Հոգևոր նյութ

Started by Petros, October 23, 2006, 02:41:31 AM

Previous topic - Next topic

Petros

Վարազդատի գրածից հետո  [/i]]http://lusamut.net/forums/index.php?topic=416.new#new որոշեցի Հովհաննես Գառնեցու խոսքյ գրել այստեղ: Նյութը վերցրել եմ "Սուրբ Հայրերը խրատում են" գրքից (Գլուխ՝ "Ե", էջ՝ 48):
[/b]
--------------------------------------------------
ԵՐԱՆԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑՈՒ ՇԱՀԱՎԵՏ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՍՔԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

Արդ, ով ցանկանում և փափագում է անանց կյանքին, անվախճան փառքին, թող հաստատվի կյանքի մեջ և զանց առնի այստեղի անցավոր փառքը: Ով ցանկանում է դրախտի փափկուտյունը, թող այստեղ մարմնով չփափկանա: Ով կամենում է ապրել հրեշտակների հետ, թող այստեղ չնստի հրապարակում: Ով Տեր Հիսուսին սիրում է սրտով, թող այստեղ անբաժան լինի նրանից՝ անարատ սրբությամբ: Ով աճապարում է մտնել լույսի առագաստը, թող այստեղ իր հետ վերցնի ողորմության յուղը: Ով վախենում է անվախճան որդից, թող այստեղ լեզվով չխայթի իր եղբորը: Ով զարհուրում է բորբոքված բոցից, թող այստեղ իր մեջ մարի նախանձի բոցը: Ով վախենում է արտաքին խավարից (Հմմտ. Մատթեոս. Ը 12, ԻԲ 13), թող այստեղ մեղքի խավարի մեջ չշրջի: Ով երկյուղում է աչքերի լացից և ատամների կրճտոցից, թող այստեղ իր աչքերից չցամաքեցնի արտասուքի վտակները: Ով սարսափում է աններելի տանջնքներից, թող այստեղ զօրուգիշեր անդադար լա: Ով դողում է աններելի պատուհասից, թող այստեղ միշտ չհանդգնի: Ով կամենում է երկար ճանապարհ գնալ, թող այստեղ ճանապարհի պաշար պատրաստի: Ով կամենում է դառն ու ահեղ դատաստանի ժամանակ անդատ և անդատապարտ մնալ, թող այստեղ չդատապարտի իր եղբորը: Ով իր տիրոջը պարտական է բյուր քանքար, թող այստեղ իր նմանին զիջի հիսունն ու հարյուրը: Ով կամենում է դևերի չարության միջով անցնելով հասնել երկինք, թող այստեղ խնդրի իր Տիրոջ օգնությունը: Ով ցանկանում է անանց պսակին, թող այստեղ համբերի ամեն տեսակ վշտի և նեղության: Ով կամենում է փրկվել բոցածավալ ծովից, թող այստեղ արտասուքով ծովացնի իր աչքերը:

Շարունակելի

Petros

Շարունակություն

Ով կամենում է անվնաս անցնել հրեղեն գետով, թող այստեղ բազմապատկի ողորմությունը: Ով ցանկանում է մտնել անսուտ վայելչության մեջ, թող այստեղ չծուլանա գնալ հիվանդատեսի: Ով ախորժում է լսել երանավետ ձայնը, որն ասում է. "Ազնիվ ծառա՝ բարի և հավատարիմ" (Մատթեոս. ԻԵ 21, 23), թող այստեղ ականջը չխցի ողորմություն խնդրողների  առջև: Ով ախորժում է ժառանգել այն, ինչ աչքը չտեսավ և ականջը չլսեց (Ա Կորնթացիս Բ 9), թող այստեղ դեգերի անդադար աղերսելով: Ով կկամենա ըմպել կենաց աղբյուրից, թող այստեղ մաքուր և անարատ մնա աղտեղի ցանկություններից:

Շարունակելի

Petros

Շարունակություն

Ով կամենա մասնակցել անտրտում հարսանիքին, թող այստեղ հարսնարան ստեղծի: Ով կփութա հագենալ Փրկչի փառքի երևումով, թող այստեղ ջանա արդարանալ մեղքերից: Ով կամենա լսել փողի քաղցր ու ախորժ ձայնը, թող այստեղ չանտեսի օտարականների և կարոտյալների ձայնը: Ով կամենա ամպերի մեջ օդով բարձրանալ Տիրոջն ընդառաջ (Ա Թեսաղոնիկեցիներին Դ 16), թող այստեղ ճանապարհի աղքատներին ընդառաջ գնա: Ով երկյուղում է Տիրոջ խոսքերից, թող այստեղ ժրանա կատարել իր Տիրոջ կամքը: Ով ակնկալում է ժամանել իր Տիրոջ հարսանիքին, թող այստեղ արթուն լինի՝ երեկոյան, կեսգիշերին, աքլորականչին և առավոտյան, այսինքն՝ մանկությանը, երիտասարդությանը, տարեց ժամանակ և ծերության: Ով կամենա դասակից լինել հրեշտակներին, թող այստեղ չախորժի նստել հրապարակներում, որովհետև հրապարակը մեղքի աղբյուր է, և հրապարակասիրությամբ չես ազատվի մեղքից, ասում է Սողոմոնը (Հմմտ. Առակաց Է 8):

Շարունակելի
[/color]

Petros

#3
Շարունակություն
Արդ, ո՜վ իմ եղբայրներ, իմաստուն մտքով իմացեք, և, ինչ որ ասելու եմ ձեզ կարճառոտ խոսքով, բայց խորին՝ խորհրդով, հոգացեք, որովհետև ով իր մեղքերի մասին կմտահոգվի այնտեղ՝ [լոկ] գեհենի կրակի մեջ՝ ոչինչ չի շահի: Ով այստեղ կենցաղավարում է հեշտ ու փափուկ, այնտեղ չարաչար տանջվելու է անչափելի հեծությամբ: Ով այստեղ որովայնը անխտիր խճողում է անհագաբար, այնտեղ փտելու և մաշվելու է անմխիթար: Ով այստեղ զվարճանում է շատ գինով, այնտեղ ծարավելու է մի կաթիլ ջրի: Ով այստեղ մինչև կեսօր թավալվում է խելացնոր քնով, այնտեղ չարչարվելու է անքուն որդերից տագնապած: Ով այստեղ անհագ և անառակ ծիծաղում է, այնտեղ լացելու, ողբալու է մերկ ու խայտառակ: Ով այստեղ պարծենում է քչախոսությամբ, այնտեղ պապանձվելու է հանդիմանությամբ: Ով այստեղ սովում է պահքով, այնտեղ գովաբանվելու է բոլոր սրբերով: Ով այստեղ սովոր է անիծել, այնտեղ լսելու է. "Հեռացեք ինձանից անիծյալներդ" (Մատթեոս. ԻԵ 41):

Շարունակելի
[/color]