Յիսուս՝ որպէս բարոյական կեանքի յեղաշրջող

Բաժին՝ Քարոզները
Գևորգ Զ. Չորեքչյան
-------------------------------

ՅԻՍՈՒՍ՝ ՈՐՊԷՍ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՅԵՂԱՇՐՋՈՂ

(մասնակի կրճատումներով)

«Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր

խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»

Ավետարան ըստ Ղուկասի, Բ. 14

Պատահե՞լ է ձեզ ցուրտ ձմրանը կանգնել պատուհանի առաջ եւ դիտել խաղաղ ու մեռած բնութիւնը. մերկ, տերեւաթափ ծառեր, կոշտ ու սառած երկիր, պաղ օդ, լքեալ ու տխուր թփեր՝ զրկուած սիրունիկ թռչնիկների անուշ երգերից:

Այդ տեսարանը դիտելիս մեր հոգին ակամայ պատկերացնում է գարնան գեղեցկութիւնը. մենք զգում ենք գարնան զով քամին, որ խաղում է բաց պատուհանի ճերմակ վարագոյրների հետ, մենք տեսնում ենք նորածիլ, քնքոյշ ու կանաչ սաղարթ՝ ծառերի վրայ, մենք լսում ենք զեփիւռի մրմունջը, որ բերում է մեզ դաշտի հոտաւէտ ծաղիկների եւ թարմ խոտի անոյշ բոյրը:

Ճիշտ նոյնն է պատահում, երբ մենք յիշում ենք Փրկչի ծնունդը կամ կանգնում հանճարեղ նկարիչների՝ Կորրեջիոյի, Ռեմբրանդտի եւ այլոց նրբաշարժ վրձինների ծնունդ՝ Փրկչի ծնունդը պատկերացնող հրաշագեղ նկարների առաջ:

Ահա մանուկը աղքատիկ մսուրի մէջ, խոտի եւ յարդի վրայ դրած, որից լուսոյ շողեր են ճառագայթում եւ լուսաւորում մութ գիշերին մռայլ շրջապատը. որի առաջ հովիւներն ու Արեւելքի իմաստունները ծունր են իջնում. որին փառաբանում են երկնային զուարթնոց գնդերը քաղցրիկ երգերով ու նուագներով եւ տալիս են աշխարհին նոր աւետիք. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Ներկայ մարդկութեան սառած սրտերն ու բիրտ բարքերը մի՞թէ ձմրան չեն նմանում, եւ այրի միջի մանուկ Յիսուսից միթէ գարնան շունչ չի՞ փչում:

Մանուկ Յիսուսը ներկայանում է մեզ որպէս խորհրդանշան մի մեծ եւ կարեւոր յեղաշրջման, անպաշտպան եւ թոյլ մարդկային մի մատաղ կեանք է պատկերանում ի դէմս մանուկ Յիսուսի, որ տառապում է ոյժի եւ հարստահարութեան այս բիրտ աշխարհում: Սակայն մխիթարականն այն է, որ այդ բիրտ եւ հարստահարիչ աշխարհը անկարող է այդ անպաշտպան նորածին եւ քնքոյշ կեանքը ընկճել, այլ ստիպուած է նրա ձեռքով ինքը կերպարանափոխ լինել:

…. Բեթղեհեմի այրից ելնում է մարդու կատարելատիպը, որ մարմնացեալ սէր է՝ պատրաստ ուրիշի համար ապրելու եւ մեռնելու, ճիշտ հակապատկերը ներկայ մարդու, որ մարմնացած եսամոլութիւն է եւ անմարդասիրութիւն: Նրա հետ ծնում է նաեւ մի մեծ յոյս, թէ այս բիրտ ոյժի աշխարհը պիտի նորոգուի շնորհիւ Բեթղեհեմի Մանուկ Յիսուսի, թէ բարին ու ճշմարիտը պիտի յաղթանակեն՝ ցաւի ու վշտի աշխարհը երանութեան վայր դարձնելով եւ ճշմարտելով Աւետարանի խօսքը թէ՝ «Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ» (Յովհ. Ա 14):

Այլեւս թոյլ չի տրուի, որ անպաշտպան մանկան այտերի վրայով արտասուքը վայր հոսի՝ իբրեւ հետեւանք մարդկային բիրտ ու տմարդի վարմունքի: Այլեւս պատերազմի դաշտերը չեն բողոքի մարդկային ձեռքով գործուած անասելի տանջանքների դէմ: Այլեւս սուտը չի համարձակուի մերձենալ մեր շրթունքներին…. այլ ամէն տեղ կ’իշխէ կատարեալ մարդը կամ որ նոյնն է՝ Աստուած:

Ահա թէ ո՛րպիսի խոհեր է յառաջ բերում եւ յոյսեր ծնում մեր մէջ Բեթղեհեմի Մանուկը: Նա գարնան ուրախութեան եւ ամրան ջերմութեան պատկեր է, բայց ի՜նչպէս սառն է մեր շուրջը. դեռ ձմեռ է, խստաշունչ ձմեռ, եւ բնութիւնը՝ մեռած:

19 ձիգ դարեր են սահել-անցել Փրկչի ծնունդից յետոյ, սակայն բերել են միայն մասնական բարիքներ՝ նման բնութեան երբեմնակի տաք շնչի, որ անցնում է ձմրան միջով եւ զարթեցնում այս ու այն թփերի կոկոնները, բայց ամբողջի յեղաշրջումը դեռ կատարուած չէ: Դեռ եւս Փրկչի ոգին չի իշխում ո՛չ պետութիւնների, ո՛չ ընտանիքների եւ ո՛չ անհատների սրտում. երբեմն-երբեմն ու տեղ-տեղ նշմարում ենք Նրա հետքը, բայց գալիս են ուժգին հովեր եւ սրբում ու անհետ տանում ամէն ինչ:

19 դարը երկար ժամանակ է, եւ Փրկչի ոգին պէտք է որ երկրի վրայ խոշոր հետքեր թողնէր, մեծ հաստատութիւններ յառաջ բերէր. բայց ո՞ւր են: Այո՛, ապրել են մարդիկ, որոնք թէեւ վաղուց արդէն աշխարհին հրաժեշտ են տուել, բայց նոցա սիրոյ եւ անձնուիրութեան ոգին աշխարհը պահել է իբրեւ յիշատակ. մարդիկ, որոնք օտար էին նախաքրիստոնէական աշխարհին: Սակայն խօսքը բացառութիւնների մասին չէ: Ի՛նչ ասենք, որ մարդկութեան մեծամասնութիւնը հէնց այսօր իսկ տառապում է աղքատութեան, եսամոլութեան ու անմարդասիրութեան ճիրաններում:

Եթէ այսօր մի խումբ՝ հարստութեամբ կուրացած, հաւատ ու ներքին ամէն սրբութիւն մոռացած մեծատան զաւակներ…. ցնծում են՝ մամոնայից՝ ոսկէ կուռքից, եւ նրան երկրպագու ծնողներից սպասելով հարուստ նուէրներ՝ շուայտութեամբ ու զեղխութեամբ վատնելու համար, անդին հազարաւոր սովալլուկ, մերկանդամ ու բոկոտն մանուկներ, օր դատող եւ օր ուտող խեղճ բանուորի մռայլ կացարանների մէջ դեղնած ու հիւանդ, եկել խմբուել են լուսաւոր տաճարների անկիւններում՝ հրեշտակների քաղցրաձայն օրհներգը լսելու եւ Յիսուս Մանուկից իրենց բախտ հայցելու:

Ո՞ւր է արդարութիւնը, ո՞ւր է քրիստոնէական սէրն ու անձնուիրութիւնը:

Ասում են, թէ աշխարհը բարոյապէս շատ է յառաջադիմել եւ նրա հետեւանք է համարւում եւրոպացու զգայուն խիղճն ու նրա արձագանք՝ հասարակական կարծիքը, որ, իբր թէ, դատապարտում է ամէն անարդարութիւն: Սակայն ո՜վ է հաւատացողը:

Այդ եւրոպական հասարակական կարծիքը չէ՞, որին վստահացել էին մանր ազգերը իրենց բախտը. ինչի՞ տիրացան, եթէ ոչ՝ յուսախաբութեան:

Այդ եւրոպական հասարակական կարծիքին չէ՞, որ կառչած է հայը տասնեակ տարիներ եւ սպասել, որ իւր դատը արդար վճիռ գտնէ. եւ ի՜նչ է եղել հետեւանքը. պատիր յոյսերով օրօրուել է ու նիրհել եւ այսօր էլ զարթելով՝ տեսնում է իւր տունն ու տեղը աւերի ու ծուխի մէջ, իւր հարազատները արեան տաք ծովում, իւր ընտանիքը բարբարոս կրքի անարգանքի ենթակայ: Եւ դեռ մենք խօսում ենք քրիստոնէութեան անունով ու պարծենում, որ քրիստոնեա՞յ ենք:

Այո՛, քրիստոնէութիւնը շատ է տարածուած, բայց քիչ է խորացած. մեր շուրջը վառուած են շատ ճրագներ, բայց մեր սրտերը մարած են ու խաւար, անունով քրիստոնեայ ենք, բայց իրապէս՝ երկրպագու այլ կուռքերի:

Այսօր աշխարհի ամէն կողմերում հազար ու բիւր զանգակների ղօղանջը Փրկչի հրաշալի գալուստն է մեզ աւետում… Բայց արդեօք նոյնքան բազմաթի՞ւ են ուրախ երգերով Նրան ընդառաջողները, կենդանի հաւատով Նրան ընդունողները: Ո՛չ երբեք:

Ելէ՛ք Փրկչի անուան երկրպագու աշխարհի մեծ ու փոքր կենտրոնների փողոցներն ու հրապարակները, մտէ՛ք ակմբանոցները, թատրոններն ու այլ զուարճութեան տեղեր եւ դուք կը տեսնէք այսօր դժգոհ ու յուսահատ դէմքեր: Գալիս-անցնում են անհոգ ու պարապ մարդիկ՝ վայելք ու զուարճութիւն որոնող. մարդիկ, որոնց մատչելի է կեանքը իր բոլոր յարմարութիւններով ու հաճոյքով՝ շնորհիւ փայլուն մետաղի. մարդիկ, որոնք կեանքում յափրացած՝ հետամուտ են ծայրայեղութիւնների եւ արտակարգ եղանակներով փորձում են ծծել կեանքի քաղցրութեան բաժակը մինչեւ տակը, սակայն եւ այնպէս անյագուրդ մնալով՝ դժգոհում են եւ երես շրջում կեանքից: Կա՞յ այստեղ քրիստոնէութիւն:

Անցնում են եւ մտահոգ մարդիկ՝ կռիւ մղող անագորոյն բախտի դէմ, որոնք լարում են իրենց բոլոր ոյժերը եւ ամէն ճիգ թափում աշխարհին տիրանալու եւ իրենց անյագ ցանկութիւններին հասնելու համար: Այսպիսի ձգտումներ ունեցող եւ անյաջողութեան դէպքում յուսահատութեան հասնող անձանց համար բնական է ե՛ւ ազարտ թղթախաղ, ե՛ւ արբեցութիւն, ե՛ւ շուայտութիւն, ե՛ւ ինչ որ կամենաս:

Բայց կեանքը այսպէս շարունակուել չի կարող, պէտք է յեղաշրջուի, եւ յեղաշրջման մէջ մեծ դեր ունի կատարելու այրի մէջ ծնած Յիսուս Մանուկը, որի ծննդեան յիշատակն ենք տօնում այսօր՝ անունով քրիստոնեաներս:

Եկէ՛ք, հայ եղբայրներ եւ քոյրեր, կեանքի մաքառման մէջ հոգով ու մարմնով թալկացած էակներ, մտէ՛ք տաճար, որ ձեր հոգին ու մարմինը գոնէ առ ժամ մի հանգիստ առնեն: Այնտեղ միայն, առանձնացման ու կենտրոնացման ժամանակ, կարող էք բանալ ձեր սրբութիւն սրբոցը, տեսնել ձեր հոգու թանկագին գանձերը՝ ազնիւ ձգտումներ, մաքուր խիղճ եւ բարի կեանք, սակայն փչացած աշխարհում՝ ժանգոտած:

Եկէ՛ք, որ կրակի եւ լուսոյ հնոցի մէջ մաքրուին ու զտուին եւ կազդուրուած ու նորացած՝ մտնեն աշխարհ՝ կեանքի ապականութեան դէմ մաքառելու համար:

Այստեղ՝ այս սիրոյ եւ լուսոյ տաճարի մէջ, գուցէ ձեր միտքը լուսաւորուի եւ կեանքի մշուշը պարզէ, գուցէ ձեր ալեկոծ սիրտը իր հանգիստը գտնէ եւ ձեր հաւասարակշռութիւնը կորցրած կեանքը ներդաշնակ ընթանայ եւ անխորհուրդ կարծուած այս կեանքի մէջ յաւիտենական խորհուրդ գտնէ:

Իսկ Դո՛ւ, Յիսո՛ւս Մանուկ, որբերի եւ անպաշտպանների միակ տէրն ու խնամողը, ե՛կ վերջապէս մեր աշխարհը, ժողովիր եւ պահի՛ր ցինուցան հօտիդ թշուառ մնացորդները, հրաշափառ յայտնութեանդ շնորհիւ զօրացո՛ւր նոցա եւ դարձուր Աստուծոյ որդիք, որ հոգով փառաբանեն քեզ՝ երգելով «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

5 յունուարի 1914
---------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

 

Հատկորոշիչներ՝ ծնունդ, Յիսուս, սուրբ, Փրկիչ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Վշտակիր Հիսուս

«Եւ նոքա առեալ տանէին զՆա. եւ բարձեալ էր Ինքնին...