Տոնը հիշատակումն է առաքյալների վրա Սբ. Հոգու իջման, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը։ Այս իսկ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնվում է Զատիկից հիսուն օր հետո:
Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս դեռ Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը՝ Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14։26):
Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք առաքելոցում: «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ՝ նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են՝ յուրաքանչյուրն իրեն հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաև Միջագետքը, Հրեաստանը և Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը։ Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը: Հետևաբար՝ այս նշանավոր իրադարձությանը ականատես են եղել նաև հայաստանաբնակները:
Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» և «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում է 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության, յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար՝ Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին՝ հպարտությունից խուսափելու և աստվածային շնորհները ի բարին օգտագործելու համար:
0 կարծիք