ՊԱՀՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Մարմնի չափավոր սնումը, որքան էլ ոմանց համար զարմանալի թվա, պայծառացնում է միտքն ու զորացնում հոգու գործունեությունը։ Բացի մարմնավոր պահքից, կա նաեւ հոգեւոր պահք։ Վերջինիս ժամանակ մարդը հրաժարվում է վատ արարքներից, կրքերից եւ մտքերից։ Սակայն նշենք, որ առանց մարմնավոր պահքի երբեմն շատ դժվար է լինում միայն հոգեւոր պահք պահելը։ Պահքը մեծապես կապված է զղջման եւ ապաշխարության հետ։ «Եվ այդ սուգը,- ասում է մեր Եկեղեցու մեծ հեղինակներից Հովհան Մանդակունին,- պահք է սովորեցնում, պահքն աղոթքի է բերում, աղոթքը` ողորմության, եւ կամաց-կամաց, աստիճանից աստիճան հեշտությամբ երկինք ես ելնում»։ «Այս ամենի միայն սկսելն է դժվար,- դարձյալ մեզ խրատում է Հովհան Մանդակունին,- բայց այնուհետեւ գործը հեշտանում է եւ դառնում քաղցր ու ցանկալի»։ Այսպիսի ներքին պահքի կարիքն ունեն ոչ միայն սովորական անձինք, այլ հատկապես մեր քաղաքական-հասարակական գործիչները եւ գիտության մարդիկ։ Լինում է հոգեւոր պահք, որը ենթադրում է հրաժարում եսասիրական եւ իշխանատենչ գործողություններից, հրաժարում մարդկային փառասիրական նկրտումներից։ Այս պահքն առանձնապես անհրաժեշտ է հասարակական գործիչներին։ Այս պահքի կարգն է` մի փնտրիր իշխանություն եւ առավելություն, եթե կոչվել ես իշխանության եւ ղեկավարման, այլ նայիր դրանց որպես ծառայություն։ Ամեն անգամ, երբ հարկ է լինում մարդկանց անտեղի հիշեցնել սեփական անձի մասին, ցույց տալ սեփական առավելություններն ու ուժը, զսպի՛ր քեզ։ Մի՛ տրվիր երեսպաշտությանը։ Մտավոր պահքը հրաժարումն է մտքի միակողմանի գործողությունից, վերջ չունեցող անիմաստ ու աննպատակ հարցերի առաջադրումից։ Սա անհրաժեշտ է գիտության մարդկանց, որոնք մոռացության են տվել Հերակլիտի խոսքերը. «Բազմիմացությունը խելք չի սովորեցնում»։ Մտավոր այս պահքի պայմանն է` մի փնտրիր գիտելիքներ հանուն գիտելիքների, որոնք անիմաստ են մարդկանց եւ Աստծո գործի համար։ Մի փնտրիր գաղափարական նորույթներ ու յուրօրինակություններ։ Չափից ավելի մեծ արժեք մի տուր գիտական իմացություններին, քանզի գիտությունն ունի սահման` կապված գիտնականների կանխակարծ մտքերի եւ գիտական ոչ լիարժեք նյութի հետ։ Այս շրջանում հատկապես անհրաժեշտ է մտավոր գործունեությունը ենթարկել բարոյական պահանջներին։
0 կարծիք