Սուրբ Պանդալեոնը և Երմողայոս քահանան Նիկոմիդիայից են, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Ս. Պանդալեոնն իր քրիստոնյա մոր մահից հետո դաստիարակվում է հեթանոս հոր կողմից: Նվիրվում է բժշկության` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպում է Երմողայոս քահանային, որն էլ նրան դաստիարակում է քրիստոնեական ոգով: Երմողայոս քահանան մկրտում է Պանդալեոնին, և նա սկսում է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության դեմ: Երբ 303 թ. սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանում են կայսեր առաջ: Նա մատնվում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է: Կայսրը տեղեկանում է, որ նրա դարձի պատճառը Երմողայոս քահանան է, ուստի հրամայում է նախ նրան գլխատել, ապա նաև՝ Պանդալեոնին:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Պանդալեոն բժշկի, Երմողայոս քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք