Դ. Մեր ներկա պահեցողությունը
Ներկայիս մեր սովորական պահեցողությունը մսից և կենդանական արտադրություններից պարզապես հրաժարվելն է:
Ընդունելի է, որ սա էլ ոմանց համար կարևոր մի զրկանք և, հետևաբար, ապաշխարանք է, սակայն մյուս կողմից` քանի որ մարդն արտոնված է որևէ ժամանակ և ցանկացած քանակությամբ, բացի վերոհիշյալներից, գրեթե ամեն բան ուտելու, պահքը կորցնում է իր ազդեցությունը: Երբ գինին էլ է արտոնվում` կենդանական արտադրություն չլինելու պատճառով, պահեցողությունը գրեթե շեղվում է իր նպատակից: Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով` բառի կրոնական իմաստով պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: Արդ, պահքի սկզբունքին, ոգուն և տառին հակառակ է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ ուտելը` ճոխացրած «պահոց» կոչվող անուշեղեններով ու համադամներով: Պահեցողությունը կերակրի տեսակի հարց չէ. պահք պահելը «թայինով ապուր» կամ ոսպով «չորբա», կամ «յահնիներ» ու «յալանջի դոլմաներ»6 ուտելու մեջ չէ:
Բացի սրանից, կյանքն այսօր այնպես է դասավորվել, որ միշտ չէ, երբ հնարավոր է «պահոց» կոչվող կերակուրներ գտնել, օրինակ, հասարակաց ճաշարաններում: Եվ ամեն մարդ չէ, որ միջոց ունի ինքը պատրաստելու իր պահոց կերակուրները: Կաթոլիկ պահեցողությունը, որ ավելի կերակուրի տեսակի հարց էր, քան քանակի, այս իսկ պատճառով այսօր գործնականում գրեթե բոլորովին վերացվել է, և պահվում է միայն Ավագ ուրբաթի պահքը: Այնպես որ, այսօր անգամ ցանկացողները դժվարությունների են հանդիպում մեր սովորական կիրարկությամբ պահքը պահելու մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Պահեցողությունից իսպառ հրաժարվե՞լ, ինչպես բողոքականներն արեցին: Չենք կարծում: Այս մասին մեր Տիրոջ օրինակը և ուսուցումը բացահայտ են: Հիսուսն ասաց, որ աշխարհից Իր հեռանալուց հետո Իր հետևորդներն էլ պահեցողություն կանեն (Մատթ. Թ 15, Մարկ. Բ 20, Ղուկ. Ե 35): Նրանք, ովքեր կարող են պահքի ներկա սովորական ձևը կիրարկել ու նրա մեջ հոգեկան ազնիվ գոհացում գտնել և ոչ թե ինքնախաբեություն, թող այն շարունակեն: Աստված ընդունելի անի նրանց այդ կերպ պահեցողությունը: Իսկ նրանք, ովքեր գործնականում չեն կարող այն կիրարկել կամ դրանից հոգևոր շինություն և օգուտ չեն կարող քաղել, բայց մյուս կողմից անպատճառ ցանկանում են մի կերպ պահեցողություն անել, այդպիսիներին հետևյալ թելադրանքներն են տրվում` ընտրելու համար դրանցից մեկը կամ մյուսը:
1. Օրական մեկ անգամ միայն ուտելով` վերակենդանացնել հնագույն սովորությունը, առանց նկատի առնելու կերակրի տեսակը և առանց ճաշը համադամներով չափազանցնելու: Այս կերպը զորավոր մի զրկանք է շատերի համար, ովքեր վարժված են օրական երեք անգամից բացի ուտելու նաև ցանկացած ժամանակ:
2. Նրանք, ովքեր ֆիզիկական լուրջ պատճառներով և իրենց գործի բերումով չեն կարող գործադրության դնել 24 ժամվա մեջ մեկ անգամ միայն ուտելու հնագույն կանոնը, կարող են երկու կամ առավելը երեք անգամ ուտել` հրաժարվելով հատկապես այնպիսի ուտելիքներից, որոնք չափազանց սիրում են: Հրաժարվել մասնավորաբար շաքարեղեններից, շոկոլադից և քիմքը գրգռող անուշեղեններից:
3. Պահքի շրջանում իսպառ հրաժարվել ոգելից ըմպելիքների և անուշեղենի գործածությունից` մյուս կերակուրներից ցանկացած ժամանակ չափավոր ուտելով հանդերձ:
Որևէ ձևով պահեցողություն անելու ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել կինո և թատրոն հաճախելուց: Հրաժարվել պարահանդեսներից: Հրաժարվել ամեն տեսակ հաճույքի վայրերից: Հրաժարվել հեռուստացույցով ժամանցի համար պատրաստված հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց` մյուս բոլոր բաներով հանդերձ: Նրանք, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, նրանց համար հանձնարարվում են հետևյալ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
1. Հրաժարվել մոլեկան սովորություններից: Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի նրանցից ազատվելու ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունները, բացի մեր քսակին վնասելուց, խանգարում են նաև մեր հոգու և մտքի հավասարակշռությանը: Ծնողների մոլությունները խորտակում են անմեղ և խոստումնալից զավակների ապագան: Կործանում են անթիվ ընտանիքներ: Ծանր մոլություններով վարակվածները` թմրեցուցիչներին և անբնական սեռական ախորժակներին գերի դարձածները, դժբախտաբար, արդեն իսկ պահեցողության մասին մտածելու ի վիճակի չեն: Բայց նրանք, ովքեր պահեցողությանն արժեք ընծայելու չափ տեր են մնացել իրենց բանականությանը և հավատքին, բայց մյուս կողմից մոլի են թղթախաղի, ոգելից ըմպելիքի, ձիարշավի և այլ տեսակ «ղումարների», սրանց համար, Նոր տարվա որոշումներից ավելի (որոնք առհասարակ չեն պահվում), Մեծ պահքի քառասնօրյա շրջանը սքանչելի առիթ է այս մոլությունների դեմ Աստծո օրհնությամբ և Եկեղեցու օժանդակությամբ լրջորեն պայքարելու: Ծխելուց կամ մյուս մոլություններից հրաժարվելու հետ կապված տանջանքն արդարև ինքնազրկանքի մի սքանչելի կերպ է: Այս տեսակ ապաշխարանքն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն: Մեծ պահքի շրջանում խաղաթղթի սեղանի մոտ չնստելը կրոնական տեսակետից ավելի արժեք ունի, քան խնջույքի` մսեղենով սեղաններից հրաժարվելը: Եվ երբ այսպես 40 օրեր շարունակվի, մոլության ենթական հավանաբար ամբողջ տարվա համար կբուժվի խաղաթղթի մոլությունից, և բարոյական պահեցողությունը, իսկական ապաշխարանք լինելուց բացի, գոնե այս կերպ գործնական նպատակի էլ ծառայած կլինի:
2. Հրաժարվել լեզվի հիվանդություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և ամեն տեսակ լեզվագարություններից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և խոր խոցում են մեզ նմանների սիրտը: Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև ուրիշներին: Հրաժարվել գոռում-գոչյուններից, վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:
Չենք անդրադառնում ավելի ծանր և վտանգավոր հոգեվիճակներին` դառն ատելությանը, սև նախանձին, նենգություններին, դավադրություններին և նման լուրջ ախտերին, որոնցից ազատվելու համար ենթական հարատև ու ավելի հետևողական ճիգերի և աստվածային մասնավոր օժանդակության է կարոտ:
1. Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակներից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն` պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը բոլոր ժամանակներում սիրո մեր պարտականությունն է և ոչ` ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազարումի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը և քմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:
2. Նյութական օժանդակություններին զուգահեռ կամ եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին` ծառայության մեր բաժինը բերելով` ուր դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած հոգիներին: Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձրացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը:
Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրական միջոցների մեջ` մյուսներին տեղ զիջելով, և դեռ բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ մեր փոքր առավելություններից ու իրավունքներից մեզ զրկելով և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով: Երբ սրանք առանց հավակնության կատարվեն, մենք այն համոզումն ունենք, թե ավելի՛ կծառայեն պահեցողության ոգուն և նպատակին, միաժամանակ զուգահեռ կընթանան մեր ժամանակների գործնական մտածողությանը, ինչպես և առողջ ու դրական այնպիսի կրոնի, որպիսին քրիստոնեությունն է, հիմնական սկզբունքներին ու պահանջներին:
Պահքի մասին մեր այս ընդհանուր խորհրդածությունները ցանկանում ենք իրենց եզրակացությանը բերել ու կնքել Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
– Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար:
Աստված պատասխանում է.
– Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:
Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի,- ասում է Տերը:
Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ ր ու արձակի՛ ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»: Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի: Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի (Հմմտ. Եսայի, ԾԸ. 3-11):
0 կարծիք