Աղոթքով կարդալու մասին

Բաժին՝ Մաս Բ.
«Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները»
(Սաղմ. ՃԺԸ 18)։
------------------------------------------

Ի՞նչ պետք է անի քրիստոնյան, որպեսզի Աստծո խոսքի սերմերը պտուղ տան իր մեջ։ Քրիստոսն ասում է. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. Է 7-8)։ Քանի որ ինքներս տկար ենք, առանց Քրիստոսի ոչինչ անել չենք կարող, ինչպես և Նա է վկայում. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15, 5)։ Ուստի ջերմեռանդ աղոթքով է անհրաժեշտ ամեն ինչ փնտրել Նրա մոտ։ Պետք է Սուրբ Հոգին, Ով խոսեց մարգարեների և առաքյալների հետ, գործի մեր մեջ՝ լուսավորելով, հանդիմանելով, խրատելով և առաջնորդելով մեզ, եթե ցանկանում ենք Նրա օրենքով ապրել (1

Երբ նստում ես՝ կարդալու կամ լսելու Աստծո խոսքը, նախապես աղոթի՛ր Աստծուն։ Հանապազ խնդրի՛ր Նրան, որ լուսավորի միտքդ և բացահայտի քեզ համար Իր խոսքերի զորությունը, քանզի շատերը, ապավինելով իրենց հասկացողությանը և չհասկանալով գրվածը, սրբապղծության մեջ ընկան և կործանվեցին։ Արդ, եթե ընթերցելիս դժվարհասկանալի տողերի հանդիպես, վերագրիր այդ քո տկարամտությանը (ս. Եփրեմ Ասորի)։

Բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ, հաճախակի պաղատանքներ և մեծագույն ճգնութամբ հայցել Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվեն մեր մեջ աղոթքի բաղձանքն ու Աստվածային Գրքի վերծանությունը։ Եվ մեր մտքի ճաշակելիքում կհամեղանա այդ հիանալի ուտեստների խոհարարությունը, և կճանաչենք հոգևոր երկունքի օգտակարությունն ու անսպառ բարիքների արդյունարարությունը (Խոսրով Անձևացի)։

Սուրբ Գրքի խորախորհուրդ խոսքերին մի՛ մոտենա առանց աղոթելու և Աստծուց օգնություն հայցելու, այլ ասա. «Տո՛ւր ինձ, Տե՛ր, զգայաբար ընկալել նրանցում ամփոփված զորությունը»։ Համարի՛ր աղօթքը Սուրբ Գրքում արտահայտված ճշմարիտ իմաստի բանալի (ս. Իսահակ Ասորի)։

Կարդա՛ ջանասիրաբար ու փութեռանդորեն՝ համակ ուշադրությամբ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա։

Երբ նստես կարդալու կամ կարդացողին լսելու լինես, նախապես աղոթի՛ր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց արա սրտիս ականջներն ու աչքերը, որ լսեմ Քո խոսքերն ու կատարեմ Քո կամքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները (Սաղմ. ՃԺԸ 18)։ Հույս ունեմ, Աստվա՛ծ իմ, որ կլուսավորես իմ սիրտը»։ Միշտ այդպես աղաչի՛ր Աստծուն, որպեսզի լուսավորի միտքդ և քեզ ճանաչել տա Իր խոսքերի զորությունը։ Շատերն իրենց հասկացողությանն ապավինելով՝ մոլորվեցին (ս. Եփրեմ Ասորի)։

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԿԱՐԴԱԼՈՒՑ ԵՎ ԼՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց սրտիս աչքերը՝ լսելու Քո խոսքը, հասկանալու և կամքդ կատարելու, քանզի պանդուխտ եմ ես այս աշխարհում։ Մի՛ ծածկիր ինձնից Քո պատգամները, այլ բա՛ց իմ աչքերը, որ հասկանամ օրենքիդ հրաշալիքները. հայտնի՛ր ինձ Քո իմաստության անհայտն ու ծածուկը։ Ես Քեզ եմ ապավինում, Աստվա՛ծ իմ, թող Քո մտքի լույսով լուսավորվի նրա իմաստը, որ ոչ միայն գրվածը կարդամ, այլև կատարեմ, որպեսզի մեր կարդացած խոսքերն ու սուրբերի վարքը մեզ ի վնաս չլինեն, այլ ի նորոգություն, լուսավորություն, սրբագործություն, ի փրկություն հոգու և ի ժառանգություն հավիտենական կյանքի։ Զի Դու ես լուսավորում խավարի մեջ նստածներին, և Քեզնից է ամենայն բարիք ու ամենայն կատարյալ շնորհ։

 Ս. Գրիգոր Տաթևացի
ԱՂՈԹՔ

 Արարի՛չ անճառելի և Աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորի՛ր իմ միտքը պայծառ նշույլներով և հեռացրո՛ւ իմ միջից մեգն անգիտության: Դո՛ւ, որ մանուկների լեզուները պարզախոս ես ստեղծել, վարժի՛ր իմ լեզուն և շուրթերս Քո շնորհների օրհնությա՛մբ լցրու։ Սրությո՛ւն տուր ինձ՝ հասկանալու, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ բացատրելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատ շնորհ՝ խոսելու: Պատրաստի՛ր ու հարդարի՛ր մուտքն իմ այս կյանք, կյանքիս ընթացքն ուղղի՛ր և ավարտի՛ն հասցրու Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով։ Ամեն:

——————————————–

(1) Как читать Библию? Москва, 1996, стр. 47.

Հատկորոշիչներ՝ աղոթք, սուրբ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Աստծո խոսքը պահելու մասին

«Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և...

Մինչև երբ քրիստոնյան պետք է ընթերցի Սուրբ Գիրքը

«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝...

Սուրբ Գիրքը հարատև ընթերցանությամբ սերտելու մասին

«Այս խոսքերն ի պա՛հ դրեք ձեր մտքում ու ձեր...