Աստվածածնի Ննջմանը նվիրված ներբող

ԶԱՔԱՐԻԱ Ա. ՁԱԳԵՑԻ

 Ներբող՝ [նվիրված] ամենօրհնյալ Տիրուհու՝ Աստվածածնի և միշտ Կույս Մարիամի Ննջմանը

Արարածների Արարիչն ի սկզբանե ստեղծեց և գոյացրեց զանազան լուսատուներ, որ լուսավորեն երկիրը, վանեն գիշերվա խավարն ու մութը և մեզ լույս ընծայեն։ Եվ մեր աչքերը հրճվում են՝ տեսնելով լուսինն ու աստղերը, ջահերն ու մոմեղենները, բոլորից գեր ի վեր գտնվող արեգակը, որ հեռացնում է խավարը և մեզ լույս ընծայում։ Այսպիսի ուրախություն է տիրում մեր սրտերում, երբ տոնախմբում ենք սուրբերի ու մաքուրների հիշատակը և նրանց՝ մարտում հաղթանակի՝ նահատակության տոնն ենք կատարում. մաքրափայլելով պայծառանում է մեր իշխանական մտքի տեսությունը, և լուսավորվելով հրճվում են մեր սրտի աչքերը, վեր բարձրանալով՝ թռչում են մեր մտքերը դեպի անմահություն՝ ըստ այն գրվածի, թե՝ «Արդարի հիշատակով պայծառանում է ժողովուրդը»։

Իսկ որքան արեգակը բարձր, տիրական ու հրաշափառ է, քան մյուս բոլոր լուսատուները, այնպես էլ [ամենօրհնյալ Տիրամայրն է բարձր քան մյուս բոլոր սուրբերը]։ Երբ սուրբ և ամենօրհնյալ Տիրամոր և անարատ Կույսի ննջման և վերափոխման տոնն ենք կատարում, այնժամ ուրախացած ցնծում է երկինքը, զվարճանում է երկիրը, և մեզ տոնակից են լինում անմահների բոլոր զորքերը։ Այնժամ նաև Աստծո Հոգու շնորհների պարգևն է տարածվում և զեղվում արարածներիս մեջ, և նույն ինքը՝ ամենօրհնյալ անարատ Սրբուհին բարեխոսում է մեզ համար, երկնքում բացվում են Աստծո շնորհների դռները, և Մարդասերի առատ և անչափ ողորմությունը հոսելով՝ իջնում է մեզ մոտ։ Այնժամ պատռվում է մեր մեղքերի կտակը, ջնջվում մեր հանցանքների ձեռագիրը, բժշկվում են տաժանելի ցավերը և դաժան ու ծանր ախտերը՝ հոգուց և մարմնից։

Անարատ և ամենօրհնյալ Աստվածածնի բարեխոսությամբ մարդիկ փրկվում են պիղծ և անմաքուր դևերի վտանգներից, չար մարդկանցից, գազաններից ու ավազակներից, [նա] օգնում է ատյանում, պարսպում է գետերի որոգայթներից, ամրացնում է գազանների և ավազակների դեմ, շրջապատելով՝ պարուրում է ծովի մրրկածին ալիքներից, խորտակում է թշնամիների հարձակումները, քաղաքները պահպանում է երկրաշարժից, հեղեղներից ու հրկիզվելուց, քանի որ Աստված աշխարհի բոլոր ազգերի մեջ նրան ընտրեց, որպեսզի ծնվի նրանից։

Նա երանելի կոչվեց աշխարհում բնակվող բոլոր ազգերի կողմից։

Պատվվեց նախաստեղծ Ադամը, քանի որ Աստծո ձեռքերով գոյացավ, երանվեց Աբրահամը, քանի որ Աստծո բարեկամ անվանվեց, գովվեց նաև Հակոբը, քանի որ Աստծո հետ մենամարտեց, հռչակվեց Մովսեսը, քանի որ Աստծուն տեսավ, հաճոյացան մարգարեները, քանի որ, Սուրբ Հոգով լցված, Աստծո՝ երկնքից երկիր գալուստը քարոզեցին։ Երանելի դարձան առաքյալները, քանի որ Բան Աստծուն երկրի վրամարմնի մեջ տեսան և ձեռքով շոշափեցին կենաց Խոսքին։ Իսկ սա՝ անարատ սուրբ Կույսը, գերազանց և անպատում հրաշափառ երանությունների արժանի եղավ. մտքերից ու լսելիքից վեր է այն. Հոր Խոսքը, որ առաջ էր ժամերից ու ժամանակներից, որի ծննդյանը տեղեակ էր միայն փառքերի Հայրը, որն «արգանդից արուսյակից առաջ ծնեց Որդուն», Նա, Ով Հոր աթոռակիցն է, Ով Լուսո Հոր անստվեր լույսն է, Ծնողի էության ճառագայթը, կերպարանքը և նկարագիրը, արփիափայլ փառքի ծագումը, անպարագրելի և աներևույթ Աստծո պատկերը, անսկիզբ Բանը անսկզբնական Հորից, Սուրբ Հոգու Փառակիցը, որին փափագում էին տեսնել անմահների հոգեղեն բանակները, փափագելով բաղձում էին աստվածակիր մարգարեները, և արդարները, թագավորներն ու հայրապետները տենչում էին գոնե աղոտ կերպով տեսնել, սակայն չկարողացան, իսկ սա՝ այս ամենօրհնյալ Սրբուհին, իր որովայնում կրեց Աստվածության անբովանդակելի հուրը, քանզի Հորից ծնված անժամանակ Բանը անձրևի պես իջավ երկնքից և բնակվեց սուրբ Կույսի անարատ ու մաքրափայլ որովայնում։ Եվ ինչպես այն ժամանակ, վերցնելով Ադամի կողը, կատարյալ մարդ շինեց Եվային և Ադամից ոչինչ չպակասեց, այսպես Բան Աստված, մաս վերցնելով սուրբ Կույսի մարմնի անդամներից, Իրեն մարմին և տաճար շինեց, և սուրբ Կույսի մարմնից ոչինչ չպակասեց։ Եվ Կույսի մաքրափայլ որովայնում մարմնի մեջ պարփակվեց անպարագրելի Բան Աստված, խառնեց անխառնելիները՝ մարդկությունն Աստվածությանը։ Եվ նորաձևվելով՝ հրաշափառ դարձան բնությունները. քանզի մարդկային բնությունը միանալով՝ խառնվեց Աստծուն։ Եվ երբեմնի միմյանց օտար ու անհաղորդ բնությունները մի եղան՝ անշփոթ խառնվելով և միանալով։ Բան Աստված ամբողջ պահեց երկու բնությունների հատկությունները՝ միավորած մի անձի մեջ։ Եվ անժամանակ Հինավուրցը ծնվեց՝ իբրև մանուկ։

Այսպիսի գերազանց և սքանչելի փառքի հասավ սուրբ Աստվածածինը, քանի որ Աստծո՝ երկնքում անմայր Որդու մայրը եղավ երկրի վրա՝ առանց երկրավոր հոր։ Եվ Հոր անժամանակ Ծնունդը ժամանակի մեջ ծնվեց մորից՝ մեր փրկության համար։ Մշտնջենավոր լուսո Հոր Որդին այսօր անարատ Կույսի որդի եղավ՝ հեթանոսների փրկության համար։ Ահա մեծ, հրաշափառ և զարմանալի խորհուրդ, քանզի փառքերի Հայրը՝ երկնքում անսկիզբ Որդու Ծնողը, արժանացրեց ամենաերանելի Կույսին՝ մարմնով ծնելու անբավելի Բանին. Նա, Ում արուսյակից առաջ ծնեց Հայրը՝ Որդին, այսօր անճառաբար ծնվեց սուրբ կույս Մարիամից։ Միածին Որդին երկնքում Հայր ունի անպարփակ Աստծուն, իսկ երկրում մայր ունի անարատ կույս Մարիամին։ Քանզի «արուսյակից առաջ արգանդից Հորից Ծնվածին» սուրբ Կույսը ինն ամիս կրեց իր անարատ ու մաքրափայլ որովայնում։ Նա, ում հետ խոսեց ամենակալ Հայրը՝ ասելով. «Քեզնով է սկսվում զորացումն իմ օրերի», այսօր անքքնելի կերպով սկզբնավորվեց անարատ և սուրբ Կույսից Հրեաստանի Բեթղեհեմում։ Նա, ով իր բերանի հրամանով կառավարում է ամբողջ երկինքն ու երկիրը, այսօր վերցվեց Կույսի գիրկը։ Նա իր անապական կաթով սնեց իր Արարչին, որ կերակրում է ամենայն կենդանի արարածի։

Եվ արդ, ի՞նչ ասեմ, կամ ի՞նչ խոսեմ, քանզի սա գերագույն է ոչ միայն առաքյալներից, մարգարեներից, նախահայրերից, մարտիրոսներից և սուրբ վարդապետներից, այլ իշխանություններից ու պետություններից, սերովբեներից ու քերովբեներից և բոլոր երկնային զորություններից բարձր է։ Նա գեր ի վեր է բոլոր արարածներից, քանի որ հրաշագործ Խոսքը՝ Հոր աջ կողմում Նստողը, անմարմին հոգեղեն և հրեղեն բյուրավոր բանակների կողմից երկրպագվողը նրա բնությունից մարմին առավ։

Սրբուհի Աստվածածնի միջոցով աշխարհում ծագեց խաչ՝ զորության գավազան և կնիք, պահապան՝ ելնելիս և մտնելիս, երկրպագողներիս ապավեն։

Անարատ Սրբուհու միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, և բանսարկուն՝ մարդկության թշնամին, լքվեց ստորին սանդարանամետում։ Իր զորքերի՝ խավարային բանակների հետ միասին աքսորվեց լեգեոնը, ջախջախվեց, փշրվեց կամակոր վիշապի գլուխը և կերակուր տրվեց հեթանոսներին, որոնք իշխանություն ստացան ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին և գնալու թշնամու զորության վրայով։

Ամենօրհնյալ Աստվածածնի միջոցով բացվեց կենաց ծառի տենչալի ճանապարհը. քանի որ բոցեղեն սերովբեն՝ սուրբ անմարմին զվարթունը, ամփոփեց հրեղեն սուրը և մեզ համար բացեց ճանապարհը դեպի բաղձալի տունկը։

Անարատ Կույսի միջոցով երկրի վրա կառուցվեց, հաստատուեց ավազան, և ջրից և հոգուց ծնվելով՝ Քրիստոս հագանք, չարի խաբեությամբ ապականված հին պատկերից մերկացանք և վիշապի՝ կորստյան տանող չար թոյւնը, որ օձապատիր դավաճանությամբ թափեց մեզ վրա, դուրս փսխեցինք։

Սուրբ Աստվածածնի միջոցով կուռքերի բագինները տապալվեցին, կործանվեցին, և սուրբ ընդհանրական եկեղեցու հիմքերը դրվեցին։ Եվ հրեշտակները մարդկանց հետ հրճվանքով երգում են հավիտենից Արքայի օրհնության երգեր։

Ամենօրհնեալ Աստվածածնի միջոցով՝ նրա ամենօրհնեալ որովայնից, անժամանակ Բանը անճառապես ծնվելով, մարմին լինելով՝ բնակվեց մեր մեջ և իրագործեց մեր փրկությունը. պատարագվելով Գողգոթայի վրա՝ բաշխեց Իր անապական մարմինն ու փրկավետ արյունը՝ իբրև կերակուր համայն տիեզերքի կենդանության։ Որով երբ հաղորդվում ենք սրբությամբ և ո՛չ սովորությամբ, հավատով և ո՛չ երկմտությամբ, հրաշագործվում է մեր ապականացու մարմինը, ինչպես երկաթը քուրայի մեջ շիկանալով, հրի կերպարանքն այլ բանի է փոխում։ Երկնքից իջած Հացը ճաշակելու միջոցով մարդիկ հրեշտականալով՝ ժառանգում են ընկած հրեշտակների տեղը։

Արդ, ո՞ր բերանը կարող է պատմել սուրբ և անարատ Կույսի սուրբ, հռչակելի, հոյակապ և սքանչելի զարդափայլության մասին, կամ գովեստի ի՞նչ խոսքերով ներբողենք և բարեհամբավենք նրան։ Եդեմական դրա՞խտ անվանենք. նա ավելի բարձր է. նրանից կենաց աղբյուրը՝ Տեր Հիսուս Քրիստոսը բխեց և չորս բաժանված գետերի՝ չորս ավետարանների քարոզությամբ հավատով աշխարհը լուսավորեց։ Նոյյան տապա՞ն անվանեմ. [նա ավելի բարձր է.], քանզի նա մի ընտանիքի մարդկանց պահպանեց ջրհեղեղից, իսկ սա ամբողջ տիեզերքի փրկության պատճառը եղավ։

Անկիզելի մորենի՞ անվանեմ. [նա ավելի բարձր է.], քանզի Աստվածության լույսի հուրը իջնելով՝ բնակվեց սրա սուրբ որովայնում, և սա չբոցակիզվեց։ Որից ոչ միայն Մովսեսը առաքվեց Եգիպտոս՝ պատժելու Փարավոնին և փրկելու Իսրայելը, այլ տասներկու աշակերտներն առաքվեցին աշխարհ, կործանեցին անմարմին փարավոնին իր լեգեոն զորքերի հետ միասին և բոլոր հեթանոսներին փրկագործելով՝ կոչեց դեպի անմահ կյանք։ Ուխտի տապանա՞կ ասեմ սրան. [նա ավելի բարձր է.], քանզի կրեց անպարագրելի Բան Աստծուն, որ առաջնորդեց ոչ միայն Իսրայելին Եգիպտոսից, այլ նաև մարդկային բոլոր ազգերին՝ այս աշխարհից դեպի երկնային Երուսաղեմ։

Ոսկի սափո՞ր կոչեմ սրան. [սա ավելի բարձր է.], քանզի կրեց Հոր անժամանակ Բանին, երկնքից իջած մանանային, անմահության հացին, որ ոչ միայն ապիրատ Իսրայեին կերակրեց, այլ համայն աշխարհին։ Ծաղկած գավազա՞ն կոչեմ. [սա ավելի բարձր է.], քանզի բխելով Հեսսեի արմատից և ծագելով Դավթի զարմից՝ ծաղկեց և մեզ ընծայեց կենաց ողկույզը՝ հուրախություն տրտմածներիս, որպես հուռթի բարունակ՝ տարածված տիեզերքի ոլորտներոմ։ Աշտանա՞կ անվանեմ. քանզի մարմնացած Բան Աստված վառված ճրագ (ճրագ վառեց) կառուցելով այս յոթբերան ճրագի վրա Հոգու յոթնարփյան շնորհները, և երկու ձիթենիները՝ աջ և ձախ կողմերում՝ Հին և Նոր Կտակարանները։ Քանզի առաջին աշտարակից լեզուների բաժանում և ազգերի ցրում եղավ, իսկ Աստվածածին սուրբ աշտարակից՝ ամբողջ տիեզերքի ի մի հավաքում դեպի ճշմարիտ հավատը և ուղիղ դավանությունը երանելի սուրբ առաքյալների միջոցով, որոնք խմեցին կենդանի հուրը և գնալով՝ մատուցեցին աշխարհին, որոնք ըմպեցին անմահության բաժակը։

Նա մեզ ընծայվեց՝ որպես արևելք, որ ծագեցրեց մեզ վրա արդարության Արեգակին՝ բարձունքներից վայր Իջածին, որ հալածելով՝ մեզնից վանեց աղջամուղջի խավարը և «անստվեր լույսն առաքեց խավարի և մահվան ստվերների մեջ նստածներիս վրա»։ Նա մեզ ընծայեց ապավեն և օգնական լեռը, որից «առանց ձեռքի հատվեց վեմը»՝ անճառելի և մարմնացյալ Բան Աստված, կործանելով խորտակեց կուռքերի մոլությունները, հիմնելով բարձրացրեց ընդհանրական սուրբ Եկեղեցին՝ «հաստատուն և պարարտ լեռը», որում բնակվեց Աստվածը։ Սա իմանալի գեղմն է, որի վրա իջավ անպարագրելի Բան Աստված որպես ցող և մշտապես հոսելով՝ համայն տիեզերքը լցրեց կենդանի ջրով, որպեսզի խմենք ծարավածներս։

Եսային կանխավ տեսավ սրան՝ իբրև թեթև ամպ, որի վրա նստեց անժամանակ Բան Աստվածը, իջավ Եգիպտոսում և տապալելով կործանեց նրանց բազմաստված մոլորությունները։ Եվ Եգիպտոսը մաքրվելով՝ ընծայեց սուրբ և ճգնազգեստ երանելի հույլերը հրեշտականման նշանագործ կրոնավորների, որոնցից էին մեծն Անտոնը, Պողոսն ու Մակարը և քրիստոսազգեստ ճգնավորների անհուն հույլերը։ Սրանով վերացվեց Ադամի անեծքը, սրա միջոցով լուծվեց Եվայի տաժանելի և վտանգավոր երկունքը։ Սա շնորհվեց իբրև սյուն՝ անշիջանելի ճառագայթներով լուսափայլող։

Քանզի սուրբ և ամենօրհնյալ Աստվածածնի ծնողները՝ Աննան ու Հովակիմը՝ Հուդայի ազգից, բարեպաշտությամբ սնված և աստվածահաճո կարգով էին ապրում իրենց կյանքը, ամբիծ ու անարատ էին Տիրոջ և բոլոր մարդկանց առջև։ Եվ սուրբ Աննան ամուլ էր։ Երանելի Հովակիմը, հետևելով իր հովիվներին, ելավ լեռը, արտասվագոչ պաղատանքներով մշտաբուխ աղոթքներ մատուցեց Բարձրյալին։ Աննան նույնպես աղոթում էր մորմոքող և վիրավոր սրտով։

Նրանք ուժգին ձայնելով և արտասուքով զավակ էին հայցում բոլորի Տիրոջից։ Եվ քանի որ առավել համարձակություն ունեին առ Աստված՝ իրենց անարատ վարքի պատճառով, հրեշտակը եկավ կանգնեց Աննայի առջև և ավետաբեր ողջույն տվեց՝ ասելով. «Կհղիանաս և զավակ կծնես և կնվիրես Տիրոջը՝ Աստծո տաճարում»։ Եվ հրեշտակը գնալով՝ խոսեց Հովակիմի հետ։ Հովակիմը շտապ տուն եկավ։ Եվ Աննան ծնեց ամենօրհնյալ պտղին և սնեց երեք տարի։ Այնուհետև Նրան տարան Աստծո տաճար և նվիրեցին Տիրոջը։

Երբ նա դարձավ տասնչորս տարեկան, քահանաները փնտրեցին Աստծուց երկյուղած և պարկեշտ մի մարդու, որ հեռու կլինի ամենայն չարիքից, որպեսզի Մարիամին հանձնեն նրա պահպանությանը։ Հովսեփը հանձն առավ նրա պահպանությունը։ Նա չորս որդի ուներ՝ Հակովբոս, Հովսես, Սիմոն և Հուդա և երկու դուստր։ Նրա մասին է ասում Եսային. «Այս կնքված թուղթը կտրվի մի մարդու, որ գիտի դպրություն» [հմմտ. Ես. ԻԹ 9]։ Եվ Հովսեփը, Մարիամին վերցնելով, կարգեց իր զավակների մեջ։ Նույն տարում հրեշտակապետը եկավ երկնքից և ավետեց անճառելի Բանի՝ երկիր իջնելը և ուրախաբեր ողջույն տվեց նրան։ Եվ հայտնեց, թե՝ «Քո ազգական Եղիսաբեթը հղի է իր ծերության մեջ»։ Մարիամն իր տեսիլքի մասին չպատմեց ո՛չ Հովսեփին և ո՛չ էլ նրա զավակներին, բայց խնդրեց Հովսեփին՝ [թույլ տալու] ելնել Հրեաստան՝ Եղիսաբեթի մոտ։ Եվ Հովսեփն իր որդիներից ու դուստրերից ոմանց Մարիամի հետ որպես ուղեկից ուղարկեց։ Երբ հասան Զաքարիա քահանայապետի տուն, և Եղիսաբեթը տեսավ Մարիամին, շտապ ընդառաջ եկավ և խոնարհվելով ընկավ Մարիամի առաջ՝ գետնին. Եղիսաբեթը օրհնեց Մարիամին և մարգարեացավ նրա որովայնում գտնվող Պտղի մասին և նրան Աստծո մայր անվանեց։ Իսկ Զաքարիան խոսել չէր կարողանում։ Երեք ամիս նա նրանց մոտ մնաց։ Երբ վերադարձան, ամեն բան պատմեցին Հովսեփին, իսկ Հովսեփը հիացած ու զարմացած էր, քանի որ տեսնում էր նրա դեմքին Սուրբ Հոգու փայլը։ Երբ վեց ամիս անց երևաց նրա աշխարհակեցույց և հրաշափառ հղությունը, Հովսեփն ասաց Մարիամին. «Երդվեցնում եմ քեզ Իսրայելի Տեր Աստծով, պատմի՛ր ինձ, ինչ որ քեզ պատահեց»։ Եվ Մարիամը պատմեց նրան իր տեսիլքն ու հրեշտակապետի ավետիսը, և հավատաց Հովսեփը և փառավորեց հրաշագործ Աստծուն։ Եվ ինչպես որ Պետրոսն ընկավ Հիսուսի ծնկներին և ասաց. «Ինձնից հեռու գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ», այնպես էլ Հովսեփն ասաց, թե՝ «Ահարոնի որդիները, երբ օտար կրակ գցեցին խորանի մեջ՝ Տիրոջ առաջ, բոցակեզ եղան, արդ, եթե սա մնա իմ տանը, ես և իմ զավակները կմեռնենք։ Եվ եթե հրեաներին պատմեմ, չեն հավատա, քանի որ մարգարեներին էլ չհավատացին։ Կչարչարեն ու կխոշտանգեն սրան, և Աստծո բարկությունը կշարժեն Իսրայելի վրա։ Այլ լռելյայն արձակեմ սրան, և Սուրբ Հոգին, որ հովանի է նրան, կպահպանի նրան»։ Եվ նրան երևաց Տիրոջ հրեշտակն ու ասաց. «Մի՛ երկնչիր քեզ մոտ առնել Մարիամին»։

Եվ Հովսեփի երկյուղը փարատվեց։

Իսկ քահանաներին լուր հասավ, թե՝ «Կույսը, որ տվեցինք Հովսեփին ի պահպանություն, հղի է»։ Եվ քահանաները մարդիկ ուղարկեցին՝ Հովսեփին ու Մարիամին տաճար բերելու. նրանք խորհում էին սպանել Հովսեփին հավաքված բազմության առջև։ Եվ Հովսեփն արդարացրեց իրեն և պատմեց սքանչելի տեսիլքը, որ Արարիչը գործեց։

Տասնհինգ տարեկան էր ամենաերանելի Մարիամը, երբ ծնվեց Բան Աստված՝ Հոր անժամանակ ծնունդը։ Իսկ Փրկչի աշխարհակեցույց չարչարանքների ժամանակ անարատ սրբուհին քառասունութ տարեկան էր։ Տիրոջ համբարձումից հետո երանելի Մարիամն անարատ վարքով մարմնի մեջ ապրեց տասնմեկ տարի. անարատ Աստվածածինը հիսունինը տարեկան էր, և նրա գեղեցկությունն ու վայելչությունը չէր փոփոխվել, այլ մնացել էր այնպիսին, ինչպիսին երբ Տիրոջ տաճարում էր։ Երանելի սուրբ կույսն ապրում էր Երուսաղեմում՝ իր ծնողների տանը, և նրան սպասավորում էր Հովհաննեսը։ Մի օր Աստվածածնին տեսիլք երևաց, թե՝ «Պիտի փոխվես այս երկրից [հավետ] կենդանիների աշխարհ»։ Եվ նա խնդրեց Տիրոջը՝ տեսնել բոլոր երանելի սուրբ առաքյալներին. քանի որ գնացել էին հեռու երկրներ, ցրվել էին ամբողջ աշխարհում՝ քարոզելու տիեզերքի փրկության Ավետարանը։ Եվ սուրբ ամպեր հափշտակեցին աստվածախոս սուրբ առաքյալներին ամեն մի երկրից և զանազան գործերից, և նրանք մի ակնթարթում եկան և հավաքվեցին Երուսաղեմում և կանգնեցին սուրբ Աստվածածնի դիմաց, մինչ նա դրված էր իր սուրբ անկողնում։ Սուրբ առաքյալները շրջապատեցին նրան, նստեցին նրա մահճի շուրջը և արթուն մնալով՝ միմյանց հետ խոսեցին փրկության խոսքեր։

Գիշերով սաստիկ երկրաշարժ, սքանչելիք և փայլատակություն ճառագեց նրանց շուրջը։ Եվ ահա Քրիստոս՝ տերերի Տերն ու սերովբեների Թագավորը եկավ կանգնեց նրանց մեջ։ Երբ լույսը բացվեց, ամենօրհնյալ Աստվածածինը ննջեց, և փառքերի Տերը աներևութացավ նրանց աչքից։ Երանելի առաքյալները վերցրին սուրբ նշխարները ջահերով և մոմեղեններով, սաղմոսներով և օրհնությամբ, իսկ սուրբ հրեշտակների բանակները վայր իջնելով՝ երգում էին նրանց հետ։ Քաղաքը լցվեց նրանց հոգևոր երգերի հնչյուններով։ Երկնայիններն իջած երգում էին, և ամբողջ բազմությունը, մի վայրում հավաքվելով, շտապում էր տեսնել հրաշափառ և սքանչելի գործը։ Անօրեն հրեաները զայրանալով կամեցան հափշտակել և այրել հոգևոր սուրբ գանձը։ Իսկ քահանայապետը բռնեց դագաղից և կամեցավ վայր գցել այն։ Սակայն արմունկից պոկվեց նրա ձեռքը, և նա աղաղակեց դեպի Պետրոսն ու նրա աշակերտները. «Ողորմեցեք ինձ, Քրիստոսի՛ աշակերտներ»։ Եվ Պետրոսն ասաց. «Հավատո՞ւմ ես անժամանակ Բան Աստծուն»։ Եվ նա ասաց. «Հավատո՛ւմ եմ», և նույն պահին ողջացավ ձեռքը։ Եվ այն օրը հավատացին և Քրիստոսով մկրտվեցին շատերը։

Իսկ սուրբ առաքյալները ամենօրհնյալ սրբուհու մարմինը տարան և ամփոփեցին Գեթսեմանիի ձորում։ Եվ առաքյալները մի քանի օր մնացին Երուսաղեմում։ Եվ ահա երրորդ օրը Հնդկաստանից եկավ Թովմասը և աղաչեց ու խնդրեց Պետրոսին և մյուս առաքյալներին՝ տեսնելու կենաց գանձը՝ երանելի Մարիամի՝ անարատ Աստվածածնի սուրբ նշխարները՝ [ասելով]. «Որպեսզի արժանի լինեմ համբուրել անճառելի Բան Աստծո տաճարին»։ Բոլոր աշակերտները բազում ժողովրդի հետ միասին ճանապարհ ընկան դեպի սուրբ գանձի տեղը՝ կատարելու սուրբ Թովմասի տենչանքը։ Եվ ահով ու դողությամբ աղոթելով՝ բացեցին երկնավոր գանձի տապանը և ոչինչ չգտան այնտեղ, բացի պատանքից։ Եվ փառավորելով Աստծուն՝ վերադարձան։

Պետրոսն ասաց բազմությանը. «Իմ սիրելինե՛ր ու հավատակիցնե՛ր, ուղիղ փառավորությամբ ամենօրհնյալ սուրբ և անբաժանելի Միությանը դավանողնե՛ր, ունկն դրեք իմ բերանի խոսքերին։ Վեցթևյան սերովբեները երանելի են, քանի որ մերձ են անհասանելի Աստվածությանը, բազմաչյա քերովբեները ցանկալի են, քանի որ մոտ են Սուրբ Երրորդությանը։ Քառակերպյան կենդանիները երանելի են, քանի որ անաթոռ են անհաս տերությանը։ Եվ բոլոր զորությունները բաղձալի են, քանի որ սպասավոր են անժամանակ գերազանց լույսին։ Իսկ սա առավել մեծ փառքի հասավ և սքանչելի պատվի արժանի եղավ, քան բոլորը. քանի որ սրա մեջ բնակվեց անճառելի Բան Աստված և մարմին առավ սրա բնությունից և խառնեց Իր անխառնելի Աստվածությանը։ Երկու կատարյալ գոյություններից մի կատարյալ գոյություն. Աստված՝ Հորից, և մարդ՝ Կույսից։ Երկնքում՝ անմայր, և երկրում՝ անհայր։ Հորից անժամանակ ծնվեց՝ անմայր, իսկ Կույսից ծնվեց ժամանակի մեջ՝ անհայր, որի համար էլ Աստվածածին ենք անվանում նրան, քանի որ մարմնով ծնեց Բան Աստծուն, որով մահը կործանվեց, դժոխքը խորտակվեց, և մահը չկարողացավ նրան տիրել, քանի որ Նրա անարատ վարքի մեջ մահվան համար տեղ չկար։ Սակայն նախահոր մեղքերի պատճառով մահ ճաշակեց։

Եվ այժմ մարմնով վերափոխվեց [հավերժ] կենդանիների երկիրը և դեպի դրախտի տենչալի կենաց ծառը, ուր կան տեսակ-տեսակ հրաշափառ տունկեր, որոնք զարդափայլում են համեղ ու գունեղ պտուղներով։ Ուր եդեմածին մշտաբուխ աղբյուրը, չորս բաժանված գետերով հավերժ հոսելով, ջրում և զվարճացնում է դրախտի տենչալի վայրը։ Եվ անմարմին սուրբ սերովբեն փակ է պահում կենաց ծառի ճանապարհը, ուր այսօր վերափոխվեց սուրբ Աստվածածինը՝ միշտ կենդանի մայրը, քանի որ անմահության բաժակը ճաշակեց և միշտ բարեխոսում է աշխարհի համար։

Արդ, ո՛վ ամենօրհնյալ Աստվածածին, ոսկի, արծաթ, կնդրուկ և զմուռս չունեմ, որպեսզի, մոգերի հետ գալով, ընծայեմ հրաշափառ Ծնունդիդ կամ էլ գեղեցկատես տաճար շինեմ, այլ իմ աղքատ ու չքավոր մտքի փոքրիկ խոսքը քեզ հարմարեցրի։ Ընդունի՛ր այն՝ իբրև քեզ հաճելի, և բարեխոսի՛ր մեր բոլորի Տիրոջ մոտ, որպեսզի ինձ չհեռացնի հավիտենական կյանքից, այլ արժանի դարձնի հասնել և անմարմին զորքերի հետ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. ամեն։

--------------------
Աշխարհաբարի վերածեց Մարթա Արաբյանը
————————–
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ