Սուրբ Աստվածածնի ննջման և վերափոխման տոն

Աստվածամայր | 0 comments

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՆՆՋՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

Աստվածածնի ննջում

Ամեն տարի Հայ Եկեղեցին օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Ննջման և Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասնությունները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանադության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրում է Երուսաղեմում Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում է աղոթքների ու պահքի մեջ, հաճախ այցելում իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթում: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս. Կույսը նաև պատվիրում է Հովհաննես Առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևում: Սենյակի վերևում երևում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա` երկինք փոխադրված լինելը:

Հուղարկավորությանը բացակա Ս. Բարթուղիմեոս Առաքյալը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլևս չեն գտնում Ս. Կույսի մարմինն այնտեղ: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին որպես մխիթարություն:

Ըստ ս. Մովսես Խորենացու` Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված տեղում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Խաղողի օրհնությամբ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:

Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով նրա` Աստծո Մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Այլ նյութեր

Related

Ավետում

Ավետում

ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ «Ավետել», «ավետիս տալ» հայերենում նշանակում է բարի լուր հաղորդել: Ղուկասի Ավետարանը սկսվում է Հովհաննես Մկրտչի ու մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդները ավետելու պատմությամբ (Ղուկաս, Ա. 5-40): Երբ Զաքարիան՝ Հովհաննես Մկրտչի հայրը, իր քահանայական...

read more

Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակի տոն

Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր...

read more

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի հիշատակի տոն

Ավանդության համաձայն, սուրբ Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում։ Տուփը փոխելով իր կրկնօրինակով,...

read more