Հովիվների մասին

Աշխարհաբար արևելահայերեն
թարգմանությունը` Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ

 

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱ ՀԱՅՐԱՊԵՏ

 

ՀՈՎԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հովիվները հոտի գլուխն են և իրենց խաշներին կերակրում են կենաց կերակուրով։ Ով տքնում և չարչարվում է, հոգ տանում իր արոտի ոչխարների համար, նա աշակերտն է մեր բարի Հովվի, Որն Իր Անձը տվեց Իր խաշների համար։ Իսկ ով չի հոգում իր հոտի համար, վարձկանի նման է։ Ո՛վ հովիվներ, նմանվո՛ղ եղեք առաջին արդար հովիվներին։ Հակոբը հովվեց Լաբանի խաշներին, չարչարվեց, տքնեց, պահեց և ստացավ։ Նա ասաց Լաբանին. «Ահա քսան տարի է ծառայում եմ քեզ. և իմ գալուց հետո ոչխարների թիվն անչափ աճել է։ Ցերեկն արևակեզ էի լինում, իսկ գիշերը փայտանում էի ցրտից, քունը կտրվեց աչքերիցս [նրանց պահպանելու համար]»։ Հովիվնե՛ր, տեսե՛ք այս հովվին, որքա՜ն էր հոգում իր արոտի խաշների համար. գիշերն արթուն էր՝ պահպանելու, իսկ ցերեկը տքնում ու չարչարվում էր՝ արածեցնելու համար։ Հովիվ էր Հակոբը, հովիվ էր Հովսեփը, հովիվ էին նրանց եղբայրները, հովիվ էր Մովսեսը, նաև Ամովսն էր հովիվ։ Այս բոլոր հովիվները հովվեցին իրենց ոչխարներին և բարվոք առաջնորդեցին։

Սիրելի՛, իսկ ինչո՞ւ այս հովիվները նախ ոչխարներին հովվեցին, ապա ընտրվեցին՝ հովվելու մարդկանց։ Որպեսզի սովորեն՝ ինչպե՛ս պետք է հովվել հոտին, ինչպե՛ս պետք է տքնել և չարչարվել նրա համար։ Եվ երբ սովորում էին հովվություն, ընտրվում էին՝ առաջնորդ լինելու։ Հովվեց Հակոբը Լաբանի խաշներին, չարչարվեց ու տքնեց, բարվոք առաջնորդեց, իսկ հետո առաջնորդեց իր որդիներին և նրանց սովորեցրեց հովվություն։ Նաև Հովսեփն էր իր եղբայրների հետ ոչխարներ արածեցնում և եգիպտացիների երկրում զորքի առաջնորդ եղավ և առաջնորդեց նրան, ինչպես լավ հովիվը՝ իր հոտին։ Մովսեսը նույնպես հովվեց Հոթորի ոչխարներին և ընտրվեց՝ հովվելու իր ժողովրդին, և իբրև քաջ հովիվ՝ առաջնորդեց նրան։ Նա բարձրացնում էր իր ցուպն իր ուսերի վրա և գնում էր իր ժողովրդի առջևից։ Նա հովվեց քառասուն տարի, և իբրև քաջ ու հոգածու հովիվ՝ տանջվեց ու չարչարվեց իր խաշների համար։ Իսկ երբ Տերը նրանց մեղքերի համար կամեցավ բնաջնջել նրանց (քանզի երկրպագեցին հորթին), Մովսեսն աղոթում էր, Տիրոջը խնդրում. «Թողությո՛ւն շնորհիր այս ժողովրդի մեղքերին, հակառակ դեպքում ի՛նձ ջնջիր կենաց գրքից, ուր գրեցիր»։ Սա՛ է քաջ հովիվը, որն իր անձը մատնեց իր ոչխարների համար։ Սա՛ է առաքինի առաջնորդը, որն իր անձը դրեց իր ոչխարների համար։ Եվ սա՛ է գթացող հայրը, որ գթաց իր որդիներին և սնեց նրանց։ Եվ իմաստուն վարդապետ Մովսեսը սովորեցրեց իր աշակերտին՝ Նավեի որդի Հեսուին՝ հոգիների այրին, որն առաջնորդեց Իսրայելի որդիների ամբողջ բանակին։ Կոտորեց թագավորներին, հնազանդեցրեց երկիրը և նրանց արոտի տեղ տվեց, իր խաշներին մակաղելու տեղեր բաշխեց։ Դավիթն էլ հովվեց իր հոտի ոչխարներին և ապա բարձրացավ՝ հովվելու իր ժողովրդին. հովվեց նրանց իր սրտի պարզությամբ և իր ձեռքերի իմաստությամբ առաջնորդեց նրանց։ Իսկ երբ նա սկսեց հաշվել իր հոտի խաշներին, նրանք սրտմտեցին, բարկացան և սկսեցին կոտորվել։ Այնժամ Դավիթն իր անձը մատնեց իր խաշների համար, աղոթեց և ասաց. «Տե՛ր Աստված, ես մեղանչեցի, քանի որ հաշվեցի իմ ժողովրդին։ Թող Քո ձեռքն ինձ, իմ հոր տան և այս անմեղ ոչխարների վրա լինի»։ Բոլոր քաջ հովիվներն այսպե՛ս էին դնում իրենց անձերն իրենց ոչխարների համար։

Իսկ այն հովիվները, ովքեր չէին հոգում իրենց խաշների համար, վարձկաններ էին. քանզի միայն իրենց անձերն էին արածեցնում։ Այս պատճառով է մարգարեն ասում. «Ո՛վ հովիվներ, որ ցրում և կորստյան եք մատնում իմ արոտի խաշներին, լսե՛ք Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը. «Ահա պիտի հաշվեմ իմ խաշներին, ինչպես որ հովիվն է հաշվում նրանց մառախլապատ օրերին, և հաշիվ պիտի պահանջեմ ձեզնից։ Ո՛վ անմի՛տ հովիվներ, որ խմում եք կաթը, բուրդը հագնում և մորթում պարարտներին, բայց իմ հոտերը չեք արածեցնում, հիվանդացածին չեք բժշկում, տկարացածին չեք զորացնում, չարչարվածին չեք փայփայում, վիրավորվածին չեք փափաթում, մոլորվածին ետ չեք դարձնում, կորածին չեք փնտրում, իսկ դիմացկունին էլ՝ բռնությամբ ու խաբեությամբ տանջում։ Լավ ու փափուկ արոտներում նախ դուք էիք ուտում, մնացածը ոտնակոխ էիք անում, մաքուր ու քաղցրահամ ջուրը դուք էիք խմում, իսկ մնացածը ոտքով պղտորում, իսկ իմ հոտերը ձեր ոտնակոխ արածն էին ուտում և ձեր պղտորած սմբակահամ ջրերն էին խմում։ Սրանք լիրբ ու վարձկան հովիվներն էին, որովհետև ո՛չ արածեցրին հոտերը, ո՛չ բարվոք առաջնորդեցին և ո՛չ էլ գայլերից ազատեցին նրանց։ Երբ գա մեծ Հովիվը՝ հովիվների Վարդապետը, պիտի հաշվի Իր հոտերը, պիտի բերի այդ հովիվներին ու հաշիվ պահանջի նրանցից և պիտի դատապարտի նրանց՝ իրենց գործերի համար։ Իսկ նրանց, ովքեր բարվոք հովվեցին հոտերին, հովիվների Վարդապետը պիտի ուրախացնի և կյանք ու հանգիստ պիտի տա։ Ո՛վ անպիտա՛ն հովիվ, թողեցի իմ խաշներին քո աջ բազուկի, աջ աչքի տակ, և այն բանի փոխարեն, որ դու նրանց մասին ասացիր, թե՝ «Որը մեռնելու է, թող մեռնի, որը սատկելու է, թող սատկի, և որը մնալու է, թող ուտի իր ընկերոջ մարմինը», այդ իսկ պատճառով պիտի կուրացնեմ քո աջ աչքը, պիտի չորացնեմ քո աջ բազուկը, քանի որ այն ճշմարտությամբ չառաջնորդեց և պիտի չորանա։ Իսկ դուք, իմ արոտի ոչխարնե՛ր, մարդիկ եք, Ես ձեր Տեր Աստվածն եմ, այսուհետ պիտի արածեցնեմ ձեզ փափուկ ու գեղեցիկ արոտներում»։ Եվ լավ հովիվն Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Դարձյալ ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, որպեսզի լինի մեկ հոտ և մեկ Հովիվ։ Իմ Հայրն ինձ այն բանի համար է սիրում, որ ես իմ անձն եմ դնում իմ ոչխարների համար»։ Դարձյալ ասում է. «Ես եմ ոչխարների դուռը, ով իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի» [Հովհ. Ժ 9]։ Ո՛վ հովիվներ, նմանվեցե՛ք այս լավ Հովվին, որ ամբողջ հոտի գլուխն է. որքա՜ն ջանք թափեց Նա Իր հոտերի համար։ Մոտեցրեց հեռավորներին, ետ դարձրեց մոլորվածներին, բժշկեց հիվանդացածներին, զորացրեց տկարացածներին, փաթաթեց վիրավորվածներին և պահպանեց պարարտներին, Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Եվ ընտրեց ու ուսուցանեց առաքինի աշակերտների, նրանց ձեռքն ավանդեց ամբողջ հոտը և ասաց Շմավոն վեմին. «Արածեցրո՛ւ իմ գառներին» և՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Եվ արածեցրեց Շմավոնը և ավարտեց իր ժամանակը. ձե՛զ ավանդեց այդ հոտերը և գնաց։ Արածեցրեք և դո՛ւք և բարվո՛ք առաջնորդեք։ Հովիվը, որը հոգ է տանում իր ոչխարների մասին, ուրիշ գործ չի անում. ո՛չ այգի է տնկում, ո՛չ բուրաստաններ և ո՛չ էլ դժվարությունների մեջ ընկնում։ Երբևէ չի տեսնվել, որ հովիվը թողնի ոչխարներին և մաճկալ դառնա։ Եթե թողնի իր հոտերը, նրանք գայլերի ձեռքը կընկնեն։ Հիշի՛ր, սիրելի՛, մեր առաջին հայրերի մասին ասածներս, որոնք նախ հովվություն էին սովորում, այդտեղից էլ ձեռք էին բերում հոգաբարձության փորձ, և ապա ընտրվում էին՝ առաջնորդ լինելու, որպեսզի սովորեն և իմանան, որ ինչպես հոգում էին իրենց հոտի մասին և առաջնորդում նրան, այնպես էլ պետք է այժմ առաջնորդ լինեն։ Հովսեփը, Մովսեսը, Դավիթը հովվությունից ընտրվեցին՝ ժողովրդի առաջնորդ լինելու, և այլևս չվերադարձան դեպի ոչխարները։ Ամովսին Տերը վերցրեց ոչխարների միջից և նրան մարգարե դարձրեց, և նա այլևս չվերադարձավ՝ ոչխարներ արածեցնելու և թութ քաղելու։ Եվ Եղիսեին վերցրեց եզների միջից, որպեսզի մարգարե լինի Իսրայելի մեջ, և նա այլևս չվերադարձավ իր եզների մոտ, այլ ծառայեց Եղիային և նրա տեղը բռնեց։ Եվ որովհետև նրա աշակերտը սիրեց ագարակներ, առևտուր, ձիթենիներ և գործեր, նա չկամեցավ, որ իրեն աշակերտի և հոտերը չհանձնեց նրա ձեռքը։

Դարձյալ ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, որպեսզի լինի մեկ հոտ և մեկ Հովիվ։ Իմ Հայրն ինձ այն բանի համար է սիրում, որ ես իմ անձն եմ դնում իմ ոչխարների համար»։ Դարձյալ ասում է. «Ես եմ ոչխարների դուռը, ով իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի» [Հովհ. Ժ 9]։ Ո՛վ հովիվներ, նմանվեցե՛ք այս լավ Հովվին, որ ամբողջ հոտի գլուխն է. որքա՜ն ջանք թափեց Նա Իր հոտերի համար։ Մոտեցրեց հեռավորներին, ետ դարձրեց մոլորվածներին, բժշկեց հիվանդացածներին, զորացրեց տկարացածներին, փաթաթեց վիրավորվածներին և պահպանեց պարարտներին, Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Եվ ընտրեց ու ուսուցանեց առաքինի աշակերտների, նրանց ձեռքն ավանդեց ամբողջ հոտը և ասաց Շմավոն վեմին. «Արածեցրո՛ւ իմ գառներին» և՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Եվ արածեցրեց Շմավոնը և ավարտեց իր ժամանակը. ձե՛զ ավանդեց այդ հոտերը և գնաց։ Արածեցրեք և դո՛ւք և բարվո՛ք առաջնորդեք։ Հովիվը, որը հոգ է տանում իր ոչխարների մասին, ուրիշ գործ չի անում. ո՛չ այգի է տնկում, ո՛չ բուրաստաններ և ո՛չ էլ դժվարությունների մեջ ընկնում։ Երբևէ չի տեսնվել, որ հովիվը թողնի ոչխարներին և մաճկալ դառնա։ Եթե թողնի իր հոտերը, նրանք գայլերի ձեռքը կընկնեն։ Հիշի՛ր, սիրելի՛, մեր առաջին հայրերի մասին ասածներս, որոնք նախ հովվություն էին սովորում, այդտեղից էլ ձեռք էին բերում հոգաբարձության փորձ, և ապա ընտրվում էին՝ առաջնորդ լինելու, որպեսզի սովորեն և իմանան, որ ինչպես հոգում էին իրենց հոտի մասին և առաջնորդում նրան, այնպես էլ պետք է այժմ առաջնորդ լինեն։ Հովսեփը, Մովսեսը, Դավիթը հովվությունից ընտրվեցին՝ ժողովրդի առաջնորդ լինելու, և այլևս չվերադարձան դեպի ոչխարները։ Ամովսին Տերը վերցրեց ոչխարների միջից և նրան մարգարե դարձրեց, և նա այլևս չվերադարձավ՝ ոչխարներ արածեցնելու և թութ քաղելու։ Եվ Եղիսեին վերցրեց եզների միջից, որպեսզի մարգարե լինի Իսրայելի մեջ, և նա այլևս չվերադարձավ իր եզների մոտ, այլ ծառայեց Եղիային և նրա տեղը բռնեց։ Եվ որովհետև նրա աշակերտը սիրեց ագարակներ, առևտուր, ձիթենիներ և գործեր, նա չկամեցավ, որ իրեն աշակերտի և հոտերը չհանձնեց նրա ձեռքը։

Աղաչո՜ւմ եմ ձեզ, հովիվնե՛ր, հոտի վրա անմիտ, տգետ, ագահ ու հարստություն սիրող աշակերտներ մի՛ կարգեք։ Ամեն ոք, որ ոչխարներ է արածեցնում, խմում է նրանց կաթից, ով եզներ է վարում, նրանց վաստակից հոգում է իր կարիքները։ Եվ քահանաները պետք է բաժանեն այն սեղանից։ Ով խմում է այն կաթից, նրա սիրտը այդ հոտի հետ կլինի, ով իր կարիքները հոգում է իր եզների վաստակով, սիրով կանի իր գործը։ Նաև քահանաները զգուշությամբ թող ծառայեն սեղանին։ Ղևտացիները, որոնք ստանում էին իրենց տասանորդը, Իսրայելի մեջ բաժին չունեին։

Ո՛վ հովիվներ, մեր մեծ Հովվի աշակերտնե՛ր, աղաչո՜ւմ եմ ձեզ, վարձկանների մի՛ նմանվեք, քանզի վարձկանի համար ի՞նչ փույթ իր հոտը։ Նմանվո՛ղ եղեք մեր Հովվին, Որ առավել խաշներին սիրեց, քան Իր անձը։ Սիրեցե՛ք երիտասարդներին, բարձրացրե՛ք կույսերին, գգվեցե՛ք գառներին. նրանք թող ձեր ծոցում սնվեն։ Որպեսզի երբ հովիվների Վարդապետի մոտ գնաք, ձեր խաշներին կատարյա՛լ մատուցեք նրան, և Նա ձեզ կտա, ինչ որ խոստացավ, թե՝ «Ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի»։ Այս սակավը բավական է խաշներին ու հովիվներին։ Վերևում գրեցի, հիշեցրի ձեզ ընթացքը, որ վայելում է հոտին, և այս խոսքերը գրեցի քեզ հովիվների՝ հոտերի առաջնորդների մասին։ Գրեցի քեզ, սիրելի՛, ինչ որ քո նամակում հարցնում էիր ինձ։

Հազարապետն ինձ տարավ արքունական գանձարան և այնտեղ ինձ ցույց տվեց բազում երանություններ. ով վերցնում է այնտեղից, հարստանում է և հարստացնում։ Այն բաց է բոլորի առջև, ովքեր փնտրում են այն։ Շատերն են վերցնում այնտեղից, և ոչինչ չի պակասում։ Իսկ երբ տալիս են իրենց վերցրածից, իրենցն ավելի ու ավելի է շատանում։ Ովքեր վերցնում են, թող ձրի տան, ինչպես առել են այն։ Այն փողով չի վաճառվում, քանզի ոչինչ չկա, որ արժենա նրան։ Ո՛չ գանձն է պակասում, ո՛չ էլ առնողներն են հագենում։ Ըմպում են և ծարավ են, ուտում են և քաղցած են։ Ով չի ծարավում, չի կարող ըմպել, ով չի քաղցում, չի կարող ուտել։ Նրա քաղցը շատերին է հագեցնում, նրա ծարավը աղբյուրների վտակներ է առաջացնում։ Նման է մարդու, որ մոտենում է աստվածպաշտության, ծարավ մարդու, որ մոտենում է աղբյուրներին, խմում է և հագենում, և այն աղբյուրից ջուրը չի պակասում, նման է հողի, որ թեև ջրվում է, սակայն դարձյալ կարոտ է ջրվելու։ Այսպիսին է Աստծո գիտությունը. որքան մարդ էլ վերցնի նրանից, չի պակասում և ոչ էլ բովանդակվում է մարմնավորներից։ Ո՛չ առնողն է ձեռնահաս լինում առնելու, և ո՛չ էլ, երբ տալիս է, պակասում է որևէ բան։ Երբ ճրագ վառես, դու նրանով բազում ճրագներ կարող ես վառել. ո՛չ կրակը կվերջանա, և ո՛չ էլ ճրագը կթուլանա։ Ո՛չ մարդը կարող է առնել արքունական բոլոր գանձերը, և ո՛չ էլ ծարավը, աղբյուրից խմելով, կպակասեցնի նրա ջուրը։ Եվ ոչ էլ, երբ մարդ կանգնի բարձր լերան վրա, նրա աչքը հասու կլինի մերձավորին և հեռավորին, կամ երբ հաշվի երկնքի աստղերը, կարող է բովանդակել երկնային զորությունները։ Եվ ոչ էլ երբ մոտենա աստվածպաշտության, ամեն բան կարող է ստանալ։ Թեև հույժ շատ էլ ստանա, չի երևա, թե պակասել է։ Եվ ոչ էլ երբ տա, ինչ որ առել է, կսպառվի այն և կվերջանա։ Հիշի՛ր, սիրելի՛, որ հավատի առաջին խոսքում գրել էի քեզ, թե ով ձրի է ստանում, ձրի՛ էլ պետք է տա ստացածը, ինչպես մեր Տերն ասաց. «Ձրի առաք, ձրի՛ տվեք»։ Ով չտա նրանից, ինչ ստացել է, կվերցվի նրանից։ Ուստի և, սիրելի՛, այս ժամանակում որքան կարողացա վերցնել այն գանձից, որ չի վերջանում, բերեցի քեզ։ Քեզ բերեցի ինձ մոտ եղած ամբողջ գանձը, որ չի վերջանում, քանզի այն Աստծո իմաստությունն է, իսկ հազարապետը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ինչպես Ինքն իսկ վկայեց, թե՝ «Ամեն բան տրված է ինձ իմ Հորից»։ Եվ որովհետև Ինքն է իմաստության հազարապետը, Նա Ինքն է իմաստությունը, ինչպես առաքյալն ասաց. «Քրիստոսն է Աստծո զորությունն ու իմաստությունը»։ Հենց այս իմաստությունը բաշխվեց շատերին, և նրանից ոչինչ չպակասեց, ինչպես վերևում ասացի քեզ. քանզի Քրիստոսի Հոգուց ստացան բոլորը, և Քրիստոս չպակասեց։

Ես քեզ տասը ճառեր գրեցի, և ինչ որ հարցրիր, պատասխանեցի քեզ։ Ինչ որ խնդրեցիր ինձնից, տվեցի քեզ։ Թևակոխի՛ր դու դրանց մեջ ամեն ժամ, չարչարվի՛ր և Սուրբ Գիրք ընթերցիր, որ ընթերցվում է Աստծո տանը՝ եկեղեցում։ Այս ամենը, որ գրեցի քեզ, ընթերցի՛ր և սովորի՛ր, թող ընթերցեն նաև մեր ուխտակից և հավատակից եղբայրները, որ հեռու լինի նրանցից խեղկատակությունը։ Հիշի՛ր, ինչ որ գրեցի քեզ։ Այս լսե՛ք ինձնից առանց հակառակվելու, մեր երիտասարդ եղբայրներին նույնպես խելամուտ դարձրեք դրանց։ Եվ ինչ որ լսում ես, ընդունի՛ր դու։ Ես, իբրև քարերը կռող, քարեր բերեցի շինության համար, իսկ իմաստուն ճարտարապետները թող քանդակեն և դնեն շինվածքի մեջ։ Տիրոջից վարձք կստանան։ [Նրան փառք հավիտյանս. ամեն։]

--------------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ հովիվ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Արդյունքներ չկան

Ձեր փնտրած էջը գոյություն չունի։ Փորձեք ձևափոխել որոնումը կամ գնացեք կայքի սկիզբ։