Սուրբ Խաչի երևման տոն

Բաժին՝ Խաչի տոներ

Ի յերկնից երեւեալ նշանն յաղթութեան այսօր,

հեթանոսաց ծագեաց լոյսն ողորմութեան։

(Շարական)

Ամեն տարի՝ Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, մեր երանաշնորհ հայրապետների տնօրինության համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երևման տոնը՝ մեկ անգամ ևս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, և խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը: Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է:

351 թ–ի մայիսի 7–ին, Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9–ին) երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը:

Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երևումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար: Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երևման մասին՝ հորդորելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաև հավատարիմ՝ նիկիական դավանությանը: Այս թուղթը Ե դարում թարգմանվել է հայերեն և ընթերցվում է տոնի օրն առավոտյան ժամերգության ավարտին կատարվող անդաստանից առաջ:

Մեր բազմադարյան պատմության մեջ էլ քիչ չեն խաչի երևումները: Երանելի Կորյունը, ինչպես նաև քերթողահայր Մովսես Խորենացին, Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մահվան և թաղման կապակցությամբ արձանագրում են, որ Վաղարշապատ քաղաքում օրեր շարունակ խաչի լուսապայծառ նշանը փայլել է այն տան վրա, ուր սուրբն ավանդել էր իր հոգին: Այդ նույն նշանն էլ առաջնորդ է եղել բազմությանն ամբողջ հուղարկավորության ընթացքում: Եվ այսքան տարիներ հետո, այնուամենայնիվ, շատերի մոտ հարց կարող է ծագել՝ ի՞նչ է խաչը քրիստոնյաներիս համար, և ո՞րն է նրա նշանակությունը:

Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու և նախատելու համար էր: Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր համարվում, այլև հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային և դաժան պատիժներից մեկն էր: Դատապարտյալին մերկ գամում էին խաչին՝ ենթարկելով զանազան մարմնական խոշտանգումների: Եվ խաչյալը տանջվում էր, արևի կիզիչ ճառագայթներն այրում էին նրա գլուխը, անբնական վիճակից մարմինն ուռչում էր, վերքերը բորբոքվում էին՝ պատճառելով անտանելի ցավեր: Մահապարտը երկար տանջվելուց հետո ավանդում էր հոգին: Այդ ժամանակ տախտակներից շինված այդ գործիքը մահվան խորհրդանիշն էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օր. ԻԱ 23), բայց մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչի վրա հեղած իր թանկագին արյամբ կենաց և օրհնության միջոց դարձրեց այն «մեզ վերստին գնելով օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար» (Գաղ. Գ 13): Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն և մեզ տալով «զէնն յաղթութեան» ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Եթե մինչև Քրիստոս խաչն անարգանքի և նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, և մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17): Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, մեր մեղքերի պարտամուրհակը վերացրեց մեջտեղից՝ գամելով այն խաչափայտին:

Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետև Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ: Եվ այս իրողությունը նկատի ունենալով է որ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետևաբար խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի և փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով դրախտի դուռը, որը մինչ այդ փակված էր մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Միով բանիվ՝ Տերն իր փրկագործության խորհրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Եվ այս գիտակցությամբ ու խոր համոզմամբ է որ քրիստոնեության մունետիկ Պողոսն ի լուր ամենքի ազդարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. Զ 14): Այո՛, տերունական նշանը ճշմարիտ քրիստոնյաներիս համար պարծանքների պարծանքն ու Աստծո անսահման սիրո արտահայտությունն է անկյալ մարդու նկատմամբ: Ճիշտ է, անհավատ ու Տիրոջը չճաշակած մարդկանց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունն անիմաստ և անհասկանալի է թվում, բայց մեզ համար, որ մեր սրտերի մեջ ընդունել ենք ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին, խաչը դարձել է փրկության գրավականը: Անգիտության խավարում խարխափող այս մարդկանց մասին է առաքյալի խոսքը. «Շատեր, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչի. նրանց վախճանը կորուստն է, նրանց ասվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը: Նրանք միայն երկրավոր բաներ են խորհում» (Փիլիպ. Գ 18-19):

Ապավինելով խաչի զորությանը` մենք խափանում ենք չարը: Մենք մեզ տյառնագրում ենք և զորացնում, նրանով զարդարում մեր հոյակերտ եկեղեցիները, նրանով կնքում մեր զավակներին, նրանով պսակվում, նրանով էլ գերեզման իջնում՝ հավիտենական կյանքի հույսով: Ինչպես Տիրոջ երկրային կյանքը խաչի մի ճանապարհ եղավ, այնպես էլ քրիստոնյաներիս համար այս ժամանակավոր կյանքը խաչի ճանապարհ է:

Մի ճանապարհ, որ անձուկ ու դժվար է, քարքարոտ ու փշոտ, բայց որի վերջնական հանգրվանը Տիրոջ խոստացած երկնային արքայությունն է: Սուրբ խաչի երևման տոնի պարտավորեցնող պատգամն է, որ խաչակնքումը մեզ համար ոչ թե ձևական ու մեխանիկական մի շարժում լինի, այլ ամեն անգամ տյառնագրելիս մի պահ անդրադառնանք այն մեծ ինքնազոհությանը, որ Աստված իրականացրեց խաչի վրա մեր փրկության համար: Մեր աղոթքը վերառաքենք առ ամենաբարին Աստված` կրկնելով սուրբ հայրերի շուրթերին բյուրեղացած սրտառուչ մաղթանքը.

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս,
յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:
Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք
յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով
մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ
որպէս զորդիս լուսոյ և որդիս տունջեան:
Հատկորոշիչներ՝ երևումն, խաչ, սուրբ, տոն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Խաչի գյուտի տոն

Սուրբ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված...

Վարագա Սուրբ Խաչ

Քրիստոնեական բոլոր եկեղեցիները ամեն տարի մեծ...