Հարցեր էկումենիզմի վերաբերյալ

Started by Hakob, April 12, 2010, 01:32:35 AM

Previous topic - Next topic

BAREV

ԲԱՐԵՎ բոլորին և օրհնեցեք, Տեր Հայր
Կներեք, եթե միջամտում եմ բավական ուշացած:
Սիրելի Հակով, անկեղծ հասկանալով ձեր նախանձախնդիր ու սրտացավ մոտեցումը, և հաճախ կիսելով նաև վրդովմունքը, պետք է ամեն դեպքում կոչ անեմ վերոհիշյալ խնդիրների մի քիչ այլ հայացքով նայել:
Դուք միանգամայն ճիշտ և տեղին դիտարկումներ եք անում, որոնք, ցավոք, շատ դեպքերում մեր կյանքում պատասխաններ չեն ստացել, կամ ուղղակի ինքնահոսի են մատնված:
Հենց սկզբից ուզում եմ շեշտել, որ Ձեր գրածին ուղղակի "հակառակվելու", "անպայման պատասխանելու", "վերջին խոսք ասելու" միտում չկա: Միանգամից ասեմ նաև,որ առավել ևս  կողմնակից չեմ օտարոտի բարքերի, պաշտամունքային կերպերի ներմուծմանը Մեր Եկեղեցի:
Ձեր քննարկած հարցերի լուծման բարդությունն ու հեշտ լինելն այլ բան են: Դուք պարբերաբար մեջբերում եք Կանոնագիրքը: Հարցն այն է, որ Կանոնագրքի գրման ու կիրառման ժամանակների ու այժմ մեր ապրածի մեջ հսկայական տարբերություն կա: Կանոնագիրքը հոգևոր, գիտական, մշակութային, սոցիալական հողի վրա բնակչության 99%-ի մոտ կյանքում Աստծուն զգալու, Աստծով ապրելու ձգտումից, հասարակության հոգևոր այդ հասունացման պտուղ ու ծնունդ էր: Լուսավորչի ժամանակ Գոշի "ֆորմատի" կանոնները չէին գործածվի: Մենք հիմա, որքան էլ տարօրինակ է, Լուսավորչի ժամանակներին ավելի մոտ ենք, քան Գոշի: Հիմա շատ ավելի լուրջ պայքարի կարիք կա կուռքերի ու կռապաշտների դեմ, քան Ընդհանրական Եկեղեցու մյուս անդամների, գումարած այն հանգամանքը, որ հիշյալ ուղղությունների հետևորդների էլի 90%-ը տեղյակ չէ դավանական այն տարբերություն-տարաձայնություններից, որոնց արդյունքն է եկեղեցիների բաժանումը: "Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր՝ յամենայնի": Սա պետք է լինի մեր նշանաբանը:
Երբեք չէի ուզենա մտածելու տեղիք տալ, որ սրանով նահանջ է լինում մեր Հայրերի ավանդածից, ուղղափառ ուսմունքից ու Ավետարանի ոգուց: Երբ մենք հավատքից ու Ս.Գրքից բոլորովին անտեղյակ մեր հարևանին ուզում ենք Աստծուց, հավատքից, քրիստոնյա լինելուց խոսել, եկեղեցիների բաժանման պատճառ եղած դավանական հարցերին ժամանակ չենք տրամադրում, որ-տև հասարակ հավատացյալի համար Քրիստոսով հավատքի կյանք ապրելու համար շատ հաճախ անդրադառնալի չեն աստվածաբանական, փիլիսոփայական հարցերը:
Ինչպես ճիշտ նկատել եք, նման խնդիրների մեջ միայն կարևորվում է եկեղեցու առաջնորդների դերը: Փաստ է, որ այժմ մենք լուրջ խնդիրներ ունենք ներեկեղեցական կյանքում, էլ ուր մնաց՝ միջեկեղեցական հարցերը: Բայց, փառք Աստծո, մեր Եկեղեցում անգամ ամենաճգնաժամային ժամանակաշրջանում միշտ գտնվել են ճիշտ պատասխանը կիրառած իմաստուն այրեր, որոնց շնորհիվ հասել ենք այսօրվան: Ձեր մտահոգությունը տեղին է, բայց հոգևորականներին գայթակղեցնելու մեջ մեղադրելուն զուգահեռ մտածեք, որ մեկ այլ գայթակղության տեղիք կարող է տալ նաև կծու քննադատությունը, բարձրաստիճան հոգորականներին քննադատելու հեգնանքը և նման մոտեցումները, որովհետև եկեղեցու միասնության կարևոր գրավականներից մեկը հովվի հեղինակությունն է/բնականաբար սա չի վերաբերում բարոյական ստանդարտներ խախտող հոգևորականներին/: Վստահեցնում եմ, որ հեռավոր կերպով անգամ Ձեզ "կծելու" տրամադիր չեմ, քանի որ գնահատում եմ անկեղծ սրտացավությունը:

Ավելի կարճ և համառոտ՝ Մեր Եկեղեցու ամրության, ուղղափառության պահպանման, հայրերի ավանդածի շարունակման և Քրիստոսի Ավետարանին հավատարմության գլխավոր հիմնաքարը մեր սեփական և համայնքային կյանքն ամրացնելն է այդ ոգով՝ առանց նայելու մյուսներին: Ամեն օր ճանապարհին հանդիպող ԻՄ ԵՂԲԱՅՐՆ ավելի կարևոր է, քան հեռավոր Հռոմում կամ Աթենքում մեր Տիրոջը այլ կերպ դավանող հավատակիցը:
Եվ ամենակարևորը՝ առանձին ու համայնքով այս ամենի համար աղոթելը: Աստված իմաստություն տա բոլորիս:

Տ. Տաթև քհն.

Աստված քեզ օրհնի Barev եղբայր, մենք իրոք շատ ենք հեռացել հենց միմյանց համար աղոթք անելու կարևորագույն քրիստոնեական սկզբունքից, փոխարենը լցվել քննադատության ոգով, դու շատ ճիշտ ես, մեզ հիմա դա է շատ պակասում, աղոթական ոգին

Hakob

Բարև, Սիրելի Բարև:)

Ինձ դուր է գալիս ձեր այն միտքը, որ «Ամեն օր ճանապարհին հանդիպող ԻՄ ԵՂԲԱՅՐՆ ավելի կարևոր է, քան հեռավոր Հռոմում կամ Աթենքում մեր Տիրոջը այլ կերպ դավանող հավատակիցը»: Ես հավանում եմ նաև ձեր գրածի ընդհանուր «տոնը», «հակվածությունը դեպի մեր Եկեղեցին»:

Բայց չեմ ընդունում հոգևորական առաջնորդների հեղինակությունը ստվերելու մեղադրանքը: Ես մեր կաթողիկոսին քննադատում եմ հերձվածողի հետ աղոթելու համար այն պատճառով, որ նրան համարում եմ Քրիստոսի փոխանորդ երկրի վրա: Գարեգին Բ-ն ինձ համար ավելի բարձր է, քան ցանկացած աշխարհիկ և հոգևոր առաջնորդ` Օբաման, Հռոմի պապը, Կիրիլը, Սերժ Սարգսյանը և մյուսները` միասին վերցրած: Ես համարում եմ, որ Հռոմի պապը Գարեգին Բ-ի աջը համբուրելու անգամ արժանի չէ, քանի որ հերձվածող է: Եւ ուրեմն` երբ մեր կաթողիկոսը իջնում է իր բարձրությունից և հաճոյանում այդ հերձվածողներին, այլ կերպ ասած` մարգարիտը գցում խոզերի առաջ, ես զայրանում եմ: Ուրեմն` իմ քննադատությունը ոչ թե մեր հոգևոր առաջնորդների հեղինակությունը չընդունելուց է, այլ` ընդունելուց:)

Ինչ վերաբերում է Հայոց Կանոնագրքին, ապա ես այնքան կարծրամիտ չեմ, որ պահանջեմ դրա բոլոր դրույթները նույնությամբ կիրառել այսօր: Եթե ուշադիր եք եղել իմ նախորդ գրածները ընթերցելիս, հավանաբար նկատել եք, որ ես փորձել եմ քննել, թե ինչքանո՟վ է հերձվածողի հետ աղոթելու կանոնական արգելքը կիրառելի այսօր: Միգուցե դուք համաձայն չեք իմ փաստարկների հետ, բայց ես փորձել եմ հիմնավորել, որ այդ կանոնը կիրառելի է նաև այսօր: Ուրիշ կանոն կպահանջի նույնպիսի քննություն: Ուրեմն` ես պնդում եմ ընդամենը, որ Հայոց Կանոնագրքում կան կանոններ, որոնք կիրառելի են նաև այսօր: Ըստ իս` հերձվածողների հետ շփման վերաբերյալ կանոնները դրանցից են:

Իսկ, օրինակ, շնության մեջ ընկած մարդուն երեք տարի հաղորդությունից զրկելու կանոնը, կարծում եմ, այսօրվա համար չափից ավելի խիստ է, որովհետև գայթակղությունն է շատ մեծ: Ինձ թվում է, որ Տիրոջ Մարմնի ու Արյան պահպանիչ զորությունն ավելի օգտակար կլինի այդ մարդուն: Բայց ես հոգևորական չեմ, և չեմ պնդում իմ կարծիքը, միգուցե սխալվում եմ և ինքս իմ նկատմամբ ավելի մեղմ եմ վերաբերվում, քան Աստված: Բայց սա ընդամենը օրինակ է, որ ցույց է տալիս իմ համաձայնությունը ձեր այն ասածին, թե Կանոնագրքի որոշ դրույթներ չեն համապատասխանում այսօրվա պայմաններին:

BAREV

Կրկին ԲԱՐԵՎ բոլորիդ
Հակոբ ջան, իրոք ողջունում եմ նախանձախնդիր վերաբերմունքդ մեր սրբությունների նկատմամբ: Այս գրառումները դիտում եմ նաև ոչ միայն գրառումներ կատարողների, այլև հետո ընթերցողների միջև քննարկում ու այդ միջոցով մեզ համար ճիշտ եզրակացությունների կատարելու ընթացք: Եկեք ուղղակի մտածենք միասին: Կանոնագիրք Հայոցը պատմական տարբեր ժամանակափուլերում գրված և համահավաք ժողովածու է: Այստեղ պետք է հաշվի առնենք այն հանգամանքները, որոնք առկա էին գրելու ընթացքում: Կոնկրետ քաղկեդոնական հալածանքներին ի պատասխան՝ շատ ավելի խիստ է դրվում երկաբնակների հետ շփման հարցը: Երբ առավել ճնշող էր դառնում կաթոլիկյան քարոզչութունը և պապի գերագահության հարցը, արդեն մի քանի ճակատով /այդ թվում՝ կանոնական/ դրա դեմ պայքար էր մղվում: Հետևաբար շատ խնդիրներ, որոնք իրենց արտացոլումն ունեն Կանոնագրքում, այժմ նույն հրամայականը չունեն: Այժմ ոչ ոք լուրջ չի ընդունի պապի, Պոլսի տիեզերական պատրիարքի կամ մեկ այլ հոգևոր պետի՝ մյուսների նկատմամբ իր գերագահությունը պարտադրող դիրքը: Օրինակ՝ իրոք կարիքը կա վրացիների հետ այս հարցերը ավելի սուր դնելու, որովհետև այժմ դրա հրամայականը կա:
<<<<<Ես համարում եմ, որ Հռոմի պապը Գարեգին Բ-ի աջը համբուրելու անգամ արժանի չէ, քանի որ հերձվածող է: Եւ ուրեմն` երբ մեր կաթողիկոսը իջնում է իր բարձրությունից և հաճոյանում այդ հերձվածողներին, այլ կերպ ասած` մարգարիտը գցում խոզերի առաջ, ես զայրանում եմ: Ուրեմն` իմ քննադատությունը ոչ թե մեր հոգևոր առաջնորդների հեղինակությունը չընդունելուց է, այլ` ընդունելուց>>>: Գուցե: Բայց ինձ համար ավելի դրական, լուրջ, ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՅԵԼ կլիներ, որ նրանք միմյանց ձեռքը համբուրեին՝ ի նշան միևնույն ՏԵՐ ունենալուն, ՍԻՐՈ քարոզչության լավագույն օրինակ ցույց տալով: Դա չի նշանակում հայրերի դավանանքից նահանջ, այլ՝ հայրերի դավանանքը ամուր պահած գնալ ՀԱՎԱՏԻ ԶՈՐԱԳԼԽԻ՝ սիրո քարոզիչ ու օրինակ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ հետևից:
Հետաքրքիր մի հանգամանք կա. Ընդհանրական եկեղեցու կողմից ընդունված գրեթե բոլոր Հայրերը, խոսելով Ս.Երրորդության, Քրիստոսի աստվածության, բնությունների և հարակից աստվածաբանական հարցերի շուրջ, միշտ կրկնում են, որ մարդկային տկար ու սահմանափակ մտածողությունը չի կարող ընդգրկել աստվածային երևույթները ամբողջապես: Եվ երբ նայում ենք, ավանդական եկեղեցիների միջև ամենախորը պառակտման պատճառները /գոնե այսօր այդպես ենք կարծում/ խորապես դավանաբանական են: Կամ գոնե պատրվակները սրանք են /քաղաքական, տնտեսական ու մյուս գործոնները առանձին զրույցի թեմա են/:
Անհերքելի ճշմարտություն է, որ Քրիստոսի եկեղեցին ՄԵԿ է: Փաստ է նաև այն, որ բաժանումը երբեք Աստծուց չէ: Ուղղակի մենք պետք է կարողանանք մեր հոգևոր, մտավոր, մշակութային ողջ  ժառանգությունը նախ լավ ճանաչել, յուրացնել, մարսել, ինչը լավագույն ապահովությունը կլինի օտար բարքերի, մտածողության ներմուծման դեմ՝ թույլ տալով բոլոր հարաբերությունների մեջ պահպանել ՍԵՐԸ:
Գաղտնիք չէ նաև, որ մեր Կանոնագիրքը լուրջ վերանայման կարիք ունի ու արդեն տասնամյակներ առաջ մի քանի փորձեր արվել են: Սա ուղղված է հենց այն բանին, որ Կանոնագիրքը գրապահոցից իջնի մեր եկեղեցական կյանք:
Կարևոր է, որ փոփոխությունները, լինելով այժմյան իրավիճակին համապատասխան, լավագույնս արտահայտեն մեր Հայրերի հավատքային ավանդույթները: