Երանիներ

Բաժին՝ Գործերը
Եփրեմ Խուրի Ասորի
-----------------------------------------------

1. Երանի նրան, ով չի սիրում և մերժում է աշխարհիկ կյանքը, և ով զօր ու գիշեր խորհում է Աստծո մասին։

2. Երանի նրան, ով ատում է հոգեկործան մեղքը, խորշում նրանից և սիրում միակ բարի և մարդասեր Աստծուն։

3. Երանի նրան, ով երկրի վրա ապրելով՝ նմանվում է երկնային հրեշտակին և ընդօրինակում սերովբեներին՝ հանապազ մաքուր խորհուրդներ ունենալով։

4. Երանի նրան, ով անարատ է Աստծո առաջ, անարատ և սուրբ ամենայն պղծություններից, չար խորհուրդներից ու գործերից։

5. Երանի նրան, ով հանուն Տիրոջ թոթափում է այս աշխարհի բոլոր ունայն գործերը։

6. Երանի նրան, ով մտապահում է գալիք ահեղ դատաստանը և ջանում արցունքներով բժշկել իր հոգու խոցերը։

7. Երանի նրան, ում արցունքները կատարելապես նման են անձրևաբեր ամպի, և ամեն օր նրանցով հանգցնում է չար կրքերի հուրը։

8. Երանի նրան, ով ընթանում է Տիրոջ պատվիրաններով և ամեն օր ի սրտե ապաստան է փնտրում հավատի ու սիրո մեջ։

9. Երանի նրան, ով հարատևում է ժուժկալության բարի կանոնների մեջ՝ Աստծուց երկնային արքայություն ստանալու ակնկալիքով։

10. Երանի նրան, ով հիշում է ունայն խոսքերի մասին ահեղ պատվիրանը և իր շուրթերին պահապաններ կարգում, որպեսզի պատվիրանազանց չլինեն։

11. Երանի նրան, ում հոգին նմանվում է նորատունկ ծառի, և հանապազ ջրի գոլորշացման նման արտասուքներ է թափում Աստծո առաջ։

12. Երանի նրան, ով իր հոգում բարի բույսեր է ցանում, այսինքն՝ առաքինություններ և սրբոց վարքեր։

13. Երանի նրան, ով տնկում է և ոռոգում տնկածը՝ արտասուքով աղոթելով, որ տնկվածը լինի աստվածահաճո և պտղաբեր։

14. Երանի նրան, ում սերը հրի նման բոցավառված է առ Աստված և այրում է իր մեջ ամեն տեսակի անմաքուր խորհուրդ և ամենայն հոգևոր պղծություն։

15. Երանի նրան, ով կամավոր կերպով նմանվում է բարի հողի՝ բարի սերմը մեկի փոխարեն երեսուն, վաթսուն և հարյուր պտղաբերելով։

16. Երանի նրան, ով իր ցանկությամբ նմանվում է արտի գեղեցիկ սերմին, ինչպիսին որ Տերը ցանեց Իր սեփական արտում։

17. Երանի նրան, ով գտնում է երկնային ընտիր մարգարիտը և վաճառելով իր ամբողջ ունեցվածքը՝ ձեռք բերում այն։

18. Երանի նրան, ով գտնում է դաշտում թաքնված գանձը և ուրախանալով, ամեն ինչ թողնելով՝ ձեռք է բերում միայն այն։

19. Երանի նրան, ով անդադար հիշում է իր մահվան օրը և ջանում պատրաստ և անվախ լինել այդ ժամին։

20. Երանի նրան, ով համարձակ կլինի բաժանման պահին, երբ հոգին վախով հիվանդություններով բաժանվում է մարմնից, քանզի հրեշտակները գալիս են հոգու հետևից՝ այն մարմնից բաժանելու և անմահ և ահեղ Դատավորի գահի առաջ կանգնեցնելու։

Մեծ է վախը, եղբայրնե՛ր, մահվան ժամին, երբ հոգին վախով ու տրտունջով բաժանվում է մարմնից, քանզի բաժանման այդ պահին հոգու առաջ հառնում են գիշեր-ցերեկ գործած իր գործերը՝ բարի և չար։ Հրեշտակները ջանասիրաբար շտապում են դուրս հանել նրան մարմնից, իսկ հոգին, տեսնելով իր գործերը, վախենում է մարմնից բաժանվելուց։ Մեղավորի հոգին վախով է բաժանվում մարմնից և երկյուղով գնում անաչառ ատյանի առաջ կանգնելու։ Մարմնից հարկադրված ելնելով և նայելով իր գործերին՝ ահուդողով ասում է նրանց. «Մեկ ժամ ժամանակ տվեք ինձ, որպեսզի դուրս գամ», իսկ նրա գործերը, մի տեղ հավաքված, պատասխանում են հոգուն. «Դու ես մեզ ստեղծել, և քեզ հետ էլ կգնանք Աստծո մոտ»։

Ատե՛նք այս ունայն կյանքը, իմ սիրելի՛ եղբայրներ, և բաղձանք միակ սուրբ Քրիստոսին՝ մեր հոգիների Ազատարարին։ Չգիտենք, եղբայրնե՛ր, թե որ ժամին է մեր ելքը։ Ոչ ոք չգիտի բաժանման օրն ու ժամը. երբ անհոգ շրջում ենք և ուրախանում այս աշխարհում, մեզ հանկարծակիի է բերում հոգին մարմնից առնելու ահեղ հրամանը, և մեղավորը, որի հոգին լի է մեղքերով և արդարացում չունի, կգնա այն ժամին, երբ չի սպասում։ Ուստի աղաչո՜ւմ եմ ձեզ, սիրելինե՛րս, դառնանք ազատ և չկաշկանդենք մեզ այս ունայն և ժամանակավոր կյանքի ծառայությամբ։ Այս կյանքը լի է գայթակղություններով և մահացու ուռկաններով. թևեր տանք հոգուն, որպեսզի խույս տանք ուռկաններից։ Սատանան ամեն օր և գաղտնաբար որոգայթ է լարում մեր հոգու համար, որպեսզի գայթակղելով նրան՝ հավիտենական տառապանքների մատնի։ Գայթակղությունների մեջ ենք քայլում, սիրելինե՛ր, ուստի ուշադիր լինենք մեր անձի նկատմամբ, որպեսզի մահվան ցանցի մեջ չընկնենք։ Չարի մահվան ցանցերը պատված են քաղցրությամբ. թող ոչ ոք չգայթակղվի այդ ցանցերի քաղցրությունից, իսկ այդ ցանցերի քաղցրությունն աշխարհի, ունեցվածքի, չար խորհուրդների և գործերի մասին հոգսերն են։ Մահացու ցանցերի քաղցրությանը մի՛ տրվիր։ Զգո՛ն եղիր և տեղիք մի՛ տուր չար խորհուրդներին։

Եթե չար խորհուրդը տեղ գտնի հոգուդ մեջ, կքաղցրացնի այն չար մտքերով, որպեսզի հետո մահվան մատնի, և այդ չար խորհուրդն ասես ուռկան է դառնում հոգու մեջ և ոչ մի բանով դուրս չի մղվում, բայց միայն աղոթքով, արտասուքներով, ժուժկալությամբ և հսկումով։ Այդ պատճառով էլ եղի՛ր զգոն և ազատ աշխարհիկ ամեն բանից, որպեսզի ազատես քեզ ուռկաններից, մտքերից ու չար գործերից։ Մի՛ թուլանա, չնայած մի վայրկյան չար մտքեր ես ունեցել, տես, որ չար միտքը չհնանա քո հոգում, եղբա՛յր։ Այսօր իսկ շտապիր դեպի Աստված աղոթքով, պահքով և արտասուքով, որպեսզի ազատես քեզ բոլոր ուռկաններից, գայթակղություններից ու կրքերից։ Մի՛ մտածիր, եղբա՛յր, որ շատ երկար ես ապրելու աշխարհում, և մի՛ հեղգանա՝ զբաղվելով չար գործերով և չար մտածություններով. Աստծո հրամանը հանկարծակի վրա կհասնի մեղավորի վրա, որն այլևս ժամանակ չունի ապաշխարելու և ներում ստանալու։ Ի՞նչ պիտի ասես, եղբա՛յր, մահվան և [հոգուդ՝ մարմնիցդ] բաժանվելու ժամին։ Պատահում է, որ հրամանն անգամ մեկ վայրկյան չի թողնում մնալ երկրում։

Շատերն են մտածում, թե երկար են ապրելու երկրի վրա, սակայն անսպասելի գալիս է մահը և բռնում մեղավորին ու հարուստին, երբ նրան թվում է, թե շատ տարիներ ունի ապրելու, մտածում է շքեղության մեջ ապրելու մասին, իր ձեռքում է պահում իր փողերի հաշիվն ու մտածում դրանք ավելացնելու մասին, մտածում իր հարստությունը երկար տարիներ վայելելու մասին, սակայն անսպասելիորեն գալիս է մահը, և մի վայրկյանում ոչինչ են դառնում նրա բոլոր հաշիվները՝ նրա հարստության և ունայն ժամանակի հոգսերի հետ միասին։ Գալիս է մահը և գտնում բարեպաշտին, որը աղոթքով և պահքով հավաքում է գեղեցիկ և երկնային հարստությունը, մշտապես իր աչքերի առջև ունի մահը, չի վախենում նրա գալուց և մարմնից բաժանումից։ Այդպես էլ դու, իբրև բանական և հոգևոր էակ, անդադար ամեն օր սպասիր մահվան, բաժանման և Աստծո ատյանի առջև կանգնելուն։

Իբրև ջերմեռանդ և իմաստուն մարդ, միշտ արցունքներով ու աղոթքներով պատրաստիր քո ճրագը։ Մինչ ապահովության մեջ ես գտնվում, իմ սիրելի, ջանք թափիր. քանզի օրեր կգան՝ լեցուն թերահավատությամբ, գաղջությամբ, ծուլությամբ, սրտի չորությամբ՝ խռովքով համակված այնպես, որ քեզ թույլ չի տա մտածել բարու մասին։ Սիրելինե՛ր, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է զորանում չարը, օրեցօր ահագնանում է չարիքը, շատանում են արատները. այս ամենը վկայում են գալիք շփոթությունների և աշխարհակալ մեծ վշտերի մասին։ Մեր մեղքերի պատճառով ամեն օր ահագնանում է այս ամենը, մեր տկարության պատճառով շատանում են արատները երկրի վրա։ Աստվածասերնե՛ր, եկեք լինենք զգոն զինվորներ, ամեն օր պատերազմում հաղթենք բանսարկուին, իբրև կատարյալ աստվածասեր մարտիկներ, ուսումնասիրենք այդ պատերազմի կանոնադրությունները, քանզի այն անտեսանելի է։ Իսկ այդ պատերազմի կանոնադրությունը հետևյալն է՝ թոթափվել ամենայն երկրավորից։ Եթե սպասում ես մահվան՝ ամեն օր այն ունենալով աչքերիդ առջև, ապա չես մեղանչի։ Եթե քեզ թոթափել ես երկրավոր ամեն բանից, ապա չես ընկնի այդ պատերազմում։ Իմ սիրելի՛, եթե ատես երկրավորը և արհամարհես ժամանակավորը, ապա ինչպես քաջարի զինվոր՝ կկարողանաս ստանալ հաղթության պսակը։ Քանի դեռ երկրավորը դեպի իրեն է ձգում, իսկ կրքերը մթագնում են սրտի աչքերը այդ պատերազմում, ապա հենց դրանցով էլ բանսարկուն հաղթում է մեզ՝ մարմնավորներիս՝ երկրավորը սիրողներիս և կրքերով բռնվածներիս, որ հոգում ենք երկրավորի մասին և ստրկանում ենք կրքերին։ Բանն այն է, որ այժմ մենք բոլորս, սիրելինե՛ր, սիրում ենք երկրավորը, և մեր միտքը մեր թուլության պատճառով գամված է հողին։ Արևը թեքվում է դեպի մայրամուտ, մեր ժամանակը ավարտվում է, իսկ մենք մեր անհավատության պատճառով կարծում ենք, թե դեռ առավոտ է։ Ահա երկնքի արքայությունն արդեն դռների մոտ է, իսկ մենք չենք ուզում նույնիսկ լսել նրա մասին։ Լինում են նշաններ և հրաշքներ, որոնց մասին կանխավ ասաց Տերը՝ սով, համաճարակ, երկրաշարժեր, պատերազմներ, ազգ ազգի դեմ է ելնում. այս ամենի, ինչպես երազի մասին ենք մենք պատմում միմյանց. սակայն ո՛չ այս ամենի մասին լսելը, ո՛չ իսկ այս ամենը տեսնելը մեզ չեն սարսափեցնում։ Ընտրյալները հավաքվում են նախքան վշտերը, որպեսզի չտեսնեն խառնաշփոթն ու մեծ տրտմությունը, որը վրա կհասնի մեղավոր աշխարհին։ Արդեն մոտեցել է հունձքի ժամանակը. լրանում է ժամանակը. հրեշտակները պատրաստ պահում են մանգաղները և սպասում են հրամանի։ Սարսափենք, սիրելինե՛ր, արդեն ժամը տասնմեկն է, իսկ ճանապարհը դեռ շատ երկար է։ Ջանանք, որպեսզի մեզ գտնեն արդեն ճանապարհ ելած. լինենք արթո՛ւն, կտրվենք քնից, ինչպես հսկողները։ Չգիտենք՝ ո՞ր ժամին կգա ամբողջ երկրի Տերը։ Այդ պատճառով էլ թոթափենք մեր բեռը և կենցաղի մասին հոգսերը։ «Այսուհետև մի՛ հոգացեք երկրավորի մասին», – Ասաց մեզ Տերը։ Նա պատվիրեց մեզ սիրել առհասարակ բոլորին, մինչդեռ մենք, ընդհակառակը, հալածեցինք սերը, և այն հեռացավ երկրից։ Մեղքերը շատանում են, սուտը ծածկել է բոլորին. յուրաքանչյուրը տենչում է երկրայինը և արհամարհում երկնայինը։ Ոչ ոք չի սիրում հանդերձյալը։ Կա՞ որևէ մեկը, որ ձգտի երկնավորը։ Մշտապես ատիր այն ամենը, ինչ երկրի վրա է, և խորշելով դրանցից՝ սխրագործի՛ր, իբրև կատարյալ, և բաղձա՛ երկնքի արքայությունը։ Մի՛ դատիր, վանակա՛ն, ասելով այսպես. «Մեծ են ճգնավորության չարչարանքները, ես քիչ զորություն ունեմ և տկար եմ, անկարող եմ սխրագործելու։ Ուշադիր եղիր լավ ու բարի խորհուրդների նկատմամբ, սովորի՛ր, ինչ որ ասում եմ քեզ, իմ սիրելի քրիստոսասեր եղբայր։ Եթե մտադրվել ես գնալ դեպի այլ հեռավոր երկիր, քեզ համար անհնարին կլինի միանգամից անցնել ամբողջ ճանապարհը, այլ ամեն օր քայլ առ քայլ անցնելով հանգրվանից հանգրվան, ժամանակի ընթացքում չարչարանքով կհասնես այն երկիրը, որը փափագում ես։ Ճիշտ նույնը կարելի է ասել երկնային արքայության և փափուկ դրախտի մասին. յուրաքանչյուր ոք այնտեղ կմտնի պահքով, ժուժկալությամբ, տքնությամբ։ Ժուժկալություն, արտասուք, աղոթք, հսկում, սեր – ահա՛ այն հանգրվանները, որոնք դեպի երկինք են տանում։ Մի՛ վախենա գցել դեպի կյանք տանող հիանալի ճանապարհի հիանալի հիմքը։ Միայն կամեցիր ընթանալ այդ ճանապարհով և պատրաստ կգտնվես, այդժամ ճանապարհը կդառնա դյուրանցանելի քո ոտքերի տակ, և ցնծալով և շարունակելով քո ճանապարհը՝ հաճույքով կանցնես քո ճանապարհի հանգրվաններով։ Եվ ամեն մի հանգրվանից հետո ավելի կզորանա քո հոգին, դժվարություններ չես գտնի դեպի երկինք տանող ճանապարհին։ Երկնային Տերն Ինքը դարձավ կյանքի ճանապարհ նրանց համար, ովքեր կամենում են ուրախությամբ մոտենալ Լուսո Հորը։

Դու, Քրիստո՛ս Փրկիչ, ինձ համար դարձար դեպի Հայրը տանող կենաց ճանապարհ։ Սա միակ ճանապարհն է, որ իմ ուրախությունն է, և որի ավարտը երկնային արքայությունն է։ Դու, Տե՛ր Հիսուս՝ Աստծո Որդի՛, ինձ համար կյանքի ճանապարհ դարձար և լույս. և Քո հանդեպ սիրով լցված՝ շնորհներ ընդունեցի Քո աղբյուրից։ Քո շնորհը Քո ծառայի սրտում դարձավ լույս և ուրախություն, որն ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը Քո ծառայի բերանում։ Քո շնորհը Քո ծառայի հոգում դարձավ գանձ, հարստացրեց աղքատիս, արտաքսեց թշվառությունն ու նեխվածությունը։ Քո շնորհը Քո ծառայի համար ապաստան դարձավ, զորություն, պահպանություն, բարձրություն, գովեստ, սնունդ ամբողջ կյանքի համար։ Ինչպես կլռի Քո ծառան, Տե՛ր, ճաշակելով Քո սիրո և շնորհների մեծ քաղցրությունը։ Եվ բացեցի իմ բերանը անարժանորեն։ Ինչպես իմ լեզուն կրկին իր մեջ այնքան զորություն կգտնի՝ գովերգելու և փառաբանելու պարգևներ Տվողին։ Եվ ինչպես ես կրկին կհանդգնեմ պատնեշ կառուցել շնորհների ալիքների առջև, որոնք հոսում են մեղավորի սրտի մեջ և լցնում այն քաղցրությամբ։ Կերգեմ փառքը Երկնքի Տիրոջ, Որն Իրեն ծառայողին բազմապիսի պարգևների մեջ տվեց երկնային պարգևը. կգովաբանեմ Քո շնորհները, Քրիստոս Փրկի՛չ, քանի որ մեծարելով այն՝ ինքս եմ մեծարվում. չեմ դադարի իմ լեզվով բարեբանել Քո շնորհները։ Տե՛ր, չի լռի իմ տավիղը Քո հոգևոր քաղցրահնչյուն երգեր հնչեցնելուց։ Քո սերը ինձ դեպի Քեզ է ձգում, Փրկի՛չ, իմ կյանքի պարծանք։ Քո շնորհը ինձ համար քաղցր է դարձնում այն, ինչ իմ միտքն է փնտրում։ Թող իմ սիրտը Քեզ համար բարի հող լինի՝ իր մեջ սերմեր ընդունող, և Քո շնորհը թող ոռոգի այն հավիտենական կյանքի ցողով։ Թող Քո շնորհը սրտի հողում մշտապես հնձի փշրվածություն, պաշտամունք, սրբություն և այն, ինչ Քեզ հաճելի է։ Իմ հոգին գտնված ոչխարի հետ միասին վերադարձրո՛ւ քաղցրության դրախտի գավիթ, թող իմ հոգին լույսի մեջ գտնի իրեն։ Դու Քո ուսերի վրա բերեցիր այն գտնված ոչխարին, նաև այս անարժան հոգին վերցրու Քո ձեռքերի վրա և երկուսն էլ բեր սուրբ և անմահ Հորը, որպեսզի դրախտի փափկության մեջ ես նույնպես կարողանամ բոլոր սուրբերի հետ ասել. «Փա՜ռք անմահ Հորը, երկրպագություն Նրան, ով թշվառիս երկնավոր շնորհներ տվեց, որպեսզի նա նույնպես փառավորի բոլորի Թագավորին հավիտյանս հավիտենից. ամեն։

--------------------------
Գրաբարից թարգմանեց
Մարթա ԱՐԱԲՅԱՆԸ
--------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ երանի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին