Գովեստի խոսք՝ ուղղված սուրբ Գրիգոր Լուսավորչին

Վարդան Արևելցի

 

Արդ, այժմ սկսենք մեծագույն սիրով մտքի աչքերով նայել այս ճառի դիտավորությանը. թերևս չամաչենք խնդրել Նրանից, որ առատապես տալիս է բոլորին և չի նախատում, որի հույսով շարժվում ենք, որ խոսքեր կգտնենք՝ պատվելու այս օրը և գովելու մեր հոգիներն ու մտքերը լուսավորողին՝ սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Արդ, նա շառավիղն է հավատի հոր՝ մեծ Աբրահամի՝ մեզ պարգևված հայոց սուրբ առաքյալի խնդրվածքով և ընծայված նրա գերեզմանի մոտ։ Նրա ծնունդը նույնպես նույն տեղում եղավ, որով և առաքելական շնորհների ժառանգորդ և քարոզիչ եղավ նրա վիճակում։ Մեծացավ Գամիրքում, ուր փախցվեց մանուկ հասակում, ինչպես Հիսուսը, որպեսզի կանխապես կրեր Նրա օրինակը, Ում քարոզողն էր լինելու։ Արդար արեգակը ծագեց արևմտյան կողմից՝ իր հանդեսի նահատակակից ունենալով Տիրոջից պարգևված Հռիփսիմյանց երանելի կույսերի դասը և հավատի մայր երանուհի Գայանեին՝ մարտի մեջ զորավորին, պատերազմում հաղթողին, Քրիստոսին հարսնացածին, Վերին Երուսաղեմի դստերը, երկնային Թագավորի թագուհիներին և անմահ Փեսայի առագաստի օրիորդներին։ Որոնք եղան Հայոց աշխարհի կարապետները և Հաբեթի որդիներիս ավետիս բերող ձայնը, բարի խթան՝ մեղքերի թմրության նիրհից Արամի որդիներիս արթնացնող, որոնք բարբառում էին.

«Վե՛ր կացեք տիրապես, որ ննջում եք մահվան թանձր քնի մեջ։

Վե՛ր կացեք, որ ննջում եք խավարում, հայրական լույսը ծագեց աշխարհում, դուք ինչո՞ւ եք նստել խավարի մեջ։ Անմահ կյանքը մեր մահկանացու բնության համար բարձունքներից խոնարհվեց, դուք ինչո՞ւ եք մնում մահվան ստվերների մեջ։

Քաջ հովիվը մոլորված ոչխարին փնտրելու է ելել, դուք ինչո՞ւ եք անտերունչ շրջում։ Աստծո Որդին Ադամի որդի եղավ, որպեսզի Ադամի որդիներիդ ծառայությունից ազատի, դուք ինչո՞ւ եք մնում մեղքերի ծառայության մեջ։ Անմահության աղբյուրը բխեց, դուք ինչո՞ւ եք մեղքերի մեջ ծարավ մեռնում։ Հաշտության միջնորդը մարդկանց մոտ եկավ, ինչո՞ւ եք կորագլուխ ընդվզում, Հոր Ժառանգը երկրի վրա երևաց, որպեսզի մարդկանց Իրեն ժառանգակից դարձնի, դուք ինչո՞ւ եք զրկվում փրկությունից։ Հեթանոս ազգերից ու ցեղերից շատերը քրիստոնյա եղան, Քրիստոսին հավատացին, Ամենասուրբ Երրորդության անունով մկրտվեցին, երկնավոր Հորը որդեգիր լինելու կոչվեցին, եղբայրացան Քրիստոսին, արժանացան Սուրբ Հոգուն, երկնային արքայություն հրավիրվեցին՝ Աստծո ժառանգ և Քրիստոսի ժառանգակից լինելով։ Իսկ դուք՝ Արամի որդիներդ, ինչո՞ւ ինքնակամ օտարացաք, զարթնե՛ք նիրհից, բարձրացե՛ք կործանումից, կանգնե՛ք գլորումից, կանգնե՛ք և նայե՛ք, իմացեք և տեսե՛ք, որ անեծքը վերացված է, օրհնությունը՝ սփռված, դրախտի դուռը բացված է, կենաց ծառը՝ ծաղկած, բոցեղեն սուրը վերացված է, Կենաց ծառը՝ թույլատրելի, հարսանյաց ծախսը արված է, և առագաստը՝ պատրաստված, հրավիրողները ելել են փնտրելու։ Ավազակը դրախտում է, և ձեզ են սպասում հրավիրողները։ Պարարտ եզը մորթված է, անառակ որդին փառքերի մեջ է ընդունվել՝ պատվով, պատմուճանով և մատանիով զարդարված, շքեղացած ու ճոխացած։

Ինչո՞ւ եք ծուլանում, վե՛ր կացեք, շտապե՛ք, վե՛ր կացեք, նորոգվեցե՛ք, վե՛ր կացեք, կենդանացեք, վե՛ր կացեք, դեպի բարին առաջացեք։ Մոտ են օգնականները, ձեռք մեկնողները պատրաստ են, օժանդակողները կողքիդ են կանգնած։ Գայլերդ գառներ եք դառնալու, այծերդ փոխվելու եք ոչխարների, սևամորթներդ սպիտակ եք դառնալու։ Ձեզնից հոտերի հովիվներ են ընտրվելու, մարտիրոսներ ու վկաներ պիտի լինեն, մարգարեացող դպրապետներ ու թարգմանիչներ պիտի երևան, և առաքյալներին հավասար քարոզիչներ պիտի հայտնվեն. ընտիր քահանաներ, ծառայողների բազմություններ, քարոզող վարդապետների դասեր, առաքինի ճգնավորներ, միանձնյաների հույլեր, կրոնավորների մենամարտեր, կույսերի ժուժկալություն, պարկեշտների և ողջախոհների խմբեր, քրիստոնյաների երամներ, քրիստոսասեր պայծառ ժողովուրդ, եկեղեցու զարդարանք, խաչի երկրպագություն, Ավետարանի քարոզություն, օրենքների ավանդում, պատվիրանների կատարում, բարի կարգեր, Տիրոջ մարմնի և արյան բաշխում, ուղղափառ հավատի հաստատում, օրենքի համար վրեժխնդիրներ ու ճշմարտության ջատագովներ»։

Այս ամենն ու սրանցից առավելն էին ավետում հայոց ազգիս արևելյան մասին Երկնավորի դշխոներն ու մաքուր առագաստի օրիորդները՝ սուրբ Հռիփսիմյան կույսերը։ Եվ սուրբ կույսերն իրենց նահատակության հանդեսից ձայնում էին սուրբ Գրիգորին և ասում էին. «Վե՛ր կաց, զվարթուն մշակ, որ խորը խավարում ես, վե՛ր կաց, բարի՛ նահատակ, որ քարբերի մեջ ես, վե՛ր կաց, արփիափայլ ակ, որ խավարում ես։ Ելիր և սերմանի՛ր կենաց խոսքը քո անդաստանում, որ ոռոգված է մեր մաքուր արյամբ։ Ելի՛ր, հոգևոր մշա՛կ, և սերմանի՛ր խոսքի ոգեղեն սերմը։ Որովհետև ձմեռն անցավ, այգիները ծաղկեցին, բանական թռչունները եկել են, տատրակները երգում են քաղցրաձայն. քո աստվածային վարդապետության հոգևոր քարոզության գարունն է»։

Այնժամ ելավ վիրապից սուրբ Գրիգորը և սկսեց քարոզել հայոց բիրտ ազգին՝ ասելով. «Ձեզ համար բազում չարչարանքներ կրեցի, շատ կտտանքների համբերեցի, պարկով պսակվեցի, մոխիր շնչեցի, չարչարանքի գործիքով պատ բարձրացա, բարձրությունից կախվեցի, տատասկով խոցվեցի, գելարանների մեջ կուրծքս պնդեցի, քացախ խմեցի, անհունների մեջ պրկվեցի, բերանիս սանձ կրելով տանջվեցի, բռնցքահարվեցի, որովայնիս մեջ ջուր լցվելով տանջվեցի, հալված կապար լցրին բերանս և որովայնս իջեցրին։ Բազմաթիվ այլ ծանր ու դաժան տանջանքների համբերեցի ձեր սիրո համար, որպեսզի շահեմ ձեր փրկությունը։ Տասներեք տարի անդնդային վիրապում մնացի և թունավոր սողունների հետ ապրեցի, որոնք ավելի մեղմ էին իմ նկատմամբ, քան բանական մարդիկ, և մեծազոր Աստծո հրամանով մոռացել էին իրենց թունալից խայթոցները։

Ո՛վ բանական մարդիկ, թունավոր սողուններից ավելի չար եղաք, և այդ դեպի կորուստ է տանում ձեզ։ Ճանաչե՛ք ձեր Արարչին, որ բոլոր արարածներիս գոյացրեց ոչնչից և յուրաքանչյուրին ըստ արժանվույն մատակարարում է իր պետքերը»։ Այս ասելով՝ սուրբ Գրիգորը սկսեց իր վարդապետութունը արարչապատում գործերից մինչև վերջին և առաջին օրը, որ միջինն է այստեղի և հանդերձյալի։ Որով մեծազարմ ազգն իր սեփական ժողովուրդն ունեցավ՝ թագավոր և քահանա, հնազանդ ու Աստծո պատվիրաններին հլու, պսակազգյաց և մանյակազարդ, ըստ իմաստունի առակի խոստման՝ դեպի լույս բերեց Աստծո բազում որդիներ, որով և՝ բազում որդիներով վերապատվելով, նման երևաց մեծ Աբրահամին՝ հավատի հորը, և, թող հանդգնություն չլինի ասելս, առավել մեծ արդյունք ունեցավ, քան նա, ոչ թե ավազածին, այլ աստղափայլ և երկնային կայանին արժանի։ Որովհետև Աբրահամից սերվեցին սուրբ մարգարեները, քահանաներն ու թագավորները։ Այսպես նաև սուրբ Գրիգորին որդիացավ ժողովրդի բազմությունը՝ առաջանալով և բարձրագույն անվամբ ճոխանալով, ավելի մեծ փառքով զարդարվեց պատվիրանների պահպանությամբ, հաստատուն հավատով Աստծուն մերձենալով և Աստծո սիրո հանդեպ անդրդվելի սիրով։ Մանավանդ որ Աբրահամի զավակները աստվածավաճառ եղան, խաչ պատրաստող, տիրասպան և զանազան այլ չարիքներով լցված։ Իսկ մեր հովվապետի զավակները հավատի խոսքով մեղքերի աղտերից մաքրված քրիստոսակիրներ, Քրիստոսի խաչի երկրպագուներ, Աստվածածնին՝ Լուսո մորը դավանողներ եղան։ Սուրբ Գրիգորի հավատի որդիները ճգնազգյաց վարքով նահատակվեցին։ Այս ամենն ասելով՝ ոչ թե մեղադրում ենք հավատի հորը՝ Աբրահամին, որից էին առաքյալները, մարգարեները և Քրիստոսը՝ մարմնով, նաև մեր հոգևոր հայրն է Աստծո սիրելիի՝ Աբրահամի շառավիղը՝ մարմնով սերված և հավատով հաստատված, որից [սերում են] Մովսեսն ու Դավիթը, քահանաներ ու դպիրներ, թագավորներ ու դատավորներ։ Գրիգորից նույնպես սերում են մարգարեացող և վկայող քահանայապետներ ու քահանաներ, քաջազուն թագավորներ և հսկայազոր իշխաններ, հաղթող ու քաջամարտիկ զորականներ, մեծն Վրթանեսն ու սուրբ Արիստակեսը, Հուսիկն ու Գրիգորիսը, մեծն Ներսեսն ու Սահակը, սուրբ Մեսրոպն ու նրա աշակերտները՝ արի, երանելի և հռչակավոր, քանի որ հզոր առյուծի հետ հզոր կորյուններ են ճեմում։ Ձեռքերը տարածեցին, ինչպես Մովսեսը, վանեցին ազգերին, ինչպես Հեսուն, Տիրոջ տաճարի սխրալի շինողներ եղան՝ ինչպես Սողոմոնն ու Զորաբաբելը, Հեսուն, Նեեմին և Եզրասը՝ Աստծո սիրո նախանձախնդիրները, ոչ միակ և մեկ տեղում, ինչպես նրանցը, այլ մեր Փրկչի՝ Քրիստոսի շնորհով ամբողջ երկրում տարածված և ամեն տեղ պայծառապես հորինված։ Նրանց մեջ կարգեց դպիրների ու սարկավագների, քահանաների ու վարդապետների դասեր, որոնց գլխավորում էին վեհագույն պետեր՝ ըստ անմարմինների ինը դասերի օրինակով։ Երբ Տեր Աստծուց իրեն ավանդվածը հարդարեց, սուրբ Գրիգորիոսը՝ միայնությանը ծարավի, առանձնացավ անապատում՝ խոսելու Աստծո հետ։ Նա, ով աշխարհիկ կյանքում ավելի վեհագույն էր, քան բազում անապատականներ։ Քանի որ վիրապից ելնելուց հետո, ինչպես ասում է մեծ քարտուղար Ագաթանգեղոսը, ոչ թե մի կամ երկու քառասնօրյա պահքով, ինչպես Մովսեսը, Եղիան և սուրբերից շատերը, այլ միշտ էր պայծառանում պահքերի շնորհով։ Այսպիսի պահքերի պնդությանը նաև Տրդատը նախանձավոր եղավ՝ արի և քաջ հսկան, պատերազմում հաղթողը, բարեպաշտության սկիզբը, օրհնության արմատը, կրկնակի պսակների ժառանգավորը, թագավորների պարծանքը, քահանաների խնդությունը, քրիստոնյաների ուրախությունը, հայրապետների փառավորությունը, սրբության օժանդակողը, եկեղեցու հաստատությունը, մաքրության մատռվակը, զրկվածների ապավենը, գերվածներին դարձնողը։ Ո՞րը թվեմ նրա բարեպաշտության մրցանքներից, քանի որ իմ խոսքերի տկարությանը հաղթում են նրա բարության մեծամեծ հանդեսները։ Տրդատ բարեպաշտ արքան էլ նրա նման թողեց թագավորական փառքը և սուրբ Գրիգորի հետ ապրեց անապատում և ճգնեց պահքով և աղոթքով։

Արդ, պետք է իմանալ, որ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակի տոները յոթն են, և այդ տոներով հարկ է, որ մենք պատվենք մեր Լուսավորչին, որ Աստծո բոլոր ընտրյալների սուրբ վարքի նմանությունը իր մեջ ունի։ Քանի որ Մովսեսի նման նրա մեջ աղբյուրանում էին շնորհները ոչ միայն յոթանասուն, այլ յոթ անգամ ավելի ծերունիների ընտրությամբ։ Ըստ Ահարոնի կարգի՝ Աստծո սրբություն սրբոցի ճշմարիտ քահանա ոչ թե մեկ անգամ տարվա մեջ, այլ ամեն ժամ մտնելով իր բանական հոտի փրկագործության համար։ Հեսուի պես ճանապարհորդելով ոչ թե ավետյաց երկիր, այլ Երկնային Երուսաղեմ, որը մայրն է մեր բոլորի՝ ոչ թե մարմնի և արյան հետ պատերազմելով, այլ իշխանությունների և պետությունների։ Մեծ Եղիայի նման Աստծո օրենքների նախանձախնդիր էր, նաև անապատում բնակությամբ նրա կենցաղավարությունն ուներ։ Եղիսեի նման ճոխացած էր բազմազան հրաշագործություններով, բարձր խոսող էր՝ ինչպես Եսային, ցանկալի այր՝ ինչպես Դանիելը, հրաշատես՝ ինչպես Եզեկիելը, վշտերին համբերող՝ ինչպես արդար Հոբը, ողբացող՝ ինչպես Երեմիան, անաչառ հանդիմանող՝ ինչպես Հովհաննեսը։ Առաքյալների նման ճշմարտության Խոսքի քարոզիչ էր, մարգարեների հետ՝ ապագայի տեսանող, մարտիրոսների հետ՝ նահատակ և Աստծո Որդու վկա։ Ճգնավորների հետ՝ առաքինասեր վարքով ճգնող, երկնքի զվարթունների հետ՝ անմարմին հրեշտակ մարմնի մեջ։

Դու, սո՛ւրբ Գրիգոր, մարգարեական ծաղիկ, առաքելական պտուղ, հայրապետական պսակ, վարդապետական պարծանք, մարտիրոսական թագ, քահանայական պատիվ, ճգնավորական հանդես, կրոնավորական նախանձ, քրիստոսական տիպ, մաքուր կերպ, սրբության օրինակ, առաքինական կնիք, պարկեշտության դրոշմ, ժուժկալության պատկեր, համբերության օրինակ, ճշմարտության հարացույց, ստուգության տարազ, աստվածպաշտության ապացույց, ուղղափառ հավատի ամուր զենք, ուղղադավան խոստովանող։

Արդ, մոռացա անձիս տկարությունը, իմ կարողությունից ավելին ձեռնարկել հանդգնեցի՝ չիմանալով, որ ով անզգամաբար հպվում է հրին, այրվում է։ Բայց դու, ո՛վ աստվածային գլուխ և առաջնորդ ամենայն բարյաց, մեծ Գրիգորիո՛ս, իմ Լուսավորի՛չ, իմ բաղձալի, իմ փափագելի, իմ տենչալի, քաղցրությա՛մբ ընդունիր նվաստիս խոսքի պտուղը և հատուցի՛ր մեզ առատապես՝ ըստ քո մեծ խնամքի՝ բարեխոսելով մեր փրկության համար, քանի որ այժմ ավելի համարձակություն ունես, քան երբ մարմնի մեջ էիր։ Քեզ տոնախմբողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջ մոտ, որին Հոր և Սուրբ Հոգու հետ փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

Աշխարհաբար թարգմանությունը Մարթա Արաբյանի

, , , , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ