ չունի, հրաժարվում է ապաշխարության գործն անել:

149. Ավանդության աներկմիտ ընդունումն օգտակար է հեզ մարդուն, որովհետեւ այդժամ նա չի փորձի Աստծո համբերությունը կամ մեղքի մեջ հաճախ չի ընկնի:

150. Ուժեղին մի՛ կշտամբիր ամբարտավանության համար, այլ ցույց տուր նրան անպատվության վտանգը: Եթե նա խելք ունի, այսպիսի կշտամբանքը կընդունի:

151. Եթե կշտամբանքն ատում ես, նշանակում է՝ այն կիրքը, որն իշխում է վրադ, քո ազատ կամքի արգասիքն է, իսկ եթե կշտամբանքն ընդունում ես, կիրքդ նախատրամադրվածության արդյունք է:

152. Մի՛ լսիր ուրիշների մեղքերի մասին խոսակցություններ, որովհետեւ այսպիսի ունկնդրության միջոցով այդ մեղքերի ձեւը տպվում է քո մեջ:

153. Երբ չարաբանություն լսելուց հաճույք ես ստանում, ինքդ քեզ վրա՛ բարկացիր եւ ո՛չ թե խոսողի. որովհետեւ մեղանչական կերպով քո լսելու պատճառով է խոսողը մեղավոր թվում:

154. Երբ հանդիպես դատարկ բամբասանք անողների, նրանց խոսքերի համար քե՛զ համարիր պատասխանատու, եթե ոչ քո վերջերս գործած ինչ-որ հանցանքի պատճառով, ապա մի հին պարտքիդ:

155. Եթե մեկը կեղծավորաբար գովում է քեզ, վստա՛հ եղիր, որ իր ժամանակին նա կչարախոսի քո մասին:

156. Ընդունի՛ր ներկա վշտերն ապագա օրհնությունների համար եւ պայքարիդ մեջ երբեք չես թուլանա:

157. Եթե մեկը հոգում է քո մարմնավոր կարիքները, եւ դու նրան գովում ես որպես այնպիսի բարի մեկի, ով առանց Աստծո՝ ինքնուրույն է գործում, ապա ավելի ուշ նա քեզ չար կթվա:

158. Բոլոր բարի բաները նախասահմանորեն գալիս են Աստծուց, եւ ովքեր բերում են դրանք, բարու ծառաներն են:

159. Բարու եւ չարի միախառնումն ընդունիր հանդարտությամբ, եւ Աստված կլուծի ամեն անարդարություն:

160. Մեր խորհուրդների անհաստատությունն է, որ փոփոխություններ է մտցնում մեր վիճակի մեջ. որովհետեւ Աստված մեր կամավոր խորհուրդների համար դրանց համապատասխան հետեւանքներ է կարգում, որոնք, սակայն, կարող են չլինել մեր ընտրությամբ:

161. Զգայականը ծնվում է բանականից՝ ըստ Աստծո հրամանի անհրաժեշտը մատակարարելով:

162. Հեշտասեր սրտից ծագում են անառողջ խորհուրդներ ու բառեր, եւ կրակի ծխից ճանաչում ենք այրվող վառելանյութը:

163. Հսկի՛ր մտքիդ, եւ փորձությունները քեզ չեն անհանգստացնի: Իսկ եթե այն հսկել չես կարողանում, համբերությա՛մբ տար վրա հասնող փորձությունները:

164. Աղոթիր, որ փորձության մեջ չընկնես: Բայց եթե այն գա, համարիր, որ արժանի ես դրան եւ ո՛չ թե անարժան:

165. Մերժիր ագահության ամեն խորհուրդ եւ կկարողանաս տեսնել սատանայի հնարքները:

166. Ով ասում է, թե գիտի սատանայի բոլոր հնարքները, անգիտակցաբար ընկնում է նրա թակարդը:

167. Միտքը որքան առավել է հեռանում մարմնական հոգսերից, այնքան առավել հստակ է տեսնում թշնամու ճարտարամտությունը:

168. Իր խորհուրդներով շեղված մարդը կուրացած է նրանցով եւ երբ տեսնում է, որ մեղք է գործում, չի կարողանում տեսնել դրա պատճառները:

169. Կարող է պատահել, որ մեկն արտաքուստ մի պատվիրան կատարի, մինչ իրականում ինչ-որ կրքի ծառայի եւ իր չար խորհուրդների պատճառով ոչնչացնի կատարված գործի բարին:

170. Երբ մի չար բանի մեջ առաջին անգամ ես ընկնում, մի՛ ասա. «Այն ինձ չի հաղթի». որովհետեւ եթե ընկել ես դրա մեջ, արդեն իսկ այն հաղթել է քեզ:

171. Պատահող ամեն ինչ ունի փոքր սկիզբ, սակայն սնուցվելով մեծանում է:

172. Չարությունը մի խճճված ցանց է, եւ երբ մասամբ նրանից կառչած լինելով՝ մեկն անփույթ է գտնվում, ամբողջովին է նրա մեջ ընկնում:

173. Մի՛ կամեցիր լսել քո թշնամիների անհաջողությունների մասին, քանի որ ովքեր սիրում են նման բաներ լսել, իրենք կկրեն այն, ինչ ցանկանում են ուրիշներին:

174. Մի՛ մտածիր, թե ամեն վշտակրություն մեղքի հետեւանք է. որովհետեւ կան Աստծո կամքը կատարողներ, ովքեր նույնպես փորձվում են: Այդպես՝ գրված է, որ ամբարիշտներն ու չարերը կհալածվեն (հմմտ. Սաղմ. ԼԶ 28), բայց նաեւ գրված է, որ նրանք, ովքեր կամենում են աստվածպաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսով, նույնպես կհալածվեն:

175. Վշտակրելիս սպասիր դեպի զգայական հաճույքը դրդող սադրանք. քանի որ զգայական հաճույքը մեղմացնում է տառապանքը, անմիջապես սիրով ընդունվում է:

176. Ոմանք խելացի են կոչում այն մարդկանց, ովքեր ունեն ընտրողության կարողություն զգայական մակարդակով: Սակայն իրապես խելացի են նրանք, ովքեր կառավարում են սեփական ցանկությունները:

177. Քանի դեռ չարն արմատախիլ չես արել, սրտիդ մի՛ հնազանդվիր, որովհետեւ այն է՛լ ավելի պիտի փնտրի այն, ինչ արդեն ունի իր մեջ:

178. Ինչպես որոշ օձեր բնակվում են ձորերում, իսկ ուրիշներ էլ՝ տներում, այդպես էլ որոշ կրքեր ձեւավորվում են մեր խորհուրդներում, իսկ ուրիշներ՝ գործողությամբ արտահայտվում: Սակայն հնարավոր է, որ նրանք մի տեսակից մյուսին փոխվեն:

179. Երբ տեսնում ես, որ ինչ-որ խորհուրդ քեզ խորապես անհանգստացնում է եւ կրքով խանգարում է մտքիդ անդորրը, վստա՛հ եղիր, որ նախ քո միտքն էր, որ նախաձեռնությունը վերցնելով՝ շարժեց այս խորհուրդը եւ դրեց քո սրտում:

180. Առանց քամու ամպ չի գոյանում, եւ առանց խորհուրդի կիրք չի ծնվում:

181. Եթե մենք այլեւս չկատարենք մարմնի ցանկությունները, ապա Տիրոջ օգնականությամբ մեր մեջ եղած չար կրքերը դյուրավ կոչնչանան:

182. Մեր մտքում արդեն հաստատված պատկերներն ավելի վտանգավոր ու համառ են, քան նրանք, որոնք առաջանում են մեր մտածելու ընթացքում: Վերջինները նախորդում են առաջիններին եւ նրանց պատճառն են:

183. Չարի մի տեսակ սրտում բնակություն է հաստատում երկարատեւ նախատրամադրվածության պատճառով, մի ուրիշ տեսակ էլ մեր խորհուրդների վրա գրոհում է առօրեական բաների միջոցով:

184. Աստված գնահատում է մեր արարքն ըստ մեր նպատակի. քանզի ասված է, որ Տերը «կտա քեզ ըստ քո սրտի» (Սաղմ. ԺԹ 5):

185. Ով չի դիմանում իր խղճի քննությանը, չի դիմանա նաեւ հանուն Աստծո մարմնավոր չարչարանքին:

186. Խիղճը բնության գիրքն է: Ով նրանում իր կարդացածը գործադրում է, ստանում է Աստծո օգնությունը:

187. Ով չի ընտրում հանուն ճշմարտության նեղությունը, առավել ցավալիորեն կպատժվի իր չընտրած նեղությամբ:

188. Ով գիտի Աստծո կամքը եւ իր կարողության չափով այն կատարում է, սակավ նեղությամբ ազատվում է առավել ծանր նեղությունից:

189. Եթե մարդ փորձի փորձությունները հաղթահարել առանց աղոթքի եւ համբերատարության, փոխանակ դրանք վտարելու՝ է՛լ առավել կմխրճվի դրանց մեջ:

190. Տերը թաքնված է հենց Իր պատվիրաններում, եւ Նրան կարելի է գտնել դրանցում այն չափով, որով Նա փնտրվում է:

191. Մի՛ ասա. «Ես պատվիրանները կատարեցի, բայց Նրան չգտա», որովհետեւ դու հաճախ գտել ես «հոգեւոր գիտություն՝ արդարությամբ հանդերձ», ինչպես ասում է Սուրբ Գիրքը, «եւ ովքեր ճշմարտապես փնտրում են Նրան, խաղաղություն կգտնեն» (Առակ. ԺԶ 6):

192. Խաղաղությունը կրքերից ազատագրությունն է, եւ հնարավոր չէ այն գտնել առանց Սուրբ Հոգու ներգործության:

193. Պատվիրանի կատարումը մի՛ բան է, իսկ առաքինությունը՝ ուրիշ, թեեւ նրանցից յուրաքանչյուրը մյուսին առաջ է մղում:

194. Պատվիրան կատարելը մեզ հրամայվածի կատարումն է, իսկ առաքինությունը պատվիրանի կատարումն է այնպես, որ ճշմարտության համաձայն լինի:

195. Բոլոր նյութական հարստությունները նույնն են, բայց ձեռք են բերվում բազմաթիվ տարբեր եղանակներով. այդպես էլ առաքինությունը մեկն է, բայց իր գործերով՝ բազմադիմի:

196. Ով իմաստություն է ցուցադրում եւ այն գործով իրականացնելու փոխարեն երկար խոսում է, կեղծ հարստության տեր է, եւ նրա վաստակը «մտնում է ուրիշների տները» (Առակ. Ե 10):

197. Ասվում է, թե ոսկին է ղեկավարում ամեն ինչ. սակայն հոգեւոր բաները ղեկավարվում են Աստծո շնորհով:

198. Մաքուր խիղճ կարելի է գտնել աղոթքի միջոցով, իսկ մաքուր աղոթք՝ խղճի միջոցով: Մեկը մյուսի կարիքն ունի բնությամբ:

199. Հակոբը բազմագույն պատմուճան կարեց Հովսեփի համար (Ծննդ. ԼԷ 3), եւ Տերը ճշմարտության գիտությունը տալիս է հեզերին, ինչպես գրված է. «Քո ճանապարհները հեզերին ես սովորեցնում» (Սաղմ. ԻԴ 9):

200. Միշտ արա այնքան բարիք, որքան կարող ես եւ ավելի մեծ բարու ժամանակ մի՛ շրջվիր դեպի ավելի փոքրը: Որովհետեւ ասված է, որ նա, ով ետ է շրջվում, հարմար չէ երկնքի արքայությանը (Ղուկ. Թ 62):

 ---------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ