Կարմրաներկ հավկիթ

Ասողիկ Քահանա
----------------------------

ԿԱՐՄՐԱՆԵՐԿ ՀԱՎԿԻԹ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից է Սուրբ Հարության տոնի նախօրեին ձու ներկելը և միմյանց կարմրաներկ հավկիթ նվիրելը։

Նախ տեսնենք, թե ի՞նչ է խորհրդանշում ձուն:

Տակավին նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի, կյանքի ու արգասավորության խորհրդանշան, ուստի և ներառնվել է եկեղեցական ավանդության մեջ և այլևս քրիստոնեական բոլոր ժամանակների համար դարձել հարության և հավիտենական կյանքի խորհրդանշանակ:

Այսպես, ձուն խորհրդանիշն է այն վիմափոր գերեզմանի, որտեղից Մարդեղացյալ Աստվածորդին հրաշափառապես հարություն առավ, իսկ ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, ձուն «ողջ աշխարհի օրինակն է, և ինչպես որ իմաստուններն են ասում՝ «դրսի կեղևը երկնքին է նման, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, իսկ դեղնուցն էլ երկիրն է»…»։

Ձուն խորհրդանշում է նաև ադամորդու կյանքի երկու վիճակը՝ երկրավորն ու երկնայինը. ինչպես ձվի անկենդան պատյանի մեջ ամփոփված է ապագա արարածի սաղմը (որն ինքնին կենդանություն է, սակայն անպատարուն և գրեթե անհաղորդ արտաքին աշխարհին), նույնպես և ադամորդին, թեև իրական ու տեսանելի այս աշխարհում է ապրում, սակայն նա տակավին չի կարող թե՛ մարմնով և թե՛ հոգով հաղորդակցվել Երկնային արքայության քաղցրությանն ու երանությանը (հմմտ. Ա Կորնթ. ԺԳ 12): Երկրավոր կյանքում մարդն ինչպես աստվածային ճշմարտություններին ու խորհուրդներին, այնպես և հանդերձյալ կյանքի քաղցրությանն ու երանությանը (նաև դառնությանն ու տառապանքին) հաղորդակից է լինում այնքանով, որքանով Տեր Աստված հայտնել է ճանաչելու, իմանալու և փրկության հասնելու համար: Ինչպես ձվից ելած արարածն սկսում է ամբողջական կյանքով ապրել՝ իր տարատեսակ ընդունակություններն ու ցանկությունները դրսևորելով, սույնպես և աստվածահաճո անձինք Տիրոջ Երկրորդ գալստյամբ, ահեղ ու անաչառ Դատաստանից հետո, կատարյալ, հավիտենական կյանք են մուտք գործելու և այնտեղ Բարձրյալ Աստծո կամոք, հավիտենական ուսումնառությամբ լուսավորվելու են աստվածգիտությամբ և նորոգված ու փառավոր մարմնով (հմմտ. Փիլիպ. Գ 21), Ամենասուրբ Երրորդության կենդանարար ներկայությամբ վայելելու են Երկնի արքայության անանց երանությունը. «…Այժմ ադամորդին գոյաբանորեն անհաղորդ է Սուրբ Երրորդությանը, սակայն ապագայում բոլոր արժանավորները Նրա հետ են լինելու» (Հակոբ Քեոսեյան)։

Այսպիսով, զատկական ձուն թանձրացական մի նշան է, որը մեզ հիշեցնում է մեր «Հավատամք»-ի գլխավոր ու էական ճշմարտություններից մեկը՝ ննջեցյալների հարությունը, որի երաշխիքը մեռելներից հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսն է՝ ննջեցյալների առաջին պտուղը (հմմտ. Ա Կորնթ. ԺԵ 20), քանզի «Քրիստոսով ամենքը պիտի կենդանան…» (Ա Կորնթ. ԺԵ 22):

Երկրորդ՝ ինչո՞ւ ենք միմյանց ձու նվիրում, և ինչո՞ւ ենք այն կարմիր գույնով ներկում:

Նախ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն, Սուրբ Հարության տոնին միմյանց կարմրաներկ հավկիթներ նվիրելու սովորույթը կապվում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու հետ. ավանդության հանաձայն, Քրիստոսի համբարձումից հետո, նա Սուրբ Ավետարանի քարոզչության նպատակով գնացել է Հռոմ, ներկայացել Տիբերիոս կայսեր և նրան կարմրաներկ մի ձու նվիրել ու ավետելով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», սկսել է իր քարոզչությունը (հարության խորհրդով ձու ներկելու վերաբերյալ հետաքրքրական մի մեկնաբանություն է պահպանվել հայոց կյանքում, ի մասնավորի Սյունյաց աշխարհի Սիսական գավառում. «…Քրիստոսի չարչարանքի ժամանակ մանրավաճառները փչացած ձուեր էին տալիս երեխաների ձեռքերը, որ խփեն Քրիստոսին, սակայն ձուերը առանց Քրիստոսին դիպչելու յետ էին դառնում՝ թարմացած և կարմիր գոյն ստացած: Ի յիշատակ այս դեպքի, ասում են, տնօրինել են զատկին ձուեր ներկել»):

Երկրորդ՝ թեև ի սկզբանե Ընդհանրական Սուրբ Եկեղեցու մաս եղող Եկեղեցիներում հավկիթները ներկվել են կարմիր գույնով, սակայն, դարերի հոլովույթում, որոշ Եկեղեցիներում խաթարվել է միայն կարմիր գույնով ներկելու հնավանդ սովորույթը. զատկական հավկիթները դարձել են բազմագույն: Ցավով պետք է նկատենք, որ հայ իրականության մեջ ևս գործնականացել է հավկիթները զանազան գույներով ներկելու ավանդույթը, մինչդեռ մեր Եկեղեցու եռամեծ վարդապետը՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին, ի մի բերելով իմաստուն վարդապետաց վկայությունները, համապարփակ ավանդում է՝ հավկիթները ներկել միայն ու միայն կարմիր գույնով, որովհետև «կարմիր ներկը խորհրդանշում է, թե այս աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց». Քրիստոս Աստված Իր մահվամբ խորտակեց մեր պարտամուրհակի զորությունը և այն խաչափայտին գամեց (հմմտ. Կողոս. Բ 14), իսկ Իր լույս Հարությամբ հաղթեց մեղքին ու մահվանը և մեզ սատանայից փրկագնելով՝ անմահություն ու անապականություն պարգևեց և Երկնի արքայության ժառանգորդ դարձրեց: Միով բանիվ, Գողգոթայում մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր սուրբ և անապական արյան հեղմամբ ողջ արարչագործությունը՝ աստվածային տնտեսությունը նորոգեց, ուստի և «մենք, կարմիր հավկիթը մեր ձեռքերի մեջ առնելով՝ հայտնապես մեր փրկությունն ենք ազդարարում»: Հետևապես, ամենևին խրախուսելի չէ, որ հավատացյալ հայորդիները՝ հարության, նորոգության և մշտնջենական կյանքի առարկայական խորհրդանիշ դարձած զատկական հավկիթները հեթանոսաբար այլ գույներով ներկեն։ Արդ, հավատարի՛մ մնանք մեր հարց ավանդույթին և զատկական հավկիթները ներկենք միմիայն կարմիր գույնով:

Վերջում հարկ ենք համարում նկատել, որ մեր ժողովրդի կենցաղում մի սովորույթ է ընդհանրացել, որն անհարկի է ու անընդունելի. եթե ընտանիքում մինչև Սուրբ Զատիկ որևէ մեկը մահանում է, ապա այդ տանը ձու չի ներկվում, իսկ օջախի անդամներն էլ չեն մասնակցում Տիրոջ Սուրբ Հարության հոգենորոգ ուրախություններին (հիրավի, սա ոչ թե հանգուցյալի նկատմամբ հարգանքի արտահայտություն է, այլ անգիտության հետևանք): Մինչդեռ, քանի որ ձուն հարության, նորոգության ու կյանքի հավերժության խորհրդանշան է, առավելաբար պիտի ներկվի հենց հարազատին հուղարկավորած ընտանիքում՝ ի նշան ննջեցյալի հոգու անմահության և այն բարի հույսի, որ հարուցյալ Փրկչի ողորմությամբ ու գթությամբ իրենց արյունակից բարեկամը ևս հարություն է առնելու և արժանանալու արդարների հատուցմանը:

ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ԸՆԹՐԻՔԻ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ավագ Շաբաթ օրը՝ կեսօրին, անհրաժեշտ է նախապատրաստվել Ճրագալույցի Խթման ընթրիքին՝ նավակատիքին, որով մեղմանում է Մեծ Պահքի պահեցողության շրջանը: Նավակատիքի համար, ըստ մեր Սուրբ Եկեղեցու կանոնների, սահմանված են հետևյալ կերակրատեսակները՝ կարմրաներկ հավկիթներ և ձվեղեն, ձուկ և ձկնեղեն, կթեղեն (կենդանուց կթված, ստացված)՝ կաթ, մածուն, թան, կաթնաշոռ, թթվասեր, պանիր, կարագ ու յուղ, ինչպես նաև կանաչեղեն: Ժամանակի ընթացքում զատկական նավակատիքի կերակրատեսակ է դարձել նաև չամիչով փլավը: Նավակատիքին, ըստ հետսամուտ սովորույթի, արտոնելի է նաև զվարթացուցիչ ըմպելիքի՝ գինու և հյութերի հանկաբար վայելումը:

Քանի որ Ճրագալույցի նավակատիքի առանցքը կարմրաներկ հավկիթն է, ուստի շատ ցանկալի է, որ հավատացյալ հայորդիները զատկական Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեն՝ եկեղեցիներ իրենց հետ կարմրաներկ հավկիթներ բերելով, որպեսզի հետուստ սրբազան խորհրդակատարության քահանա հայրերի կողմից օրհնվեն և հետո միայն ճաշակեն։

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս. ամէն» (ԺԱՄԱՄՈՒՏ):

Հատկորոշիչներ՝ կարմիր, հավկիթ, ձու

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ծաղկահյուս գերեզման

Ասողիկ քահանա ------------------------...

Տնօրհնեք

Տնօրհնեքի կարգի, արարողության բացատրությունը։ Սուրբ Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի հոգևոր-բարեպաշտական արարողությունը: