Աստվածաշնչի ընթերցանության հերթականությունն ըստ կարևորության և մատչելիության

Աստվածաշնչյան բոլոր Գրքերն էլ, թեպետ կուռ ամբողջություն են կազմում, սակայն տարբեր են թե՛ իրենց կարևորությամբ և թե՛ մատչելիությամբ, ինչն ինքնին ենթադրում է ընթերցանության՝ սրբազան Գրքերի ընդհանուր ցանկից զանազանվող հերթականություն և առանձին Գրքերի ավելի խորը քննություն և սերտողություն։

Ս. Գրքի երկու անքակտելի մասերից առավելագույն հարգը Նոր Կտակարանինն է, իբրև Հնի լրումի (1)։ Իսկ նորկտակարանյան 27 Գրքերի շարքում բնականաբար կարևորագույները չորս Ավետարաններն են, որոնք նկարագրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և քավչարար մահը, ու շարադրում Նրա խոսքերն ու վարդապետությունը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով, Ում ժառանգ նշանակեց ամեն ինչի, և Ում միջոցով ստեղծեց տիեզերքը» (Եբր. Ա 13)։

Իրենց կարևորությամբ Ավետարաններին հաջորդում են Գործք առաքելոցն ու առաքելական թղթերը։

Ավետարանների այս գերակա հարգն իր արտահայտությունն է գտել նաև Եկեղեցու ընդհանրական աստվածպաշտության մեջ։ Սրբազան Գրքերից միայն Ավետարանն է դրվում խորանում՝ սուրբ Սեղանի վրա։ Այն մատուցվում է հոգևորականներին ու հավատացյալներին՝ համբուրելու համար։ Քահանան, իբրև մեծարանքի նշան, Ավետարանը բռնում է դաստառակով՝ թաշկինակով։ Ավետարանական ընթերցվածքներն ընդգրկված են Մաշտոցի մեջ՝ իբրև հիվանդների բժշկության կանոն, և այլն։

Հինկտակարանյան Գրքերից քրիստոնյաների համար ամենակարևորը Սաղմոսարանն է, որը լայնորեն կիրառվում է ընդհանրական և առանձնական աստվածպաշտության մեջ։ Սաղմոսները հոգևոր երգեր են, որոնք իրենց փառաբանական, գոհաբանական, պաղատական և ապաշխարական բնույթով նույնական են աղոթքների հետ, բայց այն առանձնահատկությունն ու տարբերությունն ունեն վերջիններից, որ հինկտակարանյան բովանդակ օրենսդրական, պատմական, իմաստասիրական և մարգարեական գրքերի կատարյալ խտացումն են։

Նորկտակարանյան Գրքերի և Սաղմոսարանի դերը առանձնական աստվածպաշտության մեջ մեծ է և կարևորվել է Եկեղեցու հայրերի կողմից։ Նշենք, որ Նոր Կտակարանի Գրքերի և սաղմոսների քաջ իմացությունն ու անգիր իմանալը պարտադիր է եղել միջնադարյան վանքերում։

Սակայն նորկտակարանյան Գրքերի առանձնահատուկ դերն ու կարևորությունը չի նսեմացնում հինկտակարանյան մյուս Գրքերի արժեքը, այլ միայն աստիճանակարգում է։ Հենց Հին Կտակարանի Գրքերը նկատի ունի Պողոս առաքյալը, երբ ասում է. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17) (2)։

Սակայն հինկտակարանյան Գրքերի ընտրությունը մանավանդ սկսնակներից զգուշություն է պահանջում։

Այսպես, ըստ Որոգինեսի վկայության՝ Իսրայելում մինչև 30 տարին բոլորելը արգելված էր կարդալ Աստվածաշնչի սկիզբը, Եզեկիելի մարգարեության սկիզբն ու վերջը և Երգ երգոցը։ Ս. Աթանաս Աղեքսանդրացին Երգ երգոցի համար մասնավորապես ասում է. «Նրա մեջ ամեն ինչ սկզբից մինչև վերջ գրված է խորհրդաբար, առեղծվածային այլաբանությամբ. նրա մեջ ամփոփված դավանական իմաստները ոչ թե տառի մեջ են, այլ խորապես ծածկված են նրա տակ… Ահա թե ինչու միայն կատարյալները կարող են կարդալ այս գիրքը, սակայն նրանք էլ կարդալիս պետք է նկատի ունենան այլաբանությունը, որպեսզի անիմաստների տգիտությամբ չծաղրվի նրա մեջ շարադրվածը» (3)։

Բանն այն է, որ այս գիրքը այլաբանորեն պատմում է Փեսայի` Հիսուս Քրիստոսի և հարսի` Եկեղեցու` մեկ-մեկու նկատմամբ կատարյալ սիրո մասին, և այս սերը նկարագրված է իբրև աղջկա սեր իր սիրեցյալի նկատմամբ, ինչը կարող է գայթակղեցնել շատերին։

Սիրաքի գիրքը միշտ օգտակար է համարվել պատանիների համար։ Այս բանն, ի դեպ, վավերացվել է առաքելական ՁԵ կանոնով և ավելի ուշ՝ Սիոն կաթողիկոսի օրոք՝ 768թ. գումարված Պարտավի ժողովի կողմից, որն իր ԻԴ կանոնում այդ գիրքը շահեկան է համարում հատկապես պատանիների համար. «Առ ի յուսուցանելոյ զձեր մանկունս զուսումն բազմամասն» (4)։

Հինկտակարանյան գրքերի մատչելիությունն ըստ տարիքի և հոգևոր հասունության փաստվում է նաև ս. Գր. Տաթևացու կողմից. «Պետք է իմանալ նաև, որ Սողոմոնի երեք գրքերը խրատ են մարդու երեք հասակի համար. Առակները՝ պատանիներին, Ժողովողը՝ երիտասարդներին, իսկ Երգ երգոցը՝ ծերունիներին։ Առակները սովորեցնում են մեզ բարոյական առաքինությունները, Ժղովողը՝ ստացականները և Երգ երգոցը՝ աստվածայինները։ Առակները արտաքին սրահն են, մյուսը՝ Սրբությունը և Երգ երգոցը՝ Սրբություն Սրբոցը։ Առակներով գալիս ենք հավատի իմաստությանը, աշխարհի ունայնությամբ (այսինքն՝ Ժողովողի գրքով)՝ երկնավոր հույսին, և Երգ երգոցով՝ Աստծո անախտ սիրուն, որը լրացնում է ամեն ինչ» (5)։

Նշենք նաև, որ Հին Կտակարանում, ի թիվս Աստվածաշունչ Գրքերի, ընդգրկված են երկրորդական կոչվող գրքեր, որոնց հեղինակները աստվածաշնորհ մարգարեները չեն։ Այս գրքերը, որոնցում կան դժվարըմբռնելի հատվածներ կամ էլ ամբողջովին բացակայում է հոգևոր բովանդակությունը, այդուհանդերձ ընդգրկվել են Ս.Գրքի ցանկի մեջ՝ իբրև օգտակար հավատի շինության համար։ Աստվածաշնչի արդի արևելահայերեն թարգմանության մեջ զետեղված են ինը երկրորդականոն գրքեր՝ Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա,Բ,Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք և Բարուք։ Երկրորդական գրքերի թիվը տարբեր Եկեղեցիներում զանազան է։

Ժամանակ առ ժամանակ առանձին գրքերով կամ ամսագրերում լույս են տեսնում պարականոն (ապոկրիֆ) անվանվող գրքերը։ Բանն այն է, որ անցյալում այդ գրքերի հեղինակները, հետապնդելով ինչ-ինչ նպատակներ կամ փորձելով տարածել իրենց կեղծ ուսմունքներն ու կարծիքները, նենգաբար իրենց գրվածքներին տվել են սուրբգրային խորագրեր և տեսք։ Քրիստոնեության առաջին դարերում ի հայտ եկան մի շարք պարականոն գրքեր, ինչպես՝ «Հակոբի նախավետարանը», «Թովմասի Ավետարանը», «Պողոս առաքյալի հայտնությունը» և այլն, որոնք կազմված էին եբիոնության և գնոստիզմի ուսմունքների համաձայն։

Քրիստոնեության տարածումից հետո սուրբգրային ընթերցումները Եկեղեցու ընդհանրական աստվածպաշտության անքակտելի մասը դարձան, ինչը ժողովրդին «վարդապետությամբ խրատելու և բարին հորդորելու համար են, նաև նախագուշակ և վկա Տիրոջ տնօրինության» (6)։ Առաքելական Ը կանոնում կարդում ենք. «Առաքյալները կարգեցին և հաստատեցին, որ Եկեղեցում ընթերցվեն Գրքերը՝ Հին Կտակարանը՝ Օրենքը և Մարգարեները, և Նոր Կտակարանը, (որոնք լինեն մեր Փրկչի չարչարանքների մասին), ավետարանիչների գործն ու խոսքը (ճշմարիտ Բանի) և Փրկչի աշակերտների վարդապետության մասին։ Սրանից ավելին թող չընթերցվի բեմից»։

Սուրբգրային այս ընթերցվածքները նախկինում կարդացվում էին ճաշու ժամերգության ընթացքում, այդ պատճառով էլ ընթերցվածքների այս ժողովածուն կոչվեց Ճաշոց գիրք կամ պազապես Ճաշոց։ Բացի Ճաշոցից, կազմվեցին նաև այլ գրքեր՝ Ատենի, Յուղաբերի, Ճաշու Ավետարաններ։ Ճաշոցի ընթերցվածքների հերթականությունը ներկայացված է հետևյալ եռակարգությամբ՝ Հին Կտակարան, Առաքյալների թղթեր, ապա՝ Ավետարան։ Այս հերթականությունը խորհուրդ ունի։ Ս. Գր. Տաթևացին այսպես է մեկնում այդ կարգը. «Ասենք, որ մարգարեները, իբրև կանխասացներ, նախապես պատմեցին Բանի մարդեղության և մարդկանց փրկության մասին, իսկ առաքյալները, իբրև ականատեսներ, վկայեցին։ Իսկ կանխասելը նախորդում է վկայելուն։

Դաձյալ՝ մարգարեները՝ հեռվից, իսկ առաքյալները մոտիկից տեսան մարմնացած Բանին։ Այդ իսկ պատճառով փոխում ենք տեղերը՝ մարգարեներից կարդում ենք Եկեղեցու մեջ, իսկ առաքյալներից՝ բեմի մոտ։

Մարգարեները սերմանեցին, իսկ առաքյալները հնձեցին։ Մարգարեները կանխասացին, իսկ առաքյալները կատարեցին։ Դարձյալ՝ նախ օրինակը, ապա՝ ճշմարտությունն ենք սովորում այստեղ, ապա այնտեղ՝ անընդմիջաբար Տիրոջից, ինչպես որ ասվում է. «Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն» (Հովհ. Զ 45) (7)։

Այնուհետև Գր. Տաթևացին գրում է, որ միշտ կիրակի օրերին Եսայի մարգարեի գրքից է ընթերցվում, որովհետև մարգարեներից միայն նա աստվածաբան կոչվեց Քրիստոսի տնօրինությունների մասին մյուսներից առավել խոսելու պատճառով։ Այդպես է նաև Պողոս առաքյալի պարագայում։ Քանի որ հրեաների և հեթանոսների քարոզիչը պատմում է Փրկչի բոլոր տնօրինությունների մասին, ուստի «բոլոր տոներին, պահքի, ուտիքի, շաբաթ և կիրակի օրերին նրանից ենք կարդում» (8)։

«Ավետարանի ընթերցանությունը,- գրում է Հովհ. Արճիշեցին, – սովորեցնում է, թե որքան առատ և անչափ է Հոր սերը մարդկանց հանդեպ, քանզի տվեց ոչ միայն խաղաղություն, այլև Իր Միածնին՝ պես-պես տնօրինություններով հանդերձ, որոնք են՝ մարդեղությունը, վարդապետության խոսքերը, սքանչելի գործերը և այս բոլորից առավել՝ խաչելությունը, թաղումը և հարությունը։ Այս բոլոր երախտիքներն է պատմում Ավետարանը, որոնք լսելով՝ ամբողջ ժողովուրդը հիանալով փառք է տալիս Աստծուն՝ ասելով. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր»։

Ճաշոց գիրքն սկսվում է զատկական ընթերցումնեով և ներառում ամբողջ Նոր Կտակարանը (բացառութամբ Հայտնութան գրքի) և մասամբ՝ Հին Կտակարանը։

Բացի սուրբգրային այս հատվածները Եկեղեցում ունկնդրելուց, հավատացյալներին խորհուրդ է տրվում ընթերցել դրանք տանը։ Այդ նպատակով «Տօնք, պահք և ընթերցուածք Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ» օրացույցում նշված են յուրաքանչյուր օրվա ընթերցվածքները։

Ընթերցանության այս շահեկան եղանակը ոչ միայն պատեհություն է ընձեռում խորունկ և ուղղափառ ձևով հասկանալու Ս. Գիրքն իր Հին և Նոր Կտակարանների միասնության մեջ, այլև տեսնելու նրա առնչությունը Եկեղեցու աստվածպաշտական տարեկան շրջանի յուրաքանչյուր օրվա հետ։ Այսպես, այս տարվա հունվարի 15-ը ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնն է, որին իր խորհրդով համահունչ են այդ օրվա ընթերցվածքները՝ Առակ. Ը 4-11, Մաղաք. Դ 5-7, Եսայի Խ 3-5, Գործք ԺԳ 25-33, Ղուկ. Ա 57-80։ Իսկ Ավագ Ուրբաթի թաղման կագին համապատասխանող հատվածներն են՝ Երեմ. ԺԱ 18-ԺԲ 8, Եսայի ԾԲ 13-53, Իմաստ. Բ 1-22, Զաքար. ԺԲ 8-14, Ա Պետ. Գ 17-20, Մատթ. ԻԷ 56-61։

Եպիսկոպոս Ֆեոֆանը այս կապակցությամբ գրում է. «Ամեն ոք չէ, որ կարող է անգիր անել Աստծո խոսքը, սակայն ամեն ոք կարող է կարդալ ամեն օր։ Եկեղեցում ընթերցվում են կարճ հատվածներ կամ ընթերցվածքներ. տանը կարելի է ավելի շատ կարդալ։ Հոգեշահն այն չէ, թե քանի էջ ես կարդում, այլ կարևորն այն է, որ կարդացվածը հոգու մեջ մտնի, սիրտը շարժի այնպես, որ ցանկանաս ավելի երկար մտապահել, նրանով քաղցրացնել սիրտը։ Այդ պատճառով չպետք է փութով կարդալ։ Ավելի լավ է հասկանաս և սրտով յուրացնես այն, ինչ սահմանված է ընթերցվելու Եկեղեցում։ Ուստի լավ է նաև կարդալ կարգով հաստատված օրվա ընթերցվածքի մեկնությունը»։

———————————————

(1) Տես «Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսի մասին է» գլուխը:

(2) Պողոս առաքյալի սույն տողերի գրության ժամանակ Նոր Կտակարանը դեռևս կազմված չեր:

(3) Երգ երգոց հանդերձ մեկնութեամբ նախնեաց, Երևան, «Գանձասար», 1993, էջ 9-10:

(4) Կանոնագիրք Հայոց, Բ, Երևան, 1974, էջ 18:

(5) Ս. Գր. Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Երևան, «Անկյունաքար», 2000, էջ 17:

(6) Հովհաննես Արճիշեցի, Մեկնություն Պատարագի, 1999, էջ 47:

(7) Ս. Գր. Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 634:

(8) Նույն տեղում, էջ 644:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ