Ավետում

ՍՈՒՐԲ ԱՎԵՏՈՒՄ

«Ավետել», «ավետիս տալ» հայերենում նշանակում է բարի լուր հաղորդել: Ղուկասի Ավետարանը սկսվում է Հովհաննես Մկրտչի ու մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդները ավետելու պատմությամբ (Ղուկաս, Ա. 5-40):

Երբ Զաքարիան՝ Հովհաննես Մկրտչի հայրը, իր քահանայական պաշտոնն էր կատարում տաճարում, Տիրոջ հրեշտակը խնկարկության ժամանակ երևաց նրան և ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. ահա քո կինը՝ Եղիսաբեթը, մի զավակ կծնի քեզ և նրա անունը Հովհաննես կդնես»: Հովհաննես Մկրտիչը հինկտակարանյան ամենամեծ մարգարեն դարձավ, որովհետև նա ճանապարհ պատրաստեց Մեսիայի` Հիսուս Քրիստոսի համար և Մկրտության ժամանակ մատնացույց արեց Նրան:

Ավետում

Ավետում

Ավետում Գալիլիայի մի քաղաքում, որի անունը Նազարեթ էր, Գաբրիել հրեշտակապետը՝ ուղարկված Աստծո կողմից, երևաց սուրբ կույս Մարիամին և ասաց. «Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Սուրբ Կույս Մարիամը հրեշտակի տված այս ողջույնից և խոսքերից խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ էր նշանակում այդ: Հրեշտակը, շարունակելով իր խոսքը, ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու Աստծուց շնորհ գտար: Ահա դու կհղիանաս, մի Որդի կծնես և Նրա անունը Հիսուս (Փրկիչ) կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով ծնվելու է քեզանից, սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթը ևս հղի է իր ծերության մեջ, և սա հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչվում, քանզի Աստծու համար անկարելի ոչինչ չկա»: Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թո՛ղ քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակապետը հեռացավ նրանից (Ղուկ. Ա 26-38):

Առաջին ավետիսը, որը տրվեց Զաքարիային, հորդորում էր նրան չվախենալ, այլ ուրախանալ, քանի որ իր այդ զավակի ծնունդով շատերը պիտի դառնային դեպի իրենց Տեր Աստվածը: Բայց երկրորդ ավետիսը, որ տրվեց սուրբ կույսին, հորդորում էր նրան ուրախանալ, քանի որ այդ ավետիսով էր իրականանալու հինկտակարանյան բոլոր մարգարեների երազանքը:

Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Կույս Մարիամի ծնողները, իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին՝ նրա դաստիարակությունը հանձնելով նվիրյալ այրիների խնամքին, որպեսզի աղջնակը կրթվի ու ծառայի տաճարին: Չափահաս դառնալուց հետո Մարիամը վերադարձել էր ծնողների տուն՝ Նազարեթ և որոշ ժամանակ անց նշանվել Հովսեփի հետ:

Այդ տարիներին, երբ գրեթե ողջ աշխարհը Հռոմեական հզոր կայսրության իշխանության տակ էր, շատերն էին սպասում Մեսիա-Քրիստոսի աշխարհ գալուն, որ խոստացել էր Աստված իր մարգարեների բերանով: Մարդիկ սպասում էին Քրիստոսին՝ Տիրոջ Օծյալին, Ով աշխարհ պիտի գար իբրև փրկիչ, իբրև Երկնքի արքայության հավիտենական թագավոր:

Հրեշտակային ավետիսը չտրվեց Երուսաղեմում, իմաստունների և թագավորների քաղաքում, այլ բոլորի կողմից անարգված Նազարեթում, ուր ապրում էր Մարիամը:

Ըստ Աստվածաշունչ մատյանի, երբ Աստված առաջին անգամ խոսեց առաջին կնոջ՝ Եվայի հետ նրա մեղանչելուց հետո, ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու հառաչանքները, ցավերով պիտի երեխաներ ծնես …» (Ծննդ. Գ 16): Իսկ Նոր Եվային՝ Սուրբ Կույսին, Աստված ուրախություն և շնորհ ուղարկեց, որովհետև մեր նախամոր միջոցով աշխարհ մտավ անեծքը, իսկ Սուրբ Կույսի միջոցով՝ Շնորհը և Լույսը, Փրկությունն ու Կյանքը՝ Հիսուս Քրիստոս:

Եկեղեցու հայրերը Սուրբ Կույս Մարիամին միշտ նմանեցրել են եկեղեցու հետ, որովհետև նրանից ծնվեց Քրիստոս, իսկ եկեղեցու ավազանում ծնվում են քրիստոնյաները. ինչպես Սուրբ Կույսը՝ Աստվածամայրը, Կենդանի Հացը լույս աշխարհ բերեց, այնպես էլ եկեղեցին իր զավակներին՝ քրիստոնյաներին, կենդանի հացն է մատուցում՝ հաղորդության սեղան բացելով Ս. Պատարագի ժամանակ:

Աստվածամոր մասին Նոր Կտակարանում քիչ պատմություններ կան, բայց բոլոր այդ պատմություններում նա միշտ իր որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է. թե՛ Կանայի հարսանաքում, թե՛ Երուսաղեմ ուխտի գնալու ժամանակ և թե՛ Գողգոթայում, երբ անգամ աշակերտները լքեցին նրան: Աստվածամոր հեզությունն ու խոնարհությունը բոլոր ժամանակներում մայրության օրինակ է հանդիսացել և այսօր էլ նա լավագույն օրինակն է ոչ միայն մեզ համար, այլ նաև բոլոր ազգերի, ինչպես ավետել էր հրեշտակապետը: Շնորհընկալ կույսի միջոցով բոլորը շնորհք գտան:

Հայ Առաքելական Եկեղեցին հնուց ի վեր տոնել է Սուրբ Ավետման տոնը ապրիլի 7-ին: Վերջին տարիներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի կանանց մեջ Ամենաօրհնյալի՝ Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները, հավատարիմ մնալով եկեղեցու սուրբ ավանդությանն ու դավանանքին:

Հատկորոշիչներ՝ Աստվածամայր, ավետում

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի հիշատակի տոն

Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում...

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի հիշատակի տոն

Ավանդության համաձայն, սուրբ Աստվածածնի տուփը,...

Երեքամյա Աստվածածնի տաճարին ընծայումը (Հայսմավուրքից)

Աննան, հրեշտակապետի ավետիսով, հրաշափառ կերպով...