Ցեղասպանության պատկերը Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմում

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
—————————————————————————————

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» ՊՈԵՄՈՒՄ

Աշխարհի առաջադեմ մարդիկ, լուսամիտ անհատները սկզբից ևեթ դատապարտել են թուրքերի վայրագությունները, բայց դա, ցավոք, չի կրել պետական ու միջազգային ճանաչման բնույթ: Ավելին. մինչև 1960-ական թթ. կեսերը՝ այսինքն՝ Եղեռնի 50-ամյակը, խորհրդային պետությունը, որ 1921-23 թթ. առանց Հայաստանի մասնակցության կայացած թուրք-բոլշևիկյան համաձայնագրերով ողջ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի մի զգալի մասը նվիրաբերեց Թուրքիային, իսկ Նախիջևանն ու Արցախը՝ նոր-նոր ձևավորված Ադրբեջանին, նույնիսկ Հայաստանի հայությունից էր հետևողականորեն թաքցնում նրա մոտիկ անցյալի մեծ ողբերգությունը, անգամ խստորեն արգելում էր միլիոնավոր անմեղ նահատակների մասին հիշեցումներն ու հայության կորցրած պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի խնդրի արծարծումները: Միջազգային հանրությունը, մեծ տերությունները երկար ժամանակ չէին ճանաչում ու դատապարտում Օսմանյան կայսրության մեջ թուրքերի կողմից հայերի՝ պետականորեն կազմակերպված սպանդը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություն: Այդ նախադեպը չդատապարտելու և մոռացության մատնելու հետևանքով հորդեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և ֆաշիստները, դաժանության ու վայրագության գծով իրենց նախահայր թուրքերի օրինակով, իրենց անպատժելիությանը վստահ՝ իրականացրին հրեաների հոլոքոստն ու տասնյակ միլիոնավոր մարդկանց ոչնչացումը:

Թուրքերի պարագայում, սակայն, առայսօր չի կայացել Նյուրնբերգյան դատավարություն, Հայոց Մեծ Եղեռնը դեռևս միջազգայնորեն չի ճանաչվել, հանցագործ Թուրքիան չի կանգնել մարդկության ու պատմության դատաստանի առջև, ու հենց այդ պատճառով էլ, օգտվելով իր համար նպաստավոր վիճակից, ոճրագործն առայժմ սառնասիրտ ցինիզմով ուրանում է իր հանցանքը. ո՛չ դատապարտում կա, ո՛չ էլ զղջում ու հատուցում:

Ցեղասպանություն-Եղեռնը՝ իր պատճառհետևանքային առնչությունների ողջ համակարգով, միլիոնավոր հայերի՝ իրենց բնօրրան պատմական հայրենիքում բնաջնջելու կամ արտաքսելու և սիրիական անապատներում հատուկ ծրագրով աննախադեպ դաժանությամբ ոչնչացնելու, հայերի պատմական հայրենիքը բռնազավթելու ողբերգական իրողությունը, անշուշտ, վկայված է ականատեսների հիշողություններում, տարբեր երկրների դիվանագիտական աշխատողների զեկույցներում ու լուսանկարներում, պատմագիտական ուսումնասիրություններում, գեղարվեստական պատումներում ու շարժանկարներում: Այս ամենի մեջ ու բոլորի հետ միասին առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում ցեղասպանությունը համայն աշխարհի մարդկությանը ծանոթացնելու և դատապարտելու նպատակադրումով գրված շիրազյան այս պոեմը, որը հեղինակն ինքն անվանում է ողբամռունչ դատաստանամատյան:

Մեծ տերություններն առաջնորդվում են միայն իրենց քաղաքական ու տնտեսական շահերով. վկա՝ ամերիկյան, անգլիական պաշտոնյաների ու քաղաքագետների վերջին հայտարարությունները: Այդ ինչի՞ց է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ոճրագործություններն ու բռնազավթումներն արդարացվում են, իսկ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հայերի հակադրած ազգային ազատագրական պատերազմով փրկված, բռնատիրական լուծը թոթափած Արցախի ինքնուրույնությունը չեն ճանաչում:

Ո՛չ Մեծ Եղեռնի, ո՛չ էլ արցախյան ազատամարտի մասին միջազգային հանրությունը բավարար չափով իրազեկված չէ, ավելին՝ ապակողմնորոշված է: Այդ պատճառով էլ լրատվական պատերազմում մենք հաճախ տանուլ ենք տալիս: Օրինակներ՝ որքան ուզեք: Հենց վերջերս Հալեպում հնարավոր եղավ դիտել «Ալ Ջեզիրե» հեռուստակայանի հաղորդումը Ադրբեջան-Հայաստան հակամարտության մասին, ուր «չեզոք» լրատվության խոստումով ադրբեջանցի գաղթականների թիվը ուռճացվելով բազմապատկվեց, ներկայացվեց ավելի քան մեկ միլիոն, իսկ իրականում ավելի քան 500 հազար հայ գաղթականների թիվը, միտումնավոր նվազեցվելով, իջեցվեց ընդամենը 70 հազարի:

Մեր խորին համոզմամբ՝ մի կարևոր հարցում մենք թերանում ենք. թուրքական հակահայ քարոզչությանը, նրա իսկ գործած եղեռնի անամոթ ուրացումներին արժանի հակահարված չենք տալիս ու վայելում ենք մեր անտարբերության պտուղները. հույսներս դրել ենք բանականության, խղճի, անհերքելի թվացող պատմական ակնհայտ փաստերի ճանաչման և աշխարհի կողմից ընդունման վրա ու չենք օգտագործել ռազմավարական այն զորավոր զենքը, որ չունի և չէր էլ կարող ունենալ մեր հակառակորդը. դա հայոց եղեռնապատումի հուշագրական-վավերական ու գեղարվեստական գրականությունն է և մանավանդ Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմը, մի դատաստանամատյան, որի հիմքը նույն այդ ողբերգությունն է` իր պատմաիրավական, աշխարհաքաղաքական, ազգագրական, մարդաբանական, հոգեբանական ու հայոց պահանջատիրության բոլոր հիմնավորումներով: Մոռանում ենք, որ արվեստը, պատկերավոր խոսքը երբեմն շատ ավելի ներգործուն միջոց է, քան նույնիսկ փաստն ինքը և գիտական ծանրակշիռ խոսքը: Ինչո՞ւ Ֆրանց Վերֆելի 1934 թ. գրած «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավավերական վեպը աշխարհի բազմաթիվ լեզուներով հրատարակվելուց հետո միայն 1964 թ. թարգմանվեց ու տպագրվեց Խորհրդային Հայաստանում, որովհետև կային խորհրդային կայսերապետության՝ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական շահեր: Ինչո՞ւ Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմը բանաստեղծի կենդանության օրոք լույս չտեսավ և հետմահու տպագրվեց զգուշավոր խմբագրումներով ու կրճատումներով: Մինչդեռ հենց այս գործն էր պետք առաջնահերթ հրատարակել ու թարգմանել աշխարհի հնարավոր բոլոր լեզուներով ու դնել համաշխարհային ընթերցողի սեղանին: Եվ հենց առաջին հերթին թուրքերենով էր պետք թարգմանել, որովհետև այսօրվա թուրք պետական գործիչները իրենց նախորդների հակամարդկային արարքները արդարամտորեն արժևորելու և դատապարտելու փոխարեն, խնդիրն իրենցից հեռացնելու համար, պատմական իրողությունների գնահատականը միայն պատմագետներին վստահելու կարգախոսներով խուսանավում են բուն ճշմարտությունից և թուրք ժողովրդից էլ են թաքցնում մեծ ոճրագործությունը: Ավելին, հետևողականորեն հալածում են նաև այն հատուկենտ թուրք մտավորականներին, որոնք Եղեռնի իրողությունը ամբողջությամբ կամ մասնակի ընդունելու քաջությունն ունեն: Թաներ Աքչամին հենց վերջերս պետականորեն դատապարտելու օրինակը, թերևս, ամենախոսուն փաստն է:

Ահա մի ուրիշ թուրք մտավորական՝ «Սիրտս քեզմով կը խայտա» գրքի հեղինակ Քեմալ Յալչընը, որը կարծես ազնիվ է հայերի նկատմամբ իր վերաբերմունքով, հաշտության, սիրո ու բարեկամության կողմնակից է: Վերջինս Ամասիայի շրջանում թուրքերի հետ ամուսնացած ու դրա շնորհիվ միայն ողջ մնացած պառավ հայ կանանց է փնտրել՝ նրանց հետ անձամբ զրուցելու և ճշմարտությունն իմանալու համար: Եվ պարզվել է, որ նրա հարազատները, անգամ համալսարանական կրթություն ստացած մարդիկ, ոչ միայն անտեղյակ են հայերի մեծ ողբերգությանը, այլև հակառակը գիտեն. հայերն են կոտորել թուրքերին, ոչ միայն չգիտեն, որ այսօրվա Թուրքիայի մի զգալի մասը եղել է հայերի պատմական հայրենիքը, այլև այդ մասին բարձրաձայն խոսելն անգամ համարում են խիստ վտանգավոր.

«Սուլթան քեռկինս.

– Քեմա՛լ, ըսել է նախապես Թուրքիո մեջ Հա՞յ կար:

Համալսարանի երկրագործական բաժնի վերջին դասարանի ուսանող Յոզկյուր.

– Հորեղբա՛յր, Հայերն են որ Թուրքեր սպաններ են, ցեղասպանություն կատարեր են, Ռուսերուն ալ օգներ են:

Անատոլու լիսեի վերջին դասարանի ուսանող Նէվրալ.

– Քեռի՛, դուն արձակուրդի եկար…. Երթանք ծովեզերք, լավ մը հանգստանանք: Գլխուդ փորձանք մի՛ բերեր» (Քեմալ Յալչըն, Հոգիս քեզմով կը խայտա, Երուսաղեմ, 2004, էջ 37):

Գրողի խոսք է սա, որ գրեթե լիարժեք պատկերացում է տալիս հայերի և ցեղասպանության առթիվ այսօրվա Թուրքիայի հանրային կարծիքի մասին: Գնահատելի է ճշմարտությունն անմիջական աղբյուրից իմանալու թուրք գրագետի ջանքը: Ուզում ես հավատալ նրա անկեղծությանը, որ բերում է թրքերեն առածը՝ «Արևը ցեխով կարելի չէ ծեփել», այսինքն՝ պետական տեսակետին հակառակ՝ նա համոզված է, որ անիմաստ է ցեղասպանությունն ուրանալը: Նա նաև ներողություն է խնդրում կատարվածի համար և քավության խոսք է ուղղում մեզ.

«Սիրելի՛ Հայ եղբայրներս,

Մեր հարյուրամյակի մեծագույն ցավը մարդկության ճակտի սև մուրը եղող ջարդերուն, «աքսորի ընթացքին ծրագրված կերպով սպաննված», կյանքը կորսնցուցած բոլոր Հայերու և Ասորիներու հիշատակին առջև կը խոնարհիմ, ձեր ցավերը կ՛ընդունիմ որպես իմ ցավը: Որպես թուրք գրագետ, իմ անունով ձեզմե և մարդկութենեն ներողություն կը խնդրեմ… մարդկության ճակտին մուրը՝ այս մեծ աղետին պատճառ եղողները, ծրագրող և իրականացնողները անիծյալ թող ըլլան» (նույն տեղում):

Բայց նույն մտավորականը, որ հավատացած է, թե ամեն ժողովրդի մեջ լավն էլ կա, վատն էլ, «եղբայրության կողմնակիցներ ալ կան, եղբոր արյան ծարավներ ալ», առանձնացնում է, իր կարծիքով, լավագույն հայերին ու լավագույն թուրքերին. «Հայ ազգի պատմության մեջ սրբազան գիտնական մը՝ Մեսրոպ Մաշտոցի նման, սերը հաշտությունը, բարեկամությունը, գիտությունը պաշտպանող մեծ մարդիկ կան: Թուրք ազգի պատմության մեջն ալ, Յունուս Էմրեի նման հաշտությունը, եղբայրությունը, սերը ամեն բանե վեր համարող մարդիկ ապրած են: Մեսրոպ Մաշտոցներն ու Յունուս Էմրեները նույն հողերը, նույն աշխարհագրությունը կը բաժնեն: Ես ալ այս հողերուն մեկ զավակն եմ: Հետևաբար, հաշտության, եղբայրության, սիրո և գիտության անոնց հարթած ճանապարհին որպես մեկ ճամփորդը, որպես մեկ գրագետը ըլլալեն հպարտ եմ» (նույն տեղում):

Միլիոնավոր անմեղ հայերի հետ միասին Գրիգոր Զոհրապներ ու Դանիել Վարուժաններ, Սիամանթոներ ու Ռուբեն Սևակներ, Երուխաններ ու Թլկատինցիներ, Խաժակներ ու Ակնունիներ հոշոտելով սպանած, մեր հողերն ու աշխարհագրությունը զավթած պետության ու ժողովրդի զավակ թուրք գրագետի 2002 թ. նոյեմբերի 3-ին գրած խոսքն է սա, որը պարզապես նշանակում է երկու՝ հայ և թուրք ժողովուրդների հավասարեցում, եղեռնագործ դահճի և զոհի հավասարեցում, մեզ կոտորած ու մեր երկիրը բռնազավթած թուրքի ու նրա մեղքով հայրենազուրկ դարձած սփյուռքահայի հավասարեցում, կախողի ու կախվածի, սպանողի և սպանվածի հավասարեցում… Ուրեմն ողջամիտ, բարեսիրտ, եղբայրասեր ու հայասեր թուրք գրագետն անգամ հարցը թրքավարի է պատկերացնում՝ առաջարկելով սեր ու հաշտություն առանց զղջման ու հատուցման:

Հայոց ցեղասպանությունը աշխարհի մարդկությանը տեսանելի և ճանաչելի դարձնելու, պատերազմներն ու նման աղետները դատապարտելով կանխելու նպատակով ու մարդկությունից վերաբերմունք ակնկալելով էլ իր պոեմը գրել է Հ. Շիրազը՝ կանխազգալով, որ այդ աղետը, միջազգայնորեն չճանաչվելու ու չդատապարտվելու դեպքում, կրոնական ու աշխարհաքաղաքական պատճառներով, մեծ կամ փոքր չափերով հետո կրկնվելու է Վիետնամում ու Աֆղանստանում, Սումգայիթում, Նախիջևանում, Կիրովաբադում ու Բաքվում, Չիլիում ու Հարավսլավիայում, Չեչնիայում, Ինդոնեզիայում, Իրաքում, Գրոզնիում ու Բուդյոննովսկում, Մոսկվայում ու Բեսլանում, Վաշինգտոնում ու Լոնդոնում: Ամերիկան, Ռուսաստանն ու եվրոպական տերությունները՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Անգլիան, որ, աչքները փակած հայոց ցեղասպանության հանդեպ, իրենց ներսում կամավոր ընդունել են թուրքական ընդարձակվող քաղցկեղը, նոր-նոր են ճաշակում իրենց հովանավորչության պտուղները և դեռ շատ են տառապելու միջազգային ահաբեկչության անակնկալ հարձակումներից: Մարդկության քնած խիղճն արթնանում է մեծ ուշացումով, ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր-նոր է հուն մտնում, և հիմա արդեն 15 տերություններ պետականորեն ճանաչում են այն ու դատապարտում:

Հայոց եղեռնապատումի գրականության մեջ իր բովանդակային հարստությամբ ու գեղարվեստական բացառիկ ուժով առանձնանում է Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմ-դատաստանամատյանը: Բանաստեղծն այս երկի վրա աշխատել է շուրջ քառասուն տարի՝ 1941-42 թթ. մինչև իր կյանքի գրեթե վերջը, սակայն խորհրդային ժամանակներում հնարավոր չեղավ իրականացնել նրա ամբողջական հրատարակությունը: Պոեմը լույս տեսավ հեղինակի մահից վեց տարի հետո՝ 1990 թ.: Դա կաղապար, չափ ու ձև չհանդուրժող մի ստեղծագործություն է, ուր գեղարվեստական պայմանականությամբ համաձուլված են իրականն ու տեսիլային-երևակայականը, քնարականն ու էպիկականը, զգայականն ու ռոմանտիկականը, արձակն ու բանաստեղծականը, տաղաչափական տարբեր ձևերն ու չափերը:

Պոեմի քսանչորսերորդ՝ «Մեծ մռունչի գիշեր» գլխի արձակ առաջաբանն այս խնդրի թերևս լավագույն հեղինակային բացատրությունն է, որը կարող է կողմնորոշել երկի ժանրային բնութագիրը տալու հարցում: Բերում ենք այդ առաջաբանի մի հատվածը. «…Ես չեմ կաղապարում իմ ողբերգատողերի՝ թաղման տխրաթափորի նմանվող արցունքների զորախմբերը: Ես երգ չեմ հեկեկում, ոչ էլ պոեմ է կշռույթավոր, վեպի առասպելագլուխներ էլ չեն սոքա, որոնցով բացվում է ամեն մի հայի սիրտը մեր առջև, ես չգիտեմ՝ ինչ են այս իմ հառաչանքների մթնալույս, հուշախորհրդախոր, զարհուրատեսիլ անտառները,- այստեղ դուք մեղք մի՛ փնտրեք, ո՛վ դուք միաչյաներ, որ միշտ մի կողմն եք տեսնում՝ ձեր չարախոս բերանը պատառ խոթողի կողմը: Այս իմ մրմունջների մարգարտաշարերում մի՛ք փնտրի չափն ու ձևը ձեր կարծեցյալ մոդեռնականի՝ թիթեռնաց և… Այստեղ խոցված ու խաչված ժողովրդի սիրտն է, այստեղ եղեռնապուրծ ազգի մնացյալ փրկվածների անեծքն է անչափելի, տրտունջն է, շշունջն է, հառաչն է, մռունչն է, խոյանքն է, պահանջն է աննահանջելի… Ես ահեղ դատաստանամատյանն եմ արցունքաշարով որմնաշարում, որին դիպչելով պիտի փշրեն իրենց բութ ճակատները լռության օրերն ու դարերը: Ես ա՛յս եմ գրի առնում հայոց արցունքի և ծովացյալ արյան մելանով … սա հրաբուխն է ա՛յն զոհասրտերի, որոնք չկարողացան լռությանն ընդդեմ ժայթքել՝ աշխարհի լռության հողը ծանր լինելու ժայռե պատճառով….

Ես լռության բերանը աստվածային ժանիքներ եմ ուզում դնել, խարանել եմ ուզում վարանողների լռության պղծաճակատը… չափ, ձև եղկելի են աստ, սևաթույր արյան հեղեղն ի՞նչ պոեմ կարող էր կաղապարել, ո՛վ կաղապարված դավաճան լռություննե՛ր, մրմո՛ւնջն է անչափելի, տրտո՛ւնջն է անչափելի, հառա՛չն է անչափելի, տվայտաշո՛ւնչն է անչափելի, անե՛ծքն է անչափելի, խարանման մռո՛ւնչն է անչափելի, բողո՛քն է անչափելի, աղաղա՛կն է անչափելի, մոլո՛ւցքն է անչափելի, հուսահատությո՛ւնն է անչափելի, խլվածներն են անչափելի, ցա՛վն է անչափելի, լացն ու ո՛ղբն են անչափելի, զայրո՛ւյթն է անչափելի, ատամնակրճտո՛ւմն է անչափելի, վշտի կշի՛ռն է անչափելի, դիալեռնե՛րն են հայոց անչափելի, հայոց եղե՛ռնն է անչափելի, – Մասիսի հրաբուխն են իմ այս ողբամատյանի բյուրավոր ջարդված բերանների շրթունքները Աստծո կույր աչքի մեջ շատրվանում … քանզի անարդարություննե՛րն են անչափելի» (էջ 289 – 290):

Անշուշտ, Հ. Շիրազը չպիտի մնար սոսկ իր գրական ներշնչանքների ոլորտում և չպիտի կրկներ իր նախորդներին, այլ հայոց ողբերգությունը պիտի դիտարկեր սեփական զգացողությամբ ու ընկալումով և գաղափարական ու գեղագիտական նոր նպատակադրումով, նոր իրադարձությունների լույսի տակ՝ հենվելով պատմական փաստերի և իրողությունների վրա: Դրանք Եղեռնը իրագործած թուրք կառավարողների՝ արդեն հայտնի, բացահայտված գաղտնի հրամաններն են, մահադժոխքից հրաշքով փրկված ականատեսների վկայությունները, օտարերկրյա դիվանագիտական աշխատողների, գերմանացի սպաների բազմաթիվ լուսանկարներ և այլ վավերական նյութեր: Հաճախ է նա բերում փաստը, այս կամ այն վկայությունը և մեկնաբանում իր իմացական, զգայական ու պատկերավոր մտածողության հնարավորություններով: Հենց այստեղ է դրսևորվում բանաստեղծ-գեղագետի առավելությունը նույն փաստը ներկայացնող ու մեկնաբանող լրագրողի, հրապարակախոսի, անգամ գիտնականի նկատմամբ:

«Հայոց դանթեականն» ունի հետաքրքիր դիպաշար. Փոքր Հովհաննեսը, որ հեղինակն ինքն է (Մեծ Հովհաննեսը ծովանկարիչ Այվազովսկին է), «Աստվածային կատակերգություն» եռերգության հեղինակ, իտալական Վերածննդի բանաստեղծ Ալիգիերի Դանտեի, Հոմերոսի, Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի և սրանց հետ միասին՝ Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Անդրանիկի, Կոմիտասի ոգիներին պաղատելով հրավիրում և ցույց է տալիս Հայոց Մեծ Եղեռնի դժոխքը՝ իր բոլոր սարսափներով: Բոլորը զարհուրում են հայոց իրական դժոխքից, ուր սպանության դաժանագույն եղանակներով պատժվել են միլիոնավոր անմեղ հայեր: Իր և նրանց անունից էլ բանաստեղծը դատապարտում է Եղեռնը՝ որպես մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործություն:

Անշուշտ, Ալիգիերի Դանտեի «Դժոխքը» առաջներում էլ հայ գրողների կողմից եղել է հայոց եղեռնադխժոխքի հետ զուգահեռման առարկա: Սակայն Հ. Շիրազին չեն գոհացրել անգամ Սիամանթոյի, Թումանյանի, Օտյանի ու Չարենցի զուգահեռումները, և նա ձեռնամուխ է եղել գեղագիտական մի բարդ խնդրի լուծման: Դանտեի և նրա հետ միասին աշխարհի գրական մեծերի ոգիներին «հրավիրել» թուրք ոճրագործների կազմակերպած ցեղասպանության իրական դժոխքը, որ իրենց աչքով տեսնեն կատարվածը, հայության կրած դժոխային տառապանքն ու կորուստները և համեմատեն դարեր առաջ երևակայությամբ ստեղծված դանթեական դժոխքի հետ, չափեն անչափելին, կշռեն անկշռելին ու վերաբերմունք դրսևորեն, պատռեն քաղաքական լռության զրահները, ճշմարտությունը հայտնի դարձնեն աշխարհին, արթնացնեն մարդկության քնած խիղճը, որ եղեռնագործը դատապարտվի, ու այդ ոճիրը երբևէ չկրկնվի ոչ մի ժողովրդի հանդեպ: Այս արտաքուստ պարզ թվացող գեղագիտական ու գաղափարական խնդրի լուծումը, սակայն, ունի այլևայլ բարդություններ, որոնք պիտի հաղթահարվեին գեղարվեստական համոզիչ լուծումներով:

Արդ, ի՞նչ հիմունքներով ու սկզբունքներով, հատկանշային ի՞նչ ընդհանրություններով պետք Հ. Շիրազը ընտրեր ուրվաքայլ շրջող հայ և օտար մեծերի ոգիներին, ինչպե՞ս պետք է կերպավորեր նրանց միևնույն ոգեխմբում ու հայոց եղռնի դժնատեսիլ համապատկերում: Տարբեր դարերի, տարբեր ազգերի մեծություններն ինչպե՞ս էին դրվելու կողք կողքի և իրականացնելու միևնույն նպատակադրումը, մանավանդ որ պոեմի գրության ու լրամշակման ժամանակներում դեռևս ոչ մի պետություն չէր ճանաչել հայոց ցեղասպանությունն ու դատապարտել այն: Ցեղասպանության հանդեպ քար լռության պատճառով դատապարտվում են գրեթե բոլոր ժողովուրդներն ու պետությունները, բացի արաբներից, որոնք մարդասիրաբար ապաստան էին տվել բռնի տեղահանված հայ քարավաններին, իսկ հակահայ դիրքորոշման ու թուրքապաշտպան քաղաքականություն իրականացնելու համար բանաստեղծը դատապարտում է Գերմանիային ու Անգլիային, սակայն նրա պոեմում կերպավորված են Գյոթեն ու Հայնեն, Շեքսպիրն ու Բայրոնը:

Ցեղասպանության պատկերն ուրվագծելիս Հ. Շիրազը դրսևորել է լայն աշխարհայացք ու խոր կենսազգացողություն, ջնջել է ժամանակատարածային, ժողովուրդների ազգային ու կրոնական պատկանելության սահմանները՝ հոմերոսյան հնադարից հասնելով մինչև 20-րդ դար՝ տեսադաշտում ունենալով հայ-թուրքական հարաբերություններին առնչվող բոլոր պետություններին: Բայց ինչպե՞ս ընդգրկել այն ժողովուրդների մեծերին, որոնց պետությունները Թուրքիայի դաշնակիցներն ու հովանավորներն են եղել անցյալում կամ հիմա: Չէ՞ որ ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Անգլիայում, ե՛ւ Գերմանիայում, ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Իտալիայում, ե՛ւ Ռուսաստանում ու այլուր եղել են մեծ մարդասերներ, որոնք իրենց վճռական բողոքն են բարձրացրել ընդդեմ հայոց ցեղասպանության: Մի Հենրի Մորգենթաու ու Ալիս Սթոուն Բլեքուել, մի Անատոլ Ֆրանս ու Պիեռ Քիյար, մի Հանրի Բարբիուս ու Ջեյմս Բրայս, մի Յոհաննես Լեփսիուս ու Գարեն Եփփե, մի Մաքսիմ Գորկի ու Վալերի Բրյուսով…

Այո՛, դժբախտաբար, անհատներ, և ո՛չ նրանց պետությունները՝ ժամանակին և հետո:

Հ. Շիրազին հաջողվել է գտնել այդ իրոք դժվարին խնդրի գեղարվեստական լուծումը:

Ինքնին հասկանալի է Դանտեի ներկայությունը, որովհետև նրանով են պայմանավորված հեղինակային մտահղացումն ու սյուժետային գործողության գլխավոր գիծը: Դանտեն ոչ միայն իտալական ժողովրդի ներկայացուցիչն է, այլև խորհրդանշում է ամբողջ Եվրոպան. «Քանզի լռել է Դանթե – Եվրոպան»,- բանաձևել է բանաստեղծը: Ա՛յս Դանտեին է հեղինակը պաղատագին հրավերով անիրականից բերում դեպի իրականը, որ գար և իր աչքերը «հայոց վշտի կշեռքը դարձներ»:

Հոմերոսի մասնակցությունն այդ ոգեխմբի երթին նույնպես հասկանալի է. թուրքերը հնագույն քաղաքակրթություն ստեղծած հույն ժողովրդին ևս ճակատագրական հարվածներ են հասցրել՝ կործանելով բյուզանդական կայսրությունը, զավթելով նրա ծովային ու ցամաքային պատմական տարածքները՝ բռնազավթելով համաշխարհային քաղաքակրթության բնօրաններից մեկը: Ոգեխումբը համալրվում է և ուրիշներով.

Ու գնում էինք, վկայում անշեղ՝
Դառած դատավորն ահավոր դահճի.-
Լուռ էր Հոմերը, կույր աչքերի տեղ՝
Բաց էին անթիվ աչքերն իր խղճի:
Եվ ինքը՝ Համլետն և նսեմի դեմ
Դեռ վրեժխնդիր ուրվականն իր հոր,
Եվ նա, որ թե՛ հոր, թե՛ որդու վսեմ
Հայրն է և հայրը այրերիս բոլոր՝
Ինչպես վեհ լուսինն՝ աստղերում նսեմ,
Նարեկացու հետ գալիս էր մոլոր,
Իր Նիզակակիր անունով անգամ
Վարդագունում էր մեր հույսն արնաքամ...
Եվ Նիզակակիրն իր ազգից լոկ ինքն ինձ հույս բուրվառած՝
Նարեկացու հետ՝ երկու մարմընով մի գլուխ դառած՝
Հայտնվում էին մեր ոգեհույլը գլխավորելով... ( էջ 41 - 42)

«Նարեկացու հետ՝ երկու մարմընով մեկ գլուխ դառած» զույգի պատկերն իրո՛ք շատ է պերճախոս: Ոգեհույլի մեջ Շեքսպիրի ընդգրկումն ունի լուրջ հիմնավորումներ: Խորհրդային պետությունն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ, Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարումով, հենց եղեռնազարկ հայ ժողովրդից էր թաքցնում իրողությունը այնպես, ինչպես թուրք պետությունն է այսօր իր սեփական ժողովրդից թաքցնում և աշխարհի առջև ուրանում ցեղասպանությունն ու հայկական հողերի բռնազավթումը: Մինչև 1960-ական թթ. լույս տեսած հայոց պատմության դասագրքերում որևէ արտահայտություն անգամ չկար այդ մասին: Եղեռնից վերապրողները, սակայն, մի-մի կենդանի Համլետ էին՝ անմեղ զոհերի վրեժխնդիր ուրվականների համառ պահանջին ենթակա, մի-մի թաքուն կամ հայտնի կենդանի դասագիրք էին:

Մինչև 1950-60-ական թթ. հայ երիտասարդությունը ցեղասպանությանը տեղյակ չէր այնպես, ինչպես Շեքսպիրի Համլետը չգիտեր իր հոր եղերական մահվան մասին բուն ճշմարտությունն ու հորեղբայր Կլավդիոսի ոճրագործությունը: Բացի նրանից, որ ակնարկով զուգահեռվում են ոճրագործ Կլավդիոս – թուրքն ու Համլետի հոր վրեժխնդիր ուրվական – Եղեռնի զոհերը, որոնք միշտ իրենց «մորթված մարմնի վրեժն են հուշում», մեծ անգլիացին ներկայացվում է որպես թուրքի էության և նրա ցեղային բոլոր ստոր որակների հրաշալի գիտակ: 1570 թ. դեպքեր պատկերող իր «Օթելլո» ողբերգության մեջ նա կերտել է քսության, խարդախության ու սրիկայության անմրցելի տիպար Յագոյին, որը երբ կամենում է արդարանալ և մյուսների կասկածներն իրենից հեռու վանել, երկու դրվագներում թուրքի ստորագույն էության խոր իմացությամբ երդվում է:

ԴԵԶԴԵՄՈՆԱ

Թո՛ւհ քեզ, բամբասող:

ՅԱԳՈ

Ճիշտ է, թուրք դառնամ, թե սուտ եմ ասում:

(Շեքսպիր Վ., Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1964, էջ 217)

Մի այլ դրվագում գերխարդախ Յագոն երդվում է Կասիոյի ներկայությամբ.

ԿԱՍՍԻՈ

Ճի՛շտն ասա, խնդրեմ:

ՅԱԳՈ

Անազնիվ մարդ եմ, եթե սուտ ասեմ:

Ուրեմն Շեքսպիրը 16-րդ դարում հրաշալի գիտեր թուրքերին:

Թուրք դառնամ, թե սուտ եմ ասում և անազնիվ մարդ եմ, եթե սուտ ասեմ արտահայտությունները Յագոյի համար պարզ ինքնաբնութագրումներ են, որոնց համեմատությունից պարզվում է, որ թուրք-ը և անազնիվ-ը նույնանիշներ կամ հոմանիշներ են, որոնք Շեքսպիրը գործածել է իր հերոսի էությունը բնութագրելու համար: Ինչպես երևում է, սա նույնպես նկատի էր ունեցել «Հայոց դանթեականի» հեղինակը (Պոեմը լրամշակելու ժամանակներում՝ 1960-ական թթ. սկզբներին, Հ. Շիրազի գրասեղանից անպակաս էր Վ. Շեքսպիրի սևակազմ հատորյակը: Նկատել էի, որ այդ հատորում և մանավանդ «Օթելլո» ողբերգության էջերում ինչ-որ կարևոր բան էր փնտրում: Այս հիշողության թելադրանքով վերընթերցեցի ողբերգությունը և համոզվեցի, որ Շեքսպիրի «ներկայությունը» պոեմում և նրա կերպավորումը եղել է միանգամայն նպատակադրված. – Ս. Մ.):

Մեսրոպ Մաշտոցը, Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Կոմիտասը և Անդրանիկը, հայոց Մտքի, Ոգու, Խղճի և ռազմական ուժի մարմնացումները լինելով, առաջնորդել են մեր ժողովրդին նրա ողջ գոյամարտի ընթացքում: Պատշաճ էր, որ հենց սրանք՝ որպես դասակիցներ, լինեին Դանտեին, Հոմերոսին, Շեքսպիրին, Գյոթեին, Հայնեին, Բայրոնին ընկերակցողները, և բոլորը միասին դատապարտեին ցեղասպանին.

Մեծ Նարեկացու ուրվաքայլ ոգին
Ու մեծ Դանթեի ոգին ուրվաքայլ՝
Համաքայլ, ինչպես իմ աչքն իմ աչքին,
Հոմերոսի հետ ընթանում էին առջևից մռայլ...

Այսպես է Հ. Շիրազը լուծում հայոց վշտի համամարդկայնության խնդիրը՝ հատկապես ընդգծել կամենալով՝ տեսե՛ք՝ ո՛ւմ են կոտորել թուրքերը, աշխարհի մեծություններին հավասար մեծություններ ծնած և համաշխարհային քաղաքակրթությունը հարստացրած ժողովրդին: Այդ ուրվակերպարները պոեմում հաճախ են դառնում հեղինակի խոսափողը, և այն, ինչ հնչում է նրանց շուրթերով, բխում է նրանց ոգուց և համապատասխանում է նրանց ստեղծագործության մարդասիրական էությանը:

Այնքան տպավորիչ են Մեսրոպ Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Անդրանիկի ուրվակերպարները, որ ընթերցողը լիարժեք պատկերացում է կազմում նրանց գործի փրկարար դերի, ազգային ու համամարդկային նշանակության մասին: Նրանց անմեռ ոգիները հեղինակի հրավերով գալիս են սկզբում՝ Դանտեի հայտնվելուց անմիջապես հետո: Բնական է, որ հայոց մեծերից առաջինը Հ. Շիրազը Մեսրոպ Մաշտոցին է դիմում.

Հայտնվե՛ք և դուք, ո՛վ հայ անմահներ,
Իջե՛ք, թե իրավ անմահ է ոգին.-
Դո՛ւ, արե՜ւ Մաշտոց, գեթ ստվերդ բեր,
Քո ուրվականն էլ մահ է մողոքին:
Հայտնվիր և դո՛ւ, մե՛ծ Նարեկացի,
Ո՛վ աստվածապեղ, մռնչա և դու,
Դո՛ւ, որ բուրվառն ես մեծ առեղծվածի,
Որ կշռում էիր մեղքերը մարդու,
Աստծու պես էիր Աստծու հետ խոսում,
Իջի՛ր, որ ազգիդ վիշտն էլ կշռես
Կոտորածների լաբիրինթոսում,

Սուրբ Մաշտոցի գործի գիտական բնութագրումների կողքին միշտ էլ եղել են նրա գեղարվեստական ընկալումն ու պատկերավոր գնահատումները: Խ. Աբովյանը, Մ. Նալբանդյանը, Ս. Շահազիզը, Րաֆֆին, Դեմիրճյանը իրենց երկերում և մանավանդ Սիամանթոն «Սուրբ Մեսրոպ» պոեմում արդեն ստեղծել էին Մաշտոցի կերպավորման ու նրա գործը գեղարվեստորեն արժևորելու որոշակի ավանդներ: Հ. Շիրազը, այնուհետև Պ. Սևակը այդ ավանդների շարունակողներն էին նորագույն շրջանի հայ բանաստեղծության մեջ (Տե՛ս մեր «Մեսրոպ Մաշտոցը Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի հայացքով» ուսումնասիրությունը. »Գրական հանգրվաններ», գիրք Ա, Երևան, 2003, էջ 408-420):

Մաշտոցի նկատմամբ Հ. Շիրազը միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք. բազմաթիվ բանաստեղծություններում, «Քառյակներ հայոց լեզվապատումի» շարքում և մանավանդ 1962 թ. գրած «Հայոց հրաշքը» պոեմում նա իրոք սրբացրել ու փառաբանել է Մաշտոցին՝ նրա անըստգյուտ, հանճարեղ գյուտի ազգափրկիչ դերի խոր ըմբռնումով.

Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական ,
Ամեն բառդ՝ հայոց մի գունդ, այբուբենդ՝ բանակն հայկյան,
Մի զորք՝ անբերդ, անթուր, անտեգ, անվերտ, աննետ ու աննիզակ,
Բայց դուրս մղեց յոթ թշնամու բյուր զորքերին արնակզակ...

«Հայոց դանթեականը» դատաստանամատյան-պոեմում Մաշտոցի կերպարն ստեղծվել է գեղագիտական այլ նպատակադրումով: Այստեղ նա պատկերված է որպես դարերի հոլովույթում հայ ժողովրդի լուսավորության ջահը բոցավառած, նրա մտքի և հոգու գանձերը մայրենի լեզվով հրաշակերտած ու աշխարհին ներկայացրած մեր ժողովրդի հոգևոր հայր, որը ծնողի իրավունքով, երբեմն լռելյայն, երբեմն մռունչով դատապարտում է մարդկության ու իր սիրասուն զավակների հանդեպ գործված աննախատեպ ոճիրը: Անշուշտ, նրա ոգեղեն կերպարն ստեղծվել է այն սկզբունքով, թե ողջ լինելու դեպքում ի՛նչ կաներ և ի՛նչ կասեր՝ տեսնելով հայության՝ բարբարոսական եղանակներով բնաջնջումը, նրա ստեղծած՝ համայն մարդկությանը պատկանող մշակութային ու գիտական արժեքների ոչնչացումը, հազարավոր ձեռագիր մատյանների այրումը, հայոց քաղաքների, գյուղերի, վանքերի, իր իսկ ստեղծած դպրոցների վայրագ ավերումը, հայության պատմական բնօրրանի բռնազավթումը:

Պոեմի առաջին գլուխներում ավելի ընդգծված ներկայանում են հեղինակ Փոքր Հովհաննեսը, Նարեկացին ու Անդրանիկը. նրանք են նախ Դանտեի ապա և մյուսների առջև բացում հայոց մեծ ողբերգության վարագույրը, պարզում նրանց խորախորհուրդ այցելության նպատակը: «Հոնքերի աղեղն աչքերով զինած, մի աչքը՝ թրի նման շողացող, մյուս աչքն արցունքի նման դողացող» Գարիբալդի-Անդրանիկն է, որ

Լեզվի բոցն հանում սրտի հնոցից՝
Բացում էր դժոխքն հայ դանթեական:

Քայլ առ քայլ բացվում են Արևմտյան Հայաստանում ու շրջակայքում թուրքածին իրական դժոխքի պարունակները, և հայ ու այլազգի ուրվակերպարները աստիճանաբար համերաշխվում են՝ տեսնելով եղեռնադժոխքի սարսափները: Դանտեն առաջին տեսարանները կարծես խաղաղ է ընդունում, լռում է, ինչպես իր երկիրն ու սֆինքսաշուրթ Եվրոպան, «քար Ամերիկան, քարե Աֆրիկան, քարե Հյուսիսը, քարե Հարավը, քարե Ճապոնն ու քար Չինմաչինը», բայց երբ տեսնում է իր երևակայությամբ ստեղծած դժոխքից ավելի զարհուրելի պատկերներ, ինքնապաշտպանության հնարավորությունից նախապես զրկված մի ողջ ժողովրդի բնաջնջելու թուրքերի դիվային արարքները, լսում Անդրանիկի, Փոքր ու Մեծ Հովհաննեսների, Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու մեկնությունները, սոսկում է, ինքն էլ նզովում է իր ու մյուս ազգերի եղեռնածին լռությունը: Նրան միանում են նաև մյուս մեծերը, ու բազմազգ ոգեխումբը միավորվում է ընդդեմ չարագործների: Նրանց այս համերաշխությունը, եղեռնը միասնաբար դատապարտելու համախումբ վճռականությունը դառնում են անկասելի ուժ, որի դեմ անզոր է Պոլսում մեծ ոճրաորջից՝ Ելդըզից, նրանց վրա հարձակվող ցերբերանման թուրք գամփռը.

Եվ անցնում էինք մտախոհ ու լուռ
Ելդըզի մոտով այն դժոխադուռ,
Երբ գամփռ մի շուն՝ դժոխքի շան պես՝
Ժանտ Ցերբերի պես՝ վրա պրծավ մեզ.-
Ժանիքը ձգեց Մաշտոցի ոտքին,
Որ թաղեր անհետ հայ գիրն ու ոգին,
Ձգեց, բայց փշրեց ժանիքն առաջին:
Ժանիքը ձգեց Սուրբ Նարեկացուն,
Որ մեծ Նարեկով կրկընեց Աստծուն,
Ձգեց, բայց փշրեց ժանիքը երկրորդ:
Ժանիքը ձգեց նուրբ Կոմիտասին,
Որ երգով ծունկի բերեց Փարիզին,
Ձգեց, բայց փշրեց ժանիքը երրորդ:
Ժանիքը ձգեց Հոմերին ձյունած,
Որ չպահանջե Բոսֆորը հունաց,
Ձգեց, բայց փշրեց ժանիքն էլ չորրորդ:
Ժանիքը ձգեց մեծ Խորենացուն,
Որ թաղեր հայոց մատյանված ածուն,
Ձգեց, բայց փշրեց ժանիքն հինգերորդ...
... Ժանիքը ձգեց Դանթեին մոլոր,
Որ չվկայեր՝ թե տեսածն իրավ դժոխք է մի նոր;
Եվ իսկույն ձգեց Փոքր Հովհաննեսին,
Որ էլ չգոռա՝ «Փրկել Մասիսին...»,
Ձգեց, բայց գժվեց, վեր թռավ, ընկավ,
Վերջին ժանիքը իր կողը խրեց և շնահանգավ. _
Եվ մենք Հոմերի աչքով էլ մթին՝
Շան մի աչքի մեջ տեսանք Թալեաթին,
Մյուս աչքի մեջ սուլթանին տեսանք...

Պատկերն իրոք ընդգրկուն է ու բազմածալք. թուրք գամփռի բոլոր ժանիքները պիտի փշրվեն, երբ միավորվեն աշխարհի բարի կամքի տեր մարդիկ և պատասխան պահանջեն ոճրագործից ու նրան կանգնեցնեն ահեղ դատաստանի առաջ:

Համաշխարհային տիրապետության ձգտող, Մեծ Թուրան ստեղծելու պանթուրքական տեսլականով ոգևորված Թուրքիան համառորեն ջանում է աշխարհին ապացուցել, թե Արևմտյան Հայաստանի տեղաբնիկ միլիոնավոր հայերին ինքը չի կոտորել, նրանց հայրենիքն ինքը չի խլել, այսօրվա սփյուռքահայերի նախնիներին ինքը չի վռնդել նրանց բնօրրանից ու պապենական հողերից, իսկ այնտեղ գտնվող ավերված, կիսականգուն ու դեռ կանգուն պատմամշակութային հուշարձաններն էլ իրենց՝ թուրքերի ստեղծածն են, և միակ ապացույցը նրանց վրա եղած խաչերն ու հայերեն վիմագրերը ջնջել-քերել-վերացնելն է ու նրանց վրա կիսալուսին դրոշմելը կամ թուրքական դրոշ ծածանելը:

Ցեղասպանությունը համառորեն ուրացող Թուրքիան չի էլ պատասխանում այն հարցին, թե ի՛նչ եղան նախքան եղեռնը օսմանյան կայսրության սահմաններում ապրած միլիոնավոր հայերը: Որտե՞ղ են այսօր պատմական Հայաստանի Տարոն գավառն ու նրա Հացեկաց և Խորոնք գյուղերը, ուր ծնվել են հայ գրերի հանճարեղ գյուտարար Մեսրոպ Մաշտոցն ու պատմահայր Մովսես Խորենացին, ո՞ւր է Վասպուրական աշխարհն իր Վանա ծովով, Աղթամարով, Վարագավանքով, Նարեկավանքով, Նարեկ ու Խառակոնիս գյուղերով, ուր ծնվել են հանճարեղ Գրիգոր Նարեկացին, Գրիգորիս Աղթամարցին ու Նահապետ Քուչակը, ո՞ւր է Կիլիկիան՝ միջնադարյան հայ տաղերգության, մանրանկարչության, գիտական ու հոգևոր կյանքի խոշոր կենտրոններից մեկը, ո՞ւր է Սեբաստիայի նահանգն իր Բրգնիքով, որ Դանիել Վարուժանի ծննդավայրն է, ո՞ւր է Խարբերդն իր Բինկյանով, որ Մեծարենցի ծննդավայրն է, ո՞ւր է Ակնը՝ հայ ժողովրդական անտունիների ու Սիամանթոյի ծննդավայրը, ո՞ւր են Եղիշե Չարենցի ծննդավայր Կարսը, մեր էպոսի հեղինակ ժողովրդի բնօրրան Սասունը՝ Խաչիկ Դաշտենցի ծննդավայր Դաշտադեմ գյուղով, ո՞ւր են Մնձուրու Արմտանը, Ավետիս Ահարոնյանի Իգդիրմավան…

Բոլորը, այսինքն՝ ողջ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ այսօրվա Թուրքիայում:

Մի՞թե սա կատարված ու շարունակվող մշակութային, մարդաբանական, ժողովրդագրական իրական եղեռն չէ, և դեռ ապացուցման կարիք ունի: Սա կարող է հերքել միայն ուրիշի ունեցածը հափշտակած թուրքը և իր բռնազավթումներն արդարացնել միայն ու միայն իրեն բնորոշ ուրացումով.

Ու դեռ քրքջում է ոսոխն ամբարիշտ.
«Էլ ի՞նչ Արարատ, Ի՞նչ Մասիսի, հայե՛ր,
Իմ լեռան անունն Աղրի-դաղ էր միշտ,
Դո՛ւք էիք խլել իմ լյառը դարեր,
Արարատ կնքել անունն անիծյալ,
Բայց ի՛մն է ահա իմ լեռը դարձյալ...
Թուրք են դաշտերն էլ Մշո, Տարոնի,
Որ զավթել էիք տիգրանազորքով հայոց Քարոնի,
Ի՛մն է Ավարայրն, ի՛մն են Սիփանա սարերը բոլոր,-
Դո՛ւք էիք խկլել, երբ մանուկ էինք ու գլխամոլոր:
Ի՛մն է Ծովասարն, ի՛մն են Վանա ծովն ու վանը նրա,
Ի՛մն է Վանանդն էլ ... Հայ ցեղն հող չունի աշխարհի վրա
Թող Լուսնի վրա իր փայը փնտրե
Կամ թե Մարսն իրեն հայրենիք ընտրե...
Ի՛մն է Հայաստանն իմ սրի բերնով...
Եվ թե խլել եմ՝ խլկել եմ ... արնով,
Հողը՝ խլածն էլ՝ արնով են տալիս,
Մինչ հայ վերքից էլ արցունք է գալիս...
Թե հայն անզոր է ելնել Մարսն ի վեր՝
Ե՛ս կթռցնեմ իմ երազն ի վեր՝
Մինչև Մարս անգամ կամ մինչև Լուսին,
Ե՛ս կթռցնեմ ամենակարող
Այն հրթիռներով, որ կան ... Մասիսին:
Էլ ի՞նչ Վանա ծով, ի՞նչ Մասիս, ի՞նչ հող...
Ե՞րբ է հայ ցեղին հող տվել Աստված,
Որ հող ետ կուզես, ի՞նչ վերածնված...
Եկվոր էր հայը այս լերանց հովտում,
Ահա թե ինչու՝ դուրս եմ վռնդում
Այս հող ու ջրից իմ տոտեմական,
Միֆ է բելասպան աղեղն էլ Հայկյան,
Ցնորք է ցնդած ինքն էլ ցեղն հայոց,
Լուսնո ձորերն են միակ տեղն հայոց
Մեկ էլ Դեր Զորը՝ ինձնից ձեզ ի ձոն՝
Որպես հայ մեռյալ ազգի պանթեոն...» (1):

Սա՛ է Թուրքիայի իրական դեմքը, որ քողարկվում է ժողովրդավարության ու մարդասիրության կեղծ կարգախոսներով:

Իհարկե, պատմական ճշմարտությունը երբևէ հաղթանակելու է, և թուրքական ոճրագործությունն ու կեղծիքը դատապարտվելու են նաև ողջամիտ թուրքերի կողմից, սակայն Թուրքիան դեռևս ապավինում է իր զորեղ հովանավորներին ու պաշտպաններին, որոնք բանականության, արդարամտության ու ճշմարտության փոխարեն առաջնորդվում են միմիայն իրենց աշխարհաքաղաքական շահերով: Նույն այդ պաշտպանները շատ էլ լավ գիտեն իրողությունն ու պատմական ճշմարտությունը, բայց այնքանով են անբարոյական, որ դա պահում են իրենց ձեռքին որպես հաղթաթուղթ միայն այն դեպքերի համար, երբ Թուրքիան, իր ներքին շահերից ելնելով, հանկարծ որոշում է իր տերերին չհպատակվել կամ նրանց անհաճո որևէ քայլ կատարել. ա՛յդ դեպքերում են նրանք հանում իրենց այդ հաղթաթուղթը և Թուրքիային սպառնում անցյալ դարասկզբին նրա իսկ իրագործած հայոց եղեռնի ճանաչումով ու դատապարտումով: Դա երբեմն դրսևորվում էր խորհրդա-թուրքական հարաբերությունների լարման պահերին, իսկ վերջերս հստակ երևաց ԱՄՆ-ի՝ Իրաքի դեմ պատերազմն սկսելուց առաջ, երբ Թուրքիան մի պահ վարանեց ու հանդգնեց իր տարածքներն ու օդանավակայանները չտրամադրել ռազմական գործողություններ ծավալելու նպատակով: Ուրեմն գերտերություններն իսկապես ամեն ինչ գիտեն և չիմանալու են տալիս, եթե իրենց ձեռնտու չէ:

Նուրբ քնարերգու Հ. Շիրազն օժտված էր նաև էպիկական հզոր ու արգասաբեր ձիրքով, որը դրսևորվել է նաև այս պոեմում: Իր «Սպիտակ ձիավորը Փարիզում» պոեմից առաջ նա արդեն կերտել էր ժողովրդի սիրելի հերոս Անդրանիկի իրոք մոնումենտալ հզոր կերպարը «Հայոց դանթեականը» պոեմում, որի տարբեր գլուխներում հերոսը պատկերված է մարդկային վեհ նկարագրով ու ռազմական կենսագրության բնորոշ գծերով: Ինչպես իր ժողովրդի բռնագաղթն էր հսկել Արևմտահայաստանից Արևելահայաստան տեղափոխվելիս, այնպես էլ հիմա սպառազեն հսկում էր ցեղասպանության դժոխքում շրջող ուրվականների երթը: Նա ազնիվ է վարել իր կռիվը թշնամու դեմ, ասպետաբար է վարվել նրա կանանց ու երեխաների նկատմամբ: Սա՛ է բուն ճշմարտությունը Անդրանիկի մասին, և կենսական այդ իրողությունը Հ. Շիրազը հավաստել է գեղարվեստի ճշմարտությամբ: Անդրանիկի ահից լեղապատառ փախած թուրքերն ու քրդերը թողնում էին ամեն ինչ, անգամ իրենց հարազատ երեխաներին.

Ու երբ դուրս ելանք եղեռնաձորից՝
Մեծ Անդրանիկը հայտնվեց նորից,
Տխուր ժպիտով, աչքերով տամուկ
Գրկած բերում էր քրդի մի լամուկ.
– Թողեր փախեր են, ճամփու մեջ գտա,
Ա՛ռ, պահե՛,- ասաց իր թիկնապահին,-
Գլխեն թե մեկ մազ պակսի՝ հավատա՝
Գլուխդ կերթա, - ու խթեց իր ձին:
................................................
Բայց չէինք անցել կամուրջը Ղարսի,
Երբ ձորում տեսանք գլուխ մի մանկան
Ու երկարամազ գլուխ մի հարսի,
Չկար մարմինը ոչ մեկի... սակայն
Մեկը հայի էր, մյուսն՝ հայուհու,
Եվ հուշում էին շուրթերն էլ մահու՝
- Սպանեց այդ հեզ մանկան հայրը մեզ՝
Հայրը լամուկի, որ Անդրանիկի
Գրկի մեջ գտավ գալիքն իր կյանքի:

Քսանմեկերորդ գլխի 9 – 17 հատվածներում էպիկական հզոր շնչով պատկերված է Տուտանի ձորում թուրքական կանոնավոր զորքերի կազմակերպած հայ գաղթականների ջարդն ու վերջիներիս օգնության հասած Անդրանիկի, Սերոբի, Գևորգ Չաուշի, Սմբատի, Քեռու, Թորգոմի ու մյուս վրիժառու ֆիդայիների մղած հերոսական կռիվը:

Պոեմում Հ. Շիրազը կերտել է հին ու նոր Հայաստանների խորհրդանշական պատկերը: Ամեն ինչ կարծես արված էր հայությանն իսպառ բնաջնջելու և Հայաստանը վերջնականապես բռնազավթելու համար: Թուրքը սպանել էր Հին Հայաստան մորը, բայց չէր կարողացել սպանել մեռած մոր արգանդում շարժվող մանկանը՝ Նոր Հայաստատանին, որը, որպես հայոց վաղվա հունդը, մահվան գերանդուց փրկվել էր ակոսում թաքնված հասկի նման: Դեր Զորի անապատում հայ մայրը ա՛յս մանկանն է ավազի վրա գրելով սովորեցնում մաշտոցյան գրերը, բայց թուրք սամումի պես գալիս է հողմածնունդ քամին, ջնջում գրերը: Հայ մոր և անապատային վայրագ քամու պայքարը ե՛ւ ուղղակիորեն, ե՛ւ այլաբանորեն հայոց պատմությունն է, հայոց գոյամարտի գեղարվեստական պատկերը: Հաղթում է մայրը, փրկվում է որդին, քանի որ նրանց ուժ է տալիս Մեսրոպ Մաշտոցի ազգապահ ոգին.

Պոեմում Հ. Շիրազը կերտել է հին ու նոր Հայաստանների խորհրդանշական պատկերը: Ամեն ինչ կարծես արված էր հայությանն իսպառ բնաջնջելու և Հայաստանը վերջնականապես բռնազավթելու համար, բայց թուրքը չէր կարողացել սպանել մեռած մոր արգանդում շարժվող մանկանը՝ Նոր Հայաստատանին, որը, որպես հայոց վաղվա հունդը, մահվան գերանդուց փրկվել էր ակոսում թաքնված հասկի նման: Դեր Զորի անապատ քշված հայ մայրը ա՛յս մանկանն է ավազի վրա գրելով սովորեցնում մաշտոցյան գրերը, բայց գալիս է հողմածնունդ քամին, ջնջում գրերը: Հայ մոր և անապատային վայրագ քամու պայքարը ե՛ւ ուղղակիորեն, ե՛ւ այլաբանորեն հայոց հայոց գոյամարտի գեղարվեստական պատմությունն է: Հաղթում է մայրը, փրկվում է որդին, քանի որ նրանց ուժ է տալիս Մեսրոպ Մաշտոցի ազգապահ ոգին.

Տեսանք հայ մի կին՝ վշտով իմաստուն՝
Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն՝
Ավազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով,
Գրում էր այբբենն ու որդուն այսպես ասում շշուկով.
– Այբ-բեն-գիմ-դա- ե՜, ձա՛գս, լավ նայե, որ թուրքը վայե,
Որ լավ սովորես՝ մոր պես քեզ պիտի Աստված փայփայե. –
Ասում, գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա,
Բայց քամին գալիս՝ ջնջում էր հայոց գրերն հնօրյա,
Ինչպես յաթաղանն ինքն էր ջնջելով արել տեղահան,
Անապատ քշել հայոց ողջ ազգին անզորք, անվահան,
Ջնջում էր քամին, բայց ջնջածները գրում էր տղան՝
Գրում էր նորից աստվածապարգև գրերը բոլոր,
Բայց քամին էլի թուր – սամումի պես գալիս էր խոլոր,
Խուժում, ջնջում էր, բայց նորեն գրում, գրում էր տղան
Հայոց ազգապահ գրերն անխորտակ, թրերն արմաղան,
Որ չմոռանար՝ անապատում էլ՝ հայրենին խլված,
Գրում էր մայրը՝ հույսը անխորտակ, բայց և խարխլված:
Նորից էր գրում, նորից էր ջնջում քամին խելահեղ. –
Ահա՛ ձեզ, մարդի՛կ, հայոց պատմությունն ամենաշքեղ.
Մայրը ցույց տալիս , գրում էր որդին մահից էլ համառ,
Գրո՜ւմ էր որդին ... թեկուզ յաթաղան – սամումն ինքը գար...
«– Չե՛ս կարող ջնջել, - մռնչաց Մեսրոպ Մաշտոցի ոգին, –
Ջնջել չե՛ս կարող, ո՛վ հողմածնունդ, վա՛յ քո Մողոքին,
Չես կարող կտրել հայոց մատները, ո՛վ թուր անիրավ,
Քանզի Աստծու տասը մատներից մեկն հայն է, իրա՛վ,
Մեծ Արարիչի հրաշք մի մատն է հայ ժողովուրդը,
Միջնամատը չէ. բայց ո՛չ ճկույթը...»:

Հայոց եղեռնապատումի գրականության մեջ չի ստեղծվել ավելի զորեղ, ընդգրկուն ու ներգործուն պատկեր։ Թերևս այս համոզումով է, որ նրա «Տեսանք հայ մի կին, վշտով իմաստուն, Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն՝ Ավազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով …» արտահայտությամբ է ձևավորվել Դեր – Զորի Սուրբ Նահատակաց եկեղեցու նշանավոր որմնաքանդակը, ուր պատկերված է անապատի ավազների վրա իր որդուն մաշտոցյան գրերը սովորեցնող մայրը՝ անապատի հողմերի և ամենակուլ ժամանակի դեմ մաքառելիս:

 

 ————————————————————————————

(1) Հովհ. Շիրազ, Հայոց դանթեականը, «Նաիրի» հրատ., Երևան, 1991, էջ 232 – 233:
——————————————————————————————————————————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Արամայիս Խալաֆյանի «զանգեզուրյան խճանկարը»

Արամայիս Խալաֆյանի՝ պարզ սյուժեներով գողտրիկ պատմվածքները խոսուն արտացոլումն են մի ողջ ժամանակաշրջանի, նաև հնի ու նորի միախառնման կենդանի պատկերները: Դրանք նաև արդիական են, որովհետև մարդը՝ բարի թե չար, արդար թե անարդար, բոլոր ժամանակներում էլ նույնն է: Ապշում ես, երբ պատկերացնում ես, թե ինչպիսի հանգամանքներում է հեղինակը ձեռքը գրիչ վերցրել: Եվ կրկնակի ապշում ես, որ ի հեճուկս իր տանջամաշ գոյությանը՝ նրա հոգին անխառն է մնացել. ոչ մի կաթիլ չարություն չի խառնվել նրա մտքին ու սրտին: Այս պատմվածքներով, որոնք իրավամբ նովելներ են, նա փրկվեց հուսահատությունից՝ միաժամանակ փրկելով սիրուն պատմություններ, որոնց ժամանակի փոշին հետզհետե խավարամած անհայտությանն էր մատնելու:

Ա՜նց կացա՛ն…

Հովհաննես Թումանյան --------------------- Ա՜նց...