Ես կարծում եմ, որ միայն ու միայն Սուրբ Գիրքն է ճշմարտացի: Ես անձամբ ուրիշ ոչ մի ճշմարտացի գիրք չեմ ընդունում ու Աստվածաշնչի հիմքերն ինձ համար հալած յուղ են:
Խնդրում եմ պատասխանեք, որտեղից են վերցված եկեղեցական ավանդույթները:
Չգիտեմ նույն հարցի Ձեր նախորդ գրառման մեջ այն միտքը, թե պատասխանները բավականին բարդ են, ինձ են վերաբերում, թե մեկ ուրիշի, ամեն դեպքում կփորձեմ հնարավորինս պարզ պատասխանել:
Այն ամենը, ինչ գիտենք Աստծո և աստվածայինի մասին, մեզ տրվել է Աստծո ինքնաբացահայտման միջոցով: Քրիստոնեական աստվածաբանության մեջ այդ ինքնաբացահայտումը բնորոշված է Աստվածային Հայտնություն տերմինով: Ի սկզբանե Քրիստոնեական Եկեղեցին Աստվածային Հայտնության երկու աղբյուր է ընդունել` բանավոր և գրավոր, այսինքն` Սրբազան Ավանդություն և Սուրբ Գիրք: Սուրբ Գիրքը, կարելի է ասել, Սրբազան Ավանդության գրավոր մասն է: Ս. Գրքում ամփոփված է մարդու փրկագործության ամբողջ շղթան` սկսած Արարչագոծությունից, ապա մարդու անկումից մինչև փրկության ճանապարհի բացումը` Մարդացյալ Աստծո` Հիսուս Քրիստոսի միջոցով: Այնուհետև շղթան շարունակվում է նաև Եկեղեցու միջոցով` ընդհուպ մինչև ամբողջ այս շղթայի ավարտը` հավիտենական կյանքի հաստատումով: Սա առանցքն է, որն ընդգրկվել է Սուրբ Գրքում: Բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում Եկեղեցու համար, բայց չեն ընդգրկվել Սուրբ Գրքի մեջ, պահպանվել են Սրբազան Ավանդության միջոցով: Եկեղեցական տոները, պաշտամունքային կարգերը, խորհուրդները, վարդապետական և եկեղեցաբանական բազմաթիվ հարցեր և այլն մեծավ մասամբ Ս. Ավանդության միջոցով են մեղ հասել: Օրինակ բերեմ. մարդկային ցեղից մեծագույն պատվին արժանացած անձի` Աստվածամոր կյանքից Ս. Գրքում ընդգրկվել են այն հատվածները միայն, որ առնչվում են Քրիստոսի Փրկչական Առաքելության հետ, մնացյալ հատվածները պահպանել է Սրբազան Ավանդությունը, և Աստվածամորը նվիրված յոթ տոների գերակշիռ մասի պատմական հիմքը Ս. Ավանդությունն է: Կարծում եմ Ձեզ ծանոթ է մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից Վերափոխման տոնը, որի պատմությունը Սրբազան Ավանդությամբ է մեզ հասել: Նույնն է պարագան նաև Խաչի, առաքյալների, Եկեղեցու հետ կապված տարբեր իրողություններ, որոնց շնորհիվ Եկեղեցին կազմավորվել է իբրև Երկնքի Արքայության խորհրդանիշը երկրի վրա: Հենց նույն Սուրբ Գիրքը այլ` պարականոն գրքերից զտվել ու կազմվել է Սրբազան Ավանդության միջոցով:
Աստվածային Հայտնության այս երկու աղբյուրնեից մեկի` Սրբազան Ավանդության վավերականությունը կասկածի տակ է առնվել ու մերժվել 16-րդ դարում Եկեղեցու մի հսկայական համայնք պոկած Մարտին Լյութերի սկսած բողոքական շարժումը, որի համար միակ ընդունելի աղբյուր է դիտվել Ս. Գիրքը: Զարմանալի է, բայց նույն Մ. Լյութերին է պատկանում հետևյալ արտահայտությունը. <Ս. Գիրքն այն Գիրքն է, որից սատանան անգամ հոգուտ իրեն կարող է մեջբերում անել>: Քաջ գիտակցելով հանդերձ այս իրողությունը, այդուհանդերձ մերժվել Ս. Ավանդությունը ու Եկեղեցու սրբերի մեկնողական ժառանգությունը, իսկ Ս. Գրքի կամայական մեկնաբանությունները տարան նրան, որ այսօր ժամանակակից աղանդների գերակշիռ մասը հենց բողոքականության որդեգրած կուրսի շնորհիվ են աշխարհ եկել:
Հ.Գ. Գուցե և այս անգամ էլ մի քիչ բարդ ստացվեց պատասխանս, հուսամ հետո ընթացքում կկարողանանք հարթել դժվարընկալելի մասերը: