Աթենագորաս Աթենացի

ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ԱԹԵՆԱՑԻ

ԱՂԵՐՍ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

161

Մի՞թե անխոհեմ չէ մեզ աթեիստ անվանելը, չէ՞ որ մենք Աստծուն զատում ենք նյութից և սովորեցնում, որ նյութը մի բան է, իսկ Աստված՝ մի այլ բան, որ մեծ տարբերություն կա նրանց միջև. Աստվածությունը անստեղծ է և հավերժական՝ ընդունակ ճանաչվելու միմիայն բանականությամբ և հասկացողությամբ, մինչդեռ նյութը ստեղծված է ու անցավոր։

162

Այն, ինչ գիտենք և այն, ինչին հավատում ենք, վկայում են մարգարեները, ովքեր Սուրբ Հոգու ներշնչումով հայտնել են Աստծու և Աստծուց եղող բաների մասին։ Գուցե դուք նույնպես կընդունեք (գերազանցելով մյուսներին, ինչպես անում եք ճշմարիտ Աստվածությանը ճանաչելով և Նրա հանդեպ երկյուղածությամբ), որ անմիտ կլիներ դադարել հավատալ մարգարեների բերանները երաժշտական գործիքների նման շարժող և Աստծուց բխող Հոգուն ու հետևել մարդկային տեսակետների։

163

Իրենց բանականության բնական ուժերից վեր հոգևոր հափշտակությամբ և Աստվածային Հոգով ներշնչված՝ մարգարեները խոսեցին այն բաները, որոնցով բռնված էին. Հոգին նրանց օգտագործեց որպես ֆլեյտայի մեջ փչող ֆլեյտահար։

164

Ես բազմիցս նշել եմ, որ մենք աթեիստներ չենք, քանի որ ճանաչում ենք մեկ Աստծու՝ անեղ, հավերժական, աներևույթ, անընդունակ ներգործվելու, անըմբռնելի, անսահման, ով ճանաչելի է միմիայն դատողությամբ և բանականությամբ, ով պարփակված է լույսով և գեղեցկությամբ, հոգով և անբավ զորությամբ, ում կողմից, Իր Խոսքի միջոցով, ստեղծվել է, կարգի մեջ է դրվել ամեն բան և գոյատևում է։ Մենք ճանաչում ենք նաև Աստծու Որդուն։ Թող ոչ ոք ծիծաղելի չկարծի, որ Աստված կարող էր Որդի ունենալ։ Քանզի մենք Հայր Աստծու կամ Որդու մասին չենք դատում պոետների նման, ովքեր իրենց առասպելները ստեղծելիս աստվածներին ներկայացնում են որպես մարդկանցից ոչ առավել էակներ։ Աստծու Որդին Հոր Խոսքն է՝ խոհապես և իրապես։ Նրա կողմից և Նրա միջոցով ստեղծվեց ամեն բան՝ Հայրն ու Որդին մեկ լինելով, քանի որ Որդին Հոր մեջ է, և Հայրը՝ Որդու մեջ՝ Հոգու միությամբ և զորությամբ. Հոր Միտքն ու Խոսքը Աստծու Որդին է։

Եվ եթե ձեր չափազանց մեծ իմաստնության մեջ փորձեք քննել, թե ինչ է նշանակում «Որդի», ապա համառոտակի կասեմ ձեզ. Նա Հոր Անդրանիկ Ծնունդն է՝ ոչ որպես ստեղծված (քանզի սկզբից էլ Աստված Իր մեջ ուներ Խոսքը, Աստված՝ հավերժ միտք և հավերժապես ճշմարիտ), այլ առաջ եկած՝ լինելու նյութական բոլոր բաների նախատիպն ու զորացնող ուժը, որոնք նման էին ինչ-որ հատկազերծ բնության և իներտ երկրի, որոնցում ծանր մասերը թեթևների հետ էին խառնված։

Մարգարեական Հոգին նույնպես հաստատում է այս դատողությունը. «Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց ի գործս իւր» (Առակներ 8. 22)։ Մարգարեությամբ խոսողների մեջ գործող Սուրբ Հոգուն ևս մենք համարում ենք բխում Աստծուց, որ արտահոսում և վերադառնում որպես արևի ճառագայթ։ Հետևաբար ո՞վ չէր զարմանա՝ լսելով աթեիստ կոչվածներին, ովքեր խոսում են Հայր Աստծու, Որդի Աստծու և Սուրբ Հոգու մասին, ովքեր հռչակում են Նրանց միասնական զորությունը և Նրանց առանձնահատկությունն ըստ կարգի։ Մեր աստվածաբանությունն էլ սահմանափակված չէ սրանցով, քանզի ճանաչում ենք նաև հրեշտակների և ծառաների մի բազմություն, որոնց Աստված՝ աշխարհի Արարիչն ու Ծրագրիչը, Իր Խոսքի միջոցով, հաստատեց իրենց տեղերում ու նրանց իշխանությանը հանձնեց տարրերն ու երկինքները, աշխարհն ու նրանում եղածը և ամենայնի կարգ ու կանոնը։

165

Ինչպես որ հավաստում ենք, թե կա Աստված, կա Որդի, որ Նրա Խոսքն է, և Սուրբ Հոգի՝ զորությամբ միավորված (Հայր, Որդի և Սուրբ Հոգի. Որդին՝ Հոր Միտքը, Խոսքը, Իմաստությունը, իսկ Հոգին՝ բխում Հորից, ինչպես լույս կրակից), նույնպես էլ ընդունում ենք, որ կան այլ զորություններ, որոնք կապված են նյութի հետ և օգտագործում են այն…։ Որովհետև հրեշտակների գոյացման սկզբնապատճառը Աստծու ստեղծած և Նրա կողմից կարգավորված բաների նախախնամության իրագործումն էր։

166

Եթե մենք համոզվեինք, որ ներկա կյանքը միակն է, որ պիտի ապրենք, ապա մեզ կարելի էր կասկածել մեղսագործության, մարմնին ու արյանը գերի դառնալու կամ էլ ընչաքաղցության և կրքի պատճառով անպարկեշտ դառնալու մեջ։ Բայց քանզի գիտենք, որ Աստված գիշեր ու զօր ներկա է մեր մտքերի ու խոսքերի մեջ, որ Նա, լինելով լույս ամենայնի, տեսնում է մեր սրտերում եղածը, ապա համոզված ենք, որ այս՝ ներկայիս կյանքից հեռանալուց հետո մի ուրիշ կյանք ենք ապրելու՝ առավել լավ, քան ներկա կյանքը, ոչ թե երկրային, այլ՝ երկնային։ Հետո պիտի բնակվենք Աստծու մոտ և Աստծու հետ, անփոփոխ ու ազատ՝ հոգեպես տանջվելուց, ապրելու ենք ոչ թե որպես մարմին, այլ որպես երկնային հոգի։ Իսկ թե մնացածի հետ ընկնենք, ավելի վատ՝ պիտի բնակվենք կրակում։ Քանզի Աստված մեզ ոչխարներ կամ բեռնակիր կենդանիներ չի ստեղծել, որ տանջվենք ու ոչնչանանք։ Նկատի առնելով այս ամենը, անհավանական է, որ կամենանք չարիք գործել կամ էլ մեզ մատնենք մեծ Դատավորի պատժին։

167

Մեզ համար ոչ թե խոսքերն են կարևոր, այլ գործերով օրինակ ցույց տալը և գործերով սովորեցնելը։ Անհատը կամ պետք է մնա ինչպիսին ծնվել է, կամ էլ գոհանա մեկ ամուսնությամբ, որովհետև երկրորդ ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկական շնություն։ «Զի ամենայն, որ արձակէ զկին իւր,- ասում է Նա,- և առնիցէ այլ՝ շնայ» (Ավետարան ըստ Մատթեոսի, 19. 9)։ Տղամարդուն ոչ թույլատրվում է արձակել նրան, ում կուսությունն առել է նա, ոչ էլ՝ նորից ամուսնանալ։ Առաջին կնոջը դավաճանող յուրաքանչյուր տղամարդ, թեկուզ և կինը մեռած լինի, թաքնված շնացող է։ Մարմինը մարմնի հետ կապի խախտումով, որոնց միությունը կայացել էր ցեղակցության համար, նա ընդդիմանում է Աստծու ձեռքին, քանի որ սկզբում Աստված ստեղծեց մեկ տղամարդ և մեկ կին։

ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

168

Աստված մարդուն չստեղծեց աննպատակ նախաձեռնությամբ, քանզի Նա իմաստուն է, իսկ իմաստությամբ կատարված ոչ մի գործ աննպատակ չէ։ Մարդուն ստեղծելու սկզբնապատճառը ոչ էլ Իր սեփական կարիքն էր, որովհետև Նա ոչնչի կարիք չունի։ Իսկ բացարձակապես ոչնչի կարիք չունեցող Էությանը Իր իսկ ստեղծածներից և ոչ մեկը չի կարող որևէ անհրաժեշտ բան բաշխել։ Եվ դարձյալ, Նա մարդուն չստեղծեց Իր մյուս ստեղծածներից որևէ մեկի համար, որովհետև բանականությամբ և դատողությամբ օժտված ոչինչ չի ստեղծվել և չի ստեղծվում այլ արարածի գործածության համար՝ լինի այն իրենից մեծ, թե փոքր։ Դրանք ստեղծվում են իրենց սեփական կյանքը և գոյությունը ունենալու համար։

…Ուստի եթե մարդը ոչ անմտաբար է ստեղծվել, ոչ էլ աննպատակ (Աստծու գործերից և ոչ մեկն անմտաբար չի կատարված, որքանով որ խոսքն Արարչի նպատակին է առնչվում), ոչ Իր՝ Արարչի որևէ կարիքից, ոչ էլ Նրա ստեղծած մյուս բաներից որևէ մեկի կարիքից դրդված, ապա միանգամայն պարզ է, որ թեպետև ամենագլխավոր և հիմնական տեսակետի համաձայն, Աստված մարդուն ստեղծեց Իր համար և ի սեր այն բարության ու իմաստության, որոնք Իր ողջ արարչագործության բնորոշ առանձնահատկություներն են, բայց, ըստ ստեղծածներին առնչվող դատողության, Աստված մարդկանց ստեղծեց, որպեսզի նրանք իրենց սեփական կյանքն ունենան։ Եվ նրանց կյանքը չի բորբոքվում ինչ-որ կարճ ժամանակով, որ հետագայում ամբողջովին մարի։

169

Այնուամենայնիվ այն, ինչ ծնունդ առավ հանուն իր սեփական կյանքի և գոյության (քանի որ այս սկզբնապատճառն ի բնե դրան է պատկանում և ճանաչվում է միմիայն արարածի գոյության փաստով), երբեք չի կարող իր գոյությունը լիովին ոչնչացնող որևէ սկզբնապատճառ ունենալ։ Այս սկզբնապատճառն առաջնորդվում է դեպի հարատև գոյություն։ Դրա համար էլ այդպես ստեղծված էությունը պետք է պահպանվի ընդմիշտ՝ կատարելով և ճաշակելով այն, ինչ համաձայն է իր բնությանը, որի մասերից յուրաքանչյուրը նպաստելու է իրեն պատկանածին։ Այսպիսով հոգին գոյատևում և հարատևում է անփոփոխ բնությամբ, որով ստեղծվել էր, և կատարում է այն, ինչ էական է իր համար։ …Իսկ մարմինը գործում է իր բնության համաձայն և ենթարկվում իրեն վերապահված փոփոխություններին։ Տարիքային, արտաքին, չափի և նման այլ փոփոխությունների թվում է հարությունը։ Հարությունը փոփոխության տարատեսակ է՝ ամենավերջինը, փոփոխություն դեպի լավը այն ամենում, ինչ որ մնում է այդ ժամանակ։

170

Եթե մարդկային յուրաքանչյուր բնություն կազմված է անմահ հոգուց և մարմնից, որին հոգին միանում է արարման ժամանակ՝ զուգակցմամբ, և եթե Աստված այնպիսի ծագում, կյանք և գոյընթաց է սահմանել, որ ոչ հենց հոգու բնության համար է, ոչ էլ՝ մարմնի բնության համար առանձին, այլ՝ այդ երկուսից կազմված մարդկանց համար, որպեսզի կյանքի բովով անցած լինելով՝ կարողանան հասնել մեկ ընդհանուր վախճանի լիամբողջ վերջին, ընդ որում, դեռ կազմված այն նույն տարրերից, որոնցից կերտվել ու որոնցով ապրել էին, ապա բացարձակապես անհրաժեշտ է (քանի որ մեկ կենդանի արարածը կազմված է երկուսից՝ ճաշակելով այն, ինչ հոգին է ճաշակում և այն, ինչ մարմինն է ճաշակում, անելով և իրագործելով այն, ինչ պահանջում է թե՛ զգայական, թե՛ խոհական իմացական դատողությունը), որ այս փորձառությունների ամբողջ շարանը գործ ունենա միակ և նույն նպատակի վախճանի լրման հետ։

————————————————–
Թարգմանությունը՝
Հասմիկ Մուրադյանի

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ