Շավիղ Զ.

Հարց. Հիսուս ի՞նչ սովորեցրեց աշակերտներին:

Պատասխան. Տերունական աղոթքը:

Հարց. Եթե գիտես Տերունական աղոթքը, ասա՛, որ լսեմ:

Պատասխան. «Հայր մեր, որ երկնքում ես. թող սո՛ւրբ լինի անունը Քո: Քո թագավորությունը թող գա: Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք ենք գործում մեր դեմ. և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից: Որովհետև Քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն» (Մատթեոս Զ 9-14):

Հարց. Այդ աղոթքը շատ է ցանկանում իմ հոգին, եթե կարող ես, ինձ էլ սովորեցրո՛ւ:

Պատասխան. Կսովորեցնեմ. բայց հիմա ժամանակը չէ, երբ Քրիստոսին ճանաչես, այն ժամանակ է պետք քեզ այդ աղոթքը. հիմա այլ հարցեր տուր:

Հարց. Հետո ի՞նչ արեց Հիսուս:

Պատասխան. Մկրտվելուց հետո երեք տարի քարոզեց և շատ հրաշքներ գործեց:

Հարց. Հրեաները հավատացի՞ն Հիսուսի հրաշքներին:

Պատասխան. Հասարակ ժողովրդից հավատացող եղավ. բայց քահանայապետները չէին հավատում Հիսուսին: Հիսուս ինչքան հրաշք որ կատարում էր, իրենց նախանձը օրըստօրե ավելանում էր. «Սա հյուսնի տղան չէ՞» (Մարկոս Զ 3) ասելով՝ նախատում էին, մինչև անգամ մտադրվեցին Հիսուսին սպանել:

Հարց. Ապա Հիսուս ի՞նչ արեց:

Պատասխան. Երեք տարի հետո՝ Ծաղկազարդի կիրակիին, Բեթանիայից դուրս եկավ և ավանակ հեծնելով՝ Երուսաղեմ եկավ:

Հարց. Այդ մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Այո՛, Զաքարիա մարգարեն գրում է. «Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա» (Զաքարիա Թ 9):

Հարց. Երբ Հիսուսին տեսան, ի՞նչ ասացին հավաքվածները:

Պատասխան. Մեծահասակները և ծծկեր երեխաներն անգամ «Օվսաննա» ասացին, այսինքն՝ «Ո՛վ Տեր, ազատի՛ր մեզ» կանչեցին:

Հարց. Այդ երեխաների «Օվսաննա» կանչելը նախապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Այո՛, Դավիթը գրում է. «Մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի» (Սաղմոս Ը 3):

Հարց. Հետո ո՞ւր գնաց Հիսուս:

Պատասխան. Մինչև չորեքշաբթի ցերեկը տաճարի մեջ քարոզում էր ու գիշերը Բեթանիա կոչվող գյուղում հանգստանում: Ավագ չորեքշաբթի Հիսուս իր տասներկու աշակերտներով Սիմոն բորոտի տանը նստած էր, Մարիամ անունով մի կին մեկ շիշ պատվական և թանկագին նարդոսի յուղ բերեց և բոլորի ներկայությամբ Հիսուսի գլխին լցրեց, և տունը լցվեց յուղի անուշահոտությունով (Մարկոս ԺԴ 3):

Հարց. Հիսուս չզայրացա՞վ:

Պատասխան. Հիսուս չզայրացավ, բայց աշակերտները զայրացան:

Հարց. Աշակերտները ինչո՞ւ զայրացան:

Պատասխան. Ասում էին, թե այդ յուղը իզուր տեղը կորավ, եթե վաճառվեր, երեք հարյուր դահեկանից ավելի կարժենար և աղքատներին կտրվեր:

Հարց. Հիսուս ի՞նչ ասաց:

Պատասխան. «Աղքատներն ամեն ժամ ձեզ մոտ են. երբ նրանց օգնել ցանկանաք, կարող եք օգնել, բայց Ինձ ամեն ժամ չեք կարող տեսնել, դրա համար այս կնոջը բան մի՛ ասեք և մի՛ նեղացրեք, այլ ընդհակառակը, ամեն տեղ քարոզեցեք դրա արածը, որովհետև այդ կինը մեծ բարեգործություն արեց՝ Իմ վրա յուղ թափելով, խորհրդանշեց Իմ թաղումը» (հմմտ. Մարկոս ԺԴ 7):

Հարց. Աշակերտների բարկությունն անցա՞վ:

Պատասխան. Բոլորի բարկությունն անցավ, բայց Հուդայի բարկությունը չանցավ, որովհետև աղքատների գանձանակը Հուդայի մոտ էր, այն յուղն էլ որ վաճառվեր, դրամը այն գանձանակը պետք է դրվեր, և Հուդան դրա միջից ուզածի չափ կարող էր գողանալ. դրա համար Հուդայի բարկությունը չմարեց:

Հարց. Այդպիսի գող մարդուն ինչո՞ւ գանձապետ դարձրեց Հիսուս:

Պատասխան. Հիսուս գիտեր Հուդայի արծաթասեր և գող լինելը. դրա համար գանձապետ դարձրեց, որ աչքը կշտանա և գողություն չանի, բայց բնավ օգուտ չեղավ:

Հարց. Շատ եմ վախենում, եղբա՛յր, չլինի որ Հիսուսին վնաս պատճառի, որովհետև արծաթասեր և գող եղողը, մարդ սպանելուց էլ չի վախենա:

Պատասխան. Այո՛, ասածիդ պես է, որովհետև Հուդան գիտեր, որ հրեաների միտքը Հիսուսին սպանելն է, բայց նրանք կարիք ունեին մեկի, որ իրենց առաջնորդեր և մատնացույց աներ Հիսուսին, հատկապես այն ժամանակ, երբ Նա մենակ էր: Դրա համար էլ Հուդան մտածեց գնալ հրեաների մոտ, նրանցից արծաթ ստանալ և մատնել Հիսուսին:

Հարց. Մտքի դրածը կարողացա՞վ կատարել:

Պատասխան. Այո՛, ինչպես Մատթեոս ավետարանիչն է գրում. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս ԻԶ 14-15):

Հարց. Այդ մասին նախապես գրված կա՞ր:

Պատասխան. Այո՛, Զաքարիա մարգարեն է գրում. «Ես վերցրի երեսուն արծաթը և Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ» (Զաքարիա ԺԱ 13):

Հարց. Հետո ի՞նչ արեց չար Հուդան:

Պատասխան. Գնաց հրեաներին խոսք տվեց ու կրկին գնաց Հիսուսի մոտ, որ երբ առանձին տեսնի Նրան, գնա հրեաներին հայտնի, որ բռնեն Հիսուսին:

Հարց. Ապա Հիսուս ո՞ւր գնաց:

Պատասխան. Ավագ հինգշաբթի երեկոյան Հիսուս տասներկու աշակերտների հետ գնաց Վերնատուն և զատկական գառ ուտելով հին օրենքը կատարեց, որովհետև զատիկ էր: Հետո հացը վերցրեց, օրհնեց ու կիսեց և աշակերտներին տալով՝ ասաց. «Առե՛ք և կերեք, այս է Իմ Մարմինը» (Մատթեոս ԻԶ 26): Հետո գինու գավաթը ձեռքն առնելով՝ օրհնեց ու աշակերտներին տալով՝ ասաց. «Խմե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս ԻԶ 28):

Հարց. Ի՞նչ է Ուխտը, եղբայր:

Պատասխան. Ուխտը խոստում է նշանակում: Սուրբ Գրքից գիտենք, որ իսրայելացիները Եգիպտոսի մեջ գերի էին մոտ չորս հարյուր տարի, որովհետև այդ ժողովրդի հայրը՝ Հակոբ նահապետը, սկզբից Երուսաղեմից Եգիպտոս էր եկել: Իր և իր որդու՝ Հովսեփի մահվանից հետո նրա ողջ սերունդը գերի ընկավ Փարավոնի ձեռքը: Եվ երբ Աստված ցանկացավ Մովսեսի միջոցով նրանց ազատել և նորից Երուսաղեմ տանել, գառի արյունով խոստացավ տանել և տարավ. դրան Հին Ուխտ են անվանում (Ելք. ԺԲ 3):

Հարց. Իսկ ի՞նչն է Հիսուսի ասած Նոր Ուխտը:

Պատասխան. Նոր Ուխտը շատ մեծ է Հին Ուխտից, որովհետև Հին Ուխտը գառի արյունով էր, իսկ Նոր Ուխտը Աստծու Գառի արյունով է, ինչպես որ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի համար ասում է. «Ահա՛ Գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես Ա 29): Գեթ մի անգամ մտածի՛ր, թե որքան տարբերություն կա կենդանիների և մարդկանց միջև, և երկրորդ՝ Աստծու և մարդկանց միջև: Սրանից հասկացի՛ր Նոր Ուխտի մեծությունը:

Հարց. Հասկացա, որ գառի արյունով իսրայելացիները չորս հարյուր տարվա գերությունից ազատվեցին, ապա ի՞նչ հրաշք եղավ Աստծու Գառի արյունով:

Պատասխան. Լսի՛ր, որ պատմեմ. որովհետև դրախտից աքսորված մեր նախահայր Ադամը իր բոլոր զավակներով, այսինքն՝ բոլոր նահապետներով և մարգարեներով այս աշխարհի կամ դժոխքի մեջ գերի էր ընկած սատանայի ձեռքը: Մինչև անգամ իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից ազատող Մովսեսն էլ գերի էր սատանային հազարավոր տարիներ: Եվ մարդկային տկար բնությամբ այդ գերությունից ազատվելու ոչ մի հնար չգտնվեց: Ուստի Աստծու Որդին խոստացավ Իր արյամբ մարդկային բնությունը սատանայի գերությունից ազատել և Վերին Երուսաղեմ տանել, այսինքն՝ արքայություն: Ահա այս է Նոր Ուխտը, որի համար Երեմիա մարգարեն ասում է. «Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Նոր Ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ» (Երեմիա ԼԱ 31): Զաքարիան ասում է. «Իսկ դու արյամբ կնքված ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից» (Զաքարիա Թ 11):

Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, Հին Ուխտի և Նոր Ուխտի տարբերությունը: Հին Ուխտն ազատեց Եգիպտոսից, իսկ Նոր Ուխտը՝ դժոխքից: Հին Ուխտը մի ազգ ազատեց, իսկ Նոր Ուխտը՝ բոլոր հավատացյալներին: Հին Ուխտը Կարմիր ծովը պատռեց, իսկ Նոր Ուխտը՝ այս աշխարհի մեղքի ծովը: Հին Ուխտը ազատված ժողովրդին այս աշխարհի քանանացիների երկիրը՝ Երուսաղեմ քաղաք տարավ, իսկ Նոր Ուխտը Վերին Երուսաղեմ պետք է տանի: Հին Ուխտը ուտողները մահացան, իսկ Նոր Ուխտը ուտողները չպետք է մահանան, ինչպես որ Հիսուս է վկայել. «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան…: Թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի» (Հովհաննես Զ 49-52):

Հարց. Շատ վախեցա: Իրապես մեծ տարբերություն կա Հին և Նոր Ուխտի միջև:

Պատասխան. Վախը և ահը դեռ վերջում է լինելու: Քրիստոսին ճանաչելուց հետո Նոր Ուխտի վրա պետք է զարհուրես: Որովհետև Նոր Ուխտի զորությունը ամբողջապես չպատմեցի: Երբ Քրիստոսին ճանաչես, դրանից հետո կբացատրեմ: Հիմա այլ հարցեր տուր:

Հարց. Երբ Հիսուս ձեռքը վերցրեց հացը և ասաց, որ դա Իր Մարմինն է, աշակերտներն ի՞նչ ասացին:

Պատասխան. Ամենևին բան չասացին, այլ շատ ուրախացան: Որովհետև Հիսուս սկզբից ասել էր. «Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և արյունը չխմեք, հավիտենական կյանք չեք ունենա» (Հովհաննես Զ 54-55): Սրա համար աշակերտները կասկածի մեջ էին, թե «ինչպե՞ս պետք է մարմինը ուտենք և արյունը խմենք»: Երբ Հիսուս իր Մարմնի և Արյան փոխարեն հացը և գինին ցույց տվեց, շատ ուրախացան:

Հարց. Հացը մարմին կլինի՞:

Պատասխան. Չկարծես, թե Հիսուս այս ասաց սոսկ իբրև առակ կամ օրինակ, ինչպես որ մի քանի օրինակներով էր ասել. «Ես եմ խաղողի որթը» և «Ես եմ դուռը» և այլն (Հովհաննես ԺԵ 1): Թեպետ ասաց, թե Ես խաղողի որթ եմ կամ դուռ, բայց ձեռքով չբռնեց և չասաց, թե այս որթը կամ այս դուռը Ես եմ: Սակայն «Ես եմ կենաց հացը» ասելու ժամանակ հացը վերցրեց ձեռքը, օրհնեց, կիսեց և աշակերտներին տվեց՝ ասելով. «Սա է Իմ Մարմինը»: Սա սոսկ օրինակ չէ, այլ իրողություն և ճշմարիտ է: Օրինակը միայն խոսքով է լինում, և իրողություն չի լինում: Խոսքով մի որևէ օրինակ ես ցույց տալիս, մինչդեռ ձեռքով կատարված բանն է ճշմարիտը:

Հարց. Ամեն հացն ու գինին էլ Հիսուսի Մարմինն ու Արյո՞ւնն են :

Պատասխան. Ո՛չ, եղբա՛յր, հասարակ հացն ու գինին լոկ նյութ են: Հիսուս հացն ու գինին օրհնելուց հետո ասաց, որ Իր Մարմինն ու Արյունն է:

Հարց. Ուրեմն ո՞ր հացը և ո՞ր գինին է:

Պատասխան. Ազնվացեղ ցորենի ալյուր պետք է լինի և անապակ ու չթթված գինի, նաև սրբակենցաղ և անարատ քահանա: Եվ քահանային անհրաժեշտ է մի քանի օր առաջ պատրաստվել՝ հեռանալով իր ընտանիքից, առանձնանալով եկեղեցու խցի մեջ: Եվ այն օրը նա մեծ զգուշությամբ ու ջերմեռանդ աղոթքներով այն ալյուրը նշխարք է դարձնում: Հետո նշխարքով և անապակ գինով պատարագ է մատուցում, երկյուղով և ջերմեռանդ աղոթքներով Հիսուսի տնօրինության խորհուրդներն է կատարում: Այդ ժամանակ պետք է հավատանք, որ հացը և գինին դառնում են Հիսուսի Մարմինն ու Արյունը:

Հարց. Ինչպե՞ս կարող ենք ճաշակել Հիսուսի Մարմինն ու Արյունը:

Պատասխան. Այդ հարցի ժամանակը չէ: Դու հիմա միայն Հիսուսի մասին հարցրո՛ւ և հետո այդ բաների մասին կհարցնես:

Հարց. Վախենում եմ Հիսուսի մասին բան հարցնել: Չլինի թե Հիսուսին ձերբակալելու մասին լսեմ, որովհետև հրեաները չար Հուդային օգտագործեցին: Անշուշտ կկատարեն իրենց չար կամքը: Բայց այս հարցնեմ. Հիսուսը Վերնատնից երբ դուրս եկավ, ո՞ւր գնաց:

Պատասխան. Աշակերտների հետ գնաց Ձիթենյաց լեռան ստորոտում գտնըվող Գեթսեմանի ձորը: Իսկ Հուդան, նրանցից առանձնանալով գնաց հրեաներին իմաց տալու, թե Հիսուսի բռնելու ժամանակը հասել է:

Հարց. Ես հասկացա, որ չար Հուդան իր չարությունը պետք է աներ: Բայց նախապես գրվա՞ծ էր Հուդայի մասին:

Պատասխան. Այո՛, Դավիթ մարգարեն է գրում. «Իմ հացն ուտողը Ինձ մատնեց» (հմմտ. Սաղմոս Խ 10):

Հարց. Հետո ի՞նչ արեց չար Հուդան:

Պատասխան. Հրեաներին առաջնորդելով բերեց, որ Հիսուսին ձերբակալեն:

Հարց. Հիսուսից չամաչե՞ց, որ ձերբակալել տվեց:

Պատասխան. Բացահայտ չասաց, որ «Սա է Հիսուսը, ձերբակալե՛ք», բայց նրանց հասկացրել էր. թե՝ «Ես ում համբուրեմ, իմացե՛ք, որ Նա է Հիսուսը: Ձերբակալե՛ք և զգուշությամբ տարե՛ք»: Երբ մեծ ամբոխով դիմացից եկան, Հուդան գնաց, Հիսուսին համբուրեց՝ «Ո՛ղջ եղիր, վարդապետ» ասելով: Հրեաները Հիսուսին ձերբակալեցին, իսկ աշակերտները թողեցին և փախան:

Հարց. Այդ մասին նախապես կա՞ր գրված:

Պատասխան. Զաքարիա մարգարեն է գրում. «Ես պիտի հարվածեմ իմ հովվին, և իմ հոտերը պիտի ցրվեն» (Զաքարիա ԺԳ 7):

Հարց. Երբ Հիսուսին բռնեցին, ո՞ւր տարան:

Պատասխան. Քահանայապետի մոտ տարան: Որտեղ Հիսուսի կրած չարչարանքները եթե հողին ու քարին տային, չէին դիմանա: Բայց Հիսուս մեր փրկության համար այնքան չարչարանքների դիմացավ, որ մինչև անգամ մահը հանձն առավ մեզ՝ սատանայի գերությունից ազատելու համար:

Հարց. Ինչպիսի՞ չարչարանքներ տվեցին:

Պատասխան. Նախ Հիսուսի շուրջը հավաքվեցին և Հիսուսին իրենց մեջ առան, ինչպես Դավիթ մարգարեն է գրում. «Չորս կողմս բազում շներ հավաքվեցին, և չարագործների ամբոխն Ինձ պաշարեց» (Սաղմոս ԻԱ 17):

Հարց. Այդ չար ամբոխն ի՞նչ արեց Հիսուսին:

Պատասխան. Ոմանք երեսին էին թքում, ոմանք ապտակում էին, ոմանք մեջքին և գլխին էին հարվածում, իսկ մոտ գալ չկարողացողներն էլ հեռվից հայհոյում էին:

Հարց. Ի՞նչ դաժանություն է հրեաների արածը: Այդ մասին նախապես գրվա՞ծ էր:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն է գրում. «Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի և երեսս շուռ չտվի նախատինքից ու թքից» (Եսայի Ծ 6):

Հարց. Հետո Հիսուսին ի՞նչ արեցին:

Պատասխան. Երեկոյից մինչև առավոտ զանազան չարչարանքների ենթարկելով՝ ոտքից մինչև գլուխ առողջ տեղ չթողեցին: Առավոտյան տարան Պիղատոսի մոտ, վրան շատ ծանր հանցանքներ բարդեցին՝ ասելով, թե ինքն իրեն հրեից թագավոր է հռչակել: Վերջապես Պիղատոսին համոզելով՝ Հիսուսին խաչելու հրամանագիրը վերցրեցին:

Հարց. Ի՞նչ ասացիր, եղբա՛յր, Հիսուսին պետք է սպանե՞ն:

Պատասխան. Այո՛, երբ հրամանագիրը գրվեց, Պիղատոսի զինվորները փշե թագ հյուսեցին և Հիսուսի գլխին դրեցին: Վրան կարմիր քղամիդ և ձեռքը մի եղեգ տվեցին գավազանի փոխարեն: Եվ նրա առջև ծունկի գալով՝ ծաղրելով ասում էին. «Ո՛ղջ լինի հրեից թագավորը»: Ձեռքի գավազանը վերցնելով՝ գլխին էին հարվածում. հետո խաչափայտը ուսին դնելով՝ տարան դեպի Գողգոթա (Մատթեոս ԻԷ 29):

Հարց. Այդ մասին նախապես կա՞ր գրված:

Պատասխան. Այո՛, Եսայի մարգարեն է գրում. «Իր իշխանությունն Իր ուսերի վրա պիտի լինի» (Եսայի Թ 6):

Հարց. Հիսուս կարողացա՞վ հեշտությամբ գնալ Գողգոթա:

Պատասխան. Ո՛չ, որովհետև երեկոյից մինչև առավոտ զանազան չարչարանքներով ամբողջ մարմինը անխնա խոշտանգեցին: Խաչափայտի ծանրության պատճառով Հիսուս շատ վատ վիճակի մեջ էր: Դրա համար Երեմիա մարգարեն իր Ողբի մեջ գրում է. «Ձե՜զ եմ ասում, ձե՜զ եմ ասում, ո՛վ անցորդներ, ե՛տ դարձեք, նայեցե՛ք, տեսեք՝ Ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք» (Ողբ Ա 12):

Հարց. Ուրիշ ի՞նչ ասաց Հիսուս: Երանի չհարցնեի ու այս ցավալի բաները չլսեի:

Պատասխան. Հիսուսին նախատինքներով Գողգոթա էին տանում: Ճանապարհին կանայք լալիս էին՝ Հիսուսի ցավատանջ վիճակը տեսնելով: Հիսուս ետ դարձավ և ասաց. «Երուսաղեմի դուստրե՛ր, Ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լա՛ց եղեք ձեր և ձեր որդիների վրա, որովհետև օրեր պիտի գան, երբ մադիկ պիտի ասեն. «Երանի չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և չդիեցրին»: Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թե ընկե՛ք մեզ վրա, և բլուրներին, թե՝ ծածկեցե՛ք մեզ» (Ղուկաս ԻԳ 28-31):

Հարց. Հետո ի՞նչ արեցին Հիսուսին:

Պատասխան. Տարան Գողգոթա և խաչի վրա գամեցին: Հետո խաչը բարձրացրին, որ բոլորը տեսնեն:

Հարց. Այդ մասին նախապես կա՞ր գրված:

Պատասխան. Այո՛, նախ Մովսես մարգարեն է գրում. «Քո աչքերի առաջ քո Կյանքը կախված կլինի» (Բ Օրինաց ԻԸ 66): Դավիթ մարգարեն գրում է. «Ծակեցին ձեռքերն ու ոտքերն Իմ» (Սաղմոս ԻԱ 18): Նմանապես Զաքարիա մարգարեն է գրում. «Եվ երբ ես Նրան ասեմ՝ այդ ի՞նչ վերքեր են Քո ձեռքերի մեջ, Նա կասի. «Դրանք այն վերքերն են, որ Ես ստացել եմ Իմ սիրելի ազգի տանը» (Զաքարիա ԺԳ 6):

Հարց. Ի՞նչ արեցին Հիսուսի շորերը:

Պատասխան. Խաչող զինվորները բաժանեցին. կապան, որ կար չուներ, այլ վերից վար հյուսածո էր, չուզեցին պատռել, այլ վիճակ գցելով իրար մեջ բաժանեցին, և այդպես կատարվեց Դավթի խոսքը. «Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին» (Սաղմոս ԻԱ 19):

Հարց. Այդքան չարչարանքներ կրելուց հետո Հիսուսն ի՞նչ ասաց:

Պատասխան. Բնավ բերանը չբացեց ու ոչ մի բան չխոսեց, ինչպես Եսայի մարգարեն է գրում. «Ու Նա վշտից Իր բերանն անգամ չի բացում: Ինչպես ոչխար, Նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ, անմռունչ կանգնած է խուզողի առաջ և նրա նման Իր բերանը չի բացում»

(Եսայի ԾԳ 7): Եվ Երեմիան ասում է. «Ես մորթվելու տարվող անմեղ գառնուկի նմանվեցի» (հմմտ. Երեմիա ԺԱ 19):

Հարց. Ուրիշ ի՞նչ արեցին հրեաները:

Պատասխան. Երկու գող բերեցին Հիսուսի մոտ և խաչեցին, որ Հիսուսի խաչվելը տեսնողները և լսողները կարծեն, որ Նա էլ նրանց պես մի ավազակ է: Սրանով կատարվեց Եսայու մարգարեությունը, որ ասում է. «Անօրենների շարքը դասվեց» (Եսայի ԾԳ 12):

Հարց. Հիսուսի մայրն ո՞ւր մնաց, չիմացա՞վ կատարվածի մասին:

Պատասխան. Սկզբից չիմացավ, այլ խաչելու համար տանելիս իմացավ և վազեց Գողգոթա և իր աչքով տեսավ իր միակ սիրելի զավակին՝ այդքան նախատինքներից հետո խաչված:

Հարց. Ի՞նչ արեց խեղճ մայրը:

Պատասխան. Ամենևին բան չկարողացավ անել, այրվում ու տոչորվում էր սիրելի զավակի համար, բայց չէր կարող օգնել, այլ միայն արյունախառն արցունք էր թափում:

Հարց. Հիսուս չխոսե՞ց Իր մոր հետ:

Պատասխան. Խաչից նայում էր Իր մորը, որը ցավագին լալիս ու ողբում էր, և նրա կողքին Հովհաննես ավետարանիչն էր: Հիսուս Իր մորը Հովհաննեսին հանձնեց և ասաց. «Ահա՛ քո մայրը» և մորն էլ ասաց. «Ահա՛ քո որդին» (Հովհաննես ԺԹ 16):

Հարց. Խաչի մոտ ուրիշ ո՞վ կար:

Պատասխան. Հովհաննես ավետարանիչն այսպես է գրում. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին Նրա մայրը և Նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին» (Հովհաննես ԺԹ 25):

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...