Դատավորի կիրակի

Ադամ քահանա Մակարյան
 

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի անիրավ դատավորի մասին առակի անունից (Ղուկ. 18.1-5): Մի այրի կին այնքան է խնդրում անիրավ դատավորին իր դատը տեսնել, որ դատավորը, իրեն խնդրանքներով ձանձրացնող կնոջից ազատվելու համար, նրա խնդրանքը կատարում է: Քրիստոս ասում է, որ եթե նույնիսկ անիրավ դատավորն այսպես վարվեց, ապա առավել ևս Աստված իսկույն արդարություն կանի Իրեն գիշեր-ցերեկ աղաղակող ծառաներին (Ղուկ. 18.6-7): Քրիստոս այս առակով հորդորում է հավատացյալներին տևական աղոթքի` ուսուցանելով, որ աղոթքի խնդրանքները չկատարվելու դեպքում հուսահատության մեջ չընկնեն և անձանձրույթ լինեն աղոթքի մեջ: Աստված երբեմն իրականություն չի դարձնում աղոթական խնդրանքները` Իր ամենատեսությամբ իմանալով, թե ինչն է տվյալ պահին մարդու համար օգտակարը:

Քրիստոս պատվիրում է ամեն ժամ կամ միշտ աղոթել և չձանձրանալ (Ղուկ. 18.1,7; 21.36): Սակայն ամեն ժամ կամ միշտ աղոթելը պետք է փոխաբերական իմաստով հասկանալ, ինչպես որ միշտ բառը փոխաբերորեն գործածված է Սուրբ Գրքում. «Իմ ցավերը միշտ առջևս են» (Սաղմ. 37.18) կամ «Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. 24.53), ինչը չի նշանակում, թե տաճարից ընդհանրապես դուրս չէին գալիս:

Պողոս առաքյալը կարծես ավելի շեշտեց միշտ աղոթելու պատվիրանը` թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում հորդորելով անդադար աղոթելու (Ա Թեսաղ. 5.17): Անդադար աղոթելը հիմնականում Օրթոդոքս Եկեղեցիները նաև ուղիղ իմաստով հասկացան և պատվիրեցին իրենց հավատացյալներին օրվա ընթացքում մտքում անդադար աղոթել` ասելով Հիսուսի աղոթքը` մեկ նախադասությունից բաղկացած, ուսուցանելով, որ տարիների փորձառությունից հետո Տիրոջ ողորմությունը խնդրող աղոթքը կամրագրվի մարդու սրտում ու հոգում, և այդուհետ, քնած թե արթուն, մարդու մեջ կհնչի այդ աղոթքը: Մեր եկեղեցական Հայրերը, սակայն, այսպիսի պատվեր չտվեցին մեզ: Անդադար աղոթք անել արտահայտությունը ևս փոխաբերորեն գործածված է Աստվածաշնչում. «Պետրոսը բանտում մնում էր հսկողության ներքո, իսկ եկեղեցում անդադար աղոթքներ էին արվում առ Աստված» (Գործք 12.5): Սա չի նշանակում, որ աղոթքը մեկ վայրկյան իսկ չէր դադարում, այլ` բավականին հաճախակի էին աղոթում հավատացյալները Պետրոս առաքյալի համար:

Տարբեր Եկեղեցիների` աղոթքի, պահքի և այլ առաքինագործությունների պատվերների մեջ տարբերություններ կան, չնայած որ դրանք բոլորն էլ հիմնված են Հիսուս Քրիստոսի ուսուցումների վրա: Մենք ուրիշներինը չենք մերժում, բայց առաջին հերթին պարտավոր ենք մեր եկեղեցական Հայրերի պատվիրածները պահել: Մեր Հայրերը լավ գիտեին, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն հատուկ բնավորությունը, հոգեբանությունը: Ուստի և մեզ աղոթքի, պահքի այնպիսի կանոններ տվեցին, որոնք առավել օգուտ են մեր ժողովրդի համար: Օրինակ` որոշ Եկեղեցիների հոգևորականներ ասում են, թե շատ խիստ է ձեր պահեցողությունը, բայց մեր Հայրերը այսպիսի պահք պատվիրեցին, և մենք վստահ ենք, որ դա է մեզ օգուտ: Նույնպես նաև հոգևորականը տարբեր անձանց տարբեր պատվերներ է տալիս հոգևորի մեջ կատարելագործվելու համար` նկատի առնելով նաև անձի հակումներն ու բնավորությունը: Այսպես, եթե մեկը սխալմամբ հակված է միայն խիստ ինքնադատության, ինքնախարազանման և յուրաքանչյուր մեղքից հետո ընկնում է խորը հուսահատության մեջ, խոստովանահայր հոգևորականը նրան սկզբնապես չի հանձնարարի ընթերցել ճգնավորական գրականություն, որտեղ առաջին տեղում ինքնաքննադատությունն է, մեղքերի համար խորը զղջումը, այլ առավել կհորդորի բարեգործության, ողորմության, որպեսզի մարդը կարողանա հոգևոր ուրախություն զգալ իր արածից: Նրան, ով աշխույժ է, եռանդուն և քիչ է հակված լուռ մտորումների ու աղոթքի, հոգևորականն առաջին հերթին կհանձնարարի եկեղեցանպաստ գործերի, միջոցառումների կազմակերպում: Միայնության, խոհերի հակված անձին հոգևորականը աղոթասացություն կհանձնարարի: Այսպես յուրաքանչյուրին ըստ իր բնավորության տալով համապատասխան պատվերներ` հոգևոր հայրն աստիճանաբար կատարելության կբերի իր հավատացյալներին քրիստոնեական բոլոր առաքինությունների մեջ: Նույնպես էլ մեր Սուրբ Հայրերը մեզ պատվիրեցին այն, ինչն առավել համապատասխանում է և օգտակար է մեր ժողովրդի խառնվածքին և հոգեբանությանը:

Անիրավ դատավորի առակը մեզ հարատև աղոթքի է հորդորում: Եվ այն մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողանում հաճախակի եկեղեցի այցելել` ընդհանրական աղոթքին մասնակցելու համար, սակայն ցանկանում են կատարել Քրիստոսի միշտ աղոթելու օգտակար պատվիրանը, պետք է այսպես վարվեն: Երբ արթնանում են քնից, գոհություն հայտնեն Աստծուն խաղաղ քուն և հանգիստ պարգևելու համար, երբ հագնվում են, գոհանան, որ Տերն իրենց մերկ չի թողնում, երբ ճանապարհ են գնում, աղոթեն, որ Տերն ուղղի իրենց ընթացքը խաղաղության ճանապարհներով ապահովության մեջ, երբ աշխատանք են սկսում, աղոթեն աշխատանքի հաջողության համար, ամեն անգամ կերակուր ուտելիս գոհանան տիեզերքի Արարչից իրենց կերակրելու և լիացնելու համար, երեկոյան քնելիս աղոթեն, որ հավատացյալների պահապան Քրիստոս Աստված Իր Աջի հովանու ներքո պահպանի Իրեն հավատացողներին: Այսպես մարդն ամբողջ օրը աղոթքի մեջ կլինի և կկարողանա կատարել միշտ աղոթելու հույժ օգտակար պատվիրանը:

Աղբյուրը՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» (գիտելիքներ հավատացյալներին), Ս․ Էջմիածին, 2011, էջ 172-174։

, , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ