Աստվածաշնչի բարերար ազդեցությունը

Յուրաքանչյուր մարդկային միտք, յուրաքանչյուր մարդկային խոսք զորություն է։ Եվ եթե դա հավաստի է մարդկային մտքի և խոսքի համար, ապա մանավանդ հավաստի է Աստծո խոսքի՝ Քրիստոսի խոսքի համար։

Երբ մենք լսում ենք Քրիստոսի ավետարանական խոսքը՝ անուշաբույր, մեղմիկ ու քաղցրալուր. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. Ե 8), «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. ԺԱ 29), բնավ չենք մոռանում, որ այդ հեզ խոսքը այն անըմբռնելի ու անսահման զորությունն է, որը խավարի անէությունից լուսեղեն կյանքի կոչեց ամենայն գոյավորը, բոլոր անթիվ աշխարհները, իրենց բազմազանության մեջ անհամար բոլոր բանական և ոչ բանական արարածներին։

Քրիստոսի խոսքը՝ զգեստավորված խոնարհ, զգայականորեն ընկալելի մարդկային խոսքի ձևի մեջ, որը կարող է արտահայտվել նույնիսկ գծագրական-տեսողական նշաններով՝ գրավոր կերպով, այն խոսքն է, որն իր խորքում, իր հիմքում մեծ, ամենակարող, ամենայնի Արարիչ Աստծո զորությունն է։

Խոսքի մասին հարկ է ասել այն, ինչ Աստվածաշնչում ասվում է Իր՝ Աստծո մասին, այսինքն՝ Նա «ոչնչացնող կրակ» է, որին հողեղենները պետք է մոտենան մեծ ահով ու դողով (Եբր. ԺԲ 28-29)։

«Խիստ ընտիր են Քո խոսքերը» (Սաղմ. ՃԺԸ 140),- ասում է սաղմոսերգուն։

Քրիստոսի խոսքը ամենախորհրդավոր խոսքն է. այն անմատչելի է, անըմբռնելի հանճարների համար, բայց միաժամանակ այնքան պարզ է, որ մատչելի է նույնիսկ մանուկներին։

Քրիստոսի խոսքը այնքան մոտ է մեզ, այնքան հասկանալի, բնականաբար խորապես հոգեհարազատ մեր մարդկային սրտին և, այդուհանդերձ, անկասկած անսահմանորեն գերիվեր է արարածի բնության զորությունից. այն աստվածային է, անհասանելի, գերբնական և, ինչպես ասում է Պողոս առաքյալը` «մարդկային չէ և մարդուց վերցված չէ» (տե՛ս Գաղատ. Ա 11-12)։

Ազատ մարդուն ուղղված Քրիստոսի խոսքը հակիրճ է, անբռնադատ և միաժամանակ մարդուն ամենևին ոչ հատուկ անսահման իշխանությամբ օժտված, իբրև բացարձակ հեղինակության խոսք, իբրև բովանդակ կեցության ամենազոր Տիրոջ խոսք. «Երկինք ու երկիր պիտի անցնեն, բայց Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. ԻԴ 35)։

Խոր հավատով ընկալված Քրիստոսի խոսքը առաջնորդում է մարդուն դեպի հավիտենական կյանք մի ճանապարհով, որում նա կհանդիպի շատ անսովոր, խորհրդավոր բաների։ Այդ վսեմ ճանապարհին այն ամենն, ինչ մարդն իր կեցության ընթացքում կարող է վերապրել և ճանաչել, կբացվի նրան։Քրիստոսի խոսքը հասնում է խավարտչին անդունդի ծայրասահմաններին՝ ի հայտ բերելով ճշմարտության բազմաթիվ հատկանիշների բնությունը, որոնք խավարում առինքնում են մարդուն։ Քրիստոսի խոսքը կրակ է, որ փորձում է այն ամենը, ինչ որ կա մարդու մեջ և առհասարակ աշխարհի կեցության մեջ, քանզի ինչպես վկայում է Պողոս առաքյալը. «Նրա առաջ չկա անտեսանելի արարած» (Եբր. Դ 13)։ Քրիստոսի խոսքը հոգի է և կյանք, սիրո լրում և երկնային խնդություն, Քրիստոսի խոսքը աստվածային ինքնագո լույսն է։ Այն ներազդում է ոչ թե մակերեսային տրամաբանական բանականության, այլ մարդու սրտի խորքերի վրա։

Ավետարանն օժտված է նաև խորհրդավոր, մարդու քննող բանականության հայացքից սպրդող շնորհական զորությամբ, որը, անկախ մարդու հստակ գիտակցումից, ի զորու է վերականգնելու, կենդանացնելու, մխիթարելու և բուժելու։ Այս զորությունը ելնում է Ավետարանի՝ Աստծո կենդանի, ազդու և հատու խոսքից։ Այս զորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդն ընկնում է ծանր կացության մեջ (օրինակ՝ երբ նրանից երես են թեքում երջանկությունը, ընկերներն ու հարազատները, արդարությունը, նրան լքում է այն ամենը, ինչի վրա կարող էր հույս դնել): Դիմելով Ավետարանին` նա այնտեղ գտնում է օգնություն, մխիթարություն և հանգստություն նեղությունների ծանրության տակ կքած իր հոգու համար։Այսպիսով, եթե դուք կարիքի, վշտի ու անձկության մեջ եք, եթե ձեզ հալածում են, նվաստացնում, վիրավորում, զրկում հասանելիքից, փութով դիմե՛ք Սուրբ Ավետարանին՝ փրկչարար համբերության շնորհական արիությամբ ու ցանկալի մեծահոգությամբ հավաստիորեն լցվելու համար։ Ոչի՛նչ, եթե դժբախտություններն ու տրտմությունն ասես դարձել են ձեր անբաժան ուղեկիցն ու մշտական վիճակը. այս դեպքում ևս Սուրբ Ավետարանից կստանաք այն, ինչը ձեր ծանր ու խավարամած կյանքը կդարձնի դյուրին ու լուսավոր։ Սուրբ Ավետարանն իր հրաշալի կենարար զորությամբ իրական կդարձնի ձեզ համար Տիրոջ՝ հրեաների հետ զրուցելիս ասած խոսքը. «Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԳ 28)։

Սուրբ Ավետարանի էջերը տոգորված են աստվածային առանձնահատուկ զորությամբ, որը կարող է վերականգնել, մխիթարել, բուժել, կենդանացնել, բարելավել, վսեմացնել ու սրբագործել մարդուն։ Ո՞վ այս զորության կարիքը չունի։ Բոլորն էլ անխտիր ունեն։ Հետևաբար բոլորն էլ, առանց բացառության, պետք է լսեն կամ կարդան Սուրբ Ավետարանը (1

Սուրբ Սերաֆիմ Սարովսկին, որ ամեն շաբաթվա ընթացքում կարդում էր բոլոր Ավետարանները, Գործք առաքելոցը և առաքելական թղթերը, Սուրբ Գրքի ընթերցանության մասին այսպիսի խոսքեր ունի. «Սրանով ոչ միայն հոգիս, այլև մարմինս է երանանում ու ոգեղինանում։ Սուրբ Գիրքն ընթերցելիս ես զրուցում եմ Տիրոջ հետ, հիշողությանս մեջ մտապահում եմ Նրա կյանքն ու չարչարանքները, զօրուգիշեր բարեբանում, փառաբանում եմ Նրան ու գոհանում Նրա բոլոր ողորմությունների համար, որ առատորեն շնորվում են մարդկությանն ու ինձ՝ անարժանիս»։

Այնքան շոշափելի է ինձ համար շնորհի ներկայությունը Աստծո խոսքի մեջ, որ սիրտս հոգևոր ցնծությամբ է համակվում. ինձ նույնիսկ թվում է, թե կարդում եմ, և Աստծո շնորհը հեղվում է իմ մեջ (ս. Իոան Կրոնշտադտսկի)։

Թեկուզ միայն ընթերցի՛ր Գիրքը։ Եթե ոչինչ չհիշես էլ, միևնույն է, ընթերցանության ընթացքում օգուտ կստանաս (Ամբրոսի Օպտինսկի)։

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ուրեմն, ինչ որ գրվեց, գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի համբերությամբ և Գրքերի պարգևած մխիթարությամբ հույսն ընդունենք» (Հռոմ. ԺԵ 4)։

Լսե՛ք, աղաչո՜ւմ եմ ձեզ, բոլոր կանչվածնե՛րդ, ձեռք բերեք հոգու բժշկության Գրքերը։ Եթե չեք կամենում բոլոր գրքերը , ձեռք բերեք գոնե Նոր Կտակարանը, Գործք առաքելոցը, Ավետարանը՝ մեր մշտական դաստիարակներին։ Թե վշտացել ես, կառչի՛ր դրանց՝ ինչպես բալասանով առլեցուն անոթի, եթե զրկվել ես ինչ-որ բանից կամ մերձավորիդ մահը, կորուստն ես տեսել, այդտեղի՛ց մխիթարություն գտիր քո դժբախտության մեջ։ Կամ, կառչելուց առավել, սրտիդ մեջ ընդունի՛ր և մտապահի՛ր…Ո՛չ փառքի մեծությունը, ո՛չ իշխանության բարձրությունը, ո՛չ ընկերների ներկայությունը, ո՛չ էլ մարդկային որևէ այլ բան ի զորու չեն ամոքելու վիշտն այնպես, ինչպես Աստվածաշնչի ընթերցանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև սրանք երկրավոր և ժամանակավոր բաներ են, ուստի և նրանց սփոփանքն էլ է վաղանցիկ, իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունը զրույց է Աստծո հետ։ Սուրբ Գրքի չիմացությունն է բոլոր չարիքների (աղբյուրը)։ Մենք պատերազմելու ենք գնում անզեն, հապա ինչպե՞ս պիտի փրկվենք։ Դյուրին է փրկվել Ս. Գրքով, իսկ առանց դրա անհնար է (ս. Հովհաննես Ոսկեբերան)։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

«Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն» (Սաղմ. ՃԺԸ 165): Անհնար է, որ հոգին խաղաղության մեջ հանգրվանի առանց զօրուգիշեր Տիրոջ օրենքը ուսանելու, քանզի այն գրված է Սուրբ Հոգու կողմից։ Սուրբ Հոգին Գրքից անցնում է հոգու մեջ, և հոգին քաղցրությամբ ու բավականությամբ է լցվում ու այլևս չի ցանկանում սիրել երկրայինը, քանզի սերը երկրայինի նկատմամբ ամայացնում է հոգին։ Իսկ նման վիճակում հոգին վհատվում է ու վայրենանում։ Տեսնելով, որ հոգին չի հաղորդակցվում Աստծո հետ, թշնամին սասանում է այն և, չհանդիպելով դիմադրության, նվաճում է միտքը՝ հոգին մի չար մտածումից մյուսին մղելով։ Այդպիսով, հոգին ամբողջ օրն անցկացնում է այս թոհուբոհի մեջ և ի զորու չի լինում հստակ հայել Աստծուն (Սիլուան Վանական)։

Եկե՛ք և հաղորդվե՛ք անգերազանցելի ու իր նմանը չունեցող իմաստությանը, սովորե՛ք Աստծո խոսքից, ճանաչե՛ք հավիտենական Թագավորին։ Աստծո խոսքն իր զորությամբ թափանցում է մեր հոգիների մեջ։ Օ՜, ինչպիսի՜ խաղաղության բանբեր է քեզ համար, մարտնչո՛ղ հոգի։ Ինչպիսի՜ միջոց է՝ կրքերի անագորույն պոռթկումները սանձահարելու համար։ Այս զորությունը մեզ չի դարձնում ո՛չ բանաստեղծ, ո՛չ իմաստուն, ո՛չ էլ անվանի հռետոր, այլ առաջնորդում է դեպի վեհ գաղափարներ, մեզ՝ մահկանացուներիս, տանում անմահության՝ այսրաշխարհից ուղեկցելով մեզ անդրաշխարհ (ս. Հուստինոս Վկա)։

Եթե խռովված ես, նախ և առաջ կարդա՛ Ավետարանը շշնջալով, որ ականջներդ լսեն, կարդա՛, թեկուզ և առանց հասկանալու։ Սուրբ Հոգու խոսքը կհալածի հոգեկան խավարը, առավել ևս՝ թշնամականը (Ամբրոսի Օպտինսկի)։ Տիրոջ խոսքը մաքրագործում, իմաստնացնում ու լուսավորում է հոգիները Տիրոջ օրենքն( անբիծ է և վերափոխում է հոգիները.

Տիրոջ վկայությունն ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին։
Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը.
Տիրոջ պատվիրանները լույս են և լույս են տալիս աչքերին։
Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան։
Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին` արդար(Սաղմ. ԺԸ 8-10)։

ՏԻՐՈՋ ԽՈՍՔԸ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ, ԻՄԱՍՏԱՑՆՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՀՈԳԻՆԵՐԸ

Ոչինչ այնպես չի սնում հոգին և զորացնում միտքը, որքան Ս. Գրքի ընթերցանությունը։ Դուք դրանից առավելագույն օգուտ կստանաք. կլինեք հաստատակամ, ազնիվ, բարեպաշտ, Քրիստոսի սիրով կկատարեք ձեր պարտականությունները և անցողիկը ավելի ցածր կհամարեք, քան ամենայն մարդկային միտք ու հասկացություն գերազանցող խոստացյալ հավիտենական բարիքները (ս. Թեոն)։

Փութաջանորեն կառչի՛ր Ս. Գրքին, և Գիրքը դուրս կքշի անմաքրությունները (այսինքն՝ պիղծ մտքերը) (ս. Անտոն Անապատական)։

Ինչպես որ գիշերն ի զորու չէ կլանել երկնակամարում փայլող աստղերը, այդպես էլ, անշուշտ, երկրի չարությունը չի կարող խավարեցնել Ս. Գրքի հիմքին ամուր կառչած հավատացյալների հոգիները (Հռոմի Պապ Զեֆիրին)։

Չգիտեմ՝ արդյոք կարո՞ղ է նորոգվել միտքն այն մարդու, ով անտարբեր է Ս. Գրքի և հոգևոր գիտության մեջ վարժվելու նկատմամբ։ Եթե այս վարժանքի միջոցով չնորոգվի էլ այս միտքը, որն այստեղ իր գիտական ճանաչողության սահմանների ընդլայնումն է փնտրում, ապա, համենայն դեպս, կնորոգվի այն միտքը, որն առաջնորդում է մեզ դեպի ազնվություն, մարդասիրություն, հավատ և կայունություն… Ով այսպես չի նորոգում իր միտքը, նա մոլորված է ու խաբված (Որոգինես Ալեքսանդրացի)։

Այնժամ, երբ միտքը ցրված է, աղոթքից առավել անձնատո՛ւր եղիր ընթերցանության, քանզի Սուրբ Գրքի ընթերցանությունն անաղարտ աղոթքի աղբյուրն է։

Եթե անգամ կարճ ժամանակով ընդհատվի Ս. Գրքի ընթերցանությունը, մարդը կբռնվի կրքերով (ս. Իսահակ Ասորի)։

Աստծո պատվիրանների խորհրդով սուրբ զորությունները մաքրում են մեզ բոլոր աղտեղություններից և բնության խորհուրդներով ու աստվածային խոսքերով բերում են մեզ կատարյալ իմաստության (Եվագր Պոնտացի)։

Դարձի՛ր Աստվածաշունչ Գրքերի ամենօրյա զրուցակիցը և նրանց հետ զրույցի միջոցով կհալածես օտար մտքերի հարձակումները։ Ով Սուրբ Գրքերի մեջ վարժվելով՝ սրտում ժողովում է հոգևոր գիտության գանձերը, նա դյուրությամբ է իրենից վանում (օտար) մտքերը։

Հսկումի գիշերային ընթերցանության ժամանակ Աստվածաշունչ Գրքերը լսելիս քնով չխլացնենք մեր լսողությունը, ոչ էլ հոգին մտքերին գերության հանձնենք։ Այլ Գրքի խայթոցով խոցենք (մեր) սրտերը, որ խոնարհվելով՝ համակվենք փրկության նկատմամբ նախանձախնդրությամբ և խափանենք զազրելի անփութությունը (ս. Նեղոս Սինայեցի)։

Լույս են սրբազան Գրքերը՝ Աստծուց մեզ պարգևված, և լույսի ցոլքեր են արձակում մեր մտքերում ու լուսավորում՝ գրվածքների միջոցով հոգեղենը տեսնելու (ս. Դիոնիսիոս Արիսպագացի)։

Աստծո խոսքը լույս է և հուր, քանզի սրբագործում է բնական մտքերը և այրում անբնականները, ինչպես նաև փարատում նրանց զգայական կյանքի խավարը, ովքեր պատվիրանապահությամբ ձգտում են բաղձալի լավագույն կյանքին, և դատաստանի ու դատապարտության հրով պատժում է նրանց, ովքեր ինքնահաճ կերպով, մարմնի սիրուն կառչում են կյանքի (զգայական կյանքի) այդ խավար գիշերին (ս. Մաքսիմ Խոստովանող)։

Սուրբ Գրքի ընթերցանությունը կարող է բավականաչափ լուսավորել ու հավաքել միտքը, քանզի աստվածաշնչյան Գրքերը Սուրբ Հոգու խոսքերն են և ըստ ամենայնի իմաստնացնում են ընթերցողներին… Հոգևոր զորություն ստանալուց առաջ մի՛ կարդա ճշմարիտ հավատին խորթ գրքեր, քանզի դրանք լցված են խավարով և մթագնում են տկարների մտքերը (ս. Հովհաննես Կղեմաքոս)։

Ինչպես որ աստղերի փայլփլող բույլքն է լուսավորում երկինքը, այդպես էլ աստվածային խոսքերի ճշմարտությունն է, որ ինչպես ներսում դրված ճրագ, լուսավորում է մարդուն։ Ուստի բոլորս էլ կրենք ճշմարտության միևնույն պատկերը, քանզի Տերը համախոհներին է տանը բնակեցնում (ս. Նեղոս Սինայեցի)։

—————————————————————————-

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 17-18.

, , ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ