31

Եղբայրներ, եթե Տերը, որ ամբողջ աշխարհի Տերն է, չարչարվեց հանուն մեր հոգիների, ում Աստված աշխարհի հիմնումից առաջ ասաց. «Արասցուք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան» (Ծննդ․, 1. 26), արդ, ինչպե՞ս Նա հանդուրժեց չարչարվել մարդկանց ձեռքով։ Իմացե՛ք այս. «Մարգարեները, Նրանից շնորհ ունենալով, մարգարեացան Նրա մասին, և քանի որ Նա պետք է երևար մարմնովք, չարչարվեց՝ մահը խափանելու (Բ. Տիմոթ․, 1. 10) և մեռելներից հարությունը հռչակելու համար», և որպեսզի իրագործեր հայրերին տրված խոստումը և անձնապես նոր մարդիկ պատրաստեր Իր համար ու երկրում եղած ժամանակ ցույց տար, որ Նա Ինքն է հարություն տալու մեռելներին և դատելու հարուցյալներին։ Բացի այդ, Իսրայելին սովորեցնելով և բազում նշաններ ու հրաշքներ գործելով՝ Նա քարոզում էր՝ մեծ սեր ցուցաբերելով ժողովրդի հանդեպ։ Իսկ երբ Նա ընտրեց Իր Առաքյալներին, ովքեր Իր ավետարանն էին քարոզելու, ընտրեց մեղավորներից վատթարագույններին՝ ցույց տալով, որ «ոչ եկի կոչել զարդարս, այլ՝ զմեղաւոր» (Մարկոս 2. 17), հետո Իրեն հայտնեց որպես Աստծու Որդի։ Եթե Նա չգար մարմնով, ապա Նրան միայն տեսնելով-նայելով՝ մարդիկ փրկության ոչ մի հնարավորություն չէին ունենա, որովհետև նույնիսկ երբ մարդիկ նայում են Նրա ստեղծած և խավարման ենթակա արևին, մի՞թե կարողանում են նայել ուղիղ նրա ճառագայթներին։ Արդ, Մարդու Որդին սրա համար մարմնացավ. պռնկեպռունկ լցնելու Իր մարգարեներին մահվան աստիճան հալածողների մեղսաբաժակը։

32

Արդ, մեղքերի թողությամբ մեզ նորոգելով՝ Նա այլ կնիքով է մեզ կնքել, որպեսզի մեր հոգիները կարողանան նմանվել մանկանց հոգիներին, ինչպիսին կլինեին, եթե Նա նորից ստեղծելու լիներ մեզ։

33

Արդ, եթե Աստծու Որդին՝ լինելով Տեր, «որ դատելոց է զկենդանիս և զմեռեալս» (Բ. Տիմոթ․, 4. 1, տե՛ս նաև Ա․ Պետրոս, 4. 5, Մատթեոս, 27. 34), չարչարվեց, որպեսզի Իր վերքը կարողանար մեզ ապրեցնել, եկեք ընդունենք, որ Աստծու Որդին միայն մեզ համար կարող էր չարչարվել։ Իսկ երբ խաչեցին Նրան, «ետուն նմա ըմպել գինի ընդ լեղի խառնեալ» (Մատթեոս, 27. 34)։ Լսեք, թե ինչպես էին տաճարի քահանաները կանխասում այս։ Պատվիրանում գրված է. «Ամենայն անձն որ ոչ խոնարհեսցի յաւուր յայնմիկ, սատակեսցի ի ժողովրդենէ իւրմէ» (Տես Ղևտացիների 23. 29)։ Տերը պատվիրեց այս, որովհետև Նա Ինքն էր Իր հոգու անոթը մատուցելու իբրև զոհաբերություն մեր մեղքերի համար, որպեսզի իրագործվեր զոհասեղանի վրա մատուցված Իսահակի մեջ հաստատված խորհրդանիշը։

34

Նա նաև ասում է. «Գետն հոսէր յաջմէ կողմանէ, և ահա յափն գետոյն ծառմատունկ բազում յոյժ յայսկոյս յայնկոյս, յամենայնի յորոց վերայ եկեսցէ գետն՝ կենդանի լիցի» (Տե՛ս Եզեկիել 47. 1-12)։ Սրանով Նա հաստատում է, որ մենք, մեղքերով ու աղտերով բռնված, ընկղմվում ենք ջրի մեջ ու ելնում՝ պտուղ կրելով մեր սրտում և մեր հոգում երկյուղելով ու ապավինելով Քրիստոսին։

35

Արդ, Մովսեսն ասաց Նավեի որդի Հեսուին՝ նրան այս անունը տալուց հետո, երբ ուղարկեց հետախուզելու երկիրը. «Գրեա զայդ առ ի յիշատակ ի գիրս, և տուր յականջս Յեսուայ, զի ջնջելով ջնջեցից զյիշատակ Ամաղեկայ յերկրէ ի ներքոյ երկնից» (Տե՛ս Ելք 17. 14, 16)։ Տեսեք, ահա կրկին Հիսուսը՝ ոչ իբրև մարդու որդի, այլ իբրև Աստծու Որդին՝ հայտնված մարմնով խորհրդանշաբար։ Մինչ նրանք կասեն, որ Քրիստոսը Դավթի որդին է, Դավիթն ինքն է մարգարեանում՝ երկյուղելով և հասկանալով մեղավորների սխալը. «Ասաց Տէր ցՏէր իմ, Նիստ ընդ աջմէ իմմէ, մինչև եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց» (Սաղմոս 109, 110, Ծ. 1)։ Եվ դարձյալ, Եսային ասում է հետևյալը. «Այսպէս ասէ Տէր Աստուած ցօծեալն իւր ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազգս, և զզօրութիւն թագաւորաց խորտակեցից» (Տե՛ս Եսայի 45. 1)։ Տեսե՛ք, Դավիթը Նրան Տեր է կոչում և չի ասում որդի (Մարկոս 12. 37, Մատթոս 22. 45, Ղուկաս 20. 44)։

36

Նախքան Աստծուն հավատալը մեր սրտի բնակարանը ապականված էր ու տկար, ինչպես ձեռակերտ մի տաճար, որովհետև համակված էր կռապաշտությամբ և Աստծուն հակառակ բաներ անելով՝ դևերի տուն էր։ «Նա շինեսցէ տուն անուան Տեառն» (Տե՛ս Բ. Թագավորների 7. 13)։ Այժմ ուշադիր եղեք, որ Տիրոջ տաճարը փառքով կառուցվի։ Իմացեք, թե ինչպես։ Երբ մեղքերի թողություն ստացանք ու ապավինեցինք Անվանը, նորոգվեցինք ու նորից ստեղծվեցինք սկզբից։ Հիմա Աստված ճշմարտապես բնակվում է մեր մեջ, այն բնակարանում, որ մենք ենք։ Ինչպե՞ս. հավատքի Իր խոսքը, խոստման Իր հայտնումը, Իր վճիռների իմաստությունը, Իր ուսուցանածի պատգամները Ինքը մեր մեջ մարգարեանալով, Ինքը մեր մեջ բնակվելով։ Թեպետ մահվան գերի ենք եղել, բայց Նա բացում է տաճարի դուռը մեզ համար, ասել է թե՝ մեր բերանը՝ ապաշխարություն տալով մեզ, որով և առաջնորդում է մեզ դեպի անապականելի տաճար։

37

Հերետիկոսություն մի՛ արեք, այլ խաղաղեցրեք և միաբանեք կռվողներին։ Խոստովանե՛ք ձեր մեղքերը (15)։ Աղոթքի մի՛ ելեք չարիք գործածի գիտակցությամբ։ Այս է լույսի ճանապարհը (16)։

————————————————–
Թարգմանությունը՝
Հասմիկ Մուրադյանի

Հատկորոշիչներ՝ Բառնաբաս, Հիսուս, նամակ

Այլ նյութեր

Related

Աթենագորաս Աթենացի

ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ԱԹԵՆԱՑԻ ԱՂԵՐՍ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 161 Մի՞թե անխոհեմ չէ մեզ աթեիստ անվանելը, չէ՞ որ մենք Աստծուն զատում ենք նյութից և սովորեցնում, որ նյութը մի բան է, իսկ Աստված՝ մի այլ բան, որ մեծ տարբերություն կա նրանց միջև. Աստվածությունը անստեղծ է և հավերժական՝ ընդունակ...

read more

Ընդդեմ հեթանոսների

ԱՌՆՈԲԻՈՍ ՍԻՔԱՑԻ (Ք․ հ․ 327 թ․) ԸՆԴԴԵՄ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ 617 [1, 42] - Դուք պաշտում եք մեկին, որ մարդ է ծնվել։ - Եթե նույնիսկ դա ճշմարիտ լիներ, այնուհանդերձ, ինչպես նշվել է վերևի հատվածներում, շնորհիվ Նրա կողմից մեզ ընծայված այդքան առատ շնորհների, պարտավոր ենք Նրան կոչել և...

read more

Ջատագովություն

ԱՐԻՍՏԻԴԵՍ ԱԹԵՆԱՑԻ ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ 110 Տեսնելով, որ աշխարհն ու նրանում եղածը ինչ-որ զորությամբ են շարժվում, հասկացա, որ այն շարժողն ու պահպանողն Աստված է, քանզի որևէ բան շարժողն ավելի ուժեղ է, քան շարժվողը, և որևէ բան պահապանողն ավելի ուժեղ՝ քան պահպանվողը։ Ես այդ...

read more