Խրիմյան Հայրիկ

Started by MONK, October 29, 2007, 12:02:37 PM

Previous topic - Next topic

MONK

Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց

ՙԽրիմյան Հայրիկը պատմական այն դեմքերից է, որոնք իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են որպես եզակի անհատականություն և որոնք հավերժ կապրեն իրենց ժողովրդի սրտում, ու նրանց պայծառ հիշատակը միշտ անմոռաց կմնա որպես գաղափարի ազատության ջահակրի՚:
Սիամանթո

Այսօր` հոկտեմբերի 29-ին, լրացավ  հայ ժողովրդի երախտավոր զավակ, հասարակական, քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ, մեծ մտավորական ու գրող, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանի  (1820-1892-1907թթ.) կամ, ինչպես նրան տակավին երիտասարդ հասակում կնքել էր ժողովուրդը, Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակը: Խրիմյան Հայրիկն ամենայն իրավամբ համարվում է մեր պատմության մեծագույն դեմքերից մեկը. մարդ, ով դեռ ժամանակակիցների աչքում դարձավ կյանքի ուղենիշ և չափանիշ, խորհրդանշեց մի բազմատանջ ժողովրդի ազատատենչ ոգին և դարձավ այդ ժողովրդի արդար պահանջի ու բողոքի խոսնակը: Նրա կերպարը ոգեշնչել է շատերի` հոգևորականների ու աշխարիկների, արվեստագետների ու գրողների, քաղաքական ու հասարակական գործիչների և մեր ժողովրդի ազատագրական պայքարին նվիրյալ բազում հայորդիների:
Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին` Վանում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա խորացրել գիտելիքների պաշարը Լիմ և Կտուց կղզիների վանական դպրոցներում: Պատանի հասակից վճռում է ողջ կյանքով նվիրվել սեփական ժողովրդին և ծառայել նրա ցավերի ու վշտերի թեթևացմանը, հասնել օտարի լծից ազատագրմանն ու սեփական երկրում արժանավայել կյանքով ապրելուն: Նվիրյալ իր առաքելությանը` Խրիմյանը 1843թ. սկսում է ուսուցչական առաքելություն` նախ հաստատվելով Կ.Պոլսում, ապա ճանապարհորդում հայաշատ վայրերով ու երկրներով և ամենուրեք մեծ նպաստ բերում հայ կրթության և ինքնության ճանաչման զարգացմանը: Իր կրակոտ խոսքով, գործով ու գրչով նա ամենուրեք շահում էր ժողովրդի սերն ու համակրանքը, դառնում նրա իրավունքի անվեհեր պաշտպանը:
1854թ. Խրիմյանն Ախթամարի վանքում ձեռնադրվում է վարդապետ: Նա դառնում է Վարագա վանքի վանահյրը և հիմնադրում Ժառանգավորաց վարժարանը: 1855թ. Կ. Պոլսում սկսում է հրատարակել ՙԱրծուի Վասպուրականի՚ հանդեսը, որ 3 տարի անց փոխադրում է Վարագա վանք` հայրենի հողի վրա հիմնելով առաջին պարբերականը: Հանդեսին գլխավորապես աշխատակցում էին Խրիմյանի հիմնած դպրոցի սաները` Գարեգին Սրվանձտյանցը, Արսեն Թոխմախյանը և ուրիշներ:
1862թ. Խրիմյանը դառնում է Տարոնի հոգևոր առաջնորդը և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայրը: Նա այստեղ էլ հիմնադրում է Նոր Ժառանգավորաց վարժարան և սկսում հրատարակել ՙԱրծուիկ Տարոնո՚ երկշաբաթաթերթը:
1869թ. Ս. Էջմիածնում ձեռնադրվում է եպիսկոպոս, այնուհետև ընտրվում  Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն 5 տարի անց հրաժարվում է այդ պաշտոնից` գտնելով, որ այն սահմանափակում է ժողովրդին ծառայելուն ուղղված իր ճիգերը: Նա բազմիցս իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ թուրքական կառավարության` հայերի նկատմամբ վարած դաժան քաղաքականության և պարբերաբար իրականացվող ջարդերի համար:
1878թ. Խրիմյան Հայրիկը գլխավորում է Բեռլինի վեհաժողովին մեկնած հայոց պատվիրակությունը: Հետագայում նա այդ ժողովը նմանեցրեց հարիսայով լի կաթսայի, որի շուրջ հավաքվածները ներկայացել էին երկաթե շերեփներով և ստացել իրենց բաժինները, մինչդեռ իր շերեփը թղթից էր և մնաց կաթսայի մեջ...
Ազատագրական պայքարին բերած Խրիմյանի մեծ ակտիվության հետևանքով 1885թ. թուրքական կառավարությունը նրան աքսորում է Երուսաղեմ` ՙերկարատև ուխտագնացության՚:
1892թ. ողջ հայությունը, ի հեճուկս թուրքական և ռուսական կառավարությունների ընդդիմության, 72-ամյա Խրիմյան Հայրիկին ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հայրապետական գահին բազմաչարչար Հայրիկի ուսերին ծանրանում է պայքարի նոր բեռ` ուղղված ցարական արքունիքի հայահալած քաղաքականության դեմ: Այդ պայքարի ծանրագույն շրջանն ընկավ 1903-1905թթ., երբ ցարական կառավարությունը, գտնելով, որ ազատագրական պայքարի օջախը Մայր Աթոռն ու նրա հովանու ներքո եղող դպրոցներն են, կարգադրեց փակել հայկական դպրոցները և բռնագրավել վանքապատկան կալվածքները, որոնց միջոցներով պահվում էին այդ դպրոցները: Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ ռուսական հզոր կայսրության հանդեպ ողջ հայության ցուցաբերած համառ դիմադրությունն  ի վերջո պսակվեց հաջողությամբ, և ցարական  արքունիքն ստիպված եղավ հրաժարվել հակահայկական այդ ծրագրից:
Իր արգասավոր կյանքի ընթացքում Խրիմյանն ստեղծեց նաև գրական հարուստ ժառանգություն` ՙՀրավիրակ Արարատյան՚, ՙՎանգույժ՚, ՙՀայգույժ՚, ՙԴրախտի ընտանիք՚, ՙՊապիկ և թոռնիկ՚, ՙՍիրաք և Սամուել՚ և այլն:
Ամենայն Հայոց Հայրիկն իր բազմավաստակ մահկանացուն կնքեց 1907թ. հոկտեմբերի 29-ին և ամփոփվեց Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բակում: Շիրմաքարի վրա գրված է մի պարզ, բայց խորախորհուրդ նախադասություն. ՙ Խրիմյան Հայրիկ` նուագող վշտից հայրենեաց՚:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Nane

Բարև Մոնք.
Մկրտիչ Խրիմյանը միակն էր, որ ծողովրդի կողմից <օծվեց> Հայրիկ անվամբ: Նրա դերն իրոք անգնահատելի է հայոց պատմության և մշակույթի մեջ: Իսկ նրա <Դրախտի ընտանիք>-ը իմ ամենասիրելի երկերից մեկն է:

MONK

#2
Ողջույն, Նանե
Խրիմյան Հայրիկի մահվան 100-ամյակի առիթով այս թեման բացեցի երեք ֆորումներում, բայց ցավոք սրտի ոչ մեկում արձագանք չեղավ: 8:) Չգիտեմ ինչի վերագրել նման անտարբերությունը մեր ժողովրդի այդ մեծ զավակի նկատմամբ: Ձեր արձագանքն առաջինն էր, ինչի համար շատ ուրախ եմ:  21:)

Հ.Գ. Հուսամ, որ սա վերջինը արձագանքը չէր, և ուրիշներ նույպես ասելիք կունենան: 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)