Եփեսոսի սուրբ ժողովը

Նյութը պատրաստեց
Ղուկաս Վահան Զաքարյանը
————————————————————————————————

 

Եփեսոսի ժողովը տեղի է ունեցել 431 թվականին, հունիսի 22-ին, Հոգեգալստյան տոնի օրը: Այն հրավիրում է Թեոդոսիոս Բ․ կայսրը: Ժողովին մասնակից 200 հայրերը, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահությամբ, նզովում են նեստորականությունը:

Ժողովի հիմնական խնդիրն էր հարթել երկու աստվածաբանական մեծ դպրոցների՝ ալեքսանդրյան և անտիոքյան, միջև եղած վեճը:

Ալեքսանդրյան դպրոցը, հանձինս սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու, դավանում էր, որ Քրիստոսի մեջ կա անշփոթ և անխառն կերպով միմյանց միացած մեկ աստվածամարդկային բնություն: Անտիոքյան դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Դիոդորոս Տարսոնացին, Թեոդորոս Մոփսուեստացին, Քրիստոսի մեջ ընդունում էին երկու տարբեր բնություններ՝ միմյանցից անջատ: Ինքը՝ Նեստորը, քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Այս հետևությամբ նեստորականները Սուրբ Կույսին անվանեցին «մարդածին»:

Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը՝ որպես ուղղափառ դավանություն, համաձայն որի Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով, սուրբ Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն: Հռչակվում է Կյուրեղ Ալեքսանդրացու «մի է բնութիւն Բանին մարմնացելոյ» (մարմնացյալ Խոսքի բնությունը մեկն է) բանաձևը:

Եփեսոսի ժողովից հետո նեստորականները աքսորի են ենթարկվում, նրանց հիմնական մասը իրենց ապաստանն են գտնում պարսկական տիրույթներից ներս: Դեպքերի այսպիսի ընթացքն էլ առիթ է լինում, որպեսզի Մելիտինեի Ակակ եպիսկոպոսը նամակով զգուշացնի սուրբ Սահակին հերձվածողների մասին: Սուրբ Սահակ Պարթևը պատասխան նամակով հայտնում է, որ Հայոց հողում դեռևս նման քարոզիչներ չկան: Այս առիթով նամակագրություն է տեղի ունենում Հայոց կաթողիկոսի և Կ. Պոլսի պատրիարք Պրոկղի միջև: 553 թվականին Կ. Պոլսի (հինգերորդ տիեզերական կոչված) ժողովին սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու նամակից անմիջապես հետո ընթերցվում է սուրբ Սահակի՝ Պրոկղին ուղղված նամակը, որպես ուղղափառ խոստովանություն:

Հայ Եկեղեցին չի մասնակցել Եփեսոսի ժողովին, սակայն նախորդ երկու ժողովների հետ ընդունել է նաև այս մեկի որոշումներն ու Ընդհանրական Եկեղեցու ժողով լինելու հեղինակությունը:

Հատկորոշիչներ՝ եկեղեցի, Եփեսոս, ժողով

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Նիկիայի տիեզերական ժողով

Նիկիայի տիեզերական ժողովը բացվել է 325 թ....

Կոստանդնուպոլսի սուրբ ժողովը

Ընդհանրական եկեղեցու առջև իր պատմության տարբեր...