Աստվածաշունչը Հիսուսի մասին է

Բաժին՝ Մաս Զ.
«Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք կունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39)։

Աստվածաշունչը ստվարածավալ Գիրք է՝ կազմված շուրջ մեկուկես հազարամյակի ընթացքում քառասուն հեղինակների՝ մարգարեների ու առաքյալների ձեռամբ, տարբեր լեզուներով (հիմնականում եբրայերեն և հունարեն, մասամբ էլ՝ արամերեն) և զանազան գրական ժանրերով։ Բայցևայնպես, Սուրբ Գիրքը մեր առջև հառնում է որպես կուռ, բովանդակությամբ անխորտակելի, միասնական ամբողջություն՝ գրված Սուրբ Հոգու անմիջական ներշնչանքով։

Ո՞րն է կամ, ավելի ճիշտ, ո՞վ է այս միասնության առանցքը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Առանց այս ճշմարիտ քրիստոնեական աշխարհայացքի ըմբռնման սրբազան պատմության կարևորագույն իրադարձություններն ու իրողությունները դժվարհասկանալի, նույնիսկ անըմբռնելի են՝ սահմանափակված տեղի և ժամանակի մեջ՝ մինչդեռ նրանք տիեզերական, համամարդկային նշանակություն ունեն և բոլոր ժամանակների ու սերունդների համար են։

Ս. Գիրքը կազմված է երկու մասից՝ Հին և Նոր Կտակարաններից (Հին Կտակարան՝ 48 գիրք, Նոր Կտակարան՝ 27 գիրք), որոնց բաժանումը պայմանավորված է Հիսուս Քրիստոսի նկատմամբ դիրքորոշումով։ Հին Կտակարանում Նա ներկա է որպես խոստացյալ Փրկիչ, Ում գալուստն ապագայում է կատարվելու, և դա կանխանշված է հատուկ մարգարեություններում, նախօրինակներում ու խորհրդանիշներում, իսկ Նոր Կտակարանում Հիսուսն իրականացնում է մարդու փրկությունը։

Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, բազմիցս հաստատում է այս իրողությունը. «Քննեցե՛ք Գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ Գրքերն իսկ վկայում են Իմ մասին» (Հովհ. Ե 39), և սկսած Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրված էր Իր մասին բոլոր Գրքերում» (Ղուկ. ԻԴ 27, տե՛ս նաև Հովհ. Ե 46, Ղուկ. ԻԴ 4)։

Նոր Կտակարանում չկա Փրկչի կյանքի, առաքելության, չարչարանքների ու մահվան վերաբերյալ մի փաստ, անգամ աննշան մանրամասնություն, որը Հին Կտակարանում նախանշված չլինի։ Սուրբ Աթանաս Աղեքսանդրացին գրում է, որ Հին Կտակարանը շարադրված է միասնական Հոգով և շարադրված է Փրկչի մասին։ Ընդ որում մարգարեությունները ոչ միայն կանխասում, այլև հաճախ լրացնելով՝ լույս են սփռում նորկտակարանյան այս կամ այն իրադարձության վրա, օրինակ՝ Եսայի մարգարեի ԾԳ գլուխը ոչ միայն պարզաբանում է Քրիստոսի չարչարանքների ու քավչարար մահվան խորհուրդը, այլև բացատրում է Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ահա Գառն Աստծո» (Հովհ. Ա 29)։ Իսկ մարգարեությունների շղթան սկսվում է Ադամով և այդ իսկ պատճառով կոչվում է «Նախաավետարան», և հասնում մինչև Հովհաննես Մկրտչի հայրը՝ Զաքարիան։

Նույն է նաև խորհրդանիշերի, նախօրինակների պարագան։ Նախօրինակ են կոչվում այն անձինք, պատմական իրադարձություններն ու առարկաները, որոնք, բացի իրենց ժամանակներում իրողություն լինելուց, խորհրդավորապես վերաբերում են ապագային և արտահայտում կամ կանխանշում մեսիական որևէ հատկանիշ։ Օրինակ՝ Ինքը՝ Քրիստոս, նշում է անապատում Մովսեսի հրամանով բարձրացրած պղնձե օձի (Հովհ. Գ 49), Հովնանի՝ կետի փորում երեք օր ու գիշեր գտնվելու՝ (Մատթ. ԺԲ 40) իր նախօրինակ լինելը։ Քրիստոսի նախօրինակներն են Ադամը, Նոյը, Մելքիսեդեկը, Իսահակը, Ահարոնը, Հեսու Նավեն, Դավիթը, Սողոմոնը, ինչպես նաև քահանայապետերը և այլք, Նոյի տապանը, մանանան, ամպի սյունը, հինկտակարանյան զոհերը, Տաճարը և այլն։ Պողոս առաքյալը գրում է, որ Հին Կտակարանի բոլոր արարողություններն ու ողջ պաշտամունքը «գալիք բաների ստվերներն են. բուն մարմինը Քրիստոսն է», կամ` «Արդարև, գալիք բարիքների ստվերն էր օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1), և որ հինկտակարանյան բոլոր օրինակները որպես «խրատ գրվեցին մեզ համար» (Ա Կորնթ. Ժ 11) և այլն։

Մատթեոսի (Ա 1-16 և Ղուկասի (Գ 23-37) Ավետարանների Հիսուսի ազգաբանությունները ոչ այլ ինչ են, քան բովանդակ հինկտակարանյան պատմության համառոտագրություն։

Սա է Սուրբ Գրքի ուղղափառ ընթերցանության և մեկնաբանության մյուս կարևորագույն պայմանը։

Հատկորոշիչներ՝ աստվածաշունչ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր