Երեքամյա Աստվածածնի տաճարին ընծայումը (Հայսմավուրքից)

Աննան, հրեշտակապետի ավետիսով, հրաշափառ կերպով Հովակիմից հղիանալուց հետո, յոթ ամսից ու յոթ օրից, ծնեց ամենաօրհնյալ Մարիամին, ումով օրհնվեցին երկրի բոլոր ազգերը։ Նրա ծննդյան լուրը տարածվեց ողջ Հրեաստանով։ Բոլորը լսելով՝ օրհնություն էին տալիս Աստծուն և խնդակից լինում ծնողներին։ Եվ Աննան մանկան անունը դրեց Մարիամ, որ թարգմանվում է «լուսավորված»։ Արդարև նա լուսավորվեց ճշմարիտ և հայրածագ լուսաստեղծ Լույսից և լուսավորեց խավարում ու մահվան ստվերում նստածներին։

Աննան նրան մեծացնում էր Տիրոջ ահով ու խնդությամբ։ Մանկան մոտ բերեցին հրեա աղջիկներից անարատ կույսերի, որ զբաղվեն նրա հետ։ Եվ յոթ ամսից հետո, երբ մտնում էր ութի մեջ, մանուկ Մարիամը կանգնեց ոտքերի վրա և յոթ քայլ արեց։ Ապա Աննան թողեց իր ձեռքերը և նրան գիրկն առավ՝ ասելով. «Չես դիպչի գետնին, մինչև քեզ չտանեմ Տեր Աստծո տունը»։

Տարվա վերջին կրծքից կտրեց նրան։ Հավաքելով բոլոր անարատ կույսերին՝ նրանց հետ միասին Մարիամին ընծայելով տարան Աստծո տաճարը։ Քահանան մանուկ Մարիամին գիրկն առնելով՝ ելավ կանգնեց բեմի աստիճանին, օրհնեց Աստծուն և մարդկանց տված Նրա պարգևը՝ մանուկ Մարիամին։

Ծնողները հորթ մորթեցին և զոհ մատուցեցին, կերան ու խմեցին Տեր Աստծո առաջ և Մարիամին առնելով՝ ուրախությամբ տուն դարձան։ Եվ ամեն տարի նույնն էին անում։

Երբ մանուկ Մարիամը դարձավ երեք տարեկան, Հովակիմն ու Աննան աստվածապարգև մանկանն, ընծաներով ու զոհերով, առան գնացին Տիրոջ Տաճարը՝ ըստ իրենց նախապես արած խոստման՝ մանկանը նվիրելու Աստծուն։

Քահանայապետ Զաքարիան նրան գիրկն առնելով՝ ելավ կանգնեց տաճարի աստիճաններին ու ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ լսեց իր ծառաների պաղատանքը, ընդունեց նրանց խնդրանքը և նրանց տվեց օրհնության զավակ։ Նույն Ինքը այժմ սրան թող ընդունի նրանց ձեռքերից, ինչպես հնում՝ մեծն Սամվելին։ Եվ թող օրհնի սրան Տեր Աստվածն այն օրհնությամբ, որ չի անցնում, թող հռչակի սրա անունն Իսրայելի մեջ և սրան անվանի դարձնի ողջ երկրում»։ Ողջ ժողովուրդը պատասխանելով ասաց. «Ամե՛ն, թող լինի՛, թող լինի՛»։

Ծնողները նրան չթողեցին տաճարում, այլ իրենց ուխտը կատարելով ՝ նրան վերցրին ու տուն դարձան։ Եվ ամեն տարի տարեվերջին ամենօրհնյալ մանկանն ընծաներով տանում էին տաճար մինչև յոթ տարեկանը. որովհետև Աննան յոթ ամիս հղի մնաց Մարիամով, և Մարիամը յոթ ամսականում ատամ հանեց ու յոթ քայլ արեց, յոթ տարեկանում տարան տաճար, յոթ տարի ապրեց տաճարում և դաստիարակվեց այնտեղ. հոգու յոթնարփյան շնորհներն արժանապես ընդունեց, յոթ առաքինություններով զարդարվեց և յոթ ողորմություններով հարստացավ։

Ծնողները Մարիամին թողեցին Տիրոջ տաճարում, իսկ իրենք անտրտում ուրախությամբ դարձան տուն։

Ամենագով մանուկն իբրև անբիծ աղավնի մեծանում էր Տիրոջ տաճարում, աճում ու զարգանում հասակով ու իմաստությամբ։ Հրեշտակներն աղավնու պես իջնելով երկնքից՝ Մարիամին կերակրում էին տաճարում։ Նա չէր հիշում հորն ու մորը, որովհետև ընդունվեց Տիրոջ կողմից, ինչպես մարգարեն է ասում. «Իմ հայրն ու մայրը թողեցին ինձ, և իմ Տերն ընդունեց ինձ»։ Իսկ ծնողները հրճվում էին, որ նվիրել են, զոհ մատուցելով ուրախանում։ Հովակիմը հոգով ցնծում էր, Աննան՝ տաճարում երգում։ Աստվածընկալ մանուկ Մարիամն էլ, տաճարում մեծանալով, Տիրոջ օրենքի շուրջ էր երկյուղով խոկում օրուգիշեր՝ ըստ Մովսեսի օրենքի հրամանի և մարգարեների խրատի։ Կրթվում էր պարկեշտ վարքով միշտ։ Մեծարում էր ողջախոհությունը՝ կուսության զարդարչին։ Պատվում էր զգաստությունը՝ սրբության լծակցին։ Սիրում էր խոնարհությունը՝ բոլոր առաքինությունների ծնողին։ Առ Աստված աղոթում էր գիշեր-ցերեկ։ Անչափահաս լինելով հանդերձ՝ կատարյալների նման էր։ Կարիքավոր մարմնով՝ անմարմիններին էր հանդիսակից լինում։ Օրենքի աշակերտը լինելով՝ օրենքից էլ վեր էր առաքինանաում։ Մինչև որ բոլոր տեսնողներն ու լսողները զարմանում էին ու ասում՝ ի՞նչ պիտի լինի։

Այսպիսի վարքով Մարիամը տաճարում ապրեց յոթ տարի։ Ստացավ Աստծուց շնորհներ և չփնտրեց հայր կամ մայր, կերակրվում էր Աստծու հրեշտակների կողմից, որոնք աղավնիների նմանությամբ իջնում էին տաճար, կերակրում նրան և ծառայելով օրհնաբանում ամենաօրհնյալ աղջիկ Մարիամին։

Նրանց ձայնակցելով ըստ մեր մտքի տկարության՝ բարեհամբավենք ամենասուրբ կույս Մարիամին՝ ասելով. «Բարեբանված ես, ամենագո՛վ սուրբ Աստվածածին։ Վեհագույն երկի՛նք, ուր Աստված բնակվեց։ Բարձրագույն աթո՛ռ, ուր Աստված բազմեց։ Գերերկնային արևե՛լք, որտեղից արդար Արեգակը ծագեց։ Լո՛ւյս, որով խավարածներս լուսավորվեցինք։ Աստվածատունկ դրա՛խտ, որտեղից Ադենը տնկողին տեսանք։ Ծա՛ռ, որի անթառամ ծաղիկը վայելեցինք։ Բարունա՛կ, որից քաղցրահամ Ողկույզը քաղեցինք։ Ողկո՛ւյզ, որից ուրախարար Գինին խմեցինք։ Երկի՛ր, որտեղից Ճշմարտությունը բուսավ։ Երկի՛նք, որտեղից Արդարությունը հայտնվեց։ Անհարսնացյալ մա՛յր, Անեղի հա՛րս, Անմահին ծնո՛ղ, երկնային առագա՛ստ, կույսերի զա՛րդ, ամուսնացածների ողջախոհությո՛ւն, գլորյալների կանգնո՛ւմ, արտասուքի փարատի՛չ, տրտմածների ուրախությո՛ւն, վշտացածների մխիթարությո՛ւն, եկեղեցու հի՛մք, քրիստոնյաների պարծա՛նք, հավատացյալների՝ առ Աստված աղե՛րս, մեղավորների հո՛ւյս, նեղյալների ապավե՜ն…

-------------------------------------
«Հայսմավուրքից» թարգմ.՝ Ա. Ստամբոլցյանի

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ