Բեթղեհեմի սուրբ մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմոս քահանայի և Կոտրատիոս զորավարի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Բեթղեհեմի մանուկները,

Ակակիոս վկան,

Մովկիմոս քահանան,

Կոտրատիոս զորավարը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, ԻԹ. 2-7

Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ։ Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը։ Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն։ Ով կռիւ է փնտռում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար։ Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կը լարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ։ Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի։

Եսայի մարգարե, ԺԸ. 8

Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, Բ. 13-17

Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեան եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, որ մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ Սատանային, եւ ազատի նրանց, որ, մահուան երկիւղով, միշտ գերութեան վիճակում էին։ Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին։ Ուստի, պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը, որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարո՛ղ է օգնել փորձութեան ենթարկուածներին։

Ավետարան ըստ Մատթեոսի, Բ. 16-18

Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԱՁ. Սրբոց մանկանցն Բեթղեհէմի եւ Ակակիոսի վկային, Մովկիմայ քահանային եւ Կոտրատիոսի զինաւորին:

Օրհ. Մրտ. աձ. Ժողովեալքս: Հրց. դձ. Այսօր անմեղ, իւր սարօքն։ Մնկ. եւ Հմբ. ստղ. դկ. Երանելի սուրբ մանկունքն (յատեանն)։ Ժմտ. Ի տաճարի: Ճշ. շրկ. աձ. պարծեսցին սուրբքն:

, , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ