Երանելի սուրբ Յակոբ Սրճեցի եպիսկոպոսի [ճառը] Մեծ ուրբաթի իններորդ ժամի՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների առիթով (արևելահայերէն)

Արևելահայերէն թարգմանութիւնը
Նաիրա Թամամեանի

ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍՐՃԵՑԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

[ՃԱՌԸ] ՄԵԾ ՈՒՐԲԱԹԻ ԻՆՆԵՐՈՐԴ ԺԱՄԻ՝

ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Քո Հօր ծոցի անծանօթ ծնունդ, Միածին, արթնացրո՛ւ իմ քնարը և փարթամացրո՛ւ՝ պատմելու քո մեծ փրկութիւնը: Իմ տկար լեզուն քաղցրաձայն կերգի քո խորհուրդը՝ հղկելով և պատկերելով նրա վայելչութիւնն իմ խոսքերով:

Քեզնով կզուարթանայ իմ տկար միտքը, որ տաժանումից խափանուած է, և քո ճառերի անդաստանում ես մշակ կլինեմ ժուժկալութեամբ:

Քո վայելչութիւնը տարածուեց գրերի՝ պատուհանների միջոցով, և փափագելի էր միտքը, որ քեզ տեսաւ, լուսաւորուեց քեզնով՝ քո մասին խօսելու համար:

Ինչպէս Շմաւոնը քեզանից զօրացաւ՝ ալիքների վրայ քայլելու [համար], նոյնպէս և ես, քեզնով կյաղթեմ լռութիւնս, որ ծովի նման ցած է քարշում միտքս:

Տունջեան աչք, մեծ արեգակ, սփռի՛ր քո շողերը իմ խաւար սրտում, որ լուսաւորուեմ՝ քո մասին վալեչապէս պատմելու [համար]:

Իմ միտքը շնորհ կառնի քեզանից՝ նայելու քո խորհուրդներին. ես էլ նրանից վերցնելով այն՝ բարձրաձայն կփառաբանեմ քո սքանչելի գործերը:

Բոլոր բանաւոր [էակների] բոլոր բերանները բաւական չեն քեզ [փառաբանելու], քանզի քո խորհուրդը գանձանակ է, և բոլոր խօսողները քեզնով են հարստանում:

Քո ճառերը վայելուչ են, քո գեղեցկութիւնը սքանչելի է, գովելի են քո գործերը, քո խորհուրդներն ահարկու են. և արդ, խրատներից որո՞նք պատմեմ կամ որո՞նք թողնեմ:

Նայում եմ քո՝ յղութեամբ երևալու սկզբից մինչև յարութիւնը. և քո սխրալի գործերը պատմելու անկարող եմ:

Ինչպէս կշարժուի իմ լեզուն՝ պատմելու քո մասին, որովհետև նոյնիսկ հրեշտակների բազմութիւնը բաւական չէ քեզ, որ բոլորից բարձր ես:

Քո յղութեա՞նը նայեմ սուրբ Կոյսի ծոցում, թէ՞ նրան, որ քո դիմաց ցնծում էր պառաւի արգանդում:

Քո ծննդեա՞ն վրայ զարմանամ՝ թագաւո՛ր այրի մէջ, թէ՞ հրեշտակների վրայ, որ [երկնքից] իջած՝ քեզ փառք էին երգում:

Մսուրի՞ն նայեմ՝ խանձարրապատ պատանուդ, թէ՞ մոգերին, որոնք ընծաներով [քեզ]՝ արքայիդ, երկրպագեցին:

Որ տեսնւում ես Յովսեփի ձեռքով տաճարին ընծայուա՞ծ, թէ՞ Սիմէովնից գգուանքով աղերսուած և կապանքից արձակող դաւանուած:

Իբրև մկրտութեան կարօտ քեզ տեսնում եմ Յորդանան իջա՞ծ, թէ՞ լսում եմ Մկրտչի ձայնը, որ աղաղակում էր, թէ ձեռնադրուածիդ կօշիկների կապերն արձակելու արժանի չէ:

Քեզ նայում եմ՝ երբ ջրերի ալիքների մէջ կանգնած էիր Յովհանէսի առա՞ջ, թէ՞ [լսում եմ] Հօր ձայնը և վկայ փառակցիդ սարսափմամբ տեսնում Հոգու իջնելը:

Երբ աղքատ փեսան քեզ հրաւիրեց [խնջոյքի] գահաւորակին, գալիս եմ տեսնելու Տիրոջդ, թէ՞ երբ քո կամքի զօրութիւնը ջուրը դարձրեց անոյշ գինի:

Ելնում եմ անապա՞տ՝ ժողովրդի հետ, որ քո շուրջ էին, թէ՞ հացն եմ տեսնում, որ աշակերտների ձեռքով բազմացրիր և յագեցրիր հազարաւոր մարդկանց:

Դու կնոջից ջուրը խնդրում էիր իբրև աղքատ և նրա գաղտնիքները յայտնում էիր որպես Արարիչ:

Կոյրը բարձրաձայն քեզ էր աղաղակում. Ողորմի՛ր ինձ, և քո հրամանի արուեստը բացեց աչքերը, որոնք ստեղծուած չէին:

Դո՜ւ, որ նաւի մէջ ննջում էիր որպէս մարդ, և հողմերին սաստեցիր որպես նրանց կառավարող:

Ահա, դու, թագաւո՛ր, աւանակի վրայ ելար բանական անիւներին, և եբրայեցիների մանուկները Երուսաղէմում աղաղակով քեզ ուղեկից եղան:

Այնտեղ, խորհրդաւոր զատկին տեսնում եմ քեզ աշակերտներիդ հետ ընթրիքի նստած, և մատնիչի անամօթութիւնը պատառով ցոյց տալով:

Երբ խաչողները սուսերներով և բրերով գալիս էին քեզ ձերբակալելու՝ տեսնելով սարսափում եմ, իսկ հզօրիդ զօրութեամբ նրանց կործանմանը նայելով՝ սփոփվում եմ:

Ո՞ւր եմ տեսնում քեզ՝ բարձր և խոնարհ, կարող և տկար, դատաւոր և դատուած, մեծատուն և աղքատացած:

Ծերերի դատաստանի ատեանում սուտ վկաների հանդէպ կանգնա՞ծ, թէ՞ այնժամ, երբ քո հրամանով տարերքը հանդարտվում էին:

Խաչին գամուած աւազակների հետ և նախատուա՞ծ, թէ՞ երբ քո խօսքը բացում էր մեռեալի գերեզմանը:

Երբ սպանողների ձեռքով գեղարդը պատռեց անմեղիդ կո՞ղը, թէ՞ [երբ] քո ձայնը պատռեց դժոխքի որովայնը և արձակեց կապուածներին:

[Իրենց] մեղքերից չպատկառող կատաղի ժողովրդի թքե՞լը քո երեսին, թէ՞ սերովբէներին, որոնք թևասքօղ երգում են քեզ փառքի երեքսրբեան հնչումը:

Հրեղէն կառքու՞մ, որում Աստուած էիր՝ նստած չորս կենդանիների մէջ, թէ՞ նուաստ փայտի վրա բարձրացրած քեզ՝ գառիդ և մեղքերի թողութիւն տվողիդ:

Քննողների մտքում քո խորհուրդը սոսկալի և ահեղ է, երբ յաղթողիդ տեսնում են մեղաւորների կողմից մահուան դատապարտուած:

Ով հիացումիս, որ վեր է քան մտքի հասանելիութիւնը, և խոնարհութեանս, որից պարտւում է պատմողների լեզուն:

Բարձր բազուկը, որ կրում է ամեն ինչ, կապեցին փայտին, և աջը, որ հիմնեց երկիրը, գամերով ամրացրին:

Բերանին, որ հոգին փչեց Ադամի մէջ, քացախ խմեցրին, և ոտքերը, որոնց պատուանդան ենք ստորիններս, կապեցին խաչին:

Նրա նկատմամբ կատարեցին մարգարէների կանխասացութիւնները, և նրանով կնքուեց քո բոլոր խորհուրդները և տեսիլը:

Նրա [համար] քացախը խառնեցին լեղու հետ, ինչպէս ասուած էր:

Ծակեցին ձեռքերն ու ոտքերը, և ոսկորները ձայն տուեցին, ինչպէս և գրուած էր:

Նրա մահուամբ խռովուեցին և հաւաքվեցին նրան դատելիս. և ինքը յաղթող էր:

Հագուստները բաժանեցին և նստած պահում էին խաչուածին. և ինքն անպարտ էր:

Երկինքը բացուած էր, և երկնայինները դողում էին և լուռ էին, քանզի թագաւորը անարգուած էր, և նրա լեգէօններն անմռունչ էին:

Տիրոջ Որդուն չարչարուելու և սպասաւորող հոգիների վրայ լռութիւն սփռելու [ժամանակ], հրէղեն բանականների դասերը կանգնած էին, և խաչուածների հրամանի սանձերը նրանց բերանների մէջ էին, որպէսզի իրենց թևերից կայծակներ թափելով չհրդեհեն ստորիններիս:

Որոտները ձայների հնչումով շտապում էին լեռները կործանել զրկողների վրայ:

Փայլատակումները բորբոքւում էին՝ սպանողներին այրելու համար:

Հողմերը զայրանում էին և մրրիկ ու մառախուղ սփռում երկրի վրայ:

Օդը շաչում էր և վիշապի նման կլանում երկիրը:

Տիեզերքը ցնցւում էր՝ ինչպես վրանը հողմի առաջ:

Վէմերը ճեղքւում էին, լեռները տագնապում էին, և այն ժամանակ բարձունքներից մեծ սուգ էր տարածուել:

Տունջեան լույսը դարձաւ մութ աղջամուղջ, և միջօրէին գիշեր եղաւ:

Արեգակը ստուեր քօղ գցեց, և աշխարհի վրայ խաւար տիրեց:

Իր շտեմարաններում փակեց լուսաւոր ճառագայթները, և մութ գիշերը թևերը տարածեց արարածներիս վրայ:

Աշակերտները փախան, Շմաւոնն ուրացաւ, Յուդան խեղդուեց, Տիրոջ մայրը ողբում էր, և սիրեցեալ Յովհաննէսը սիրելիից հեռու էր:

Լեռները կոծում էին, տիեզերքում սուգ էր սփռուած, և արարածները հեծում էին Արարչի անմեղ պատժի համար:

Առաքեալները ցրուեցին՝ չարչարողներից դողալով, և թագաւորը մենակ էր, և ինքը նրանց մէջ միայնակ էր՝ վերիններից և ներքիններից:

Մեծ սգի մէջ, որ հագան վերիններն ու ներքինները, ողբի ձայն առնելով, Մարիամը երգում էր և երկնայինների դասերի դիմաց շուրթերը շարժելով, արտասուքով խոսում և ասում էր.

– Ո՜վ Գաբրիէլ, արի, կտեսնես քո աւետման վերջը, քանզի իմ Միածինը Դաւթի աթոռին չնստեց՝ ինչպէս խոստացար, այլ ահա, անմեղ, չարչարողներից խաչի վրա է պրկուած:

Եվ դու, Միքայէլ, հրեղէն այր, ինչու՞ ես լուռ, դու, որի սուրը կոտորեց հարիւր ութսուն և հինգ հազարին, և այժմ քո խստութիւնը սառե՞ց, որ վրեժխնդիր լինես քո անմեղ Տիրոջ համար, որ դատապատուած է:

Աշակերտները թողեցին վարդապետին, խոյս տալով մահուան երկիւղից, իսկ դո՛ւք, անմարմին զօրք, ինչո՞ւ նրա մօտ չկանգնեցիք զրպարտողների դատարանում:

Հողեղէնները սուսերներից ու բրերից փախստական եղան. դո՛ւք, հոգեղէններ, ումի՞ց վախենալով ձեր Տիրոջը տուեցիք անարժանների ձեռքը:

Ձեզնից երկուսը Սոդոմում անարգուելով, թևերից թօթափելով հրեղէն անձրև տեղացին, և քաղաքը բնակիչներով այրեցին:

Ձեր անարգանքի համար վրեժխնդրութիւն չուշացրիք՝ երբ կամեցաք, իսկ իմ Միածնի և ձեր Տիրոջ նախատինքը համբերութեա՞մբ էք տանում:

Իր զրկուած ազգի համար Ամրամի որդին եգիպտացուց վրեժխնդիր եղաւ, իսկ դուք ծուլացա՞ք մարտակից լինել անմեղ գառան արհամարհանքներին՝ շրջապատած շների ու պաշարող ցուլերի կողմից:

Նրա վրայ հայհոյութեամբ բացեցին բերանները, իսկ երկնային գնդերը լուռ էին:

Թագաւորն անիրաւ ատեանում կապուած էր, և իր հրեղէն զօրքի օգնութիւնը նրանից հեռացած:

Հուրը դադարած էր, իսկ հրի Տէրը փայտի վրայ տարածուեց:

Երկնքում բոցանիւթ [էակները] հանդարտուած էին, իսկ հողեղէնները յուզւում էին: Հրեշտակներն անմռունչ էին, և մոխիրն ընդարձակում էր լեզուն:

Սերովբէները թևերով ծածկուած էին, իսկ սրանք թուք էին ժայթքում:

Վէմերը ճեղքուում էին, իսկ անգութ սրտերը չէին փափկում:

Արձանները պատռւում էին, իսկ անօրէնների ականջները չէին բացւում:

Այնժամ հրեշտակը թագաւորի մօրը հեզութեամբ պատասխանեց, և իմաստութեամբ ցրեց նրա տարակուսանքը։

– Մի զարհուրի՛ր, ո՛վ անբիծ աղաւնի, քո Միածնի կամաւոր մահուան համար, որ խաչի վրայ տարածուած է՝ իր Հօր հնազանդութեամբ:

Իր սէրը նրան նեղեց բնակուելու քո արգանդում ներմարդութեամբ. և իր ողորմութիւնն էլ ստիպեց մեռնել և Ադամին կենդանացնել քո որդու մահուամբ. մահը նահանջելու է մարդկանցից, և նրա չարչարանքով խորտակուելու են դժոխքի [դռների] նիգերը, և կապուածներն արձակուելու են:

Նրանով Ադամի տան գերութիւնը կվերադառնայ, որ ցրուած էր, և ինքը նրանց կտանի Ադինայ գաւառը, որտեղից ելել էին:

Եթէ չկամենար, նախատինքների փայտը չէր կարող բարձրացնել իրեն:

Որ մեռեալներին կենդանացրեց, իր անձը չէ՞ր ապրեցնի, եթէ կամենար:

Կոյրի աչքերը բացեց, և իր ձեռքերից գամերը չէ՞ր արձակի:

Որ սրբեց բորոտների վէրքերը, իր երեսի թուքը չէ՞ր սրբի:

Ծովը լռեցրեց, խռովուածների ձայնը չէ՞ր կտրի:

Ջուրը փոխեց, իսկ քացախը, որ տուեցին իրեն, չէ՞ր քաղցրացնի:

Երկիրը դողացրեց, իսկ իր դատաւորներին չէ՞ր դողացնի:

Արեգակը խաւարեցրեց, իսկ խաչ հանողներին չէ՞ր կուրացնի:

Լեռները դղրդացրեց, իսկ նուաստներին չէ՞ր ընկղմի:

Վեմերը պատռեց, իսկ իր ատելիներին չէ՞ր ճեղքի:

Իր լռութիւնը կապեց հրեղէնների դասերին, և խռիւն ու խոտն ինչպէ՞ս կյաղթէին նրան:

Այն թագաւորը խաչի վրայ բարձր ձայնով աղաղակեց. Էլի՜, էլի՜, և երկրի հիմքերը խռովուած զարնուեցին իրար:

Հոգին լսեց նրա ձայնը, և քաւութիւնից դուրս ցոլալով ճեղքեց վարագոյրը:

Սրբութիւն սրբոցը սրբութեան ծածկոյթը պատռելով, փախաւ նրանից:

Տեղի տուեց արեգակի բոլորակից առկայծուած պատրոյգը, և խաւարեց:

Ցերեկը մերկացաւ իր վայելուչ հանդերձից, և աղջամուղջ հագաւ:

Ճեղքուեցին վէմերի արձագանգները, աղաղակեցին ապառաժների քարերը, խախտեցան լեռները, մահը հնչեց, պիղծ դևը պոռչտաց, և կործանուեց նրա թագը:

Բացուեցին գերեզմանները, մեռեալները յարութիւն առան, դժոխքի որովայնը պատռուեց, և այնտեղ արգելուած հոգիներն ազատուեցին:

Համատարած խաւարի մեջ լոյսի նշոյլ ծագեց աւազակի սրտում, և լեզուի խոստովանութիւնը գովելի պսակ իջեցրեց բարեպաշտի գլխին:

Այն ժամին, երբ ամբարշտութեան մէգը տարածուած էր, աղաղակեց Աստծու օծեալին. Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ քո արքայութեամբ գաս:

Այնժամ, երբ խաչողներից կուտակուելով նախատինքների կարկուտ էր տեղում, նրա հաւատի ծագման պայծառ նշոյլը փայլեց, և յաղթեց արեգակին:

Այնժամ, երբ այպանողների ձայնը ծովի նման խռովուած ալեկոծւում էր, նա խաչեալին դաւանեց կենդանիների երկրի թագաւոր:

Իսկ այն ժամին, երբ նրան չէր տեսնում փառքի աթոռին նստած և սերովբէների մեջ վեր բարձրացած, այլ միայնակ տարածուած նրա աստուածութեան փառքը, ասաց. Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո արքայութեան մէջ:

Գլուխը խոնարհելով խաչից, ողբով լի աղաչանք էր դնում խաչակից թագաւորի առաջ և ասում. Բաց ինձ ողորմութեան դուռը, ո՛վ Տէր, մտնելու քո վայելուչ երկիրը:

Կենաց հացդ, տուր ինձ՝ ուրախանալու քո մեծ սեղանով:

Պարիսպ բարձր, շնորհի՛ր ինձ մտնել և ամրանալ քեզնով:

Աշտարակ անկոխ, հանի՛ր ինձ քո շտեմարան և պահպանիր աւազակների բռնութիւնից:

Գանձանակ մեծ, պարգևի՛ր ինձ քո գանձերից, որ լի է երանութեամբ, և տաժանելի աղքատութիւնը քո շնորհիւ կմոռանամ:

Ո´վ տանուտէր, որ մի դահեկան վարձ տուեցիր առաջին ժամի մշակներին, արժանաւորի՛ր ինձ նոյն շնորհներով, որ տասնմէկերորդ ժամին եկայ քո այգին:

Որ երկար է աշխատում, անպատկառաբար է մտնում վարձն առնելու արդարաբաշխ ձեռքիցդ, իսկ ես, որ մի ժամ աշխատեցի, ողորմութիւն եմ հայցում շնորհաբաշխ աջիցդ:

Առաջին մշակները, որ քրտինքից ու տօթից տապեցին, մտնում են սկզբից առնելու հատուցումը, իսկ ես, որ պատկառեալ եմ վերջին ժամին, արժանացրու ինձ ձրից:

Ով սէր, կանչի՛ր քո տնտեսին, որ տայ վարձի հատուցումը. և արձակի՛ր ինձ սկզբում լիաբուռն, որ բարեյոյս լինեն բոլոր մշակները:

Այնժամ, երբ ես աշխատեցի քեզ հետ, Յիսուս թագաւոր, կանչի՛ր ինձ, Տէ՛ր, քո առագաստը, որպէսզի մխիթարուած աջակողմեաններն ասեն, թէ անարժանն առաւ դահեկան, ի՞նչ կտայ մեզ, որ երեք օր աշխատեցինք:

Նաև վերջինները, որ գալիս են իմ ետևից, ուրախ կլինեն իմանալով, որ քո դուռը բաց է ապաշխարողների համար:

Ո՜վ դու, որ եկար կորուսեալներին փնտրելու, փնտրի՛ր ինձ՝ կորսուածիս, և կլինեմ հայելի բոլոր մեղաւորներին:

Ո՜վ Տէր, որ թողել ես արդարներին ու երկիր կանչելով մեղաւորներին՝ երկնաւորներին ուրախացնելու համար, ինձնով կուրախանան լոյսի որդու դասերը, երբ ընդունես ինձ քո Հօր տան օթևան:

Խոստովանիր ինձ, Տէր, քո առջև, ինչպէս խոստացար, զի ահաւասիկ ես խոստովանեցի քեզ Կայիափայի ամբոխի գնդի առաջ:

Խոստովանիր ինձ, Տէր, քո Հօր և երկնաւորների առաջ, ինչպէս ես խոստովանեցի քեզ խաչ հանողների առաջ, երբ քո աշակերտները երկիւղից ցրուել էին:

Մի ուրանա ինձ, Տէր, երբ դատես բոլոր ազգերին, որովհետև ես քո դատաստանի անարգանքների ժամանակ քեզ չուրացայ:

Իմ հանցանքների համար ես խաչի մահի բերուեցի, և ահա ընդունեցի կենաց գանձդ՝ փայտի բարձրանալով:

Տուժեցի մահի տանողներից՝ որպես պատժապարտ, մահուան մեջ փոխուեցի դեպի կյանք՝ քեզ Տէր տեսնելով:

Վրէժխնդրութիւնն արեան, որ հեղեցի, փայտից կախեց ինձ, մահուան խորքերում յայտնուեց ինձ կենարարդ, և ապրեցրեց ինձ:

Մեղքերի խաւարում չարչարւում էի երկար ժամանակ, և իմ կյանքի նահանջին լոյսդ ծագեց ինձ:

Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, մեծ օրը, երբ գաս, որպէսզի քո անարգութիւնը տեսնողս քո փառքին նայեմ քո մեծ երկրում:

Այնժամ Յիսուսը պատասխանեց նրան, ինչպէս յոյս ունէր, և ողորմութեան դուռը բացեց նրա աղաչանքների հանդէպ:

– Ամէն (ճշմարիտ) եմ ասում քեզ, ո՛վ այր դու, հաւատա՛, որ այսօր ինձ հետ կուրախանաս դրախտում:

Փրկչի կողից ցայտած կենարար ջուրը աւազակի համար մկրտութիւն եղաւ, և Աստծոյ Որդու արեան վտակը եղաւ նրան երկնային անապական պատմուճան:

Գեղարդը ողորմութեան ծով բացեց Գողգոթայի վրայ, որտեղից աւազակին կենաց ճաշակ ձգուեց, և զմայլվելով բոլոր ազգերին կանչեց համեղ ըմպելին [վայելելու]:

Արեան աղբիւր հիւթ բղխեց խաչի ծայրերին և աւազակը լուացուելով Ադամի կեղտից, ի դէմս տիեզերքի քեզ կանչում էր գալու և նրանով սրբուելու մեղքերի աղտից:

Անցաւ բարկութիւն, և թագաւորեց խաղաղութիւն՝ Միածին Աստուծոյ յայտնութեամբ:

Ինքը միջնորդ եղաւ և հաշտեցրեց Հօրը՝ ինչպէս կամեցաւ:

Գեղարդով, որով անդրանիկը խոցուեց, հրեղէն սուրը թուլացաւ. և կողով որ պատառուեց, պատնէշի միջնորմը քանդուեց:

Եվ ինչպէս Ադամով բոլորս մեռանք, այնպէս էլ Քրիստոսով բոլորս կենդանացանք:

Քրիստոս, որ խաղաղութիւն արարեցիր, թշնամուն սպանեցիր քո մարմնում, խաղաղութիւն տուր եկեղեցուն աշխարհի չորս կողմերում. և քեզ փառք յաւիտեանս. ամէն:

, , , , , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ