ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
ԱՂԱՒԹՔ ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ ԱՒՈՒՐՆ
(գրաբար)
Ո՛վ ամենակալ և ամենակարող Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր քո ամենազաւր և բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, և անշուշտ ամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանաց ամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկ առ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» [Մատթ. Թ. 5] բազում. քանզի անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ, և բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս: Չի՛ք չափ չարեաց չարասիրիս, և ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս: Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ, Տէ՛ր, և անջրպետեալ վերացո՛ ի վսերէս զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր և զՈրդի և զՍուրբ Հոգին. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
0 կարծիք