Գաբրիել և Միքայել հրեշտակապետերն ու երկնային ողջ զորքերը

Երկնային զորք կամ երկնային էակներ արտահայտությունը մեզ ավելի հասկանալի հրեշտակներն են։ Հրեշտակ եբրայերեն նշանակում է պատգամավոր, պատգամաբեր, դեսպան։ Հրեշտակները նախքան մարդկանց և մյուս էակների արարումը ստեղծված իմանալի, այսինքն` հոգևոր, աննյութական, ուրեմն և` նյութական աչքի համար անտեսանելի, արարածներ են, որոնք սակայն կարողություն ունեն, սովորաբար մարդկային կերպարանք առնելով, տեսանելի դառնալ մարդկանց։ Իբրև լուսեղեն էակներ՝ ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջնադարյան վարդապետների, ստեղծվել են արարչության առաջին օրը` մշտնջենավոր լույսի ստեղծման հետ միասին (Ծննդ. Ա 3), իսկ ըստ այլ տեսակետի, ինչպես, օրինակ, ընդունում է Հույն Օրթոդոքս Եկեղեցին` ստեղծվել են նախքան վեցօրյա արարչությունը։ Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, այսինքն՝ աննյութական լույսից կազմված, թվով` բազմաբյուր («հազարք հազարաց և բիւրք բիւրուց». Դան. Է 10, Հայտ. Ե 10), բնությամբ բարի, մաքուր (սուրբ), բնակվում են մեր այս նյութական երկնքից տարբեր` «հոգևոր» կամ «լուսեղեն» կոչվող երկնքում (սրանից տարբեր է «իմանալի երկինքը»` «երրորդ» երկինքը, ուր տեսնվում է Սուրբ Երրորդությունը` ըստ ս. Գ. Տաթևացու)։ Հրեշտակները սպասավոր հոգիներ են, որոնք ստեղծված են ծառայելու Արարչին և մարդկությանը. նրանք մշտապես փառաբանում են Արարչին, իսկ մարդկանց անտեսանելիորեն օգնում` նպատակ ունենալով վերջիններիս փրկությունը։ Ըստ ս. Դիոնեսիոս Արիսպագացու՝ հրեշտակները բաժանված են 9 դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը.

Աթոռք (Եսայի Զ. 1, Եզեկ. Ժ. 1, Դան. Է. 9, Կող. Ա. 16)

Քերովբեներ (Ծննդ. Գ. 24, Սաղմ. ԺԷ. 11, ՂԸ. 1, Եզեկ. Թ. 3, Ժ. 1-20, Ելք ԻԵ. 18, Թիվք Է. 89, Ա. Թագ. Դ. 4, Բ. Թագ. Զ. 2)

Սերովբեներ (Եսայի Զ. 2, 6)

Տերություններ (Կող. Ա. 16)

Զորություններ

Իշխանություններ (Կող. Ա. 16)

Պետություններ (Կող. Ա. 16)

Հրեշտակապետեր

Հրեշտակներ

Սրանք էլ իրենց հերթին կազմում են երեք մեծ դաս։

Թվարկվածներից մեզ առավել ծանոթ են քերովբեներ, սերովբեներ, հրեշտակապետեր և հրեշտակներ անունները։

Քերովբեների մասին խոսվում է աստվածաշնչյան շատ գրքերում (Ծննդոց, Ելք, Թվեր, Թագ., Մնաց., Սաղ., Եզե., Եբր., Հայտ. և այլն)։ Նրանցում երկնային այս էակները ներկայացվում են ոչ միակերպ։ Սակայն առավել ընդունված է հետևյալ նկարագրությունը. չորսգլխանի, բազմաչյա, ամեն կողմ պտտվող անիվներով, եզան թաթ ունեցող ուղիղ ոտքերով, չորս թևերով ( որոնց տակ մարդու ձեռքեր են) հրեղեն էակներ են, որոնց չորս գլուխներից մեկը մարդու գլուխ է, երկրորդը՝ առյուծի, երրորդը՝ եզի և չորրորդը՝ արծվի։ Քերովբեները գիշեր-ցերեկ «Սուրբ, սուրբ, սուրբ է ամենակալ Տեր Աստվածը, որ էր և է և գալու է» խոսքերով օրհներգում են Աստծուն՝ սերովբեների հետ միասին շրջապատելով Նրա Աթոռը (Հայտ. Ե 8)։

Իսկ սերովբեների մասին ասվում է, որ նրանք ունեն վեց թև, որոնցից երկուսով ծածկում են երեսը, երկուսով՝ ոտքերը և մյուս երկուսով թռչում։ Սրանք էլ Աստծուն օրհներգում են «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությունների Տերը. ողջ երկիրը լի է Նրա փառքով» խոսքերով (Ես. Զ 3)։ Այս օրհնությունն ամեն ս. Պատարագին երգվում է և կոչվում «սրբասացություն»։

Գլխավոր հրեշտակապետերի մասին ասվում է, որ նրանք 9-ն են՝ Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել։

Սակայն հրեշտակապետերից Սուրբ Գրքում հանվանե հիշատակված են Միքայելը (եբր. = «Ո՞վ է որպես Աստված». Դան. Ժ 13, 21, ԺԲ 1, Հուդա 9, Հայտ. ԺԲ 7), Գաբրիելը (երբ. = «Աստծո զորություն». Դան. Ը 16, Թ 21, Ղուկ. Ա 19, 26) և Ռափայելը (եբր. = «Աստծո բժշկություն». Տովբ. Գ 24, ԺԲ 15 ևն)։ Այս հրեշտակապետերը սովորաբար պատկերվում են երիտասարդ տղամարդու տեսքերով և երկթև։

Գաբրիելը Տիրոջ կարևորագույն որոշումներն ու տնօրինություններն իրագործող անմիջական պաշտոնյան է։ Հիշենք, որ Գաբրիել հրեշտակապետն էր, որ հայտնվելով Դանիելին՝ մեկնեց վերջինիս տեսիլքը (Դան. Ը 16, Թ 21), հայտնվեց Զաքարիա քահանային՝ Հովհաննես Մկրտչի հորը, և հայտնեց նրա որդու ծնունդը, ապա հայտնվեց Մարիամ կույսին՝ ավետելով Փրկչի ծնունդը։

Միքայելը Տիրոջ փառքի ու նրա ժողովրդի պաշտպանության համար մարտնչող զորքի հրամանատարն է (Հայտ. ԱԲ 7)։

Եկեղեցու հայրերի հավաստմամբ՝ թե՛ Գաբրիել և թե՛ Միքայել հրեշտակապետերը կանգնում են Աստծո առջև։

Իսկ Ռափայելը վեր է հանում մարդկանց աղոթքները, «մտնում սուրբ և փառավոր Աստծու մոտ և մատուցում Նրան» (Տոբ. ԱԲ 15)։

Ըստ ս. Գ. Տաթևացու՝ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որը նրան տրվում է դեռևս մոր որովայնում, երբ ստանում է բանական հոգին։ Կա նաև մեկ այլ տեսակետ (օրինակ` Ռուս Պրավոսլավ Եկեղեցու կատեխիզմում), թե պահապան հրեշտակը մարդուն տրվում է նրա մկրտության ժամանակ։ Վերջինիս համաձայն՝ պահապան հրեշտակ կարող են ունենալ միայն քրիստոնյաները։ Ասվում է, թե երբ քրիստոնյան աղոթում է, նրա աղոթքը պահապան հրեշտակի կողմից բարձրացվում է երկինք` Աստծո մոտ։ Պահապան հրեշտակը մարդուն ուղեկցում է նրա ողջ կյանքում և անտեսանելիորեն օգնում նրան։

Ասենք, որ երկնային բոլոր էակներն էլ անսեռ են, ինչպես վկայում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ խոսում է մեռելների հարության մասին. «Հարության ժամանակ ոչ կին են առնում և ոչ մարդու գնում, այլ այնպիսին են, ինչպիսին հրեշտակներն են երկնքում» (Մատթ. ԻԲ 30)։

Ըստ Եկեղեցու հայրերի՝ երկրի վրա աթոռների խորհուրդն են կրում նահապետները, քերովբեներինը՝ օրենսդիրները, սերովբեներինը՝ դատավորները, տերություններինը՝ քահանաները, զորություններինը՝ թագավորները, իշխանություններինը՝ մարգարեները, պետություններինը՝ առաքյալները, հրեշտակապետերինը՝ ավետարանիչները և հրեշտակներինը՝ վարդապետները։

Հրեշտակները կամ հրեշտակային բոլոր դասերի ներկայացուցիչները կոչվում են նաև զորություններ։ Այդ պատճառով էլ Աստված Սուրբ Գրքում երբեմն կոչվում է «Զորությունների Տեր»։

Աստղիկ Ստամբոլցյան
--------------------------------------------------

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Գաբրիել և Միքայել հրեշտակապետերի և երկնայի ողջ զորքերի հիշատակության օրվան նվիրված երկու շակական։

Ա. Անմահ Արքայի անարվեստ աթոռնե՛ր, բազմաչյա քերովբենե՛ր, սրբասաց սերովբենե՛ր՝ երկնքում առաջի՛ն քահանայապետեր, բարեխոսեցե՛ք Տիրոջ առջև Եկեղեցու համար։

Բ. Բարձրյալին փառաբանող տերություննե՛ր, անհաղթելի զորություննե՛ր, վեհագույն իշխանություննե՛ր՝ կարգով երկրո՛րդ քահանայապետեր, բարեխոսեցե՛ք Տիրոջ առջևԵկեղեցու համար։

Գ. Գերագույն Է-ի վերին պետություննե՛ր, երկնավոր հրեշտակապետե՛ր, հրեշտակների զինվորություննե՛ր՝ երկնքում երրո՛րդ քահանայապետեր ձեզ հետ միաձայն երգում ենք. «(Տիրոջը) փա՜ռք բարձունքում»։

Ա. Երկնավոր հո՛տ ընտրյալ, որիդ՝ քաջ Հովիվը թողնելով երկնքում՝ եկավ մեզ՝ մոլորվածներիս փնտրելու, որով լրացնելով հարյուրավորներիդ թիվը՝ երկնքում ուրախացրեց երկնավորներիդ. աղաչում ենք ձեզ, բարեխոսեցե՛ք Տիրոջ առջև մեր մեղքերի քավության համար։

Բ. Տեսնողնե՛ր Անտեսի, Աստծո խորքերի խորհրդածունե՛ր, որ Միածնի հետ իջնելով տնօրենությանը ծառայելու՝ (Տիրոջը) ծննդյանը եղաք հովիվների ավետաբերները և յուղաբեր կանանց հայտնեցիք Տիրոջ կենդանության մասին. աղաչում ենք ձեզ, բարեխոսեցե՛ք Տիրոջ առջև մեր մեղքերի քավության համար։

Գ. Պահապաննե՛ր աշխարհի, Տիրոջ բանակնե՛ր, որ շրջապատում եք երկյուղածներին, մարդկային ցեղի բարեկամնե՛ր, մահվան և հարության միջնորդնե՛ր, Միքայել և Գաբրիել մեծե՛ր, որ միշտ Ամենասուրբ Երրորդության առջև եք, աղաչում ենք ձեզ, բարեխոսեցե՛ք Տիրոջ առջև մեր մեղքերի քավության համար։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Միքայել հրեշտակապետ

Թարգմանությունը «Հայսմավուրք»–ից՝ Աստղիկ...