Երկու խոսք թարգմանչաց տոնի առիթով

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
——————————————

«Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում»,- ասում է Հիսուս Քրիստոս։ Եվ ահա թե ինչ պտուղ է տվել Հայ Առաքելական Եկեղեցին` սրբեր, որոնց ստեղծագործություններն ու հոգևոր փորձառությունն այսօր էլ բարերար ազդեցություն են ունենում մեր և մեր զավակների վրա, և որոնցով հայ ժողովրդին ճանաչում է ողջ աշխարհը։ Դարերի ընթացքում նրանց ոգով կրթվելու շնորհիվ էր, որ մեր պատմության դժվարին ժամանակաշրջանում հայ գրքերը երբեմն թեև այրվեցին, բայց միտքը մնաց և նոր գրքեր ծնեց։ Այսօր աղանդներն այնքան էլ չեն ընդունում եկեղեցական սուրբ վարդապետներին` իրենց հետևորդներին առավելաբար ամերիկյան կամ օտարազգի տարբեր հեղինակների գրվածքներ մատուցելով։ Այդպիսի աղանդներ են ոչ միայն Հայաստանում տարածում գտած Եհովայի վկաները, մորմոնները, հոգեգալստականները և այլն, այլ նաև նրանց հետ նույն ընթացքով հոգեորսությամբ զբաղվող բողոքական-ավետարանական աղանդները։ Մեծոփեցի պատմիչը հիշատակում է մի դեպք, ուր Եսայի Նչեցի (վախճանյալ 1335 թվին) մեծ վարդապետն իր աշակերտներին դասախոսում է լատին մի հեղինակի գրած «Առաքինությանց և Մոլորությանց Գիրք»-ից: Մեծոփեցին մեղադրում է բոլոր նրանց, ովքեր այս ձևով օտար հեղինակություններին նախադասում են Հայ Եկեղեցու ընդունած հեղինակություններից։ Մխիթար Սկևռացին ասում է, որ մենք` հայերս, սովոր ենք թերագնահատել մեր ունեցածը և արժևորել ուրիշինը։ Աղանդավորները մարդկանց գրավում են մարդահաճությամբ` նաև նրանց հետաքրքրասիրության վրա ազդելով։ Ճիշտ նույն կերպ՝ հետաքրքրությամբ, սխալ մտքեր ու վարդապետություններ են ուսուցանվում քիչ առաջ նշված աղանդների կողմից, և մենք մեր իսկ անվտանգության, մեր երեխաների ապահովության համար պետք է հետևենք քրիստոնեական մեր ճշմարիտ վարդապետների ուսուցումներին և հավատարիմ մնանք ոչ թե սովորական մարդկանց հիմնադրած, այլ Քրիստոսի սուրբ առաքյալների կողմից հիմնված Սուրբ Եկեղեցուն։

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ